Մեկ այլ հրատապ թեմա եկավ ավելանալու Հայաստանի գերլարված հասարակական քննարկումներին, որոնք շոշափում են Ռուսաստանի հետ կնճռոտ հարաբերությունները, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունները, Լաչինի միջանցքի արգելափակումը եւ զանազան այլ հարցեր։
Իրոք, Թուրքիա փրկարարներ եւ հումանիտար օգնություն ուղարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի նախաձեռնությունը ցնցեց Հայաստանի տեղեկատվական միջոցների ամբողջ համակարգը։ Ընդդիմության մեծամասնությունը քննադատեց նախաձեռնությունը, մինչ կառավարական աղբյուրներն ու վարչակազմին մոտ կանգնած լրատվամիջոցները ողջունեցին այդ քայլը մի քանի պատճառներով։ Քննարկումները շարունակվում են Հայաստանում, մինչ միջազգային հասարակության ամբողջ ուշադրությունը սեւեռված է Թուրքիայի եւ Սիրիայի վրա, որտեղ օր-օրի փրկարարական աշխատանքների ողբերգական ու ցավալի տեսարաններ են պարզվում։
Սննդի, ջրի եւ բժշկական պաշարների հինգ բեռնատարների ուղեկցությամբ Հայաստանը փրկարարների 28 հոգուց բաղկացած մի խումբ ուղարկեց Թուրքիա, 29 հոգուց բաղկացած մի այլ խումբ էլ` Սիրիա։ Ադրբեջանն ու Վրաստանը մերժեցին օգնել Սիրիային։ Երեսուներեք տարվա մեջ առաջին անգամ Թուրքիան բացեց Մարգարայի սահմանը` ընդունելու համար Հայաստանի օգնությունը, որը պետք է հասներ փետրվարի 6-ի երկրաշարժից ամենաշատ տուժած շրջաններից մեկը` Ադիյաման։ Երկրաշարժի էպիկենտրոնը Այնթափն էր։
«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն օգնությունը, որն ուղղված է թեթեւացնելու Թուրքիայում երկրաշարժից տուժած շրջանի մարդկանց տառապանքները», նշել է այդ առթիվ դեսպան Սերդար Քըլըչը` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերահաստատելու գլխավոր բանակցող իր գործընկերոջ Ռուբեն Ռուբինյանին։
Մյուս կողմից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունենալով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ իր ցավակցություններն է հայտնել, որին ի պատասխան Էրդողանը ասել է. «Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը, մասնավորապես կարեւոր համարելով այդ քայլը երկու երկրների միջեւ երկխոսությունը է՛լ ավելի խորացնելու տեսակետից»։
Ինչ խոսք, նշված արտահայտությունները արարողակարգի պահանջված սահմաններից այն կողմ չեն անցնում։ Բայց, լավատեսական մի հղում է կարծես դրսեւորվում հայկական կողմից արդարացնելու համար նախաձեռնված քայլը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսպես է բացատրել. «Մենք ինքներս տեսանք, թե ինչ աղետալի հետեւանքներ է թողնում երկրաշարժը եւ մենք այդ ժամանակ մենակ չէինք։ …Ինչպես գիտեք, բանակցություններ են տեղի ունենում սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ»։
Խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունները բացասաբար են վերաբերվել նախաձեռնությանը։ «Թուրքիան բացեց Մարգարայի անցակետը, որովհետեւ դրա կարիքն ուներ, իսկ հետագայում դարձյալ կփակի այն` մինչեւ Հայաստանը չկատարի Թուրքիայի բոլոր պահանջները», նշել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։
Իսկ «Պատիվ ունեմ» կուսակցությունից Տիգրան Աբրահամյանը ավելացրել է. «Չեմ կարծում, որ Հայաստանի հումանիտար օգնությունն ու զորակցության ջանքերը կարեւոր դեր կխաղան եւ կստիպեն Թուրքիային ճիշտ կողմնորոշվելու Հայաստանի հետ հարաբերություններում»։
Կառավարական քննարկումներից անկախ, լրատվամիջոցները հեղեղված են մեկնաբանություններով, որոնց մի մասը տարօրինակ է եւ արտառոց, պահանջելով Թուրքիայից զղջալ Ցեղասպանությունը իրագործելու համար եւ փոխհատուցել Հայաստանին դրա համար, կամ էլ ճանաչել Հայաստանի ինքնիշխանությունը ի պատասխան հումանիտար օգնության։
Գոյություն ունի այսպես կոչված «աղետի դիվանագիտություն» հասկացությունը, որը կառավարությունների ղեկավարներից պահանջում է որոշակի ձեւով արձագանքել՝ անկախ իրենց երկրի վարած օրվա քաղաքականությունից։ 1999-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր ուղարկեց Թուրքիային, Իզմիթի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի կապացկությամբ, որ 17 հազար մարդկանց կյանքն էր խլել։ Նրանից առաջ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորությանը, քանի որ թուրքական «Կարմիր մահիկ» ընկերությունը 1988-ին Գյումրիում պատահած երկրաշարժի ժամանակ օգնություն էր ուղարկել Հայաստան։ Բայց, հայերից շատերն են մոռացել, թե ուրախության ինչպիսի ճիչեր ու արտահայտություններ էին հնչում Թուրքիայում այդ երկրաշարժի առթիվ։
Նման իրադարձությունների ժամանակ գոյություն ունեցող քաղաքական դիրքորոշումները արգելք չեն հանդիսանում, որ համապատասխան երկրները հումանիտար օգնության քայլեր կատարեն։
Եթե մենք Հայաստանի զորակցությունը Թուրքիային դիտարկենք զուտ զգացական մակարդակով կամ քաղաքական ընթացիկ իրականության պայմաններից ելնելով, ապա բնականաբար ստիպված կլինենք հրաժարվել ամեն տեսակի մարդասիրական գործողություններից, հատկապես հաշվի առնելով այն ուղերձը, որ նախագահ Էրդողանն է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ընդունելով վերջինիս ցավակցություններն ու աջակցության պատրաստակամությունը։ Էրդողանը Ալիեւին գովել է զորակցության առթիվ` նշելով, որ Ադրբեջանը Թուրքիայի կողքին է մնում ճիշտ այնպես` ինչպես Թուրքիան Ադրբեջանի կողքին մնաց 44-օրյա պատերազմի ժամանակ։
Հայաստանը պետք է ընտրեր բարոյական բարձրագույն սկզբունքը անկախ այն բանից, թե Թուրքիան գնահատում է այդ քայլը, թե՞ ոչ։ Հայաստանը պարտավոր է առաջնորդվել իր դավանած արժեքներով եւ չպետք է թույլ տա, որ Թուրքիան կամ որեւէ այլ երկիր կամ պետություն բնորոշի իրեն։ Հայաստանին իր արժեքներով են բնորոշում։ Որպես միջազգային հանրության մի մասնիկը, նրան ճանաչում են իր որդեգրած արժեքներով եւ վարած քաղաքականությամբ, ինչն անշուշտ համահունչ է քաղաքակիրթ աշխարհի դավանած չափանիշներին։
Երկրաշարժի եւ դրա պատճառած ավերածությունների մասշտաբները պետք է որ ջրբաժան հանդիսանան տարածաշրջանում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում Էրդողանի վարած առավելապաշտական քաղաքականության համար։ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն փոխելու երբեք իրենց քաղաքական կուրսն ու հետապնդված նպատակները, բայց այն հսկայական միջոցները, որի կարիքն ունի Թուրքիան երկիրը վերականգնելու համար, չեն կարողանալու բավարարել նրանց շահադիտական ձգտումները։
Իր արտասահմանյան արկածախնդրությունների համար Թուրքիայի հովանավորած ամեն տեսակի վարձկանները, ջիհադիստներն ու քրեական տարրերը արդեն իսկ ազատության մեջ են եւ խոչընդոտում են օտար երկրների փրկարարական աշխատանքները։ Նրանք, վստահաբար, Էրդողանի վարչակազմի դեմ են դուրս գալու, եթե նա չկարողանա վերահասկել նրանց գործողությունները։
Երկրաշարժից առաջ անցկացված սոցհարցումները արդեն արձանագրում էին Էրդողանի խամրող ժողովրդականությունը։ Երկրաշարժը է՛լ ավելի է նվազեցնելու այդ ցուցանիշը, որովհետեւ նա չի կարողանալու իրականացնել աղետի գոտին մեկ տարուց վերականգնելու իր նշած վերջնաժամկետը։
Վերականգնման աշխատանքները հսկայական գումարներ է պահանջելու արեւմտյան աշխարհից, մասնավորապես Մ. Նահանգներից, որն էլ այդ գումարները հատկացնելու փոխարեն պահանջելու է, որ Էրդողանը հրաժարվի իր ահաբեկիչ նկրտումներից, ինչպես օրինակ` ՆԱՏՕ-ի դաշնակիցներին շանտաժի ենթարկելն է, եւ Ֆինլանդիային ու Շվեդիային խանգարելը, որ մաս կազմեն այդ կառույցին։ Ավելին, նա այլեւս չի կարողանալու սրտնեղել Արեւմուտքի իր բարերարների շահերին հակասող ինքնագլուխ գործարքներ կնքել Ռուսաստանի հետ։ Անկարայի քաղաքականությունը առավել կանխատեսելի է դառնալու եւ վերահսկելի, քանի որ ավելի շատ է կախվածության մեջ լինելու Արեւմուտքից։
Երկրաշարժը նաեւ լրջորեն վնասել է Իսկենդերունում գտնվող Թուրքիայի նավթային գործարանները, որոնք ստիպված կլինեն հետաձգել Ռուսաստանի համագործակցությամբ էներգիա արտադրող կենտրոնները դառնալու ծրագրերը։
Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայելի միասնական ջանքերով Իրանի դեմ հակամարտելու ուժերի համագործակցություն էր սկսել ուրվագծվել։ Ադրբեջանի ռազմատենչ հոխորտանքներն ու Իսրայելի ԱԹՍ-երի հարձակումները արդեն իսկ նախանշան էին տարածաշրջանում պատերազմական նոր իրավիճակ ստեղծելու։ Հայաստանը դրա հետեւանքում դառնալու էր անուղղակի վնասակիրը։ Այդ արկածախնդրությունը օրակարգից հանվելու է կամ անորոշ ժամանակով հետաձգվելու է, եթե անշուշտ Իսրայելը չորոշի միայնակ գործի դնել այն։
Ներկա պայմաններում Անկարայի պաշտպանության սահմանափակումն ու Հայաստանի սահմաններում ԵՄ դիտորդների տեղակայումը վստահաբար որոշ ժամանակով զսպելու է Ադրբեջանի ռազմամոլությունը, թույլ տալով, որ Հայաստանը վերագտնի իրեն եւ, հուսանք, վերազինվի։
Անկարայի մշտական խթանումը ստիպում էր Բաքվին Հայաստանը պահել մոտալուտ եւ հարատեւ պատերազմի սպառնալիքի ներքո։
Երկրաշարժը անտարակույս ազդելու է նաեւ Թուրքիայի ներքին քաղաքականության վրա, լուրջ վնաս հասցնելով առաջիկա մայիսի 14-ին Էրդողանի նախագահ վերընտրվելու հնարավորությանը։ Նա կա՛մ հետաձգելու է ընտրությունները, կա՛մ էլ մի հնար է մոգոնելու աղետից առաջացած դժգոհությունը իր օգտին շրջելու համար։ Նա արդեն իսկ սկսել է քննադատել ուրիշներին ցածրորակ շինարարության համար եւ աղետի գոտիներ է այցելում` շռայլելով օգնության խոստումներ, որ նա չի կարողանալու իրագործել։ Նա բանտարկում է իրեն քննադատողներին եւ միաժամանակ գովասանքը իրեն է վերագրում արտասահմանյան բազմատեսակ օգնությունների համար։
Վերջին քսան տարիների ընթացքում ծայր առած շինարարական բումը կարծես նրա գլխին է փլվում։ Այդ ժամանակաշրջանում կնքված պայմանագրերի մեծամասնությունը բաժին էր ընկել Էրդողանի մտերիմներին, որոնք օգտվել էին շինարարական թույլ վերահսկողությունից, կամ էլ ամբողջովին անտեսել դրանք։ Այդ տարիներում կապալառուները շրջանցում էին շինարարական անհրաժեշտ պայմանները, ավելացնում իրենց շահաբաժինը` ռիսկի ենթարկելով ապագա բնակիչների կյանքը։
Մարաշում 2019-ի տեղական ընտրությունների ժամանակ նկարահանված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է Էրդողանը գլուխ գովում ասելով. «Մենք Մարաշի 144,150 քաղաքացիների խնդիրները լուծեցինք օգտվելով շինարարական նորմերի «կառուցապատողների շրջանային համաներման» ընձեռած հնարավորությունից»։
Մի այլ առիթով, Հաթայ այցելության ժամանակ էլ նա հայտարարել էր. «Մենք 205,000 քաղաքացիների խնդիրները լուծեցինք շրջանային խաղաղության պայմաններում»։
«Insider»ի արտատպած «Duvar» թուրքական պարբերականի հոդվածում նշվում է. «Ստամբուլի «մետրոպոլիտենի մունիցիպալիտետի» ընդհանուր քարտուղար` Բուղրա Գյոքչեն խոստովանում է, որ աղետի ենթարկված շրջաններում 294,165 շենքեր օգտվել էին շինարարական նորմերը չպահպանելու հրամանից, որի հետեւանքում խախտվել էին սեյսմակայունության պահանջները։ Թույլատրված արտոնագրերի 40 հազարը գտնվում են ամենաշատ տուժած Գազիայնթափի շրջանում։
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլիջդարօղլուն ասում է. «Եթե կա մեկը, որ պատասխանատու է այս ամենի համար, դա Էրդողանն է»։
Ընդդիմությունը միավորվում է` զգալով Էրդողանին պաշտոնազրկելու հրաշալի հնարավորությունը, մի բան, որ նրանք չէին կարող կանխատեսել մեկ ամիս առաջ։
Էրդողանը խորամանկ քաղաքական գործիչ է եւ հետաքրքրական է լինելու տեսնել, թե ինչպես է նա հաղթահարելու ստեղծված իրավիճակը` գործի դնելով իր հին հնարները։ Հայաստանի զորակցությամբ, կամ առանց դրա, թուրք քաղաքագետները միեւնույն է շարունակելու են ընթանալ իրենց ընտրած կուրսով։
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)