Այս խոսքերի հեղինակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչն է, որ դրանք արտասանել է երեքշաբթի օրը BBC-ի միջազգային հարցերով գլխավոր թղթակից Ջերեմի Բաուենին տված հարցազրույցում: Նա ներկայացրել է Գազայում եւ հարակից տարածքներում, հատկապես Խան Յունիսում ապրող ավելի քան 2 միլիոն պաղեստինցիների օրհասական վիճակը՝ պարտադրված սովի, ամենօրյա ռմբակոծումների պայմաններում, մասնավորաբար շեշտելով միջազգային մարդասիրական օգնության խմբերի եւ առաքումների առաջ ճանապարհները փակ պահելու իսրայելական բանակի հակամարդկային գործողությունները, որոնց հետեւանքով օր-օրի ավելանում է սովից, ռմբակոծություններից եւ բժշկական օգնության բացակայությունից զոհվածների թիվը:
Միաժամանակ, միշտ շեշտելով միջազգային լրատվամիջոցների, ներառյալ իր թղթակիցների Գազա մուտքի արգելումը Իսրայելի զինվորական իշխանության կողմից, BBC-ն նույն հարցազրույցի շրջանակում վկայակոչել է ՄԱԿ-ի տարբեր պաշտոնյաների, որոնք տեղեկացրել են, որ զոհերի մեծ մասը սպանվել է մարդասիրական օգնության գրասենյակների առջեւ կամ մոտակայքում, այսինքն՝ սնունդ հայթայթելիս, միաժամանակ ներկայացնելով վերջին շաբաթվա ընթացքում զոհված բնակիչների տարբեր թվեր:
Դա, ըստ երեւույթին, զայրացրել է իսրայելական կողմին, որը բողոքով դիմել է Uncle Sam-ին՝ Վաշինգտոն, որն իր հերթին աննախադեպ սայթաքում է թույլ տվել՝ կողմնակալության եւ անհավաստիության մեղադրանքներ ուղղելով աշխարհի խոշորագույն՝ բրիտանական տեղեկատվական կորպորացիայի՝ BBC-ի դեմ: Նախագահ Թրամփի մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթը (Karoline Leavitt) Սպիտակ տանը չորեքշաբթի օրը տված բրիֆինգի ընթացքում BBC-ին մեղադրել է «Համասի» խոսքերը կամ տեղեկությունները հիմք ընդունելու եւ տարածելու հանցանքով: Մեղադրանք՝ որը բրիտանական կորպորացիան կուլ տվողը չէր, չէ՛ր կարող լինել:
Եվ ահա անցնող երկու օրերին BBC-ն, ինչպես ասում են, «տուր թե կտաս» է անում Սպիտակ տան խոսնակին՝ մեկ առ մեկ թվարկելով միջազգային իր աղբյուրներին՝ չմոռանալով հիշեցնել սեփական եւ այլ լրատվամիջոցների Գազա եւ շրջակայք մուտքը արգելող իսրայելական զինուժի հրահանգը, մեջբերելով նաեւ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ծառայության պետ Սալվադորե դի Նոլֆիի հայտարարությունը, թե «պաղեստինցիներն սպանվում են ուտելիք փնտրելու ճանապարհին», նաեւ ՄԱԿ-ի մեկ այլ պատասխանատուի՝ Թոմ Ֆլեչերի հաստատումը, թե «երկու միլիոն ժողովուրդ սիստեմատիկ կերպով զրկվում է գոյատեւման համար անհրաժեշտ տարրական միջոցներից»:
BBC-ն վկայակոչեց նաեւ, անշուշտ, իր երկրի արտգործնախարար Համիշ Ֆալկոների, ինչպես նաեւ վարչապետի՝ Քեյր Ստարմերի դատապարտող խոսքերն՝ ուղղված հրեական պետության ղեկավարությանը՝ «Կացությունն այլեւս անհանդուրժելի է դարձել» բնաբանով:
Առայժմ մի կողմ թողնենք Թել Ավիվի անմիջական ազդեցության տակ գտնվող պաշտոնական Վաշինգտոնի եւ աշխարհի տարբեր մայրաքաղաքների միջեւ Գազայի հարցում առկա լարվածությունը, Միացյալ ազգերի կազմակերպության միջնորդական ու մարդասիրական առաքելությունների ձախողեցումը Թել Ավիվի կողմից եւ վերջինիս հովանավոր Մ. Նահանգների չկամությունը, նաեւ արաբական ազդեցիկ երկրների մոտ վճռականության եւ համաարաբական միաբանության բացակայությունը, Գազայում ու նրա շուրջ արդեն 3 տարուց ի վեր կատարվող ցեղասպանական արարքները,- որոնց հետեւանքով զոհվել է արդեն ավելի քան 45 հազար մարդ,- կարծում եմ բաց գիրք պետք է լինի մեզ՝ հասարակ ժողովրդիս համար, որը տեսել է 1915 թ.ի ցեղասպանությունը, դրանից առաջ՝ դեռեւս 19-րդ դարի կեսերից սկսած՝ պարբերական կոտորածները, ջարդերը, բռնագաղթեցումերը, պարտադիր կրոնափոխությունները, ու տակավին՝ Եղեռնից հետո շարունակվող եղեռնը մեր ազգային ու եկեղեցական կառույցների եւ ընդհանրապես հայկական հետքերի դեմ: Այդ բոլորը մենք տեսել ենք նաեւ վերջերս Արցախում եւ, Աստված չանի, կարող ենք տեսնել նաեւ հետագայում Մայր Հայաստանում, մեղսակցությամբ ներկա՝ պետական կոչվող իշխանության, ինչպես նաեւ մեզ բարեկամ համարվող կամ բարեկամ ներկայացող ազդեցիկ երկրների, նրանց ղեկավարած միջազգային կազմակերպությունների անգործությունը:
Բաց դասագիրք՝ որից ամեն օր կարող ենք սովորել զգոն լինելու, պետական ճիշտ իշխանություն ընտրելու, տնտեսապես ու գիտությամբ զարգանալու, մեր ազգն ու պետությունը պաշտպանելու բոլոր հմտությունները:
Չէ՞ որ ապրում ենք գայլային բնազդ ունեցող ներկա աշխարհում, որը թույլերի համար դժոխք է դարձել:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ