ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում «Հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր» թեմայի շրջանակում բացահայտվել են նախագրաբարյան որոշ երեւույթների արձագանքներ Արցախի բարբառում: «Սա վկայում է հնագույն ժամանակներից Արցախում հայերենի գործածության մասին»,- ասաց գիտական խմբի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Գ. Մխիթարյանը:
Գրաբար-բարբառ փոխհարաբերությունների շրջանակում Լեզվի ինստիտուտի գիտաշխատողները հետաքրքրական դիտարկումներ են արել նաեւ Արցախի բարբառի ցուցական դերանունները քննելիս: Գրաբարի ցուցական դերանուններն են սա, դա, նա, այս, այդ, այն, սոյն, դոյն, նոյն, որոնցում առկա են ս, դ, ն արմատական բաղաձայնները, սրանք սկզբնապես ունեցել են սո, դո, նո ձեւերը: «Հայերենի այդ շարքն այնքան հին է, որ որեւէ օտար լեզվի ազդեցություն դժվար է պատկերացնել: Արցախի բարբառի ցուցական դերանուններն են՝ էս, էտ, էն, ըստի / իստի, ըտի / իտի, ընդի / ինդի: Ի դեպ, ըստի / իստի, ըտի / իտի, ընդի / ինդի …. դերանունները գրաբարի աստի, անդի բառերի բարբառային արտահայտություններն են»,- նշեց Գ. Մխիթարյանը:
Լեզվի ինստիտուտի մասնագետները քերականական մի շարք իրողությունների պարզաբանման հարցում ուշադրություն են դարձրել գրավոր եւ բանավոր հաղորդակցության առանձնահատկություններին: Գրավոր եւ բանավոր խոսքի տարբերակման վարկածը հիմնավորելու համար իրականացրել են V դարի գրավոր աղբյուրների մանրազնին քննություն՝ համատեքստի բնույթի պարզաբանում: Հետազոտությունները որոշակի նյութ են տալիս ոչ միայն բարբառային հայերենի, այլեւ հայոց լեզվի պատմության որոշ հարցերի պարզաբանման, քերականական տարբեր կարգերի զարգացման յուրահատկությունների լուսաբանման համար:
Լեզվի ինստիտուտի Հայոց լեզվի պատմության բաժնում հետազոտվել են նաեւ բառապաշարի իմաստային (թեմատիկ) մի շարք խմբերի արտահայտություններ հայերենի զարգացման տարբեր փուլերում: «Միջին հայերենի բառապաշարը ներկայացնելու տեսանկյունից միջնադարյան բժշկարանները կարեւոր սկզբնաղբյուր են, քանի որ դրանցում արձանագրվում են առաջին անգամ կամ եզակի վկայությամբ գործածված բազմաթիվ բառեր, որոնց մի ստվար մասը բժշկական տերմինի արժեք ունեցող ախտանուններ, դեղանուններ, կազմախոսական բառերն են: Դրանք համակարգային քննության են ենթարկվել «Մարմնի մասեր, մարմնական գործառություններ եւ պայմաններ» իմաստային (թեմատիկ) խմբում: Արձանագրված են բազմաթիվ բառեր, որոնք գործածվում են առաջին անգամ կամ եզակի վկայությամբ: Ուշագրավ են հատկապես կենդանիների անվանումներով բաղադրված ախտանունները, որոնք մատնանշում են ոչ միայն կենդանիներին, այլեւ մարդուն վերաբերող մի շարք հիվանդություններ: Գործածվել են կենդանիների (արծիվ, գայլ, գորտ, ուղտ, խեցգետին, հավ, ձի (քուռակ), մուկ, մրջիւն, պախրա) անվանումներով կազմված նոր ախտանունները, որոնք վկայված չեն գրաբարյան մատենագրության մեջ եւ գործուն կիրառությամբ աչքի են ընկնում հենց միջնադարյան բժշկարաններում»,- ասաց Գ. Մխիթարյանը:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ