Կրտսեր գրչակցիս՝ ռուսերենով ստեղծագործող արձակագիր, բանաստեղծուհի Լիանա Շահվերդյանը մի քանի գրքի հեղինակ է: Ծանոթ եմ նրա ե՛ւ արձակ, ե՛ւ չափածո ստեղծագործություններին: Հեղինակի մտածողությունն առանձնանում է ինքնատիպ պատկերայնությամբ, ժամանակի ոգին զգալու եւ արտահայտելու կարողությամբ, որոնք հնարավորություն են ընձեռում նրան ստեղծելու հոգսերով ու դժվարություններով լի իրական կյանքի պատկերները:
Նա անտարբեր չէ՛ կյանքի երեւույթների հանդեպ: Իր զգացմունքներն ու խոհերը, հույզերն ու մտահոգությունները կարողանում է արտահայտել բանաստեղծական սեղմ խոսքով: Եվ, սակայն, Լիանա Շահվերդյանի պատկերային մտածողությունն ավելի շատ արտահայտված է չափածո ստեղծագործություններում:
Օրերս լույս տեսած նրա ՀցՍՌ-ՐպՍՌ վեպը, որին ուզում եմ անդրադառնալ, հստակ ու ճշմարտացիորեն ներկայացնում է ոչ միայն գրողի մտահոգություններն ու տագնապը աշխարհի ու մարդկանց հանդեպ, այլեւ մտորելու տեղիք է տալիս:
Ամբողջ վեպում արտացոլված է մարդկային հարաբերությունների հավերժական թեման, որն ավելի շատ արտահայտված է մակդիրային պատկերայնությամբ՝ մեզ հայտնի ժողովրդական հեքիաթներից ու պատմվածքներից, հին դիցաբանությունից ու առասպելներից: Բավական է նշել վեպում առկա «Օձը եւ թռչնակները» բնութագրական պատկերը, որը ոչ միայն Լիաննա Շահվերդյան գրողի հմուտ գրչի լավագույն վկայությունն է, այլեւ մարդկային հարաբերությունները ճշմարտացիորեն գնահատելու նրա վարպետությունը: Թռչնակների կերպարում նա, անշուշտ, տեսնում է անօգնական եւ վտանգված ճակատագիր ունեցող մարդկանց, մինչդեռ օձը նրա վեպում ներկայացվում է որպես տիրակալ, իշխող, սպառնացող ու ոչնչացնող: Ահա այս պատկերով նա փորձում է ներկայացնել իրական կյանքը, մարդկային անհավասար ու անարդար հարաբերությունները, չարի ու բարու հավերժական պայքարը:
Հնագույն բոլոր ազգերի հեքիաթներում էլ նույն պայքարն է արտացոլված՝ չարի ու բարու շարունակվող պայքարը, բայց ամենուր էլ հաղթում է բարին, իսկ չարը՝ տապալվում: Լիաննա Շահվերդյանի վեպում պատկերված՝ գիշատիչ օձին կուլ գնացած անմեղ թռչնակներին անվերապահորեն կարելի է համեմատել Հայոց մեծ եղեռնին զոհ դարձած շուրջ երկու միլիոն անմեղ նահատակների հետ, իսկ օձը նրա վեպում՝ նույն բռնակալն է, թուրքն է, որն իր կյանքով է հատուցում կատարած ոճրագործության համար: Հիշենք Սողոմոն Թեհլիրյանի սխրանքը…
Վեպում Շահվերդյանը ներկայացնում է Թիֆլիսը, որտեղ նա ծնվել ու մեծացել է, որտեղ ամեն բան նրան հարազատ է ու սրտամոտ, առաջին հերթին՝ թիֆլիսահայ բարքերն ու հայկական միջավայրը, ներկայացնում է թիֆլիսահայության երեւելիներին, անվանի մտավորականներին, որոնց մասին նրա նկարագրությունները տաք ու հուզիչ պատմություններ են: Դրանք կարդալիս ընթերցողն անափ ջերմություն է զգում:
Վերհիշելով թիֆլիսյան անմոռանալի հուշերը, նա չի մոռանում ներկայացնել նաեւ՝ «ժողովուրդների հորը»՝ հայատյաց ու մարդակեր Ստալինին առնչվող դաժան պատմությունները եւ նրա իշխանության տարիների բռնությունները: Հեղինակի ուշադրությունից չի վրիպում նաեւ հայ ժողովրդի պանծալի զավակ, 1930-36 թվականներին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի՝ ոճրագործ Բերիայի ձեռքով իրագործված սպանությունը: Շահվերդյանը 1937 թվականի ստալինյան բռնությունները ներկայացնում է թիֆլիսահայ իր ազգականների հիշողությունների ծիրում, խոսում է նրանց լեզվով՝ բացահայտելով ճշմարտությունը եւ վերծանելով իրադարձությունների արյունալի ու սահմռկեցուցիչ շերտերը:
Լիանա Շահվերդյանն իր վեպում չի շրջանցում ժամանակի պատմական իրադարձությունները: Նկարագրելով Ստալինի եւ Բերիայի հայահալած ու հանցագործ քաղաքականությունը, հեղինակն արխիվային արժանահավատ փաստարկներով պատկերում է ժամանակի քաղաքական անբարենպաստ մթնոլորտը: Այդ փաստարկներն ավելի պատկերավոր ու համոզիչ են դարձնում վեպի պատմական ու գեղարվեստական արժեքը: Երկխոսությունների ժանրով գրված վեպը կարդացվում է մեկ շնչով, որովհետեւ հեղինակը կարողացել է գտնել իր ընթերցողի հետ հաղորդակցվելու անկեղծ ու շիտակ ուղին:
Անկասկած կարելի է ասել, որ այս վեպը նոր եւ թարմ խոսք է, մանավանդ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, երբ դարձյալ վերաձեւվում են աշխարհի սահմանները, երբ նորից կյանքի ու մահու պայքարում նահատակվում են հինավուրց եւ քաղաքակիրթ ժողովուրդներ՝ թանկ վճարելով իրենց գոյությունը պաշտպանելու համար: Վեպում նկարագրված պատկերները անցյալի դառն ու արյունալի իրադարձությունների շարունակության արտահայտությունն են: Դա գրողի շիտակ ու համարձակ խոսքն է, որով նա մեզանում ամուր է պահում պատմական հիշողությունը, զգոնության կոչով հուշում մեզ դասեր քաղել պատմությունից՝ զերծ մնալու անցյալի քաղաքական ոչ հեռատես ռազմավարությունից:
Նա նորովի մտածող ու ինքնատիպ ասելիք ունեցող գրող է: Հենց այդպես էլ մուտք է գործել գրականություն, ներկայացել հանրությանը եւ ընթերցող հասարակությանը:
ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր