Երեկ՝ փետրվարի 9-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին Բրյուսելում էր՝ Լոնդոն ապա Փարիզ անակնկալ այցից հետո։ Նրան հանդիպելու առիթը բաց չէր թողել ԳԴՀ կանցլեր Շոլցը, Փարիզ էր մեկնել, բայց ո՛չ ինքը, ո՛չ էլ Մակրոնը չէին բարձրաձայնել, թե բավարարելու են Ուկրաինայի նախագահի՝ իր երկրին շուտափույթ, առանց վայրկյան կորցնելու ռազմամթերք մատակարարելու պահանջը։
Ուկրաինայի մասին ԵՄ-ում այսօր էլ կխոսեն եվրոպական երկրների ղեկավարները, նորից կշրջանառեն, թե «Ուկրաինայի կողքին են լինելու այնքան, որքան կարիքն ունենա երկիրը», սակայն պատերազմն Ուկրաինայի հաղթանակով ավարտելու նրանց հաստատակամությունը, մեր կարծիքով, կարծես «կոտրվել է»։ Գերմանիայում գնալով նվազում է աղմուկը, թե «թույլ չենք տալու, որ Ռուսաստանը հաղթի»։ Սա մնում է բաղձալի, սակայն մտքում կրկնվող ասույթ։ Թեեւ Փարիզում Շոլցը կրկնել է իր մանթրան՝ «Ռուսաստանն այս պատերազմում չպետք է հաղթի», իսկ Մակրոնը՝ «Ուկրաինայի կողքին ենք, ուղեկցելու ենք մինչ հաղթանակ», սակայն ուշադիր հետեւելու պարագայում նրանց արտահայտչամիջոցը՝ բառը եւ բառաշարը բնավ չի հուշում, թե հաղթանակն ի՞նչ է։
Հունվարի 31-ին ԳԴՀ կանցլեր Շոլցը Բրազիլիայի նախագահ Լուլայի հետ հանդիպման ժամանակ շոշափեց Ուկրաինային սատարելու նրա պատրաստակամության մասին։ Ռազմական օգնություն իհարկե չեն հատկացնի, այլ՝ Չինաստանի հետ կնպաստեն ՌԴ- Ուկրաինա խաղաղության շուրջ բանակցություններին։ Մոտավորապես այսպես արտահայտվեց Բրազիալիայի նախագահը, բայց դրանից հետո էլ Չինաստանից որեւէ արձագանք լսելի չեղավ։
Չինաստանը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ զուսպ է, բայց պաշտոնապես հենց սկզբից այսպես է ձեւակերպել՝ Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն են հակամարտության մեղավորները։ Վերլուծաբանները նկատել են տալիս, որ այդ երկիրը մեկ կարմիր գիծ է սահմանել՝ միջուկային զենքի օգտագործումը, հստակեցնելով, թե այդ քայլի դեպքում չի աջակցի այն կիրառող երկրին։ Իսկ Ռուսաստանին ո՛չ քննադատել է, ո՛չ էլ նրա քայլերի վերաբերյալ արտահայտվել։ Չինաստանի շահը հետեւյալն է՝ Ռուսաստանի միջոցով Արեւմուտքի թուլանալը երեւակելը։ Ուկրաինական պատերազմը կշարունակվի այնպես, որ կբացահայտի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի թույլ կողմերը։
Դա ակնհայտորեն Մոսկվայի եւ Պեկինի ընդհանուր աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական շահն է, որը չաշխատեց, պնդում են գերմանացի բազմաթիվ վերլուծաբաններ։ Սակայն նկատելի է դառնում, որ այս կարծիքն այժմ համակիր չի հավելում։ Փոխարենը երեւակվում է, որ գնալով ստվար է դառնում այն վերլուծաբանների թիվը, որոնք պնդում են, թե Չինաստանը գոհ կմնա, եթե Ռուսաստանը հաղթի, իսկ առավել շատ՝ նրան էլ Ռուսաստանի նման ձեռնտու է, որ պատերազմը երկարի։ Արեւմուտքի սեւեռած հայացքն իր վրա ուղղությունը կփոխի։
Չինաստանի դերակատարումը ավելին է, քան տնտեսական գերակայությունը։ Գերմանացի որոշ վերլուծաբանների կարծիքով, Չինաստանը ձգտում է նոր աշխարհակարգ հաստատել՝ ժողովրդավարության փոխարեն ավտոկրատիա։
Ուկրաինայի հետ 2011-ին ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքած Չինաստանը բնավ չի դատապարտել Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակումը։ Բեռլինում Ուկրաինայի նախկին դեսպան, այժմ փոխարտգործնախարար Մելնիկը բազմիցս հայտարարել է, որ անընդունելի է Չինաստանի նման պահվածքը, եւ իր երկիրը Չինաստանի հետ հարաբերվելու նոր վերաձեւակերպում պիտի որոնի։ Մինչ ուկրաինացիները փնտրում են այդ ձեւակերպումը, Արեւմուտքը պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանում ՌԴ-ի հանդեպ, որը տնտեսապես միգուցե, սակայն քաղաքականապես չի մեկուսացնում Ռուսաստանին։ Հավաքական արեւմուտքը մեկուսացման փորձ է անում, հավաքական արեւելքը կա՛մ ձայն չի հանում, կա՛մ՝ սատարում է։
Փետրվարի 8-ին եվրոպական անվտանգության մասնագետները հրապարակեցին նոր համագործակցության մասին՝ 2023-ի փետրվարին Չինաստանը, Ռուսաստանը եւ Հարավային Աֆրիկան համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնելու Հարավային Աֆրիկայի արեւելյան ափերի մոտ։ Մոսի (ծուխ) անվանյալ զորավարժությանը մասնակցելու է ռուսական 2, չինական 3 եւ աֆրիկյան 1 միավոր, թեպետ, ինչպես նշում են անվտանգության հարցերով գերմանացի փորձագետները, հնարավոր է միավորների թիվը փոխվի։
Որքան վատանում է գերտերությունների՝ միմյանց միջեւ հարաբերությունները, նույնքան մեծ է դառնում նրանց՝ նոր զոհ գտնելու, նրա միջոցով հարստանալու եւ իրար հետ մրցակցելու ախորժակը։ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Աֆրիկա հուշում են, որ այդ մայրցամաքի հանքերն ու հարստությունը դեռ ամբողջովին չեն հասցրել կողոպտել գաղութարարները, իսկ արդի քաղաքական բառապաշարը անվտանգություն քնքուշ բառեզրով վերաձեւակերպում է դրանց տիրանալու իրավունքը՝ ճշտելով նաեւ այդ երեք երկրների աշխարհաքաղաքական գերակայությունը։ «Աֆրիկյան մայրցամաքը դարձել է գերտերությունների մրցապայքարի թատերաբեմ»։
Դիվանագիտական վայրագ խաղի մասին կարծիք է հայտնում Հարավային Աֆրիկայում Անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Ջեքի Սիլլիերսը։ Եվրոպացիները, առավելաբար գերմանացիները, տարիներ ի վեր խոսում էին Աֆրիկայում Չինաստանի հզորացող դերակատարման մասին, սակայն չեն կարողանում հակակշիռ գտնել։ Հսկայական ներդրումները, առեւտրային գործընկերությունը Չինաստանին «արտոնում են» անմշակ հումքի տեր դառնալ։ ԱՄՆ-ի գերնպատակը Աֆրիկայի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների սերտացման խոչընդոտումն է։ Ռուսաստանի համար Աֆրիկան միջոց է Արեւմուտքի դեմ պայքարում նաեւ՝ իր վարկանիշը չկորցնելու. սա առավելաբար ակնհայտ է դառնում Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների սկզբից։ Ո՞ր բառն է շոյում աֆրիկացիների ունկը։ Ապագաղութացումը։ «Ռուսաստանը համերաշխ է եւ ՄԱԿ-ի շրջանակներում սատարում է աֆրիկացիների ապագաղութացումը մինչեւ վերջ հետապնդելու ձգտումներին»։ ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ 2022-ի ամռանը հնչեցրած սույն ձեւակերպումը մեղմում է Աֆրիկայի առաջնորդների բառապաշարը, Ուկրաինայի հանդեպ կարեկցանքը չի դառնում ՌԴ-ի հանդեպ սուր դիրքորոշում։ Ֆրանսիան ու Գերմանիան դանդաղ լքում են Մալին, իսկ Ռուսաստանը հետեւողականորեն այդ մայրցամաքի բոլոր երկրների հետ հարաբերություններ է կառուցում՝ 2023-ի հուլիսին նախատեսելով ՌԴ- Աֆրիկա գագաթնաժողով գումարել Սանկտ Պետերբուրգում։ Գերմանացի վերլուծաբանները նկատել են տալիս, որ Կրեմլն առաջին հերթին ուզում է ցույց տալ, որ քաղաքական մեկուսացման մեջ չէ։
Ի հեճուկս Արեւմուտքի ակնկալիքի, Չինաստանին այս մայրցամաքում հասնել չի լինի, իսկ Մոսկվայի ներկայությունն Աֆրիկայում ցանկալի է։ Դրա մասին են վկայում մայրցամաքի պետությունների ղեկավարների Կրեմլի հասցեին ուղղված գնահատականները՝ կա՛մ դրական, կա՛մ չեզոք։
Ֆրանկֆուրտի խաղաղության ինստիտուտի (Peace Research Institute Frankfurt) տվյալների համաձայն, Ռուսաստանը սատարում է Աֆրիկային երեք ոլորտում՝ սպառազինման, հետախուզության եւ քարոզչության։ Ռուսաստանն այժմ Աֆրիկայի զենքի կարեւորագույն մատակարարն է։ 2015-ից ի վեր ՌԴ աֆրիկյան պետությունների հետ 19 ռազմական պայմանագիր է կնքել։ ՌԴ նաեւ սննդի մատակարար է։ Իսկ դրա դիմաց, ինչպես Ֆրանկֆուրտի ինստիտուտն է ներկայացնում, ՌԴ-ն հաճախ արտոնություն է ստանում հանքարդյունաբերության ոլորտում կամ աշխարհառազմավարական առավելություն, ինչպիսիք են Լիբիայի կամ Սուդանի նավահանգիստներ մուտքը։ Ռուսական «Վագներ» վարձկան խմբավորումը գործում է Մալիում, Լիբիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Մոզամբիկում։
Չինացիները շատ արագ են կողմնորոշվում։ Մինչ Արեւմուտքը չափչփում է ներդրումներ անի՞, դրամ տա՞, չինացիներն արդեն ստորագրում են պայմանագիրը եւ գործում։ Բացի այդ, առավել նվազ ներգրավվածություն ունեն տվյալ պետության ներքին գործերում, կոռուպցիոն գործարքներում, նշում է գերմանական Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը՝ աֆրիկյան 1600 որոշում կայացնողների հետ իր անցկացրած հարցման արդյունքը հրապարակելով։ Նույն աղբյուրը նկատել է տալիս, որ որոշ շրջաններում սակայն ուրվագծվում է նաեւ քննադատություն, որի պատճառը Չինաստանից կախվածության վախն է։
Գերտերությունները գիտակցում են, որ աշխարհաքաղաքական առումով Աֆրիկան կենտրոնական դերակատարում ունի, իսկ ապագայում՝ առավել ընդգծվելու է դրա նշանակությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Աֆրիկան 54 ձայն ունի, 1,2 միլիարդ բնակիչ ունեցող, զարգացող այս աշխարհը մեծ շուկա է։ Օգտակար հանածոներով՝ նավթով, կոբալտով, մանգանով, ցինկով, նիկելով հարուստ այս աշխարհամասը գերկարեւոր է՝ հատկապես էլեկտրոնային ապրանքաշինության հարցում։
Այս շաբաթ ֆինանսական լրատվամիջոցներն առավել հաճախ շրջանառեցին այն հանգամանքը, որ Չինաստանը նաեւ ռազմամթերքի հարցում է սատարել Ռուսաստանին։ Որոշ աղբյուրներ հավելում են նաեւ Հյուսիսային Կորեայից ստացվող զինամթերքի մասին։
Չինաստանի փոխարտգործնախարարի փետրվարի 2-3-ին Մոսկվա այցը հետեւյալ պայմանավորվածությունը արձանագրեց՝ Չինաստանն ու Ռուսաստանը խորացնում են երկկողմ կապերը, միջազգային հարցերում ընդլայնում հաղորդակցությունն ու համակարգումը։
Այս խորապատկերում ուշագրավ է փետրվարի 7-ին Երեւանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի հանդիպումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ի՞նչ են պայմանավորվել երկու երկրների ներկայացուցիչները, առայժմ հասանելի չէ։ Հուսանք դարավոր բարեկամությունը, անցյալի կապերը վերհիշելը չէ միայն։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա