Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կայացավ կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի՝ «Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» գրքի շնորհանդեսը եւ «Մեր Արմենակը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
«Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» գրքում տեղ են գտել հեղինակի հուշերը մանկության, պատանեկության տարիների, ընտանիքի, թատրոնի, կինոյի, ուղեւորությունների, ինչպես նաեւ նկարահանման հրապարակից ունեցածի մասին: Նա վերարտադրել է իր ապրածը, տեսածն ու զգացածը, իր միջավայրի, կինոյում կատարվածի անդրադարձն ու պոռթկումը, որում էլ ամբողջացել է կինոգործիչ Հրանտ Հակոբյանի կերպարը: Ինչպես նշում է կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը՝ գիրքը գրելիս Հրանտ Հակոբյանը եղել է նույնքան սկզբունքային, որքան ֆիլմերում: Կինոգետը բարձր գնահատեց կինոռեժիսոր Հակոբյանի գործունեությունը հայկական կինոյում եւ վստահեցրեց, որ նա դեռ նոր ստեղծագործություններով հարստացնելու է հայկական կինոարվեստը:
Կինոռեժիսորը 40 ֆիլմի հեղինակ է. ձեռնարկի ընթացքում ցուցադրվեց նրա «Մեր Արմենակը» վավերագրական ֆիլմը, ֆիլմ՝ արգելված անվան մասին: Հրանտ Հակոբյանն իր ընկերների հետ զրույցի ժամանակ պատահաբար է իմացել Թուրքիայում ձախակողմյան կուսակցության պարագլուխ Արմենակ Բաքրճյանի (Օրհան Բաքըր) կարճատեւ, հերոսական կյանքի պատմությունը եւ որոշել նրա հետքերով Թուրքիա գնալ, վավերագրական ֆիլմ նկարահանել: Ցեղասպանության 100-րդ տարելիցը պատեհ առիթ է հանդիսացել: Արմենակ Բաքրճյանը քաղաքական գործիչ է եղել, ընդվզել թուրքական կառավարության դեմ, բայց նրա գործունեության գերնպատակը Հայկական հարցն է եղել, հայկական վրեժխնդրությունն ու արդար դատաստանը: Ֆիլմում ներկայացվում է Արմենակ Բաքրճյանի կարճատեւ, հերոսական կյանքի պատմությունը, օգտագործվել են նաեւ արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց կինոռեժիսորի ստեղծագործական ուղին, որի մասին հուշերը պարզ, բայց հետաքրքրաշարժ մատուցմամբ իրենց տեղն են գտել գրքում: Ռուբեն Միրզախանյանը կինոռեժիսորին շնորհավորեց նաեւ ծննդյան առթիվ եւ հանձնեց պատվոգիր՝ բեղմնավոր եւ ազգանվեր գործունեության համար:
Հայաստանի կինոգործիչների միության փոխնախագահ Անետա Երզնկյանը տարիների հեռվից հիշում է՝ Հրանտ Հակոբյանը Մանկավարժական համալսարանի առաջին ռեժիսոր շրջանավարտներից է. «Դա այն սերունդն էր, որն իր խոսքն ասաց կինոարվեստում: Վավերագրությունն այսօր շատ մեծ տեղ է զբաղեցնում կինոարվեստում: Հրանտն այն արվեստագետներից է, ում ձեռքը մշտապես ժամանակի զարկերակին է, անկեղծ է, նրա պատմությունները հուզում են, զգում է՝ ինչ եւ ինչպես խոսի, քանի որ տիրապետում է կինոլեզվին»,-նշեց Անիտա Երզնկյանն ու հույս հայտնեց, որ Հրանտ Հակոբյանը կշարունակի ստեղծագործել, ստեղծել գեղարվեստական արժեք ներկայացնող գործեր եւ լինել նույնքան լավատես: Գրքի շնորհանդես եւ ֆիլմի դիտում՝ կինոռեժիսորի ծննդյան օրը. կազմակերպված ձեռնարկն ասես «եռատոն» լիներ կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի համար: Վերջինս շնորհակալություն հայտնեց Հայաստանի Թեքեյան մշակութային միությանն ու վստահեցրեց, որ ստեղծագործություններով ներկայանալու առիթներ դեռ կլինեն: