Հրեա եւ իսրայելացի գիտնականների մի խումբ կարծում է, որ Ադրբեջանը կանգնած է Հայաստանը զրպարտելու քարոզարշավի հետեւում եւ հանդես է եկել վերջինիս պաշտպանությամբ
Մենքՙ ներքոստորագրյալներս, հրեա եւ իսրայելացի գիտնականներ ենք Մերձավոր եւ Միջին Արեւելքի ուսումնասիրության ոլորտում: Մենք գրում ենք այս բաց նամակը ի պաշտպանություն պատվի եւ բարի անվան մեր հայրենիքին մոտ գտնվող մի ժողովրդի եւ նրանց երկրիՙ Հայաստանի:
Մենք գրում ենք այս բաց նամակը, քանի որ Իսրայելում եւ հրեական մամուլում քարոզարշավ է եղել, որը, ենթադրում ենք, ֆինանսավորվել է Ադրբեջանի կառավարության կողմիցՙ Հայաստանին զրպարտելու եւ անվանարկելու համար: Մի այսպիսի հոդված հայտնվել է Արուց Շեվայի կայքում (որը, հարկ է նշել, նաեւ հայկական տեսակետը պարզաբանող որոշ հոդվածներ է հրապարակել), 2021-ի փետրվարի 23-ին Փոլ Միլերի գրած հոդվածում («Ջերուսալեմ փոստ»-ում եւ «Թաբլեթ»-ում):
Հայերը հին քաղաքակրթություն են, եւ առաջինն են, որ քրիստոնեությունն ընդունել են որպես պետական կրոն: Մեր համազգային մայրաքաղաքիՙ Երուսաղեմի Հին Քաղաքի Հայկական թաղամասը գոյություն ունի 1500 տարի: 16 դար հայերը գրում են իրենց լեզվով, որը հեռավոր կերպով հարակից է հունարենին, այբուբենի յուրովի հնչունաբանությամբ, որի կերպը գիտական սրբություն էՙ ընկալելի խորհրդավոր տեսլականում: Նրանք ցանցահյուսազարդեր են փորագրել հրաբխային քարերի վրա, ծաղկել են ձեռագրեր, որոնք համաշխարհային մշակույթի գանձեր են:
Հայերը սիրում են հավաքվել ճոխ, հյուրընկալ ընթրիքներին: Նրանք շատ խիզախ ժողովուրդ են. մինչ նրանց հարեւան ազգերը իսլամադավան են դարձել, իսկ նրանք վերածվել են ներխուժումներից ավերված եւ աքսորից մարդաթափ եղած մի կղզի: Կորցնելով անկախությունըՙ առանց քաղաքական եւ ռազմական ուժի, նրանք, ինչպես մեր ժողովուրդը, ստեղծել են ստեղծագործականության եւ բարի գործերի մի թագավորություն: Լայնասփյուռ հայ համայնքը աչքի ընկավ գործարարության, բժշկության, արվեստի եւ գրականության մեջ: Գաղութի համար նրանց բառը ծագում է եբրայական «գալուտ» բառից: Չնայած Հայաստանում չկա բնիկ հրեական համայնքՙ հրեական կրոնական տերմինաբանության առկայությունը հայերենում ենթադրաբար շատ վաղ արմատներ ունի:
Մեկ դար առաջ, օսմանյան թուրք ազգայնականներն Առաջին համաշխարհային պատերազմը որպես պատրվակ օգտագործեցինՙ հայերին բնաջնջելու համար, որոնք մեղադրվեցին, ինչպես սովորաբար հրեաներն են մեղադրվում, որպես անհավատարիմ «հինգերորդ շարասյուն»: Թուրքերի ադրբեջանցի զարմիկներից ոմանք մասնակցեցին տարբեր վայրերում հակահայկական ջարդերին, ներառյալ Լեռնային Ղարաբաղի շրջանում: Իրադարձություններից մեկ սերունդ անց Լեհաստանի հրեա, իրավաբան Ռաֆայել Լեմկինը հորինեց «ցեղասպանություն» եզրույթըՙ նկարագրելու համար, թե ինչ է արվել հայերի նկատմամբ եւ ինչ էր կատարվում մեր սեփական ժողովրդի հետ Եվրոպայում Երկրորդ աշխարհաամարտի ժամանակ:
Չեխիայի հրեա արձակագիր Ֆրանց Վերֆելը գրեց «Մուսա լեռան քառասուն օրը»ՙ բեսթսելեր թուրքական արտաքսման հրամանին հայ գյուղացիների հաջողված դիմադրության մասին: Գիրքը ոգեշնչեց թե՛ Վարշավայի մեր գետտոյի մարտիկներին 1943-ին, եւ թե՛ մեր Հագանային, երբ Կարմելում պատրաստվում էր վերջին մարտը, եթե նացիստները ներխուժեին Իսրայելի երկիր:
Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով արեւմտյան ուժերը սիրաշահեցին թուրք հանրությանըՙ կոմունիզմի դեմ արշավի համար: Միացյալ Նահանգները հրաժարվեց հայկական ջարդերը վերապրած անտուններին սատարելու քաղաքականությունից: Պատմական Հայաստանի արեւելյան սահմանինՙ խորհրդային կառավարման տակ գտնվող Անդրկովկասում, հիմնվեց վերապրած, փոքր Խորհրդային Հայաստան պետությունը:
Իսրայելի համար ընդունված է ասել, որ նա մեկ քառակուսի մետրի վրա շատ ավելի մղձավանջներ է ունեցել, քան որեւէ այլ երկիր: Հայաստանում մոտավորապես նույնն էրՙ սարսափի հուշերով շրջապատված ընկճված ժողովուրդ, որը փորձում էր ծառեր տնկել, քաղաքներ կառուցել եւ նոր կյանք ստեղծել: Իսրայելում մենք ծաղկեցրինք անապատը, հայերը նույնն արեցին քարքարոտ հողի վրա, բայց նրանք ստիպված էին դիմակայել կոլեկտիվացմանը, ստալինյան զտումներին, հյուսիսային Մեծ Եղբոր ծանր ձեռքին եւ գաղտնի ոստիկանության աչալուրջ ականջին:
Երբ Խորհրդային Միությունը քայքայվեց, ծայրահեղ ազգայնականների գաղափարախոսությունները եւ կրոնական մոլեռանդությունը ներխուժեցին յոթ տասնամյակ պարտադրված կոմունիստական դոգմայից ազատված ուղեղներ: Զսպված էթնիկ հակասությունները, բազում նախկին խորհրդային երկրների թե՛ ներսում, թե՛ դրանց միջեւ, պոռթկացին պատերազմի տեսքովՙ ներառյալ Հայաստան եւ Ադրբեջան հարեւան երկրներում: Երկու նորանկախ երկրները պատերազմ սկսեցին Ադրբեջանի կազմում գտնվող հայ մեծամասնությամբ անկլավիՙ Ղարաբաղի համար, որի բնակչությունն ինքնավարություն էր պահանջել: Մոտ 30 հազար կյանքեր կորսվեցին, իսկ հայերը ձեռք բերեցին ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ այն շրջապատող տարածքներից ռազմավարական, լայն բուֆերային մի գոտի: Մոտ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներ ստիպված էին փախչել իրենց տներից եւ ագարակներից:
Նավթով հարուստ արեւմտամետ Ադրբեջանը, որը սահմանակցում է Իրանին, միեւնույն ժամանակ դառնում է Իսրայելի առեւտրային գործընկերն ու դաշնակիցըՙ մեր օդուժին իրանական սահմանին կայանատեղի առաջարկելով: Ներկայիս իրանական ռեժիմը հակահրեական զրպարտություն է դուրս հորդում եւ երդվում է ոչնչացնել Իսրայելը. Երկրորդ աշխարհամարտից հետո խելացնորություն կլիներ նման իրական սպառնալիքներին լուրջ չվերաբերվելը: Բացի այդ, գոյություն ունի Ադրբեջանում մեծ եւ շատ հին հրեական համայնք : Այստեղ ընդգծում ենք, որ չենք վիճարկում մեր երկրի ազգային կենսական շահերը, եւ աշխարհում ոչ ոքից ներողություն չենք հայցում ինքներս մեզ պաշտպանելու համար:
2020-ի աշնանը Ադրբեջանը պատերազմ սկսեց Ղարաբաղը ետ վերցնելու համար: Ռուսաստանը երկու կողմերին էլ զենք վաճառեց. Թուրքիան մարդկային եւ նյութական մեծ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, ներառյալ բարձր տեխնոլոգիական ԱԹՍ-ներ: Իսրայելը նույնպես ԱԹՍ-ներ եւ այլ հումք վաճառեց իր դաշնակցին: Ռուսաստանը պաշտպանության դաշնագիր ունի Հայաստանի հետ, բայց քանի դեռ Հայաստանն անմիջականորեն հարձակման չէր ենթարկվել, Պուտինը որոշեց ձեռնպահ մնալ: Այս կերպ նա գուցե Թուրքիային ՆԱՏՕ-ից սիրաշահելովՙ հեռացնելու հեռահար նպատակ էր հետապնդում:
Ադրբեջանը Հայաստանին բացարձակ եւ ջախջախիչ պարտության մատնեց. Ռուսաստանը միջամտեց ամենավերջին պահինՙ հրադադարի պայմանները համաձայնեցնելու եւ իր զորքը տարածաշրջանում որպես խաղաղապահ ուժեր տեղակայելու համար:
Սա Իսրայելի պատերազմը չէր: Մենք պատշաճ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մենք չպետք որեւէ կողմին սատարենք:
Հակահրեականությունը խոր արմատներ ունի եւ բնորոշ է Հայաստանին, սակայն ոչ ավելի, քան շատ քրիստոնյա հանրություններում: Հայագիտության մեջ մասնագիտացած մեզանից ոմանք, անմիջականորեն եւ տարբեր առիթներով բախվել են նման նախապաշարմունքի: Զարմանալի չէ, որ վերջին պատերազմը Իսրայելի վրա նման հարձակումների առիթ հանդիսացավ հատկապես զանգվածային լրատվամիջոցներում: Օգտվելով սրանիցՙ Ադրբեջանը սաստկացրեց քարոզչական գրոհը հրեական եւ իսրայելական լրատվամիջոցներում: Ակնհայտորեն տարբեր վայրերից, տարբեր հեղինակների կողմից գրված հոդվածները հետաքրքրական կերպով կարծես թե միեւնույն երկու-երեք կետի վրա են խաղում:
Այս հոդվածները նշում են Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Հոլոքոսթի համեստ հուշարձանի հանդեպ վերջերս տեղի ունեցած վանդալիզմը: Դա ճիշտ է, սակայն, ցավոք, դժվար է նշել մի երկիր, որտեղ Հոլոքոսթի հուշարձանները վանդալիզմի չեն ենթարկվել: Բնավ չարդարացնելով վանդալիզմըՙ հարկ է նշել, որ Իսրայելում Հոլոքոսթի ոգեկոչման եւ հետազոտության «Յադ Յաշեմ» կենտրոնը զգուշորեն խուսափում է իր ցուցահանդեսների ժամանակ հիշատակել Հայոց ցեղասպանությունը, չնայած որ Հիտլերը դրանից էր ոգեշնչվելՙ Վերջնական Լուծման համար իր ծրագրերը կազմելիս: Որքան ավելին ենք իմանում նացիստական շարժման մասին, այնքան ավելի կարեւոր է դառնում նախատիպըՙ հայերի սպանդը:
Մյուս հիմնական կետը, որ շեշտում են հոդվածները, այն է, որ Հայաստանը հուշարձաններ է կանգնեցնում կամ այլ կերպ պատվում է Գարեգին Նժդեհիՙ հայկական Հեղափոխական Միավորման կամ Դաշնակցության առաջնորդի հիշատակը, որը նացիստական բանակում հայկական զորամաս է կազմավորել եւ ղեկավարել: Ամերիկայում 1930-ականներին դաշնակցականները կազմավորեցին Ցեղի Երկրպագման Հասարակություն (Ցեղակրոնություն) երիտասարդական շարժումը: Չնայած կուսակցությունը մեծ ժողովրդական հենքի վրա էր եւ դաշնակցականների մեծ մասը չէին մասնակցել ահաբեկչական գործողություններին, դրա քաղաքականությունը հաճախ ծայրահեղական էր: Դաշնակցական մարդասպանները դանակահարելով սպանեցին Հայոց ցեղասպանությունը վերապրած Ղեւոնդ արքեպիսկոպոս Դուրյանին, Նյու Յորքի իր եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագը մատուցելիս: Նրա մե՞ղքը: Նա աջակցության ձայն էր բարձրացրել հօգուտ փոքր, նորածին Խորհրդային Հայաստանի: Ամերիկայի հազարավոր հայեր վրդովված էին սպանությունից, որոնցից շատերը մի քանի տարի անց համազգեստ հագած կռվում էին Հիտլերի դեմ:
Սակայն ահա ի՛նչ կատարվեց: Մի հայ տղաՙ նույնպես Ցեղասպանությունը վերապրած, այն հազարավոր զարհուրած հավատացյալների մեջ էր, որոնք վերին Մանհեթընի Ս. Խաչ եկեղեցում սպանությանը ականատես եղան: Նրա անունը Ավետիս Տերունյան էր, եւ ոճիրը ոգեշնչեց նրան երդվելՙ պայքարել ֆաշիզմի դեմ իրեն որդեգրած երկրումՙ Ամերիկայում: Օգտագործելով Ջոն Ռոյ Կարլսոն անունըՙ նա ներթափանցեց ծայրահեղ աջաթեւյան, հակահրեական կազմակերպությունները («Ամերիկյան առաջին կոմիտե», «Արծաթե վերնաշապկավորներ», «Գերմանա-ամերիկյան միություն», «Հայր Քուգլինի եւ Չարլզ Լինդենբերգի աջակիցներ»): Նրա «Քողի տակ» գիրքը դարձավ բեսթսելեր եւ արթնացրեց ամերիկացիների սթափությունն իրենց տանը նացիստական խռովության սպառնալիքի հանդեպ: Պատերազմից հետո Տերունյանը գնաց Միջին Արեւելք. նրա «Կահիրեից Դամասկոս» գիրքը բացահայտում է կոռումպացված Արաբական ռեժիմի փախստական նացիստների հետ մերձ կապերըՙ հույս ունենալով Իսրայելը ոչնչացմամբ վերջացնելու գործը: Տերունյանը Մքքարթիի ժամանակաշրջանում հետապնդված լինելով հակակոմունիստ դաշնակցականների կողմից (այնուհետեւ դաշնակցականներն իրենց վերանվանեցին «ձախակողմյան» եւ «առաջադիմական»), իր մնացյալ տարիներն անցկացրեց լուռ միայնության մեջՙ հաճախ օրերն անցկացնելով Բնեյ Բրիտ գրադարանում: Ադրբեջանցի պրոպագանդիստները հաճախ թիրախավորում են Տերունյանին: Բայց արդյոք պե՞տք է, որ մենք էլ նույնն անենք:
Մենք համաձայն ենք, որ Նժդեհը հանցագործ էր: Սակայն նա Հայաստանում մեծարվում է ոչ թե երկրորդ համաշխարհային պատերազմում իր գործունեության, այլ դրանից առաջ, 1915-ի Ցեղասպանությունից հետո ծնունդ առնող առաջին Հայկական Հանրապետության պաշտպանության գործում նրա ռազմական դերի համար:
Սակայն հեշտ է պատմությունը խեղաթյուրելը. նացիստական Վերմախթում ներգրավված շատ հայեր պատերազմում Կարմիր Բանակի գերիներ էին, որոնք կսպանվեին համակենտրոնացման ճամբարներում, եթե չմիանային նրա զորամասին: Նրանցից շատերի համար դա անխուսափելի մահից խուսափելու միակ տարբերակն էր, իսկ նրանցից շատերը հետ էին փախչում խորհրդային բանակի շարքեր:
Այս դասալքությունները Հիտլերին Վերմախթի հայկական ստորաբաժանումի հանդեպ այնքան անվստահ դարձրին, որ նա նրանց վտանգավոր եւ կարեւոր առաջադրանք հանձնարարեց… պահպանել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող խաղողի այգիները: Միեւնույն ժամանակ, Խորհրդային Հայաստանի հարյուր հազարավոր հայեր իրենց կյանքը տվեցին Հիտլերի դեմ պատերազմումՙ մարտի նետվելով տանկերով, որոնց վրա գրված էր միջնադարյան էպոսի հերոս Սասունցի Դավթի անունը: Շատերը կռվեցին Մարշալ Բաղրամյանիՙ Բելառուսական ճակատի հրամանատարի, ենթակայության տակ:
Իսկ վերադառնալով Ֆրանսիայինՙ խաղողի այգիների հյուսիսում, բանաստեղծ, գործարանի աշխատող եւ Ցեղասպանությունը վերապրած Միսակ Մանուշյանին Կոմունիստական կուսակցության կողմից հանձնարարված էր ստորաբաժանում կազմելՙ Դիմադրության առանձնահատուկ վտանգավոր հանձնարարությունը իրականացնելու համար: Նրա զինակիցները Լեհաստանի հրեաներ եւ Իսպանիայի քաղաքացիական պատերազմից փախածներ էին: Մանուշյանը եւ հանուն ազատության մարտնչող նրա զինակիցները կալանավորվել, տանջանքի են ենթարկվել եւ սպանվել են Գեստապոյի կողմից: Տարիներ շարունակ Մանուշյանն ու նրա մարդիկ բավականաչափ «ֆրանսիացի» չէին համարվում ընդունվելու համար այն երկրի կողմից, որի համար նրանք զոհվել էին: Այժմ Ադրբեջանի պրոպագանդիստները, հայերին որպես նացիստ պատկերելիս, նորից պղծում են նրանց հիշատակը: Հեշտ է փաստն օգտագործել սուտ ասելու համար, ինչպես Ադրբեջանի ջատագովներն են անում: Մենք նախընտրում ենք այդ փաստերի ճշմարտացի համատեքստը տրամադրել եւ արձանագրել այն իրողությունները, որոնք նրանք բաց են թողել: Դա է գիտության եւ պրոպագանդայի, ճշտի եւ ստի տարբերությունը:
Այս քարոզչական պայքարում Ադրբեջանը ներկայացված է որպես հրեա ժողովրդի լավագույն ընկեր: Կրկինՙ սա չէ իրական պատկերը: Մենք ընդամենը մեկ օրինակ կբերենք, երբ Ադրբեջանի հասարակությունը միտումնավոր եւ առանց պատճառի թշնամաբար է վարվել անօգնական հրեաների հանդեպ: Լեւ Նուսիմբաուն մեծացել է Բաքվումՙ Ադրբեջանի մայրաքաղաքում, եւ Ռուսական Հեղափոխությունից հետո տեղափոխվել է Բեռլին: Նա դավանափոխ լինելովՙ իսլամ է ընդունել, վերցրել է Կուրբան Սաիդ անունը, եւ ռոմանտիկ վեպ է հրատարակելՙ «Ալի եւ Նինո»: Հերոսը մուսուլման տղա է, իսկ բացասական կերպարը մեծ, սեւ, երկար, հզոր… մեքենայով հարուստ հայ է: Նացիստական ռեժիմի տարիներին Գերմանիայի ադրբեջանական համայնքը շարունակում է խեղճ պարոն Սաիդին Գեստապոյին որպես հրեա ներկայացնել: Նա փախչում է Իտալիա, որտեղ թաքնվելովՙ հրաշքով փրկվում է: Դուք այս նողկալի դեպքը չեք գտնի Ադրբեջանի հրեասիրական գովեստներում:
Մենք չենք կարող շրջանառվող ողջ ապատեղեկատվությունը Բաքվին հասցեագրել: Սակայն մենք կցանկանայինք սույնով հայտարարել, որ մենք, մասնավորապես որպես հրեաներ եւ իսրայելացիներ, աջակցում ենք հայ ժողովրդին իրենց հայրենիքում որպես ազատ ազգ ապրելու իրավունքին: Մենք հարգում ենք նրանց հնադարյան, ազնվագույն, եզակի մշակույթը: Մենք դատապարտում ենք նրանց դեմ ուղղված նողկալի զրպարտությունը: Մենք նաեւ դատապարտում ենք հակահրեականության բոլոր դրսեվորումներըՙ անկախ դրանց պատրվակից: Մենք մերժում ենք հայերի դեմ ագրեսիան եւ կարծում ենք, որ մեր երկիրը դրա հետ ոչ մի կապ չպետք է ունենա: Մենք կշարունակենք լինել նրանց կողքին:
Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: Մենք գիտենք դա. մենք նաեւ գիտենք հին հասիդական ասացվածքըՙ «Ճշմարտությունն ամենուրեք է, քանզի ուր էլ նա փորձում է բնակվել, մարդիկ նրան վտարում են»: Եվ այս շարքին կարող ենք ավելացնել այս հայկական ասացվածքը. «Ճիշտն ասելիս մեկ ոտքդ ասպանդակին պահիր» (որպեսզի կարողանաս շուտ փախչել): Շատ պատերազմներ են եղել, եւ դրանք դեռ շարունակվում են, քանի որ բոլոր դրանցում զոհ է ճշմարտությունը : Սակայն ճշմարտությունը ինչ-որ չափով մեզՙ Սուրբ գրքի մարդկանց պես, չի կարող սպանվել: Այն շարունակ վերադառնում է: Բռնակալներ Պուտինն ու Էրդողանը ինչ ուզում ենՙ կարող են անել իրենց ապերջանիկ երկրներումՙ զոհաբերելով անմեղներին իրենց կեղտոտ խաղերը խաղալու համար, բայց ո՛չ այստեղ: Մենք թույլ չենք տա Ադրբեջանի քարոզչական գործարանին, որքան էլ ուզում է նավթադոլարներ վճարի իր գործակալներին, ճշմարտությունը վռնդել Իսրայելից: Եվ մենք մեր երկու ոտքն էլ դուրս ենք հանել ասպանդակից ու ամուր կանգնած ենք այս հողի վրա. մենք կշարունակենք վկայել ճշմարտությունը ու, նաեւ, որեւէ այլ տեղ չենք գնա:
Ջեյմս Ռասել, Մաշտոցի անվան վաստակավոր պրոֆեսոր հայագետ, Հարվարդի համալսարան
Մայքլ Սթոուն. Հայագիտության եւ համեմատական կրոնագիտության վաստակավոր պրոֆեսոր, Երուսաղեմի Եբրայական համալսարան
Յոավ Լոեֆ, Հայագիտության ուսուցիչ, Երուսաղեմի Եբրայական համալսարան
Օդեդ Շտայնբերգ, Միջազգային հարաբերությունների եւ եվրոպագիտության դասախոս, Երուսաղեմի Եբրայական համալսարան
Ռուվեն Ամիտաի, Միջին Արեւելքի պատմության դասախոս, Երուսաղեմի Եբրայական համալսարան
https://www.israelnationalnews.com<br>Անգլերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ