Եւ պահանջում, որ Գերմանիայի կառավարության խոսնակը ներողություն խնդրի
Օգոստոսի 21-ին առցանց «Ազգ»ում «Գերմանիայի կառավարության խոսնակ Հեբեշթրայթը գերազանցում է բարոյազրկման սահմանը» վերնագրյալ համառոտ տեղեկատվության մեջ ծանուցել էինք, որ ի պատասխան լրագրող Ջեննի Գյունթերի (Jenny Günther հարցին, կառավարության խոսնակների ասուլիսի ժամանակ Գերմանիայի դաշնային կառավարության խոսնակ Շտեֆֆեն Հեբեշթրայթը (Steffen Hebestreit) կարծիք էր հայտնել, թե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախկին գլխավոր դատախազ Մորենո Օքամփոյի՝ ԼՂ-ում 120 000 հայերին Ադրբեջանի սովի մատնելը «ցեղասպանություն» դասակարգելը «քարոզչություն» է (պրոպագանդա): Խոսնակը գործածել էր նաեւ Kampfbegriff բառը, որ հայերեն բացատրությամբ նշանակում է՝ մարտական (մարտավարական) հասկացություն: Ասել է, թե սա զգացական բառ է, որ նպատակ ունի հրահրել հակառակորդին, ստիպել ընդունել սեփական տեսակետը:
Ջեննի Գյունթերի հարցի մասին չէինք գրել: Մեր կարծիքով, դաշնային կառավարության խոսնակի ցինիզմը նկարագրելու համար մանրամասնենք՝ ինչպե՞ս եղավ: Հարցի սկզբում Գյունթերը հիշատակեց, թե դաշնային կառավարությունը ի դեմս ԳԴՀ ԱԳՆ-ի մտահոգություն էր հայտնել, ինչը լավ է, սակայն Պուտինի, Ռուսաստանի պարագայում հստակ եւ արագ է եղել արձագանքը՝ դատապարտում եւ պատժամիջոցներ, «իսկ հիմա, ընդգծեց լրագրողը, խոսքը ԼՂ 120 000 հայերին սպառնացող ցեղասպանության մասին է՝ սովի մատնելու միջոցով, որոնց թվում 30 000 երեխաներ են»:
«Հա՞րցը», հիշեցրին սեղանի շուրջ նստած կառավարության խոսնակները: Անշուշտ ծանր է ունկնդրել այսպիսի փաստեր, եւ եթե խոսքը Պուտինի մասին չէ, հոգնում են գերմանացի պաշտոնատարները… «Հարցը հետեւյալն է, շարունակեց լրագրողը, կանցլեր Շոլցն ընդգծեց, ընդգծում է Ադրբեջանի էներգետիկ պոտենցիալի մասին…»: Դեռ լրագրողը խոսքը չէր ավարտել, երբ կառավարության խոսնակ Հեբեշթրայթը գլուխը շրջեց եւ ժպտաց՝ կողքին նստածի հետ հայացք փոխանակելով: Ջեննի Գյունթերը շարունակեց՝ «էներգակիրներից օգուտ ստանալու պատճառով դաշնային կառավարությունը հանդուրժո՞ւմ է էթնիկ հայերի ցեղասպանությունը» (գերմաներեն հարցը խուսափել ենք բառացի թարգմանել, նախընտրելով իմաստային տարբերակը- Ան. Հ): Ժպիտը, ամբարտավան պահվածքն արդեն հուշում էր, որ Հեբեշթրայթի պատասխանը բարոյականությունը շրջանցելու է, բայց որ այդքան անհոգ եւ ցինիկ կարող էր լինել, երբ խոսքը ճանաչված եւ հարգված իրավաբան Մորենո Օքամփոյի մասնագիտական գնահատականի եւ մանավանդ 120 000 մարդու ճակատագրին՝ «ցեղասպանություն» աստիճանակարգմանն է վերաբերում եւ, որ առավել կարեւոր է՝ խոսքը հայոց, արցախահայոց ցեղասպանությանն է վերաբերում, դժվար է նույնիսկ կշռելը:
Այլեւս կարելի է կասկածի տակ դնել, թե 2016 թվականի հունիսի 2-ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը նպատակ ուներ նախ՝ ընդունելու Գերմանիայի անփառունակ դերը ոճրի մեջ, առերեսվելու սեփական պատմությանը, համապատասխանատվությունից ելնելով կանխելու հայոց նկատմամբ այդպիսի ոճրի կրկնությունը: Աֆրիկայում Նամա եւ Հերերո ցեղերի հանդեպ ցեղասպանություն իրականացրած Գերմանիան, նույն վարքագիծը շարունակել է առաջին համաշխարհայինի ժամանակ՝ Հայոց հանդեպ իր մեղքը ծանրացնելով, Երկրորդ համաշխարհայինի ժամանակ՝ հրեաների հանդեպ, սկսել է վերաշարադրել պատմությունը՝ Հոլոդոմորը Բունդեսթագի այս կազմը աշխույժ դասակարգեց «ցեղասպանություն»՝ չանսալով որեւէ մասնագետի, պատմաբանի գնահատականին: (Տե՛ս «Ազգ»-ում 02/12/2022-ին տպագրված «Գերմանիան վերաշարադրո՞ւմ է պատմությունը» հոդվածը): Եւ հիմա արցախահայության պարագայում անվտանգության երաշխիքներ տալու փոխարեն «ցեղասպանություն» դասակարգումը «քարոզչություն» է համարում: Ո՞վ պետք է կարգի հրավիրի դաշնային կառավարության խոսնակին, մեր պետության, նրա նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի լռությո՞ւնը: Հեփեշթրայթը հրապարակավ ներում պիտի հայցի հայ ժողովրդից: Մանավանդ որ նրա պաշտոնակիցները չեն էլ դատապարտում խոսնակի անխոհեմ վարքը:
Ի դեպ HAYPRESS-ը գրավոր դիմել էր Գերմանիայի դաշնային կառավարության տեղեկատվության վարչություն եւ հարցրել, թե Հեբեշթրայթը վերանայե՞լ է իր՝ «ԼՂ-ում կատարվողը «ցեղասպանություն» դասակարգելը քարոզչություն է եւ մարտավարական գործիք» ձեւակերպումը: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ստացված պատասխանը չի էլ փորձում վերաձեւակերպել ասուլիսում հնչածը, ուստի խնայենք մեր սուղ տարածքը:
Գերմանահայ իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը դաշնային կառավարության պահվածքը «ցինիկ» էր որակել: Ուրիշ հարմար բառ կա՞ այսպիսի բարոյազուրկ պատասխանը, պահվածքը ճշգրիտ բնութագրելու համար: Նույն որակումն է տվել կառավարության խոսնակի պատասխանին Գերմանիայում հայտնի լրագրող Անաստասիա Տիխոմիրովան (Anastasia Tikhomirova) օգոստոսի 24-ին taz-ում լույս տեսած հոդվածում, որ դիպուկ վերնագրված է «Ցինիկ եւ պատմությունը մոռացության մատնող»: Հեղինակը գրում է, որ Արցախում շրջափակման մեջ գտնվողների մտապատկերի մեջ վերարթնանում է 1915-ի Աղետի մութ հիշողությունը, եւ ողբերգական պատմության մեջ Գերմանիայի դերակատարումը հիշելով դաշնային կառավարության խոսնակի պատասխանը այդ պատճառով առավել ցինիկ եւ պատմությունը մոռացող կարելի է համարել:
Առցանց տարբերակում նշել էինք, որ Բեռլինում ՀՀ դեսպան Ենգիբարյանը RND-ին օգոստոսի 18-ի հարցազրույցում ակնարկել էր, որ Ադրբեջանը էթնիկ զտման համար սովն է որպես զենք օգտագործում, սակայն այս պարագայում Ադրբեջանի դեմ պահանջին ՀՀ ԱԳՆ պիտի գումարի իր դժգոհությունը նաեւ Գերմանիայի դաշնային կառավարությանը: Մեզ առայժմ ծանոթ չէ ԱԳՆ-ից արձագանք եղե՞լ է, թե՞ ոչ: Իրազեկ ենք դարձել, որ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանն է գրավոր ընդվզել, գերմանահայ կառույցները՝ ի թիվս Գերմանահայոց կենտրոնական խորհրդի: Սոցհարթակներում արձագանքել են Գերմանիայում ճանաչված օգտատերեր: Եւ որ ակնկալելի էր՝ գերմանական մեդիան, որ այս պահին ընդգծում է, թե ԼՂ կայացած պետական միավոր է, ունի նախագահ եւ 120 000 բնակիչ, որ ցեղասպանվում է՝ սովի է մատնված:
Ինչպես նախորդ ուրբաթ՝ օգոստոսի 18-ի տպագիր «Ազգ»ում էինք նկատել տվել «Գերմանագիր մամուլում Արցախը սուբյեկտ է, իր մասին ի՛նքն է խոսում» հոդվածով, գերմանագիր լրագրությունն իր գործը բարեխիղճ կատարում է, մնում է քաղաքական գործիչներն ու դիվանագետները Պիղատոս չլինեն: HAYPRESS-ը ուշագրավ դիտարկում է անում՝ ԼՂ հարցում լռությունը չխախտող Բունդեսթագից, այդուհանդերձ արտահայտվեցին թվիթերյան գրառմամբ, որքան էլ զարմանալի է, Ազատ դեմոկրատական խմբակցության երկու պատգամավոր՝ Փեթեր Հայդթը (Peter Heidt) եւ Ուլրիհ Լեյհթեն (Ulrich Lechte): Առաջինը հղում է անում Մորենո Օքամփոյի «ցեղասպանություն» որակմանը եւ կոչ անում միջազգային հանրությանը անհապաղ գործել:
Երկրորդը պահանջում է Կարմիր խաչի անխափան աշխատանք:
Գերմանական «Ֆրանկֆուրտեր ռունդշաու»-ն («ՖՌ») օգոստոսի 23-ին ծավալուն եւ մանրամասն անդրադարձավ Արցախում սովամահության դեպքին, Մորենո Օքամփոյի գլխավոր շեշտադրումը վերնագրում արդեն փոխանցելով՝ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում: Լիզա Մարթինա Քլայնը (Lisa-Martina Klein) հենց առաջին պարբերության մեջ շեշտում է, որ աղետալի իրավիճակը «դե ֆակտո անկախ ԼՂ շրջանում է»: «Առաջին անգամ է, որ բարձրաստիճան միջազգային փորձագետը Ադրբեջանի գործունեությունը բացահայտորեն որակում է որպես ցեղասպանություն», նշում է հոդվածագիրը, նաեւ մեջբերումներ անում Մորենո Օքամփոյի 28 էջանոց զեկույցից, ինչպես նաեւ հեղինակավոր իրավաբանի գերմանական Table.Media-ին տված մեկնաբանությունից, թե « ուզում եմ իմ ներդրումն ունենալ ցեղասպանության ժխտումը կանխելու մեջ: Պատասխանատվությունն այժմ կրում են ցեղասպանության կոնվենցիայի 153 մասնակից պետությունները, այդ թվում՝ Գերմանիան, եւ նրանք պարտավոր են կանխել ցեղասպանությունը»: «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» ներկայացնում է դաշնային կառավարության խոսնակ Հեփեշթրայթի արձագանքը՝ առանց գնահատական տալու, նաեւ փոխանցում ԳԴՀ ԱԳՆ-ի խոսնակի հետեւյալ պատասխանը՝ «Դաշնային կառավարությունն աջակցում եւ մասնակցում է խաղաղության եռակողմ բանակցություններին, որոնք նախաձեռնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ինչպես նաեւ ողջունում է ԱՄՆ-ի համապատասխան նախաձեռնությունները»: Կոնկրետ քայլերը ներառում են Կարմիր Խաչի տեղական եւ Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) աջակցությունը»: Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որից հետո բանաձեւ չհրապարակվեց, հոդվածագիրը գրում է «Այժմ Ալիեւի վրա ճնշում են գործադրում նույնիսկ մերձավոր դաշնակիցները, ինչպիսիք են Իսրայելը եւ Թուրքիան, որոնք երկուսն էլ զենք են մատակարարում Ադրբեջանին: (Հեղինակը չի մանրամասնում, թե ի՛նչ են անում- Ան. Հ.) ԱՄՆ-ը, որը ակտիվ միջնորդի դեր է խաղում, հետաձգում է Բաքվին ուղղված ռազմական օգնության երկարամյա ծրագրի թարմացումը՝ ցեղասպանության մեղադրանքների ֆոնին»: «ՖՌ» ներկայացնում է Հայաստանում Ֆրիդրիհ Էբերտ հիմնադրամի քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի հիասթափությունը՝ «Երբ ՄԱԿ ԱԽ սպառում է հնարավորության տարբերակները, էլ ի՞նչ է մնում»: «ՖՌ» անդրադառնում է Ադրբեջանի՝ հրադադարը խախտելու վերջին լարվածություններին, նաեւ ԵՄ դիտորդներին ուղղված 4-5 կրակոցին :«Չնայած դրանց թիրախը հնարավոր չի եղել պարզել, պարեկային խումբը ձեռնարկել է անհրաժեշտ պաշտպանական միջոցներ եւ լքել տարածքը», ասել է ԵՄ դիտորդական խմբի ներկայացուցիչը՝ Table.Media-ին:
Հուլիսի 21-ին «Ազգ»ում «Պաշտոնական Բեռլինից ակնկալում ենք «Լյուֆթբրյուքե Ստեփանակերտը» կյանքի կոչել» վերնագրով մեր հոդվածի վերջաբանում ընդգծել էինք՝« այս պահին ազնիվ կլինի, եթե Բեռլինը պնդի մարդասիրական օդային հաղորդակցությամբ Ստեփանակերտ սնունդ եւ դեղորայք առաքելու հրատապությունը: Երկրորդ աշխարհամարտի պատճառով երկու բեւեռների միջեւ բաժանված Բեռլինը տեսել եւ մինչ օրս պատմում է այդ մարդասիրական «Լյուքթբրյուքե Բեռլինի» մասին: Հենց այդպիսի օդային կամուրջ՝ «Լյուֆթբրյուքե Ստեփանակերտը» պիտի կյանքի կոչի պաշտոնական Բեռլինը, որ բարոյական իրավունք ունենա հայ-ադրբեջանական հակամարտության մեջ միջնորդ լինել»:
Ուրախ ենք փոխանցել, որ գերմանացի մեր գործընկեր Թոբիաս Էսսերը (Tobias Eßer) օգոստոսի 20-ին նույն բանի անհրաժեշտությունն է տեսնում: t-online հարթակում օգոստոսի 22-ին հեղինակն իր կարծիքն է հրապարակել, նաեւ սուր քննադատել դաշնային կառավարության խոսնակի պատասխանը: Էսսերը հիշեցնում է, որ այս պահին, երբ Արցախում վտանգված է մարդկանց ճակատագիրը, արտգործնախարար Բերբոքը պիտի ցույց տա, որ իր՝ «արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն» արտահայտությունը բառերի դատարկ պարկուճ չէ: Փոխարենը ՝ լռություն է տիրում: Սա ամենից առաջ մեկ բան է՝ անպատասխանատվություն» գրում է Էսսերը: «Դաշնային կառավարությունը չպետք է աչք փակի, երբ ցեղասպանություն է սպառնում: Այս պարագայում իհարկե, չպետք է ակտիվացնի հարաբերությունները Ադրբեջանի ռեժիմի հետ», գրում է հեղինակը՝ շեշտելով. «Հատկապես այն ժամանակ, երբ արտաքին քաղաքականության հենարանն արժեքն է հռչակում»:
Էսսերը Գերմանիային հիշեցնում է հայացք նետել սեփական պատմությանը: Երբ 1948 թվականին խորհրդային օկուպացիան փակեց մուտքը դեպի Արեւմտյան Բեռլին, դաշնակից Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան օդային կամրջի միջոցով մատակարարումը հասցրին Արեւմտյան Բեռլին: Թերեւս ժամանակն է նման օդային միջանցքի ստեղծումը, եւ այդպիսով բարելավել մատակարարման իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մինչեւ դիվանագիտական լուծումը հասանելի լինի», գրում է Թոբիաս Էսսերը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ