ՀՀ կառավարության մարտի 16-ի նիստում «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն ազատվեց սարքերի ներմուծման մաքսատուրքից, խոսվեց ներկրվելիք նոր ավտոբուսների եւ մայրաքաղաքում ուղեւորափոխադրումների որակի բարելավման ծրագրի մասին:
Մայրաքաղաք Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման քայլերը, որոնց մասին շատ է խոսվել, իրենց մայրաքաղաքային առանձնահատկություններով հանդերձ որոշ կողմերով կարող են նաեւ օրինակ դառնալ հանրապետության այլ քաղաքների ու ներքին մյուս ուղեւորափոխադրումների համար:
Ամիսներ առաջ Երեւանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը կոչ արեց մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը դարձնել անվճար՝ այդ ծախսերը փոխհատուցելով քաղաքացիների վճարած հարկային միջոցների հաշվին: Վստահ լինելով, որ 100 դրամ ուղեվարձն այդպես էլ չի փակում դրա բոլոր ծախսերը, նա նշեց, թե ավելի լավ է «ամբողջական դոտացիա անել»:
Սա իրականանալի՞ խնդիր է, թե՞ ընդամենը բարի ցանկություն:
Իրականում ուղեւորների համար անվճար հասարակական տրանսպորտը որպես կիրառվող կարեւոր սոցիալական միջոց աշխարհում նորություն չէ, տարբեր դրսեւորումներով տարածում է գտել մի շարք երկրներում: Քաղաքացիների ծախսերը թեթեւացնելուց զատ դրա կարեւոր նպատակներից են նաեւ ծախսատար անհատական մեքենաներով երթեւեկողների (վարորդների եւ ուղեւորների) մի մասի հաշվին դեպի հասարակական տրանսպորտ ուղեւորահոսքի ավելացումն ու ծանրաբեռնված փողոցների բեռնաթափումը, ճանապարհներին մեքենաների քանակի պակասեցման շնորհիվ վառելիքային արտանետումների ու օդի աղտոտվածության նվազեցումը, ավտովթարների, խցանումների, մարդկանց ժամանակի կորուստների կրճատումը եւ այլն:
Ռուսական «Սոցիոլոգիա» գիտական հանդեսի վկայությամբ, հետահայաց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջությամբ անվճար հասարակական տրանսպորտ առաջին անգամ մտցվել է ԱՄՆ-ում դեռ 1970-ական թվականներին:
Հետխորհրդային տարածքում եւ Եվրոմիության մայրաքաղաքներից առաջինը Էստոնիայի կենտրոն Տալլինում 2013 թվականի սկզբից դրա բնակիչների համար քաղաքի հասարակական տրանսպորտը դարձվեց անվճար՝ նախապես անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա, իսկ վերջին տարիներին այդ պրակտիկան ներառել է նաեւ երկրի այլ տարածքներ ու երթուղիներ: Եվրոպայում առաջինը Լյուքսեմբուրգում 2020 թվականից ամբողջ երկրում անվճար են դարձել հասարակական տրանսպորտի բոլոր տեսակները՝ ավտոբուսները, տրամվայները, երկաթուղու գնացքները՝ բացառությամբ առաջին դասի գնացքների եւ ավտոբուսային մի շարք գիշերային երթուղիների: Արդեն մի քանի տարի անվճար տրանսպորտ է ներդրվել եւ այժմ գործում է Ֆրանսիայում, որից այստեղ օգտվում են երկրի ավելի քան 30 քաղաքների հարյուր հազարավոր բնակիչներ: Նման օրինակներ ու փորձեր կարելի է նշել նաեւ Ավստրալիայից, Շվեյցարիայից, Չինաստանից, Բելգիայից, Մալթայից, Դանիայի կղզիներից… Ռուսաստանում եւս սա հասունացած խնդիր է համարվել, բայց գործնական ծրագիր ըստ ամենայնի դեռ չկա:
Մեր երկրում, որտեղ անցած տարիներին ինչպես շատ այլ բաներ, այնպես էլ հասարակական տրանսպորտն ավելի շատ ծառայել է ոչ թե իր բուն նպատակին՝ ուղեւորների որակյալ սպասարկմանը, այլ զորեղ «գծատերերի» գերշահույթների ապահովմանը, անվճար քաղաքային (եւ ոչ միայն) հասարակական տրանսպորտի անցնելը, թվում է, կապված է բավական բարդությունների հետ: Բացի այդ, ինչպես նշում են ուսումնասիրողները, վերը նշված նպատակներին հասնելու համար բավարար չէ միայն հասարակական տրանսպորտն անվճար դարձնելը: Պետք են, նաեւ, մեր պայմաններում խնդրի նախնական համակողմանի ուսումնասիրություն ու այդ քայլի արդյունավետությունն ապահովող սոցիալ-տնտեսական մի շարք այլ, համալիր միջոցառումներ: Այստեղ խիստ կարեւոր է, որ անվճար տրանսպորտի համակարգի ներդրման սպասվող դրական արդյունքներն էապես գերակշռեն դրա հնարավոր բացասական հետեւանքներին:
Առաջին խնդիրն այս հարցում, իհարկե, կայուն ֆինանսավորման աղբյուրները գտնելն է: Ավել կամ պակաս չափով այդպիսի աղբյուրներ են համարվում հարկային, բյուջետային միջոցները, խոշոր կազմակերպությունների ներդրումները, կողմնակի այլ ֆինանսավորումներ: Այս առաջնային խնդրի լուծվածությունից հետո հասարակական տրանսպորտի գրավչության աճի եւ ընդհանուր ուղեւորահոսքում վերջինիս հաշվեկշռի շոշափելի մեծացման անշրջանցելի պայմաններ են համարվում այդ տրանսպորտի հուսալիությունը, ճշտապահությունը, երթեւեկության հաճախականությունը, հարմարավետությունը, անվտանգությունը, սպասարկման տարածքը, արագությունն ու երթուղու հարմարությունը:
Նկատի ունենալով այս ամենը, որպես կարծիք ասենք, որ եթե անգամ մենք դեռ տարբեր առումներով բավարար պատրաստ չենք սրան եւ գոնե մայրաքաղաքի համապատասխան միջոցներն առայժմ ուղղված են շարժակազմի ժամանակակից համալրմանը, անվճար տրանսպորտի հեռանկարը պետք է լինի մեր ոչ շատ հեռու օրակարգում: Ընդսմին ամբողջովին անվճարից բացի կա նաեւ մասնակի ու դրվագային անվճար տրանսպորտային սպասարկում, որից էլ, կարծում ենք, թեկուզ ուսումնասիրության ու փորձ ձեռք բերելու նպատակով կարելի է սկսել հիմիկվանից: Դա կարող են լինել որոշակի օրեր, շաբաթ կամ շաբաթներ, որոշակի տոնական եւ այլ իրադարձությունների առիթներով, հատուկ տարիքային (երեխաների, տարեցների) խմբերի ժամանակավոր կամ մշտական սպասարկման համար եւ այլն:
Սա հասարակական մշակույթի նոր տարր է, որի մասին եւս պետք է մտածել:
Շատ երկրների նաեւ միջին ու փոքր քաղաքների փորձը կա: Դա ուսումնասիրենք, բայց ոչ թե շատ այլ բաների նման պատճենելու, այլ մեր պայմաններին համապատասխան իրագործելու համար:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ