«Եթե նույնիսկ մեկ անգամ դու վախից դրդված մեջքդ ծռել ես, ողնաշարիդ ճակատագիրն արդեն որոշված է, դու կրկին կծռես այն»:
Իոսիֆ Բրոդսկի
Երկար ժամանակ է լրատվական աղբյուրներով լսում եմ հայրենանաբնակ վերլուծաբանների ասուլիսները: Սակայն ամեն անգամ այն տպավորությունն եմ ստանում, որ թե՛ հարցազրույց վարող լրագրողները, թե՛ հրավիրվածները կարծիքներ են հայտնում հիմք ընդունելով ու հենվելով միայն պաշտոնական տեղեկատվության վրա: Միեւնույն ժամանակ տպավորությունս է նաեւ, որ իրենց այդ դատողությունները պաշտոնական լրատվությունից բացի հիմնված են հենց իրենց կարծրացած ու համոզմունք դարձած նախասիրությունների վրա: Նրանց մի մասը Ռուսաստանին չի սիրում, մյուսը` Արեւմուտքին, երրորդը` Փաշինյանին, չորրորդը՝ Քոչարյանին, եւ այսպես շարունակ: Ընդ որում, առաջինի բոլոր պատումները Ռուսաստանի հայատյացության ու պարբերաբար հայերին դավաճանելու մասին են, երկրորդինը՝ Արեւմուտքի հակահայ դրսեւորումների, երրորդինը՝ մեր կառավարությունների դավաճան, անհայրենիք լինելու, եւ այդպես շարունակ: Հետեւելով նրանց այդ տեսակետներին, հանգել եմ այն կարծիքին, որ Հայաստանի փորձագետները սալոնային, համակարգչային կամ ուղղակի խոսողներ են միայն: Իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ժամանակ, տպավորությունս է, որ նրանք անհատական, անպաշտոն, կուլիսային (այս բառի ոչ փոխաբերական, ժխտական իմաստով) կապեր չունեն քաղաքական գործիչների եւ օտարերկրյա դեսպանատների պաշտոնյաների հետ: Նրանք` նախքան որպես արժանահավատ մեկնաբան հրապարակ ներկայանալը, պիտի կարողանան ճշտել որոշ տվյալներ ու վարկածներ: Մի բան, որն ընդունված է եւ գրեթե միշտ արվում է արտասահմանյան շատ երկրներում (ինչպես օրինակ` Լիբանանում), բայց մեզ մոտ` ոչ: Դրանից էլ ակամա անվստահություն է ծնվում այդ փորձագետների ու նրանց հայտնած տեսակետների նկատմամբ: Սա էլ իր հերթին անուղղակիորեն տարափեղկում է հասարակությունը, սասանում հավատը ցանկացած շարժման ու միջոցառման նկատմամբ եւ, կարծում եմ այն, ինչ ունենք այսօր հենց գաղափարազուրկ արժեհամակարգի լճացման արդյունքն է: Ազգը դարերի խորքից եկող ու դեպի հավերժություն գնացող սերունդների ամբողջություն է, որն իր հոգեւոր ու ազգային արժենքերը ժառանգել է իր նախնիներից ու դրանց լիիրավ տերն է: Ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների մասին պարբերաբար լսում ենք մտքեր, խորհրդածություններ, սակայն դրանք լոկ բառեր են. իսկապես, մոլախոտը մեր այգին է լցվել, քաղհանի ժամանակն է:
Հայ լինել՝ նշանակում է ամեն գնով պահպանել հայկականությունը, հայ լինելու ինքնությունը, ազգային գիտակցությունը: Իսկ մենք անձնական կյանքի, գրպանի պարունակության, դղյակներ ունենալու, թվացյալ ազատությունների ու իրավունքների ետեւից ընկնելով` մոռացել ենք մեր ազգային դիմագիծը պահելու, ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը չկորցնելու մեր կարեւոր առաքելության մասին: Պատահական չէ, որ յուրաքանչյուր պատերազմի դրսեւորման բարձրագույն ձեւը արժեհամակարգերի ոչնչացման համար կռիվն է: Դա մոռացանք եւ արդյունքները քաղում ենք այսօր, քանի որ տարիներ շարունակ տարվել էինք ամեն ինչով, բացի համակարգված աշխատանքով մեր հոգեւոր արժեքների, մեր ազգային ինքնության, ազգային արժանապատվության պահպանման համար անդուլ պայքարից: Սակայն համոզված եմ, որ դա երկար չի շարունակվի, եւ մենք` որպես դարավոր, կենսունակ ազգ ու անսահման ուժեղ տեսակ` պետք է հաղթենք արժեհամակարգերի հավերժական այդ պայքարում… Իսկ դրա համար հարկավոր է մեր սերունդների գաղափարազրկված արժեհամակարգը վերալիցքավորել մեր հոգեւոր ու ազգային արժեքներով, ինչպես նաեւ պատմական դասերով ու մեր հերոսների օրինակներով: Մենք պարտավոր ենք տեր լինել մեր նախնիների թողած երկրին, լինել հայակենտրոն եւ հայաստանակենտրոն:
Ֆրանսիացի փիլիսոփա, պոզիտիվիստ-սոցիոլոգ, ֆրանսիա-կան սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր Էմիլ Դյուրկհայմը (1858 -1917) հասարակությունը համարել է առանձին հոգեւոր իրողություն, որը չի հանգում անհատների համագումարին եւ որի օրենքները տարբերվում են անհատական հոգեբանության օրենքներից: Ժամանակին փորձելով պատասխանել, թե ինչպե՞ս կարող է անհատների բազմությունը կազմել հասարակություն հարցին, հասարակությունը դիտարկելով իբրեւ համերաշխության արդյունք, նա տարբերակել է համերաշխության երկու տեսակ՝ ա) մեխանիկական` ըստ Դյուրկհայմի մեխանիկական համերաշխությունը նմանության համերաշխությունն է, որտեղ անհատները նմանվում են միմյանց, քանի որ ունենում են նույն հույզերը, գնահատում են նույն արժեքները եւ սուրբ են համարում նույն բաները: եւ բ) օրգանական` համերաշխությունն արդեն տարբերության համերաշխությունն է, որտեղ կոնսենսուսը կամ կոլեկտիվի համահունչ միասնությունը բխում է կամ արտահայտվում է տարբերությամբ, ինչպես կենդանի օրգանիզմի օրգաների դեպքում, որոնք, չնայած իրենց տարբերությանը (օրինակ՝ սիրտը, երիկամն ու թոքը եւ այլն), կատարում են իրենց գործառույթը եւ հավասարապես անփոխարինելի են կյանքի համար: Այսինքն` ստացվում է, որ հասարակության լինելիությունը չի կարող պայմանավորված լինել համերաշխության միայն մի տեսակով: Ցավոք, այս դիտանկյունից նայելով մեր հասարակությանը՝ հասկանում ես, որ այն վաղուց մնացել է միայն մեխանիկական-նմանական համերաշխության հույսին, գրեթե մերժված կամ ջնջված է օրգանական-տարբերական համերաշխությունը կամ դրա հնարավորությունը…
Այստեսակ հասարակության միջավայրում օրեր առաջ լսեցի պարոն Հայկ Կիրակոսյանի հայտարարությունը, որտեղ նա արտահայտում է Հայաստանի վարչապետ դառնալու իր ցանկությունը եւ դրա հետ մեկտեղ նաեւ նշում է այն քայլերը, որոնք պիտի անի իշխանություն ստանձնելուց հետո: Ապշեցի, երբ լսեցի, որ հենց առաջին կետն այն էր, որ «Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունը պետք է բացառվի՝ այն փոխարինելով պրոֆեսիոնալ զինված ուժերի հետ»՝ պնդելով, որ այն ավելի «կոնսունակ» է լինելու եւ «այս ամենը իհարկե կկանխի 18 տարեկան երիտասարդներին բանակ տանելու արդեն տխրահռչակ ավանդույթը»: Այս կետից հետո նա նշել է եւս մի քանի այլ կետեր, որոնց հետ դժվար է չհամաձայնել, բայց բանակի մասին նման անհեթեթ ու պոպուլիստական արտահայտություն չէի սպասում նման գիտակից ու խելացի մարդուց, ում որոշ ելութները լսել եւ հավանել եմ:
Պարտադիր զինվորական ծառայությունը բացառելը եւ 18 տարեկան երիտասարդներին բանակ տանելու «տխրահռչակ ավանդույթը» կասեցնելը պարզապես ինքնասպանություն կլինի մեր բանակի, առհասարաակ մեր պետականության ու ժողովրդի համար, եւ խելքը գլխին որեւէ բարձրաստիճան հայ զինվորական համաձայն կլինի՞ սրա հետ: Հայաստանը արդեն իսկ մարդկային ռեսուրսի խնդիր ունի, եւ որեւէ զորամասում զինվորների պակասություն կա, որը հնարավոր չէ միայն պայմանագրային «պրոֆեսիոնալ» զինվորներով լրացնել: Դրա համար լիովին անտրամաբանական է նման արտահայտությունը, եւ որքան հիշում եմ, ներկա վարչախումբն ու իր առաջնորդը պատերազմից առաջ եւ հետո նույն ազգակործան թեզն էին առաջ տանում: Այդ «տխրահռչակ ավանդույթը» այն ավանդույթն է, որը տղային մկրտելով տղամարդ է դարձնում եւ յուրաքանչյուր քաղաքացուն՝ Հայրենիքի արժանի զավակ: Միակ ավանդույթն է այժմյան Հայաստանում, որը քիչ թե շատ դաստիարակում է երիտասարդին եւ ծառայելու հոգեբանություն ներշնչում:
Կարծում եմ, որ մեզ այսօր օդի նման անհրաժեշտ է ազգ-բանակ հիմնադրույթն իրական ու կատարված դարձնելը: Հայաստանը ոչ թե պիտի բացառի այդ «տխրահռչակ ավանդույթը», այլ ստեղծված բարդ պայմանները հաշվի առնելով, 44-օրյայում մեր անդառնալի կորուստները պետք է ի ծնե բոլոր տղաներին որպես զիվոր դաստիարակի: Զինվորական ծառայությունը պետք է խստացվի, եւ քանի որ մոտ ապագայում ժողովրդագրական վերականգնման բարդ խնդիր ենք ունենալու, մեկ տարով երկարացվի: Նաեւ կանայք պիտի պարտադիր գոնե մեկ տարի ծառայեն (ծայրահեղ պայմանների համար): Իհարկե, պետք է անընդհատ ավելացվի ու վերապատրաստվի նաեւ պահեստազորայինների քանակը: Ճիշտ կլինի առհասարակ, որ բոլոր գյուղերում ու քաղաքներում լինեն զինվորական ճամբարներ, որտեղ ապագա հայկազունները 12 տարեկանից պարտադիր նախապատրաստվեն 18 տարեկանում զինվորական ծառայության անցնելուն: Այս իմաստով այդ «տխրահռչակ ավանդույթը» ոչ թե մեզ խանգարում է պրոֆեսիոնալ բանակ ունենալ, այլ անհրաժեշտություն է եւ պետք է լինի մեր ազգային բանակի անկյունաքարը: Այսպես է բանակը հզորացնելու, պետականությունը պահելու, ազգ-բանակ եւ ժամանակակից «Սպարտա» դառնալու միակ ճանապարհը. պետք է սրբացնենք այդ «տխրահռչակ ավանդույթը», ոչ թե հրաժարվենք նրանից:
Ես հասկանում եմ, որ շատ մայրերի եւ թուլամորթ ու ապազգային արական սեռի ներկայացուցիչների սրտով չեն նման բաներ անգամ լսելը: Գիտեմ, վստահ եմ նաեւ, որ նման բաներ ասելը քարոզարշավների ժամանակ մեծ աջակցություն չի ապահովի այս կոռումպացված ու ամլացած ժողովրդավարական համակարգում, սակայն այնուամենայինիվ սա է բացարձակ ճշմարտությունը, հետեւաբար ապագա ազգային պետությունում նման մտքեր արտահայտելը պիտի օրենքով արգելվի, իսկ դրանք արտահայտողները` պատասխանատվության ենթարկվեն:
Այս պայմաններում վարչապետի օրերս ՌԴ այցի շրջանակներում տարածված համատեղ հայտարարությունը շատ այլ հարցերի թվում պարունակում է հարցերի հարցը. Հայաստանի մասով ո՞վ է իրագործելու կանխագծված թեզերը: Ակնհայտ է, որ ներկա վարչախումբը չի՛ իրագործելու այն՝ մեկ պարզ պատճառով. մինչ օրս այս թիմը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի (զանազան արտախորհրդարանական «ուժերի», «ծուռ» ու դավադիր նախագիծ-ուժերի միջոցով) վարել է այդ հայտարարության տառին ու ոգուն 180 աստիճան հակասող հակառուսական քաղաքականություն: Եվ եթե մեկը կա, որ հավատում է, թե անգլոսաքսոնյան-թուրքական մոլեգնող տրամադրություններով առաջնորդվող այդ թիմը վերցնելու է հայտարարության կետերն ու իրար հետեւից անշեղորեն իրագործելու է դրանք, ապա նա առնվազն կա՛մ միամիտ է, կա՛մ բանից անտեղյակ:
Վստահ եմ, որ կլինեն խոսքիս չհավատցողներ, ուստի առաջարկում եմ նրանց թո՛ղ վերստին կարդան 30 կետանոց հայտարարությունը եւ դա համեմատեն օրվա իշխող թիմի քաղաքական վարքագծի ու դրա որդեգրած ուղեգծի հետ, եւ ամեն ինչ ավելի քան պարզ կդառնա: Իսկապես կարծում եմ, որ ներկա վարչախմբի հետ հայ-ռուսական հայտարարության մեջ մատնանշված փոխգործակցություն չի՛ կարող լինել ո՛չ միջազգային (ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ եւն), ո՛չ միջպետական հարթակներում, քանի որ այն մեղմ ասած չի սիրում Ռուսաստանին եւ «խաղաղություն բերելու» իր կեղծ օրակարգ-քարոզով տենչում է դեպի Թուրքիա եւ Ադրբեջան: Այս անհերքելի իրողությունների ձեւակերպումը հանգեցնում է հետեւյալ եզրակացություններին.
1. Հայտարարությամբ նախանշված հայ-ռուսական հարաբերությունների զարգացման իրապես խորը եւ համապարփակ ծրագիրը ներկա վարչախմբի պայմաններում կմնա որպես արխիվային հիշարժան փաստաթուղթ,
2. Փոխգործակցության ծրագիրը կյանքի չկոչվելու դեպքում ՀՀ-ում ակտիվորեն գործող անգլոսաքսոնյան-թուրքական գործակալական ցանցը, իշխանությունների թողտվությամբ եւ հովանավորությամբ երկիրը վերածելու են հակառուսական որջի, իսկ ՌԴ-ն ստիպված է լինելու ՀՀ-ում եւս իրագործել «դենացիֆիկացիայի» խոշորամասշտաբային ծրագիր՝ իր վտանգավոր հետեւանքներով հանդերձ,
3. Կարծում եմ, որ հայտարարության մեջ նախանշված հայ-ռուսական հարաբերությունների զարգացման՝ իրապես խորը եւ համապարփակ ծրագիրը պարտադիր կերպով կյանքի կկոչվի եւ ՀՀ-ի մասով անպայման կիրականացվի, իսկ թե ո՞ր իշխանության օրոք, այնքան էլ կարեւոր չէ:
Նկատենք նաեւ, որ Հայկական հեռուստատեսությունը հեղեղված է փորձագիտական կարծիքներով՝ ՀՀ վարչապետին Մոսկվա հրավիրելու իմաստի եւ իրական պատճառի մասին, բայց որեւէ հիմնավոր դրույթի այդպես էլ չհանդիպեցի: Ավելի տպավորիչ էր այն շքեղությունը, որով ընդունեցին Հայաստանի ղեկավարին, որը մինչ այդ Մոսկվայում նման ընդունելության չէր արժանացել:
Հայաստանյան ընդդիմությունն անթաքույց շատ բացասական զգացումներ ապրեց, երբ ականատես եղավ ընդունելության այդ շքեղ արարողություններին: Նրա համար դժվար է ընկալել կատարվածը, քանի որ նրա կարծիքով վարչապետը, մեղմ ասած, ռուսամետ չէ: Հայաստանի ընդդիմության աջ, արտախորհրդարանական, ազգայնական թեւը, ամբողջ ակցիան անմիջապես ներկայացրեց որպես հերթական ապացույց այն բանի, ինչի մասին խոսում են չորս տարի, որ վարչապետը Կրեմլի դրածոն է: Ընդհանուրն այն էր, որ երկուսն էլ ժողովրդին կոչ են անում դուրս գալ փողոց ու հեռացնել նրան: Հայտնի իրողություն է, որ երբ մարդը կանգնած է գլուխը կորցնելու վտանգի առջեւ, նրան չի կարող անհանգստացնել ոտքի փուշը: Սա աքսիոմա է: Սրա հետ չի կարելի վիճել: Եվ հիմա միայն ապուշը չի կարող հասկանալ, որ Ռուսաստանը գտնվում է ամբողջական տնտեսական եւ դրանից հետո քաղաքական կոլապսի շեմին, եւ նրան Հայաստանը՝ իր Լեռնային Ղարաբաղի եւ բոլոր այլ խնդիրներով, բացարձակապես հետաքրքիր չէ նախագահ Պուտինին. Ի վերջո, հենց անձամբ Պուտինն է վտանգի առջեւ հայտնվել: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի հրավերը եւ այս ամբողջ լայնորեն հրապարակված հանդիսավորությունը, որով դիմավորեցին վարչապետին:
Կարծում եմ, որ գրեթե լիակատար դիվանագիտական մեկուսացման պայմաններում Պուտինին միջնորդ է պետք, որն ի վիճակի կլինի փոխանցել Կրեմլի տեսլականը արեւմտյան առաջնորդներին, թե ինչպես է Պուտինը ցանկանում փրկելով նահանջել: Քանի որ Պուտինի շուրջ այժմ չկա որեւէ երկրի ղեկավար, որը կարող է դա անել: Հունգարացինե՞ր, Սերբե՞ր: Նրանց նույնիսկ չեն լսի…Իսկ Փաշինյանը ընկեր ունի Մակրոնին, որին Ֆրանսիայի հայկական սփյուռքը կրկին նպաստեց իշխանության բերելու: Գերազանց հարաբերություններ կան Եվրոպայի ղեկավար Շառլ Միշելի հետ, եւ Բլինկենը բավականին հաճախ է շփվում նրա հետ…Հետեւաբար թե ինչով է պայմանավորված Փաշինյանի նման ճոխ ընդունելությունը, պատասխանը հետեւյալն է՝ Պուտինի համար շատ կարեւոր է հնարավորինս բարձրացնել իր միջնորդի հեղինակությունը: Դրա անուղակի առհավատչյան է նաեւ այն, որ արդեն իսկ խոստացվել է նաեւ մեկ միլիարդ դոլարի ներդրում:
Գուցե իսկապե՞ս իրավիճակ է փոխվել…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր