Մեկնե՞լ, թե՞ չմեկնել….
Միացյալ Նահանգներ մեկնելու որոշումը միանգամից չկայացվեց, ավելի շուտ՝ բոլորովին նախատեսված չէր: Հայազգի նյույորքաբնակ դերասանուհի, պրոդյուսեր Նորա Արմանին, որ մինչ այս 2015-ին բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի հրավերով Պատանի հանդիսատեսի թատրոնում խաղացել էր իմ «Մերսեդես» պիեսի բեմադրությունում, գլխավոր հերոսուհու՝ Զարուհու դերում, մոնոդրաման խաղալու ցանկություն էր հայտնել: Բարեբախտաբար մոնոպիես արդեն գրել էի ու սիրով ուղարկեցի դերասանուհուն: Ավելի ուշ Նորան ասաց, որ նպատակ ունի դիմելու Նյու Յորքում ընթացող «United Solo» թատերական միջազգային փառատոնին, հետեւաբար նա պիեսը պետք է թարգմաներ անգլերեն: Այս ընթացքում նաեւ դերասանուհին Հայաստան եկավ, հանդիպեցինք, պիեսի մասին զրուցեցինք, աշխատանքը շարունակվեց տեսակապով: Շուտով տեղեկացրեց, որ ներկայացման հայտը, մեծ մրցակցություն հաղթահարելով ընդունվել է փառատոնի կողմից, եւ 2022-ի նոյեմբերին «United Solo»-ի շրջանակում խաղացվող 80 ներկայացումներից մեկն է լինելու մեր «Մերսեդես եւ Զարուհին»: Դա մեծ ուրախություն ու ձեռքբերում էր երկուսիս համար էլ: Սակայն իմ ներկա լինելու մասին ոչ մի խոսք անգամ չէր բացվել մինչեւ այն պահը, երբ ԱՄՆ-ում ապրող մեր լավ բարեկամները՝ անվանի երաժիշտ Կոնստանտին Պետրոսյանը եւ իր կինը, մեծ գնահատանքով ընդունեցին այս լուրը եւ մեզ էլ կարծես հուշեցին, որ իրադարձությունը սովորականներից չէ, ապա պատրաստակամություն հայտնեցին ամեն հարցում մեր կողքին լինելու: Եվ ահա հնչած միտքը ձնագնդու պես սկսեց իր շուրջ հավաքել գաղափարի իրականացման հնարավորությունները, գաղափարից մինչեւ իմ՝ առաջնախաղին ներկա լինելը անսպասելիությունների մի շղթա էր, որոնց մասին պատմելու առիթ կունենամ երեւի:
Միջազգային այցելուից» մինչեւ «հատուկ հյուր»…
Միացյալ Նահանգներում մեկ անգամ էլ էի եղել, 2009-ին, ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերից մեկով՝ «Մշակութային լրագրություն» թեմայով, եւ ԱՄՆ-ի հինգ նահանգներում բացահայտել էի ինձ համար Թենեսի Վիլյամսի եւ Վիլյամ Սարոյանի, Հերբի Հենկոկի եւ Մայլս Դեվիսի, Ջեկսոն Պոլակի եւ Ալեքսանդր Քոլդերի Ամերիկան: Թատրոնից մինչեւ հեռուստատեսություն, թանգարաններ ու ջազ ակումբներ, բնիկների ռեզերվացիաներ, պատկերասրահներ ու խմբագրություններ՝ ներսից էինք ծանոթացել ու անսահման տպավորված էինք: Հույս էի փայփայում, որ այս տպավորությունները զուտ առաջին սիրահարություն չեն ու երկրորդ հանդիպմանը չեն խամրի: Այս անգամ, սակայն, իրականությունը գերազանցեց սպասումներս… ԱՄՆ մեկնեցի իբրեւ դրամատուրգ. ո՛չ իբրեւ «Միջազգային այցելու», եւ վայելեցի գրական կյանքիս ամենավառ օրերը: Մինչ այս, իմ պիեսների բեմադրությունները մասնակցել էին միջազգային թատերական բազմաթիվ փառատոների, մի շարք գլխավոր մրցանակներ ստացել դրսում եւ Հայաստանում, սակայն այդ գորովանքն անձամբ չէի ապրել, քանի որ երբեք թատերախմբի հետ չէի մեկնել, ռեժիսորները միշտ հայտնում էին, որ գումարները սուղ են՝ չկարեւորելով դրամատուրգի ներկայությունը: Ինքս որպես թե՛ թատերագետ, թե՛ դրամատուրգ, բազմիցս մասնակցել եմ միջազգային ծրագրերի, աշխատանոցների, փառատոների, սակայն առաջին անգամ էի հրավիրվում փառատոնի կողմից արտերկիր՝ պիեսիս բեմադրության առաջնախաղին: ԱՄՆ-ում դրամատուրգին հարգել եւ գնահատել գիտեն, ես դա անձամբ զգացի:
Ամենամեծն ու ամենահեղինակավորը
Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում հիմնադրված «United Solo» փառատոնը աշխարհի ամենամեծ եւ ամենահեղինակավոր մոնոներկայացումների փառատոնն է համարվում, որն այս տարի անցկացվում էր հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 20-ը, Նյու Յորքի աշխարհահռչակ թատերական թաղամասում՝ Բրոդվեյում՝ Մանհեթնի 42-րդ փողոցի եւ 9-րդ ավենյուի միջեւ գտնվող օֆֆ բրոդվեյյան «Theatre Row»-ի թատերական հարթակներում: Խոշորագույն փառատոնին ամեն տարի մասնակցում են տասնյակ ներկայացումներ արտերկրից եւ ԱՄՆ-ից՝ դրամատիկական, պարային, տիկնիկային, մուլտիմեդիաներ, իմպրովիզներ, սթենդափ շոուներ, մյուզիքլի եւ այլ ժանրերում:
«United Solo»-ն հիմնադրվել է 2010 թ., հիմնադրման տարեթվից ի վեր փառատոնի շրջանակում ցուցադրվել են ավելի քան 1000 ներկայացումներ ամբողջ աշխարհից: Փառատոնին մասնակցում են հանրահայտ դերասաններ, «Էմմիի» եւ այլ հեղինակավոր թատերական մրցանակաբաշխությունների մրցանակակիրներ:
Լեգենդար «Theatre Row»-ն
Ներկայացումից առաջ անորոշությունը մեծ էր. մեծ քաղաքում, ահռելի թատերական գերտերության թատերական հարթակում փոքր ազգի խիստ ազգային թվացող թեման ինչպե՞ս պիտի ընդունվի նյույորքյան՝ թատրոնով շփացած հանդիսատեսի կողմից: Դահլիճում հոգեբանական հենարան էին ինձ համար հայազգի անվանի մտավորականները, անգամ հարազատներ, որոնք տարբեր քաղաքներից մեծ հեռավորություն կտրելով եկել էին՝ մեր կողքին լինելու համար: Մի զարմանալի բան էլ եղավ, դեռեւս առաջին այցիս՝ Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի հեռուստատեսություններից մեկում եղանք, որի մշակութային ծրագրերի ղեկավար Մերի Դիքսոնը, մի զտարյուն ու ազնվագույն ամերիկուհի, շատ սիրեց մեզ եւ տարիներ ի վեր ֆեյսբուքով պահում էր կապը: Իմանալով ներկայացման մասին՝ Մերին ամուսնու՝ Սթիվի հետ, օդանավով կտրել էր դեպի Նյու Յորք ընկած 3170 կմ հեռավորությունը. «Ինչպե՞ս կարող էի նման իրադարձությունը բաց թողնել, երբ ճակատագիրը հնարավորություն է ստեղծել… ահա կրկին հանդիպել ենք, այն էլ որտեղ՝ քո պիեսի առաջնախաղին…»,- աչքերին չէր հավատում: Ամերիկացիները գիտեն կյանքի ընձեռած պահերից օգտվել, նաեւ գիտեն գնահատել, բարձրացնել, արժեւորել ու թեւ տալ:
Օֆֆ բրոդվեյյան լեգենդար «Theatre Row»-ի թատերական բեմահարթակները անսահման սիրված են նյույորքյան հանդիսատեսի կողմից: Չնայած բեմերի փոքրությանը, այստեղ ներկայացված լինելն իսկ նշանային իրադարձություն է, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, որակի, այլ ոչ թե քանակի դաշտում է, եւ հենց սրանում է այս փառատոնի գաղտնիքը: Հանդիսատեսի շարքերում լուռ հայտնված մեկը՝ քննադատը, հաջորդ օրը կարող է դառնալ թատերական գործչի դահիճը կամ նրա պահապան հրեշտակը: Նորա Արմանին իր բարձունքում էր: Պարտավորեցնող էր վայրը, բծախնդիր հանդիսատեսը եւ իր խոսքով՝ ներկայությունը դրամատուրգի եւ այն մեկի, որն իսկապես եղել էր հանդիսատեսի շարքում՝ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր ճանաչված թատերական քննադատ Մարվին Կարլսոնը, որի մասնագիտական դրվատական խոսքը ներկայացման մասին չուշացավ: Չուշացան նաեւ թատերախոսականները Ամերիկայի հայկական մամուլում՝ «The Armenian Mirror-Spectator», «The Armenian Weekly» պարբերականներում: Եղան հեռուստատեսային ռեպորտաժներ:
Ազգայի՞ն, թե համամարդկային ցավ
Կամերային միջավայրում հանդիսատեսին խիստ մոտ խաղալը փորձություն է յուրաքանչյուր դերասանի համար: Տոմսերը շուտ էին սպառվել, այնպես որ ներկայացման օրը ստիպված էին եղել աթոռների շարքեր ավելացնել, ինչի պատճառով հանդիսատեսը դերասանուհուց շատ փոքր տարածության վրա էր հայտնվել: Արմանին խորապես տպավորեց հանդիսատեսին դերասանական իր բարձր տեխնիկայով, կոնտրաստների վրա կառուցված հմուտ խաղով: Տխրությունից ուրախություն, երիտասարդությունից ծերություն՝ մարդկային ցավի ու վշտի շղթայով կառուցեց պիեսում ներկայացված հայ ազգի տառապանքի 100 տարվա հետագիծը՝ խտացնելով ժամանակն ու տարածությունը, այն, ինչ այնքան կարեւոր է թատրոնում: Սա ամբողջացնում էր նաեւ Վահան Արծրունու հոգեթով երաժշտությունը՝ գրված ներկայացման համար: Հանդիսատեսը ամբողջովին վերապրում էր, զարմանալիորեն ներկայացման թեման ընդունվել եւ հասկացվել էր իր բոլոր նրբություններով եւ խորությամբ: Ցավն ամեն տեղ նույն ծանրությունն ունի, իսկ բազմազգ հանդիսատեսից յուրաքանչյուրն ինչ-որ տեղ իր ազգային ցավն էր այնտեղ տեսնում հավանաբար: Հպարտ էի, որ մեր պատմությանը հաղորդակից դարձնելու, Հայոց ցեղասպանության թեման մեկ անգամ եւս միջազգային հանրությանը ներկայացնելու հնարավորություն էի ունեցել: Ներկայացման ավարտին հանդիսատեսը չէր լքում թատրոնը: Բոլորն իրենց պարտքն էին համարում երախտագիտության խոսք հայտնելու եւ տպավորությունները կիսելու մեզ հետ: Նրանց մեջ կային ասիացիներ, մահմեդականներ, սեւամորթներ: Ոմանք ժամանել էին Կահիրեից, Համբուրգից, Սոլթ Լեյք Սիթիից, Պրովիդենսից: Ներկայացման բուռն ընդունելությունից հետո փառատոնն առաջարկեց էլի խաղալ՝ իբրեւ նվեր իրենց կողմից: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր թատերական գործչի համար Բրոդվեյում ներկայացված լինելը երազանք ու մասնագիտական կյանքի մեծագույն ձեռքբերում է: Բրոդվեյում բեմադրվելը շրջադարձային է եղել այնպիսի դրամատուրգների կյանքում, ինչպիսիք են Թենեսի Վիլյամսը, Յուջին Օ՛Նիլը, Վիլյամ Սարոյանը:
Մշակութակիր հայերն ԱՄՆ-ում
Ինձ համար կարեւոր էր այս այցը նաեւ այն տեսանկյունից, որ ԱՄՆ-ի Բոստոն, Պրովիդենս եւ Նյու Յորք քաղաքներում ծանոթացա կամ ավելի մոտիկից շփվելու առիթ ունեցա արվեստի հայազգի գործիչների հետ՝ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանի եւ նրա տիկնոջ՝ Պրովիդենսի Սուրբ Սահակ եւ Մեսրոպ եկեղեցու կրթական եւ մշակութային ծրագրերի ղեկավար Ժաննա Գեղամյանի, Բոստոնի հայկական թանգարանի խորհրդատու-տնօրեն Պերճ Չեքիջյանի, «The Armenian Mirror-Spectator» 90-ամյա թերթի խմբագիրներից մեկի՝ Արամ Արքունի, Նյու Ջերսիի Համազգայինի «Լեւոն Շանթ» թատերախմբի ղեկավար Վարդան Գառնիկիի, Նյու Յորքի Հայկական առաջնորդարանի դիվանապետ Վարդան Մատթեոսյանի, իրավունքի ոլորտի գրադարանի տնօրեն Աննա Ջիրջիրյանի, կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Դավիթ Միքայելյանի եւ էլի շատերի հետ, որոնց ուզում եմ երախտագիտությունս հայտնել:
Աննա Ջիրջիրյանի «հայկական կղզին»
Նյույորքյան մշակութային կոլորիտն ինձ համար հետագա օրերին բացահայտեց Աննա Ջիջիրյանը՝ ոչ միայն վայելեցի նրա ջերմ հյուընկալությունը, այլեւ կիսեցի Մետրոպոլիտեն թանգարան այցելության վայելքը՝ հենց նյույորքցու հայացքով:
Ցեղասպանությունից փրկվածների մի փառահեղ տոհմի շառավիղ է Աննան, որը պահպանում է հայի ամենաբարձր որակները բուն ամերիկյան միջավայրում: 40 տարի ապրելով Նյու Յորքում՝ նա զարմանալիորեն անթերի տիրապետում է թե՛ արեւմտահայերենին, թե՛ արեւելահայերենին, նրա տան ամեն անկյունը հայկական ոգով է ապրում: Աննայի հարկի տակ հավաքվող նրա ընկերներից յուրաքանչյուրը հայ մշակույթի մի-մի ջահակիր են՝ թարգմանիչ եւ երգահան Պերճ Թյուրաբյանն իր կնոջ՝ Անահիտ Դաշտենցի հետ (գրող Խաչիկ Դաշտենցի դուստրն է), բեմադրիչ Վարդան Գառնիկին ու իր կինը՝ Անահիտը… Ի դեպ, Նյու Ջերսիի Համազգայինի «Լեւոն Շանթ» թատերախմբի գեղարվեստական ղեկավար Վարդան Գառնիկիի հրավերով վայելեցի Բրոդվեյի աշնանային թատերաշրջանի ամենասիրված մյուզիքլներից մեկը՝ «Ալադինը», 103 տարեկան «Նյու Ամստերդամ» բրոդվեյան թատրոնում: Աննայի հետ այցելեցինք նաեւ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցին, եղանք Հայկական առաջնորդարանում, որտեղ ծանոթացա դիվանապետի՝ Վարդան Մատթեոսյանի հետ, ուր մեր հեղինակած գրքերի գրքափոխանակություն տեղի ունեցավ: Վարդան Մատթեոսյանի ավանդն անգնահատելի է հայագիտության ոլորտում՝ բազմաթիվ գրքերի, թարգմանությունների, աշխատությունների հեղինակ է: Մի համեստագույն անձնավորություն, որի հետ բովանդակալից եւ մտահոգ զրույց ծավալեցինք՝ ազգային հարցերի շուրջ: Իր վերջին՝ «Աշխարհի կինը. Արմեն Օհանյան» անգլերեն գիրքը հեղինակել են իմ լավ բարեկամ, հայագետ Արծվի Բախչինյանի հետ համատեղ:
Պետրոսյան ընտանիքը՝ Ռոդ Այլենդի հայ մշակույթի դեսպան
Պետրոսյան ընտանիքը Պրովիդենս քաղաքում ոչ միայն մեծ ավանդ ունի հայապահպանության գործում, այլեւ ողջ Ռոդ Այլենդ նահանգի մշակութային կյանքում, որտեղ եւ նահանգապետի կողմից տարիներ առաջ մաեստրո Կոնստանտին Պետրոսյանը պարգեւատրվել է «Տարվա մարդ» պատվավոր տիտղոսով, ինչպես նաեւ իր մշակութային գործունեության համար նա արժանացել է քաղաքային սենատի եւ նահանգապետի գնահատանքին: Նրա անձի հանդեպ մեծ պատկառանքը զգացվում էր ամենուր: Սուրբ Սահակ եւ Մեսրոպ եկեղեցու քահանան՝ Տեր Շնորհքը, իմանալով որ մաեստրոյի հյուրն է գտնվում եկեղեցում, կիրակնօրյա պատարագից հետո անսպասելիորեն իր մոտ կանչեց եւ հանդիսավորությամբ ներկայացրեց ինձ եկեղեցում հավաքված հայ համայնքին: Մաեստրո Պետրոսյանը Պրովիդենսի Սուրբ Սահակ եւ Մեսրոպ եկեղեցու մշակութային եւ երաժշտական տնօրենն է, նաեւ Բոստոնի հանրահայտ «Երեւան» նվագախմբի ու երգչախմբի գեղարվեստական ղեկավար-դիրիժորն է, Ռոդ Այլենդի երաժշտական փառատոնի հիմնադիր-նախագահն է: Մաեստրոյի ավանդը գնահատված է ԱՄՆ-ում, սակայն կարեւոր է, երբ հատկապես հայրենիքում ես գնահատվում՝ վերջերս մաեստրոն Հայաստանում արժանացավ ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի կոչման, ինչի կապակցությամբ մեկ անգամ եւս ջերմորեն շնորհավորում եմ նրան: Տիկին Ժաննա Գեղամյան-Պետրոսյանը միեւնույն եկեղեցու մշակութային եւ կրթական ծրագրերի ղեկավարն է, ուր գործող արվեստի դպրոցում հայեցի դաստիարակություն եւ կրթություն ստանալու հնարավորություն ունեն հայ երեխաները՝ պարի խումբ, երգչախումբ, նկարչություն, երաժշտական գործիքների ուսուցում եւ այլն: Այս ամենով հանդերձ՝ Պետրոսյան ընտանիքը նախ եւ առաջ մարդկային բացառիկ հատկանիշների կրող է, ինչը նույնպես ըստ էության արժեւորվում է ամերիկյան եւ հայկական միջավայրերում: Մաեստրո Պետրոսյանը եւ իր տիկինը իրենց ստեղծագործական եւ հասարակական նկարագրով ամբողջացնում են այն մշակութային հայի կերպարը, որով հայ ազգը պետք է ներկայանալի դառնա ամբողջ աշխարհին:
Ամերիկայի հայկական թանգարանը Բոստոնում
Առանձնակի տպավորիչ էր Բոստոնում գտնվող Ամերիկայի հայկական թանգարանը, որի հիմնադիր-տնօրեն Պերճ Չեքիջյանն անձամբ մեզ ուղեկցեց հոյակերտ թանգարանի հարկերով: Չորս հարկանի այս նորաոճ, խնամված ու նորոգ շինությունը, որ հիմնադրվել է 1971թ., Հայաստանից դուրս գտնվող ամենամեծ հայկական թանգարանն է: Պարոն Չեքիջյանը գիտեր էքսպոզիցայի ամեն ցուցանմուշի պատմությունն ու ծագումը: Այստեղ պահվում են հայոց հնագույն պատմության եւ միջնադարյան մշակույթի բացառիկ նմուշներ՝ հնագույն մետաղադրամներ, 13-րդ դարի ավետարան, Արցախի գորգեր, ազգային հանդերձանք, եկեղեցական սպասք, Ցեղասպանության վկայություններ, անգամ՝ հանրահայտ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հազվագյուտ լուսանկարչական հավաքածուն, որը թանգարանին է հանձնել նրա կինը: Ընդհանուր առմամբ՝ 30 հազարից ավելի ցուցանմուշ: Այստեղ նաեւ կա հարուստ գրադարան՝ ավելի քան 40 հազար գրքերով: Թանգարանը առհասարակ հայոց մշակութային օջախ է, ուր մաեստրո Պետրոսյանի եւ Պերճ Չեքիջյանի ջանքերով հաճախ ընթանում են տարատեսակ համերգներ: Պետք է նշել, որ թվածս անձերից յուրաքանչյուրը օտար ափերում մի ամբողջ ինստիտուտի դեր է խաղում հայապահպանության գործում:
Հայրենիք ունենալու գինը
Միացյալ Նահանգներ այցս բովանդակալից էր ու հիշվող: Ներկայացումը սիրվեց ամերիկյան միջավայրում, սակայն ինձ հիացրեց հատկապես հայ համայնքի ջերմ ընդունելությունը, արձագանքը տեղի ունեցածին: Առաջնախաղից առաջ լինելով հյուր Բոստոնի հայկական երգչախմբին՝ հետագայում իմացա նրանց ոգեւորության մասին ու շնորհակալությամբ ստացա նրանց ջերմ շնորհավորանքները: Առհասարակ, ԱՄՆ-ի նշյալ քաղաքներում հայտնաբերեցի հայի գենին բնորոշ այն ազնվաշուք որակները, որոնք մենք այստեղ՝ Հայաստանում, քիչ-քիչ կորցնում ենք: Ներկայացման հաջողության լուրից ոգեւորված՝ տարբեր քաղաքների հայերը հետաքրքրվում էին իրենց նահանգում ներկայացումը տեսնելու հեռանկարով, եւ Նորա Արմանիի հետ մեր ջերմ, աշնանային նյույորքյան զբոսանքի ժամանակ՝ Լինքոլն կենտրոնում հեռուստատեսությանը տված հարցազրույցից հետո, պայմանավորվեցինք ներկայացմանը կյանք տալ: Նախաձեռնել «Մերսեդես եւ Զարուհու» ցուցադրությունը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում եւ առհասարակ՝ տարբեր երկրներում՝ ներկայացնելու համար սփյուռքահայ քույրերի կյանքի էջերը, որ խորհրդանշում են հայրենադարձ հայերի մի ամբողջ սերնդի պատմությունը: Նրանցից մեկը Սալոնիկում, իսկ մյուսը Խորհրդային Հայաստանում մեծ գին տվեցին անկախ հայրենիք ունենալու համար՝ հույս տածելով, որ իրենց սերունդներին կտակում են արդար, ծաղկուն ու ապահով երկիր: Մերսեդեսի եւ Զարուհու պատմությունը աշխարհի որեւէ կետում գտնվող հայի՝ հայրենիքը փայփայելու մեծ առաքելության մասին է:
ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ
Դրամատուրգ, թատերագետ