Գերմանալեզու մամուլը (մյուսների նման) մեկ տարի շարունակ զրկված էր Բաքվում Արցախի նախկին ղեկավարության դատավարությունը լուսաբանելուց, բայց նախորդ շաբաթ, նաեւ երեկ, նույնիսկ հակիրճ տեղեկատվությամբ իր վերաբերմունքն արտահայտեց: Ո՞վ է հավատում ավտորիտար պետության ծանր, շինծու մեղադրանքին: Խաղաղություն հաստատելու գործընթաց եւ ցմահ դատապարտում. ի՞նչ է սա, եթե ոչ ապագա բանակցություններում խաղաղության դիկտատի դիմաց պարտված հարեւանից ծանրակշիռ պահանջ: Ստորեւ մեր ամփոփումը՝ գերմանական, շվեյցարական, ավստրիական ԶԼՄ-ներին հղումով:
«Ադրբեջանի դատարանը դատապարտել է ԼՂ-ի նախկին ղեկավարներին», փետրվարի 5-ին ծանուցեց գերմանական «Դի ցայթը» (DIE ZEIT)՝ իր անվան կողքին ավելացնելով մյուս երկու աղբյուրները՝ dpa, ale: Վերջինը լրագրող, խմբագիր Ալեքսանդր Այդլինն է (Alexander Eydlin), որ մասնագիտացած է Ռուսաստանի, Ուկրաինայի հարցերով: Բնականաբար տեղեկատվությունը մատուցելիս «Ցայթը» չի նշում, թե նյութը պատրաստած հեղինակային խմբից որեւէ մեկը ներկա է եղել դատավարությանը, ուստի հայտնում է՝ «ըստ ադրբեջանական պետական լրատվական գործակալությունների՝ ամբաստանյալները մեղադրվել են մի շարք՝ մարդկության դեմ, ռազմական, ցեղասպանության եւ ահաբեկչության, նաեւ այլ հանցագործությունների մեջ»:
«Ադրբեջանի ռազմական դատարանը ազատազրկման է դատապարտել ԼՂ-ի շրջանի ղեկավարներին: Մարդու իրավունքների պաշտպանները քննադատել են դատավարությունը», գրում է «Ցայթը» առաջին պարբերության մեջ՝ չեզոք տեղեկությունն այնպես մատուցելով, որ ընթերցողը չկասկածի, թե միջազգային ԶԼՄ-ների ներկայությունը մերժած դատավարությունը կարող է արդարացի լինել: «Ցմահ ազատազրկման դատապարտված հինգ անձանց (պետք է լինի 6- Ան. Հ.) թվում է, ըստ որոշ տեղեկությունների, ԼՂ տարածքի ինքնիշխանությունը պնդող միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետության փաստացի վերջին նախագահը: ԼՂ-ն միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց անջատված է երկրի հիմնական մասից: Մինչեւ 2023 թվականը գրեթե բացառապես հայերով բնակեցված տարածաշրջանը 1990-ականներից ի վեր կարողանում էր ինքնակառավարվել՝ հայկական բանակի եւ Ռուսաստանի օգնությամբ: 2023 -ի սեպտեմբերին ադրբեջանական զորքերը տարածքը վերցրին իրենց վերահսկողության տակ: Չնայած տարածքի հանդեպ Ադրբեջանի պահանջը պաշտպանված է միջազգային իրավունքով, ավտորիտար պետության գործողությունները միջազգային լուրջ քննադատության արժանացան: Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 հայ վտարվեց ԼՂ-ից, դրանից հետո տարածքը նոսր է բնակեցված: Հայաստանը մեղադրեց Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ: ԼՂ-ի նախկին ղեկավարության դեմ դատավարությունը սկսվեց 2025 -ի հունվարին: Մեղադրանք առաջադրվեց ընդհանուր առմամբ 16 տեղացի քաղաքական գործչի հանդեպ: Առանձին մեղադրանք առաջադրվեց նաեւ Արցախի Հանրապետության կառավարության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանի դեմ: Գերմանական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ քննադատեցին դատավարությունը՝ այն համարելով քաղաքական դրդապատճառներով լի եւ կոչ արեցին Բաքվում ԳԴՀ դեսպանատանը վերահսկել դատավարությունը»: Սա «Ցայթի» հրապարակման փոքր-ինչ կրճատված տարբերակն է: Նկատելի է, որ սույն լրատվությունը Արցախի Հանրապետության փաստացի նախագահ, Արցախի Հանրապետության կառավարության նախկին ղեկավար արտահայտությունները, որ նախկինում գրում էր չակերտների մեջ կամ դրանց հավելում «ինքնակոչ» բառը, նախընտրել է դրանք չկիրառել՝ դրանով նվազագույնը կասկածելի դարձնել նաեւ Բաքվի դատարանի Արցախի ղեկավարությանն ուղղված հիմնական մեղադրանքը՝ ինքնորոշման իրավունքի իրացումը:
Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» փետրվարի 6-ին վերնագիր- ենթավերնագրում փոխանցում է իր դիտանկյունը՝ «Խաղաղության գործընթացի միջոցին. Ադրբեջանը բազմաթիվ հայերի ցմահ ազատազրկման է դատապարտում»: «Երկու տարի առաջ Ադրբեջանը նվաճեց Լեռնային Ղարաբաղը (բնագրում՝ Nagorni Karabach-Ան.Հ.): Այժմ երկիրը կրկին իր ուժն է ցուցադրում Ղարաբաղի հայերի նկատմամբ: Հայաստանն ու Ադրբեջանը մերձենալ են կամենում: Իրականում Ադրբեջանը հաշտություն պիտի հաստատեր իր հարեւանի հետ, սակայն երկրի բռնապետական ղեկավարությունն այժմ հայերին նախազգուշացնող, ապագային միտված նոր ուղենշային օրինակ է ցույց տալիս», գրում է թերթը՝ հուշելով, թե բանակցություններում առավելագույն պահանջներ սահմանելու խաղաթուղթ է: «Ադրբեջանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին: Ուժի ցուցադրություն», ասում է SRF-ի թղթակիցը (Calum MacKenzie): Շվեյցարական ռադիոհեռուստատեսությունը՝ SRF-ը երեկ՝ փետրվարի 12-ին անդրադառնալով Բաքվի դատավարությանը հիշեցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության պատմությունը, անդրադառնում խաղաղության փխրուն գործընթացին, որ Մաքքենզիի կարծիքով, խաղաղության թելադրանքի է նման՝ Ադրբեջանը տարբեր պայմաններ է առաջադրում հարաբերությունների կարգավորման համար: «Ղարաբաղի ղեկավարության երկարամյա բանտարկությունները սպասելի էին: Ավելին, Մաքքենզիի կարծիքով, Հայաստանի վարչապետ Փաշինյանը «հազիվ թե արցունք թափի նրանց ճակատագրի համար»: SRF-ը անդրադառնում է ԼՂ-ի բռնագաղթի հետեւանքով իրենց բուն երկիրը կորցրած արցախցիներին: «Նրանցից շատերը հույս ունեին, որ վարչապետ Փաշինյանը կապահովի իրենց վերադարձը հայրենիք: Այդ հույսերը չարդարացան: «Փոխարենը, նրանք դարձան վարչապետի հռետորաբանության թիրախը, որը նրանց ի թիվս այլ բաների մեղադրեց երախտամոռ լինելու մեջ», կարծիք է հայտնում Մաքքենզին եւ շարունակում՝ իսկ ընդդիմությունը օգտագործում է տեղահանված անձանց՝ հակակառավարական տրամադրություններ հրահրելու համար»: «Ղարաբաղից տեղահանված անձինք տխուր վիճակում են», եզրափակում է SRF-ը թղթակիցը: «Նրանք գնդակ են դարձել քաղաքական երկու ճամբարների խաղում»:
Ավստրիական ORFը փետրվարի 5-ին վերնագրել է «Ադրբեջան. ԼՂ-ի նախկին ղեկավարները դատապարտվել են»: «2023 -ին ԼՂ հայաբնակ անկլավի վերագրավումից հետո, ավտորիտար Ադրբեջանի ռազմական դատարանը մի քանի անջատողական առաջնորդների դատապարտել է երկարատեւ եւ ցմահ ազատազրկման, ըստ Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունների հաղորդման: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քննադատել են դատավարությունները՝ դրանք որակելով որպես քաղաքական դրդապատճառներով ցուցադրական դատավարություններ»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարում՝ «Ցայթը» հրապարակել է Reuters TV/Reuters-ի լուսանկարը՝ մակագրությամբ՝ միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետության վերջին ղեկավարը՝ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում։





