Արցախից Հայաստան ձգվող գաղթի՝ մի քանի հարյուր կիլոմետրանոց դժոխային ճանապարհը, պարզվում է, նաեւ գյուղատնտեսական նշանակության տեխնիկա է հատել: Դրանք սակայն ոչ թե մարդիկ են տեղափոխել, այլ պարզապես դուրս են բերվել Արցախից: «Ազգ»-ի՝ երկօրյա պատերազմից հրաշքով փրկված ու գաղթի եռօրյա ճանապարհ անցած զրուցակիցն աննկարագրելի ցասումով էր պատմում, թե որոշներն ինչպես էին փրկում իրենց ունեցվածքը (եթե ոչ՝ թալանը)՝ այն հավասարեցնելով մարդկային կյանքին: «Մեր կողքին «տրակտորներ» էին գալիս: Մտածում էի՝ Տեր Աստված, ախր էս տեխնիկայի փոխարեն նվազագույնը 3 մարդատար կամ մեկ բեռանատար մեքենա կարող էր գնալ ու կյանքեր փրկել… Բայց, փաստորեն, 9 ամիս սոված պահած մարդկանց ու «տրակտորը» կարելի էր նույն նժարին դնել»,- պատմում էր զայրացած արցախցին:
Մեր հարցին, թե ժողովուրդն ի՞նչ էր խոսում, ո՞ւմ տեխնիկան էր «գաղթի» ճանապարհ անցնում, արդեն փոքր-ինչ վրդովված տոնով ու ամբողջությամբ Արցախի բարբառով վրա բերեց բռնի տեղահանված մեր հայրենակիցը. «Լոխ էլ գյուդում են, թա հումն ա իլալ»:
Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, թե ինչպես են 9 ամիս շարունակ ամեն օր միս կերել: Բայց առաջին հայացքից ճոխ թվացող սննդակարգը, իրականում այդքան էլ չի համեղ է եղել: «Մի մեծամեծ, շատ բարձր պաշտոնյա, ըստ երեւույթին իմանալով, թե մեր գլխին ինչ զուլում է գալու, իր ֆերմայի՝ 30 տարեկան անասունները մորթեց ու դա, լավության անվան տակ, բաժանեց մարդկանց: Նախ «բաժանել» ասածը շատ ճոխ է, որովհետեւ էդ միսը մենք առնում էինք՝ 4000-5000 դրամով, բացի այդ՝ դա միայն մսի հոտ ու տեսք ուներ. ո՛չ համն էր պիտանի, ո՛չ էլ՝ ուտել էր հնարավոր», – նշեց նա՝ մեզ՝ լրագրողներիս, դիմելով հորդոր-խնդրանքով՝ պարզել, թե Արցախի պաշտոնյաների («մեծամեծերի»-իր բառն է- խմբ.) երեխաներն ու ընտանիքի անդամենրը որտե՞ղ են եղել պատերազմի օրերին կամ բլոկադայի ընթացքում ինչպե՞ս են դուրս եկել Արցախից:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ