ԵՐԵՎԱՆ – Ֆրանսիայի եւ Պերուի քաղաքացի Գրեգորիո Բելաունդե Մաթոսյանը (ծնված 1961-ին Փարիզում), միջազգային ռիսկերի կառավարման անկախ խորհրդատու է: 1979-1982 թթ. իրավաբանություն, տնտեսագիտություն, քաղաքագիտություն եւ ֆինանսներ է ուսանել Փարիզ-2 համալսարանում, 1983-ին նույն համալսարանում արժանացել միջազգային եւ եվրոպական իրավունքի մագիստրոսի կոչման, հաջորդ տարի Փարիզ-1 համալսարանում ուսանել է միջազգային իրավունքի եւ միջազգային առեւտրի ու ֆինանսների իրավունքի ասպիրանտուրայում: Ավելի քան 20 տարի աշխատել է «Կրեդիտ լիոնե գրուպ» բանկում, ներառյալ բանկի Հոնկոնգի մասնաճյուղը: 2005-2016 թթ. Պերուում աշխատել է որպես անկախ խորհրդատու, հինգ տարի տնօրինել երկրի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարության ռիսկերի կառավարման տնօրենության բաժինը: 2017-2022 թթ. որպես միջազգային խորհրդատու աշխատել է Շվեյցարիայում, իսկ 2022-ի փետրվարից նույն գործունեությունը շարունակում է Երեւանում, որտեղ հիմնել է խորհրդատվական կենտրոն:
–Գրեգո՛րիո, կցանկանայի հիմնականում զրուցել ձեր հայկական ժառանգության եւ Հայաստանում ձեր գործունեության մասին: Ո՞րն է ձեր հիմնական գործունեությունը Երեւանում:
-Մինչ Հայաստան գալս Ժնեւում աշխատում էի շուրջ հինգ հաստատություններում, ներառյալ ՄԱԿ-ի համակարգը: Հիմնականում աշխատում էի երկու բազմակողմ զարգացման բանկերում, եւ հանկարծ սկսեցին պայմանագրեր կնքել մի կողմից Արեւմտյան Աֆրիկայի, մյուս կողմից՝ Հայաստանի հետ, ինչն անսպասելի էր. իմ հայկական ծագումը ոչ մեկին հայտնի չէր, ես պարզապես դիմեցի՝ Հայաստանում (վերջերս զուգահեռաբար նաեւ՝ Վրաստանում) աշխատելու եւ ընտրվեցի իմ ընդհանուր մասնագիտական փորձի շնորհիվ: Ես աշխատում եմ՝ հիմնականում տեխնիկական աջակցություն տրամադրելով հանրային ֆինանսների կառավարման բավականին քիչ հայտնի ոլորտին, կարճ ասած՝ կառավարման ռիսկերին, ինչը կարող է տապալել պետական բյուջեն: Ես այդ գործն արդեն արել եմ Պերուում՝ աշխատելով էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում, ուստիեւ շարունակեցի նույն աշխատանքը, երբ ընտանեկան պարագաների բերումով կնոջս հետ եկանք Եվրոպա, եւ հիմա՝ Հայաստան:
–Ի՞նչ հետաքրքրություն կարող են ունենալ Լատինական Ամերիկայի երկրները Հայաստանում:
-Լատինական Ամերիկայի երկու երկրներ, իրենց ընդհանուր բնակչության համեմատ, ունեն մեծ հայկական համայնքներ՝ Արգենտինան, որտեղից է ամենահայտնի հայ գործարարներից մեկը (նրա ընկերությանն է պատկանում «Կարաս» գինու ապրանքանիշը) եւ Ուրուգվայը՝ աշխարհում առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ երկու երկրներն առանձնահատուկ կապ ունեն Հայաստանի հետ, նույնիսկ եթե այնտեղի հայերը հիմնականում Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են: Բրազիլիան նույնպես զգալի էթնիկ հայ փոքրամասնություն ունի: Լատինական Ամերիկայի երկրների հետաքրքրությունն ավելին է, քան առեւտուրը. զբոսաշրջության եւ խոհարարական ոլորտում Հայաստանը ֆանտաստիկ վայր է, ինչպես Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ, մասնավորապես Պերուն եւ Մեքսիկան: Լատինամերիկյան երկրները քրիստոնյա են, եւ նրանց համար առաջին քրիստոնյա ազգի հայտնաբերումը կարող է չափազանց հետաքրքրական լինել՝ ի լրումն Երուսաղեմ եւ մոտակա այլ վայրեր այցելելուն: Մյուս գործոնն այն է, որ Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, ինչպիսիք են Պերուն, Բոլիվիան եւ Մեքսիկան, Հայաստանի պես նույնպես ունեն շատ հին քաղաքակրթություններ եւ ժողովուրդներ, որոնք շարունակում են կենդանի պահել իրենց հին ավանդույթները: Բնիկ ժողովուրդներ ունենալը, որոնք գոյատեւել են՝ ի հեճուկս բազմաթիվ խանգարիչ հանգամանքների, մեր ընդհանրություններից է: Ոչ վաղ անցյալում Իրաքում հնագույն քաղաքակրթությունների երկրների համաժողով եղավ, որին, որքան հիշում եմ, մասնակցում էին նաեւ Հայաստանը, Պերուն, Բոլիվիան եւ Մեքսիկան:
–Բացառությամբ արգենտինացիների եւ բրազիլացիների, Հայաստանում կա՞ն Լատինական Ամերիկայի այլ երկրներից եկածներ:
-Նախ նշեմ Լատինական Ամերիկայի այլ երկրներում ապրող էթնիկ հայերին: Արդեն նշեցի Ուրուգվայը. այդ երկրի՝ Պերուի դեսպանին ես եւ իմ եղբայրներից մեկը լավ գիտեինք: Ես հնարավորություն ունեցա այնտեղ հանդիպել Պերուում բավականին հայտնի ֆուտբոլի մարզիչ, ուրուգվահայ Սերխիո Մարգարյանին եւ նրա ընտանիքին: Նրա որդին ինձ նման շատ հետաքրքրված է պատմությամբ: Զավեշտալին այն է, որ երբեմն ես հիշում էի այս մարզչի անունը՝ պերուացիներին բացատրելու համար, թե ինչ է Հայաստանը եւ ովքեր են հայերը, քանի որ Պերուում այդ հարցով անտեղյակությունը գրեթե բացարձակ է: Հայեր կան նաեւ Վենեսուելայում, ռազմական արկածախնդիր դե Նոգալեսի երկրում, որը կռվել է օսմանյան բանակում, բայց ցնցված է մնացել հայերի նկատմամբ թուրքերի վերաբերմունքից, եւ իր հիշողություններում մեջբերել է մի հայտնի օսմանյան պաշտոնյայի խոսքերը, ըստ որի բոլոր հայերը պետք է ոչնչացվեն: Թերեւս նրա շնորհիվ շատ վենեսուելացի լրագրողներ Ցեղասպանությունը նշում են որպես ակնհայտ իրողություն: Չիլիում նույնպես հայեր կան, շատ ավելի քիչ, քան պաղեստինցիներ: Չգիտեմ, հայեր կա՞ն արդյոք Կոլումբիայում, որտեղ կա Արմենիա քաղաք (այդ անունը կարող է աստվածաշնչյան ծագում ունենալ): Եվ իհարկե, հայեր կան Մեքսիկայում, նաեւ Բոլիվիայում եւ Պարագվայում. այս երկու երկրները ճանաչել են Ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է Հայաստանում ուրիշ լատինաամերիկացիներին, մինչեւ հիմա ես հանդիպել եմ միայն արգենտինացիների եւ մեկ պերուացու, որը եկել է մարզումների, սիրահարվել է մի հայուհու եւ որոշել է մնալ այստեղ:
–Ձեր երկրորդ ազգանունը Մաթոսյան է: Շատ սփյուռքահայերի համար իրենց նախնիների պատմությունը կորսված է: Ի՞նչ կասեք ձե՛ր ընտանիքի հայկական կողմի մասին:
-Պերուում, ինչպես բոլոր իսպանախոս երկրներում, մենք օրենքով կրում ենք նաեւ մեր մայրական ազգանունները: Այնպես որ Պերուում մենք ութ Բելաունդե Մաթոսյան ենք (չորս տղամարդ, չորս կին), որոնցից ամենամեծը ես եմ: Մեր դեպքում հայկական ժառանգականության զգացողությունը բոլորովին չի կորել: Մեր մայրական հայ պապը՝ Նշան Մաթոսյանը, մեր ֆրանսուհի տատիկի հետ մեզ այցելության եկավ Պերու, երբ ես չորս տարեկան էի, եւ ես սկսեցի շատ հարցեր տալ մորս իմ պապիկի (հենց այդպես հայերեն էինք նրան կոչում) մասին: Եվ մայրս պատմեց իր հոր ընտանիքի պատմությունը: Որ պապս եկել է Հալեպ կոչվող քաղաքից, որ նա ապրել է մի երկրում, որը կոչվում էր Թուրքիա, այլ կրոնով մի երկիր, որը նախկինում Ֆրանսիայի պես ունեցել է թագավորներ, որոնք կոչվել են սուլթաններ, որոնք նույնպես կայսրեր էին (ինչպես ինկերը), քանի որ նրանք նվաճել էին շատ երկրներ եւ իրենց կայսրությունը կոչվում էր օսմանյան: Որ վաղ անցյալում եղել են լավ սուլթաններ, որոնք բարեկամաբար են վերաբերվել քրիստոնյաներին, բայց որոշ ժամանակ անց նրանց վերաբերմունքը շատ վատացել է, ու մի օր որոշել են սպանել բոլոր հայերին: Պապիս հայրը՝ Հովհաննեսը, այլ հայերի հետ սպանվել է ողջ ընտանիքի աչքի առաջ, իսկ ընտանիքի մնացած անդամները ողջ են մնացել, որովհետեւ այդուհետեւ այդ սպանություններից զայրացած «լավ վալին»՝ նահանգապետը, հայերին թելադրել է հեռանալ՝ ասելով, որ կայսրության կառավարիչները մտադիր են սպանել բոլոր հայերին: Հետագայում հայտնաբերեցի, որ այդ վալիի անունը Մեհմեդ Ջելալ բեյ էր եւ որ նա երկու քաղաքում բազմաթիվ հայերի է փրկել: Նաեւ այդ պատմության մեջ էր, որ առաջին անգամ ես լսեցի «միլիոն» բառը: Պապիկս, ծնված 1897-ին, կրկին եկավ Պերու ու երկար մնաց, երբ ես դեռահաս էի: Նա մահացավ 1978 թվականին: Չէր սիրում խոսել Ցեղասպանության մասին, ուստի միշտ մայրս՝ Հելենն էր խոսում այդ թեմայով: Նա ասում էր, որ «մենք՝ հայերս, աշխարհի ամենախելացի ժողովուրդն ենք, բայց մեզ քաղաքականությունը միշտ բաժան-բաժան է անում»: Նաեւ իմացա, որ պապիս եղբայրներից մեկը՝ Միհրանը, մահացել է տիֆից համակենտրոնացման ճամբարում, իսկ մյուսը՝ Ստեփանը, հրաշքով կենդանի է մնացել մահացու ծեծից եւ փրկվել է մահապատժից: Ես տեսել եմ պապիս մոր՝ Թագուհու, եղբոր՝ Լեւոնի եւ երեք քույրերի լուսանկարները, որոնցից մեկի անունն Արշալույս էր: Մի քանի տարի առաջ իմացա նաեւ լավ թաքցված ընտանեկան մի գաղտնիք, որ անգամ նրա դուստրերը (մայրս, որը մահացավ երիտասարդ՝ 1984-ին եւ իր կրտսեր քույրեր Աստղիկն ու Աննիկը, որոնց ես շարունակում եմ հաճախ հանդիպել Ֆրանսիայում) իմացել են պապիկի հայ ընկերներից ու հայ քահանայից՝ նրա մահից որոշ ժամանակ անց: Պապիկիս մի գիշեր բռնել են, երբ ընկերների հետ փորձել է փախչել Հալեպի համակենտրոնացման ճամբարից, եւ նա հրաշքով է ողջ մնացել զանգվածային գնդակահարությունից՝ ամբողջությամբ ծածկված մնալով դիակներով: Քահանան մորաքույրերիս պատմել է, որ պապիկը չի կարողացել այդ մասին խոսել առանց արցունքների: Ես գիտեմ, որ նման փորձառությամբ մարդիկ հաճախ ունենում են «վերապրածի մեղքի» զգացողություն…
Պապիկս Դիարբեքիրում ունեցել է մի հորեղբայր՝ Սարգիսը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է եղել նրա եւ իր ընտանիքի հետ: Քանի որ այդ նույն տարիքում մորս շնորհիվ ես տեղյակ էի Շոայի եւ Հիտլեր անունով շատ չար մարդու մասին, մտածում էի, որ պապիկի հորեղբոր պատմությունը մեր ընտանիքի՝ խավարի ու մշուշի մեջ մնացած կողմն է:
Ֆրանսիայում, դեռեւս ուսանողական տարիներին, մորաքույրերիցս մեկի շնորհիվ հայտնաբերեցի այլ հայերի, հայ մշակույթի այլ կողմերը, հայկական պատարագը, որն ինձ համար ավելի գեղեցիկ է, քան արեւմտյանը (մինչ այդ միայն գիտեի մորս պատրաստած՝ Պերուում անհայտ ուտեստները, նրա ունեցած Աստվածածնի եւ մանկան գեղեցիկ պատկերը եւ իր սենյակում միշտ խունկ ծխելու սովորույթը): Աննիկ մորաքույրս նույնիսկ արեւմտահայերեն է սովորել ֆրանսիական համալսարանում: Լեզուն ընտանիքում չի փոխանցվել, քանի որ Ցեղասպանությունը վերապրած պապիկս գերազանց ֆրանսերեն է իմացել՝ երիտասարդ տարիներից Սիրիայում աշխատելով ֆրանսիացիների հետ եւ շատ ճանապարհորդելով Գվադելուպայում (ֆրանսիական Կարիբյան կղզիներում), որտեղ էլ ամուսնացել է տատիկիս հետ (որը երբեք չի կարողացել այլ լեզու սովորել): Պապիկս շատ լավ տիրապետել է նաեւ թուրքերեն, արաբերեն, գերմաներեն ու անգլերեն լեզուներին:
Ես հայտնաբերել եմ նաեւ մեր ընտանիքի մեկ այլ ճյուղի անդամների, ծագումով Թոքաթից, որոնք 1880-ականներին գաղթել են Եգիպտոս, իսկ հետո հեռացել են Նասերի իշխանության օրոք: Նրանցից մեկը՝ մի ծեր կին, ամուսնացած շվեյցարացի դիվանագետի հետ, ինձ շատ բան հաղորդեց մեր ընտանիքի պատմությունից: Իսպանիայում ապրող իր եղբայրներից մեկի դուստրը, որն իմ տարիքի է, մայրիկիս պես նույնպես ամուսնացել է պերուացու հետ: Ինչ-որ զավեշտալի զուգադիպություն է, չնայած այդ պերուացին Եվրոպայում է մեծացած, մինչդեռ հայրս Եվրոպայում ապրել է ընդամենը մի քանի տարի:
–Առաջին հայերը Պերուում հաստատվել են դեռեւս 1699 թվականին: Իսկ դուք ճանաչո՞ւմ եք հայկական արմատներով այլ պերուացիների:
-Անհավատալի՛ է, կցանկանայի ավելին իմանալ այդ առաջին հայերի մասին… Հայկական ծագումով պերուացիները շատ քիչ են: Երբ մի անգամ մի պերուացի դիվանագետի հարցրի, թե ինչո՞ւ Պերուն, տարածաշրջանի մյուս երկրների պես, չի ճանաչել Ցեղասպանությունը, նա կեսկատակ ասաց, որ Բելսունդե Մաթոսյան եղբայրներն ու քույրերը ողջ համայնքի կեսն են, ու նաեւ թուրքական հեռուստասերիալները չափազանց տարածված են Պերուում: Բայց իրականում, ֆրանս-պերուական դպրոցում ես ունեի մի համադասարանցի, որի հայրը հայ էր, մի շատ ծեր տղամարդ, որը Լիմայում հագուստի հայտնի բիզնես էր հիմնել եւ ամուսնացել իրենից բավական երիտասարդ ֆրանսուհու հետ: Նրա հայրը՝ Կոմիտասը, ողջ ընտանիքի հետ սպանվել էր Զմյուռնիայում, իսկ ինքը փրկվել էր հույն ընկերների օգնությամբ: Նա մի քանի տարի ապրել է Ֆրանսիայում, որտեղ ունեցել է նմանատիպ բիզնես, ապա մեկնել է Պերու՝ հետեւելով իր հաճախորդ փարիզաբնակ պերուացի դիվանագետի խորհրդին: Դասընկերս դեռ երբեք Հայաստան չի եկել, մենք սերտ կապի մեջ ենք, եւ նա հիշում է իր հորից սովորած մի քանի հայերեն բառեր: Մեր երկուսից հարցազրույց է վերցրել պերուական մի ամսագիր՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ինձ հաջողվեց այդ ամսագրի գլխավոր խմբագրին հետաքրքրել այդ թեմայով, որի մասին նա ընդհանրապես չգիտեր: Տղաս ունի նաեւ մի պերուացի դասընկեր, որի մայրը ֆրանսահայ է, բայց այդ կինը չէր սիրում խոսել իր ծագումից: Եվ, իհարկե, իմ իսպանացի զարմիկը՝ եգիպտահայ ճյուղից, որն ամուսնությունից հետո հաստատվեց Պերուում, մորս մահից անմիջապես հետո (ցավալի է, քանի որ մայրս, որը որոշ ժամանակ որպես ուսանող ապրել էր Իսպանիայում, լավ գիտեր նրա հորը): Հիմա զարմիկիս շնորհիվ Պերուում կա եւս մեկ «համակցված» պերուահայ ազգանուն: Ֆրանսիայում թե Պերուում ես հեշտությամբ ասում եմ, որ իմ երկու կողմն էլ լիարժեք է, եւ որ ես ունեմ նաեւ հայկական ինքնություն, ինչով հպարտ եմ: Իսկ Հայաստանի հանդեպ իմ սերը ծագել է ֆրանսահայ մորս միջոցով: Երեք զավակներս արդեն եկել են Հայաստան, եւ ես նրանց փոխանցել եմ մեր հայկական ընտանեկան հիշողությունը: Նրանք գիտեն, որ ինձ Գրեգորիո են անվանել, քանի որ մայրս ցանկացել է իր առաջնեկին տալ Գրիգոր Լուսավորչի անունը, այդ իսկ պատճառով բոլոր զավակներս էլ առաջնահերթ այցելել են Խոր Վիրապ…
–Փաստորեն, ձեր ընտրությունն էր՝ սկսել աշխատել ձեր մոր նախնիների երկրում…
-Լիովի՛ն: Մյուս կողմից զարգացման բազմակողմ կառույցներից մեկը ցանկացավ, որ ես ավելի հաճախ գամ Հայաստան (2017-ի նոյեմբերից ի վեր ես բազմիցս եկել եմ) եւ ավելի երկար մնամ այստեղ, ես էլ օգտվեցի այդ հնարավորությունից: Ես արդեն որոշ ժամանակ ի վեր մտածում էի գալ Հայաստան, երբ եղավ այդ հնարավորությունը, հատկապես 44-օրյա պատերազմի պարտությունից հետո: Ես զգում էի, որ երկիրը վտանգի տակ է ավելի, քան երբեւէ, եւ որ ժամանակն է գալու եւ ինչ-որ բան անելու: Գիտե՞ք, ինձ համար կարեւոր են նույնիսկ փոքր բաները, ինչպիսին է իմ փոքր ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ հարկերի եւ ծախսերի միջոցով: Հուսով եմ նաեւ, որ այլ մարդիկ եւս կհետեւեն այս օրինակին: Որոշ ժամանակ պահանջվեց՝ պայմանագիրը կնքելու, բնակության ձեւակերպումների համար, նախ՝ ինձ, ապա կնոջս համար, որը համաձայնեց ինձ հետ գալ (նա ֆրանսուհի է եւ լավ տեղյակ իմ ծագումին՝ ճանաչելով մորս եւ մորաքույրերիս, ինչպես նաեւ Լիմայում ապրող իմ ընկերոջը): Կինս սովոր է ապրել այլ երկրներում, նա վայելել է իր կյանքը Հոնկոնգում, Պերուում եւ Շվեյցարիայում:
–Ինչպե՞ս եք բնութագրում 2020-ականներին Հայաստանում ապրելը:
-Երբ ես հաճախ էի գալիս այստեղ մինչեւ կովիդը (համընդհանուր արգելափակումն ինձ «բռնեց» այստեղ), մթնոլորտն այլ էր, քանի որ առաջին պատերազմում հաղթած երկրում վտանգի զգացողություն չկար: Հիմա զգալի է այդ վտանգը, հատկապես երբ ինչ-որ բան է կատարվում սահմանին, եւ դա հատկապես ուժեղ էր 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ: Շատ կանանց դեմքերին տխրություն էի տեսնում եւ ինքս ինձ հարցնում էի՝ նրանցից քանի՞սը վտանգավոր սահմաններում ունեն հայրեր, որդիներ, եղբայրներ, ամուսիններ: Էթնիկ հայն այստեղ, իմանալով, թե ինչի միջով է անցել սեփական ընտանիքը, շատ ուժեղ է զգում այդ վտանգը: Եվ է՛լ ավելի ուժեղ վրդովմունք է ապրում գրեթե համընդհանուր ցինիկ «երկկողմանիության» (պարիտետ) առիթով:
Միեւնույն ժամանակ, առնվազն այստեղ՝ Երեւանում, անհրաժեշտություն է զգացվում ակտիվ կյանքի, երբ որ դա հնարավոր է: Մարդիկ ապրում են դրսի կյանքով նույնքան, որքան լատինամերիկյան երկրներում: Իսկ զարմանալին մարդկանց բարյացակամությունն է. ես շատ երկրներում եմ շրջել եւ դա ավելի շատ զգալի է այստեղ, քան որեւէ այլ վայրում: Անձնական անվտանգության զգացումն ազդեցիկ է մեկի համար, որը սովոր է այնպիսի վտանգավոր քաղաքների, ինչպիսիք են Լիման կամ Փարիզը: Նույնիսկ Ժնեւն իրականում այդքան ապահով չէ: Նման զգացողություն չէի ունեցել Սինգապուրում աշխատելուցս հետո:
Նորություն է, որ 2022 թվականի փետրվարից սկսած ավելի շատ ռուսներ ենք տեսնում, նաեւ՝ ավելի շատ ամերիկացիներ: Ու ավելի շատ մարդիկ Հնդկաստանից, ինչն ինձ հիշեցնում է Հոնկոնգը: Տեսել եմ վայրեր, որտեղ բազմաթիվ սեղանների շուրջ ռուսներ են նստած, մյուսների շուրջ՝ ամերիկացիներ, եւ այս ամենը գոյակցում է առանց խնդիրների: Դա ինձ ստիպում է մտածել, թե ինչ ֆանտաստիկ դեր կարող է ունենալ Հայաստանը միջազգային ասպարեզում, եթե միայն չլինեն այն երկու երկրները, որոնք ձգտում են ոչնչացնել Հայաստանն ու հայերին:
Անշուշտ, 2022 թվականի փետրվարից վարձավճարները եւ շատ ապրանքների գներ կտրուկ բարձրացել են, եւ մենք զգում ենք տարբերությունը: Բայց գոնե գների առումով վիճակը նույնն է շատ երկրներում եւս: Դժբախտությունն այն է, որ դա կարող է մեծացնել աղքատությունը, ինչը երբեմն տեսանելի է գյուղերում: Ես արդեն գիտեմ դեպքեր, երբ մարդիկ չեն կարողացել պահել իրենց կեցության վայրը: Ես չէի ուզենա, որ իմ պատճառով հայաստանցին կորցնի իր տեղը:
Նաեւ այնքա՜ն մանրուքներ կան, որոնք մեզ հիշեցնում են Պերուի մեր կյանքը, եւ կարելի է մի ամբողջական հոդված գրել այդ մասին:
Դժվարությունը հայոց լեզվով չխոսելու մեջ էր, բայց մի քանի շաբաթ առաջ մենք վերջապես գտանք մի ուսուցիչ, որը կարողացավ հարմարվել մեր բավականին անկանոն ժամանակացույցին, ուստի այժմ կան բաներ, որոնք կարող ենք ասել, հասկանալ եւ կարդալ (եւ նույնիսկ գրել): Եվ արդեն ես կարող եմ ասել՝ «Հիմա սովորում ենք հայերեն, եւ մենք շատ ուրախ ենք դրա համար»…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ