Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք շվեյցարական «Դեր բյունդ» պարբերականի հոկտեմբերի 16-ի համարում Մարիաննե Մյուլեմանի «Ինչերի՞ կարող է դիմանալ մարդը եւ որքա՞ն ժամանակ. Բալետ զգացմունքների ուժի մասին. Պատկերների շարժ` փայլուն պարային խմբով» հոդվածը, որ վերաբերում է Բեռնում ներկայացված «Զգացմունքների անատոմիա» պարային բեմադրությանը, որի հատվածներից մեկի բեմադրիչը երեւանցի տաղանդաշատ պարադիր Ռիմա Պիպոյանն է:
Բեռնի քաղաքային թատրոնում կայացած եռամաս «Զգացմունքների անատոմիա» պարային բեմադրությունը վեր է հանում մեր խորքային զգացումները: Ներկայացման ընթացքում, առանց խոսքերի, արծարծվում է երեք տրամադրություն, որոնցից երկուսը վախն ու զայրույթն են: Խոսքն այն վախին եւ զայրույթին չի վերաբերում, որոնք ունենում ենք արդի աշխարհի զարգացումների հանդեպ: Երեկոյի ընթացքում կան ներշնչող պահեր, որոնց ժամանակ գիտակցության մեջ փայլատակում են զուգորդող պատկերներ: Եվ դա այդպես է, քանի որ այն գործողությունները, որոնք ցուցադրվում են բեմի վրա, լավագույնս են ընկալվում հանդիսատեսի կողմից: Երեկոն դառնում է ցնցող հենց այն բանի շնորհիվ, որ շոշափվում են ապրումն ու զգացումը:
Հրավիրյալ պարադիրներ Մաուրո Աստոլֆին եւ Էթյեն Բեշարը Բեռնի Բալետի համար բազմիցս բեմադրել են ստեղծագործական հատվածներ, որոնցում շարժումների ընթացքում վախի (Աստոլֆի) եւ զայրույթի (Բեշար) հույզեր են հորդում, որոնք առօրյա գործողություններում կորցնում են իրենց հավասարակշռությունը եւ վերածվում աբսուրդի: Աստոլֆին հենվում է պարային թատրոնի հիմունքների վրա: Նա «Վախի» համար գործողությունների վայր ընտրում է հանրակացարանային խոհանոցը: Տեւական լարված սպասումից հետո վարագույրի առջեւ սկսվում են պատկերներ եռալ: Մի հավաքարար սայլակով եւ ավելով փոշին է մաքրում, այնուհետեւ զբաղվում է սառնարանով: Քիչ անց անսպասելիորեն պարզ է դառնում, որ նա վարձու մարդասպան է: Սյուժեի հիմքում ընկած է նպատակին հասնելու միջոցը: Մինչ վճռորոշ պահը, երբ բոլոր սպասումներն ի չիք են դառնում, իտալացի պարադիրը թույլ է տալիս 10 պարողներին վայրի շարժումներ կիրառել: Նրանք վարպետորեն կատարում են համարձակ եւ չափազանց մեծ քայլեր, սաստիկ կծկումներ, գոտեմարտում են եւ գրկախառնվում: Այսպիսի թատերականացվածության մեջ սինխրոնությունն ամենակարեւորն է: Ինչպես իր նախկին աշխատանքներում` Աստոլֆին բեմադրում է կասկադյորական հնարքներ եւ բուռն պարային տեսարաններ, որոնցում առարկաները` սեղան, աթոռներ, սպասք, տոպրակներ, դառնում են զուգընկերներ: Սառնարանի խորհրդավոր բացվել-փակվելը համընկնում է պարողների վերջույթների կամ գլուխների` լվացարանից դուրս բերելուն: Մամռականաչ խոհանոցում վախը փոխվում է կատակերգության, նույնիսկ երբ լոգարանի վարագույրի հետեւում մահվան սարսափի մեջ աղաղակներ են լսվում: Այստեղ տեղին է հիշել Հիչքոքի «Պսիխոն»: Այս շնչակտուր սարսափտեսարանը պարախումբը ներկայացնում է տեմպով եւ ճշգրտությամբ:
Զարմանալիորեն լավ է կատարվել երաժշտության ընտրանու փոխադրումը արտահայտիչ պարային լեզվի: Բեռնի սիմֆոնիկ նվագախումբն ուկրաինացի դիրիժոր Արտյոմ Լոնգինովի ղեկավարությամբ հրաշալի կերպով օժանդակում է պարողներին: Բեթհովենը բեմում պարում է, անգամ եթե նա իր սիմֆոնիան պարի համար չի հորինել: Լոնգինովը, խմբի գլխավոր ղեկավարը եւ Բեռնի օպերայի գլխավոր դիրիժորի օգնականը, համարձակորեն միահյուսել է Բեթհովենի 3-րդ, 5-րդ եւ 7-րդ, ինչպես նաեւ Գուստավ Մալերի 2-րդ եւ 5-րդ սիմֆոնիաների առանձին հատվածները Գլյուկի եւ Փըրսելի արտասովոր դրվագների հետ: Բեռնի սիմֆոնիկ նվագախումբը գործում է արիաբար եւ ոչ մի ջանք չի խնայում: Կենդանի կատարումները կյանքի են կոչվում գունագեղ մենանվագով եւ բազմատեսակ գործիքավորմամբ: Երեկոյի ընթացքում երեք պարային բեմադրությունները վերածվում են միասնական եռերգության: Ներկայացման մեջ դա արտահայտվում է գունավոր, վայելուչ զգեստներով (Իրինա Շոպոշնիկովա), նրբաճաշակ լուսավորությամբ (Մարկո Պոլիկանտրո, Քրիստիան Աուֆդերսթրոթ) եւ բեմի տրամադրությունը բարձրացնող կահավորմամբ: Այն գրավիչ է դառնում նաեւ սրճա-դարչնագույնի, կանաչի եւ մոխրագույնի ստվերվող երանգներով:
Էթյեն Բեշարի բեմադրության մեջ ուրախությունը հօդս է ցնդում: «Զայրույթի» գործողությունները տեղի են ունենում մթին դժոխքում: Այն հիշեցնում է մի լաբորատորիա, որտեղից ազատում չկա. մռայլ մի տեսարան: Այստեղ նախ ոչնչացվում են մարմնագույն պատյաններով ջարդված կերպարանքները, այնուհետեւ՝ զգացմունքային սահմանները: Իշխողները, պարզվում է, թունավոր շնչառությամբ մարդկային բուլդոզերներ են: Բարեբեր դաշտը մի ակնթարթում դառնում է գերեզմանատուն: Մասնակիցներն իրենց պարն ամենափայլուն կերպով են ներկայացնում: Բեշարը հմտորեն խաղարկում է հռետորական այնպիսի միջոցներ, ինչպիսիք են բարկությունը կամ վերաիմաստավորումը: Ինչերի՞ կարող է դիմանալ մարդը եւ որքա՞ն ժամանակ: Դա ներկայացվում է շարժվող պատկերների արխայիկ արտահայտչականությամբ (Ինդար Քարմոնա Վինաս եւ Մարի Իշիդա): Այն ընթացքում, երբ նվագախմբի միջից մեղմ-մելամաղձոտ հնչյուններ են հորդում, բեմի վրա ողջերի խոցելիությունը վերջնակետին է հասնում: «Մթնոլորտի փոփոխությունը» բերում է փրկություն, ավելին չի բացահայտվում:
Վերջին՝ «Սեր» հատվածը «Վախի» եւ «Զայրույթի» հետ միասին Բեռնի Բալետի երկուսուկեսժամյա ներկայացումը դարձնում է եռերգություն: Հայուհի պարուսույց Ռիմա Պիպոյանի «Սեր» բեմադրությունն առաջին անգամ կարելի է տեսնել Բեռնում, որտեղ Բեթհովենի եւ Մալերի երաժշտությունն ընդգծված միասնականության եւ տարբերակվածության մինիմալիստական պատկերներ է ստեղծում: Պարային վեցյակը ներքին եւ արտաքին ազատության փնտրտուքների մեջ է՝ ուղղված դեպի Ես-ը եւ դեպի Դու-ն: Այդ երկուսն էլ հայտնագործվում են որպես անծանոթ նոր տարածքներ: Ըստ Պիպոյանի՝ պարը մենակատարային է, անգամ երբ նա խումբ է ընդգրկում: Նա մենակատար-մենակատարուհիներին փայլուն դռների միջով անցնել է տալիս` ոլորապտույտ ճանապարհով դեպի անծանոթ նոր տարածք: Կառուցվածքներից, կաղապարներից եւ տեղաշարժերից ծագում է վերացական գլուխկոտրուկ, որը հանգեցնում է զույգերի ձեւավորմանը: Բարձրացումներն ու աշխույժ պիրուետները խավարը վերածում են ճարճատյունի: Պիպոյանի «Սերը» գործում է առանց կաղապարների: Այն պետք է ընկալել որպես առավելագույն ազատության ընտրություն: Որպես ուժ, որն առանց բռնության (նաեւ առանց վախի ու զայրույթի) կապանքներ է փշրում: Բեռնի հանդիսատեսը երեկոյին իր շնորհակալությունը հայտնեց րոպեներ տեւող ծափահարությամբ:
Գերմաներենից թարգմանեց ՍԵԴԱ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
Լուսանկարը՝ Գրեգորի Բատարդոնի