ԵՐԵՎԱՆ-ՄԵՐՁՄՈՍԿՈՎԻԵ – Արտակ Հարությունյանը (ծն. 1972, գյուղ Հոկտեմբեր, Հայաստան) կրկեսի բազմաժանր արտիստ է՝ ծաղրածու, լարախաղաց, ձեռնածու, աճպարար, երաժշտական էքսցենտրիկ: Պատանի հասակում հաճախել է Մեծամորի բոլոր խմբակները (թատրոն, պատանի տեխնիկների, շախմատ, ակրոբատիկա, ֆուտբոլ, բռնցքամարտ), միաժամանակ ջութակ է սովորել երաժշտական դպրոցում: Ուսանել է Հայաստանի պետական կրկեսի Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիայում (գեղարվեստական ղեկավար՝ Սոս Պետրոսյան) եւ Մոսկվայի կրկեսային ու էստրադային արվեստի պետական դպրոցում (ռեժիսոր՝ Վ. Շպակ): Արհեստավարժ բեմում է 1989-ից, մասնակցել է բազմաթիվ կրկեսային եւ էստրադային փառատոների, դարձել միջազգային մրցույթների դափնեկիր: 2001-2007 թթ. աշխատել է Ճապոնիայում: 2012-2014 եւ 2022-2023 թթ. հրավիրվել է աշխատելու Յուրի Նիկուլինի լեգենդար կրկեսում: 2008-ից «Հրաշալի մարդիկ» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է, 2010-2015 թթ. մերձմոսկովյան Եգորեւսկ քաղաքի մշակութային կենտրոնի «Ֆանտազիայի աշխարհ» եւ 2015-ից՝ «Հրաշքների արենա» կրկեսային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է մերձմոսկովյան Կորոբովո եւ Սերեդնիկի մշակութային կենտրոններում: Բեմադրել է «Հեքիաթների հերոսների գունադիտակ», «Հայր Ֆրոսթի եւ Ձյունանուշի նոր արկածները», «Գայլը եւ յոթ ուլիկները», «Զվարճալի տղաներ» եւ այլ ներկայացումներ: Նրա ջանքերով են ստեղծվել «Սանդաչոկ» ժողովրդական համույթը եւ «Վայրի երեքնուկ» վոկալ-գործիքային անսամբլը: Պարբերաբար հանդես է եկել նաեւ Երեւանի կրկեսում:
–Արտա՛կ, ձեր անցած ճանապարհը եւ ներկա գործունեությունն այնքան հարուստ եւ բազմազան է, որ մեկ հարցազրույցի սահմաններում անհնար է ամեն ինչ ասել: Մեր զրույցը սկսենք կրկեսի վերաբերյալ ընդհանուր հարցերից: Դուք աշխատել եք տարբեր երկրներում: Ինչպիսի՞ն է կրկեսի հանդեպ վերաբերմունքը տարբեր պետություններում:
-Կրկեսն այն յուրահատուկ արվեստն է, որի պատմությունը սկսվում է մեր թվականությունից առաջ: Չեմ իմանում՝ ում խոսքերն են՝ «Հաց եւ հանդիսություններ», բայց այդ գործոնը մինչեւ օրս կենսունակ է աշխարհով մեկ: Անցնելով դարեր՝ կրկեսն իր ժանրերով ձեւափոխումների է ենթարկվել, բայց աշխարհի ժողովուրդների մեջ հետաքրքրությունը նրա հանդեպ չի նվազել: Իսկ թե ո՛ր պետությունն է, որն ունի ստացիոնար կրկեսի շինություն եւ որի՛ հանդիսատեսն է սիրով այցելում կրկես, կասեի՝ առաջինը Ռուսաստանն է, հետո՝ Ղազախստանը, որտեղ գործում է ստացիոնար կրկեսի չորս շենք: Եվրոպայում, նաեւ Ամերիկայում եւ ուրիշ երկրներում այդպիսիք քիչ են:
–Եթե զարմանալի տրյուկներով ամենուրեք կարելի է զարմացնել, ապա հանդիսատեսին ծիծաղեցնելն ամենադժվար բանն է: Զգացե՞լ եք, որ հումորի զգացումը տարբեր ժողովուրդների մեջ տարբեր է:
-Կասեմ հետեւյալը՝ դա կախված է մարդու հումորի զգացողությունից, իսկ երեխաների մեջ՝ ուշադրությունից ու տրամաբանությունից աբսուրդ բեմականության նկատմամբ: Իմ պրակտիկայում չի եղել դեպք, որ հանդիսատեսը չծիծաղի, չնայած ես չեմ սիրում միմոսություն. ինձ համար գլխավորը բնական, էքսցենտրիկ լինելն է:
–Շատերը, ես՝ նույնպես, դեմ են կրկեսում կենդանիներին վարժեցնելուն: Ի՞նչ է ձեր կարծիքը:
-Ցավալին այն է, որ «Կրկեսն առանց կենդանիների» երեւույթը ղեկավարում եւ լավ ֆինանսավորում են մի խումբ պրոդյուսերներ եւ քաղաքական պոռնիկներ: Եթե ճիշտ խոսենք, այսօրվա կրկեսը դարձել է լոկ բիզնես: Եթե սովետական կարգերի ժամանակ այն արվեստ էր, ապա հիմա բիզնես է: Գրեթե բոլոր պրոդյուսերները հետաքրքրված են քիչ ծախսերով կրկեսային ծրագիր ունենալ: Իսկ գիշատիչ եւ էկզոտիկ կենդանիները կրկեսում շատ թանկ հաճույք են, ծախսերն ահռելի շատ են: Ահա՛ ճշմարտությունը: Մինչդեռ ժողովրդին եղելությունը ճիշտ չեն ներկայացնում, գրում են, թե իբր կրկեսում ծեծում, սպանում են կենդանիներին՝ ինչ է թե վարժեցնեն: Եթե ճիշտ խոսենք, ապա, ցավոք սրտի, մարդիկ մեկը մյուսի հանդեպ ավելի գազան են…
–Ի՞նչ հիշարժան դեպք կպատմեք ձեր կարիերայից:
-Ես կրկեսում հանդես եմ գալիս որպես երաժշտական էքսցենտրիկ, իմ կրկեսային համարների գրեթե 80 տոկոսը կապված է երաժշտական գործիքներին: Պրոֆեսիոնալ տիրապետում եմ 12 գործիքի: Մանկուց հաճախել եմ երաժշտական դպրոց, սովորել նվագել ջութակ եւ դաշնամուր, Մոսկվայի կրկեսային ուսումնարանում տիրապետեցի սաքսոֆոնին, տարիների ընթացքում սովորեցի նվագել նաեւ կլառնետ, հարմոնիկա, զանգակներ, դուդուկ, զուռնա, շվի, ժալեյկա, տրուբոֆոն, քսիլոֆոն: Հետաքրքրական եւ ասես հեքիաթային պահեր շատ են եղել, որ պատմեմ՝ երկար կտեւի, ավելի շուտ իմ հիշատակարանում գրի կառնեմ, երբ թոշակի գնամ (ծիծաղում է): Ասեմ, որ իմ «Ջութակը եւ թիթեռը» համարը կատարելիս (պատրաստվում եմ ջութակ նվագել, հայտնվում է թիթեռը եւ խանգարում է, ի վերջո թե՛ ջութակն է կոտրվում, թե՛ թիթեռնիկն է մահանում) հաճախ հուզիչ արձագանքներ են եղել, դահլիճից երեխաներն ինձ նվիրել են իրենց ձեռքին եղածը՝ խաղալիք շնիկ, կոնֆետ, նկար եւ ամենակարեւորը՝ իրենց անկեղծ ու պարզ սերը՝ իջնելով արենա ու գրկախառնվելով ինձ հետ… Իսկ այս համարի գագաթնակետը լինում էր, որ վերածնվում է ջութակը, տեղի է ունենում կախարդություն, ու իմ կենդանի նվագի ներքո թիթեռը հարություն է առնում եւ թռչում…
–Իսկ ո՞րն է եղել ամենազվարճալի դեպքը…
-Ամենազվարճալի դեպքերից մեկը եղավ Ճապոնիայում, «Տոկիո Դիսնեյ սի» հեքիաթների զբոսայգում: Ճապոներենով մարմնավորում էի մի առեւտրականի, որն ուղտին բարձած իր ապրանքներն աստղաբաշխական գներով առաջարկում է հանդիսատեսին: Պարզ է, որ ոչ մի հանդիսատես հետս առեւտուր չէր անի, որովհետեւ միլիոնավոր դոլարների մասին էր խոսքը: Ողջ ներկայացումը չպետք է քսան րոպեից ավել կամ պակաս լիներ, այդպիսին է կարգը, իսկ ճապոնացիները սիրում են ճշտապահություն: Համարի մոտավորապես 7-10-րդ րոպեին ես իմ ուղտին աճուրդի եմ դնում եւ առաջարկում եմ 100 հազար դոլար: Եվ հանկարծ մի հանդիսատես ձեռք է բարձրացնում եւ ուզում է գնել ուղտը: Ես էլ ասում եմ, որ միայն կանխիկ դոլար եմ վերցնում: Նա համաձայնվում է: Ես չեմ հավատում, որ նա իրոք կանխիկ փող է տալու եւ ասում եմ՝ դե ցո՛ւյց տուր դոլարներդ: Մեկ վայրկյան անց նրա երկու թիկնապահները բացում են պայուսակը եւ ցույց են տալիս դոլարների փաթեթները: Այստեղ ես անսպասելի իմպրովիզացիա եմ անում՝ ասելով, որ ուղտը չի վաճառվում, նա իմ հարազատն է, իմ ընկերը… Այս ամենը տեւում է ընդամենը 13-15 րոպե, եւ ես համարը վերջացնում եմ ժամանակից շուտ: Ելույթից հետո մեր ճապոնացի ղեկավարներն ինձ զգուշացրին, որ այս դեպքը թող լինի առաջինն ու վերջինը, նաեւ խոստովանեցին, որ այս ամենը դիտավորյալ էին սարքել՝ տեսնելու, թե ես կվերցնեի փողը, թե՞ ոչ…
–Ձեր կարծիքով՝ ո՞րն է կրկեսի ապագան:
-Իմ կարծիքով՝ ավանդական այն կրկեսի մեջ է, որի մեջ կան միայն աճպարարը, ծաղրածուն, ակրոբատը եւ մնացած արտիստները, որոնք հանդես են գալիս առանց տեխնոլոգիական եւ մնացած դեկորատիվ շքեղությունների, որոնց դեմքերը պայծառ են ու առանց դիմակի: Ինչ վերաբերում է այսօրվա կրկեսին. եթե ժամանակակից ռեժիսորի աչքերով ներկայացնեմ, ապա չինական կրկեսի դերասանները ցուցադրում են ամենաբարդ տրյուկները եւ աշխատում են համախմբված, բայց առանց ծաղրածուների: Չեմ կարող չհիշել կանադական «Սիրկ դյու սոլեյը» (Արեւի կրկեսը), որը հեղաշրջեց ողջ կրկեսի ձեւաչափը, եւ շատերն են ուզում նմանվել նրան: Իմ կարծիքով, նոր կրկեսի պահանջարկը շատ է ուշադրություն դարձնում էֆեկտային տեխնոլոգիաներին, 5D, 8D եւ այլ սինթետիկ բաղադրիչներին, ու ամենացավալին այն է, որ որոշ կրկեսային ժանրեր կորցնում են իրենց գոյությունը: Դրանցից մեկը, կարելի է ասել՝ ամենակարեւորը, կրկեսային ծրագիրը մեկ համարը մյուսին զոդողը ծաղրածուն է: Ճիշտն ասած, չեմ սիրում «ծաղրածու» բառը, քանի որ քաղաքական գործիչներն ամեն մի բացասական բան արտահայտում են այդ անմեղ անունով, մինչդեռ ծաղրածուն իր բարեհամբույր ելույթներով սերմանում է միայն բարին (խոսքս անիմատորների ու կեղծ ծաղրածուների մասին չէ, որոնց դեմքին նայել չի լինում, այնքան գրիմ են անում, որ գիշերը մարդու քունը չի տանում վախից): Ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ դերասաններին. այո՛, մեր օրերում էլ կան լավ կրկեսային կատակերգուներ, բայց նրանց մասին ոչ ոք չի խոսում: Եթե սովետական ժամանակներում հաճախ էին ֆիլմեր նկարահանում ծաղրածուների մասին՝ որպես լավի ու բարու քարոզչություն, ապա հիմա ծաղրածուն դարձել է ստվեր…
–Արտա՛կ, ձեր մասին ես առաջին անգամ իմացա, երբ տվյալներ էի հավաքում Ճապոնիայի հայերի մասին: Շարունակո՞ւմ է գործել Ճապոնիայում ձեր հիմնած կրկեսի ակադեմիան:
-Իմ առաջին մանկավարժական հմտությունները ես ստեղծեցի հենց Ճապոնիայում, Չիբա պրեֆեկտուրայի Շին Ուրայասու քաղաքում, «Մարե» մշակույթի կենտրոնում: Ի դեպ, իմ տոհմածառում հայրական տատիս տատիկից սկսած, մանկավարժներ են եղել, եւ ես ուզեցի իմ գիտելիքները ճապոնացի երեխաներին փոխանցել կրկեսի միջոցով: Մինչ ակադեմիան բացելը տարբեր դիրք ունեցող մարդկանց իրենց ընտանիքներով հրավիրեցի իմ կազմակերպած անվճար շոուին, որի մեջ ընդգրկված էին երաժշտական էքսցենտրիկա եւ ծաղրածուական համարներ: Համերգից հետո, դահլիճում գտնվող 70 հոգուց մնացին 25 ծնողներ իրենց երեխաների հետ: Կրկեսի տնօրեն Հիրոշի սանն ինձ առաջարկեց դասավանդել կրկեսի բոլոր ժանրերը՝ աճպարարություն, ակրոբատիկա, էկվիլիբրիստիկա, օրիգինալ ժանրեր եւ երաժշտական էքսցենտրիկա: Երեխաների հետ աշխատելն ինձ շատ բան սովորեցրեց: Ճապոնացի երեխաներն ավելի դիմացկուն ու համառ են. մինչեւ չկատարեն իրենցից պահանջվածը՝ չեն հանգստանա: Եթե մի բան չէր հաջողվում՝ լաց էին լինում. իրենց մտահոգությունը տեսնելով՝ ես հանձնարարությունը փոխում էի, որ լավ զգան, չկորցնեն ոգին: Ճապոնիայից հետո 12 տարի ուսուցանել եմ նաեւ մերձմոսկովյան «Ֆանտազիայի աշխարհ» եւ «Հրաշքների արենա» կրկեսային ստուդիաներում ու կարող եմ ասել, որ ռուս երեխաները չունեն այս դիմացկունությունն ու կարգապահությունը: Կան տաղանդավորներ, բայց ծույլ են. այնուամենայնիվ, նրանց համար էլ գտնում էի անհատական մոտեցում:
Ճապոնիայում կրկեսի ակադեմիան գոյություն ունեցավ երկու տարի եւ երեք ամիս, այդ ընթացքում երեխաները սովորեցին կրկեսային տարբեր ժանրեր ու ամենակարեւորը՝ լինել վստահ եւ հավատալ իրենց ուժերին: Պայմանագիրս ավարտվելուց հետո ես չկարողացա գտնել հովանավոր եւ ինձ փոխարինող, այդ պատճառով, ցավոք սրտի, լուծարեցի կրկեսային ակադեմիան եւ վերադարձա Հայաստան, որտեղից նորից սկիզբ առավ իմ գործունեությունը Երեւանի կրկեսում:
–Հայաստանի կրկեսային ավանդույթները հարուստ են, բայց ստացիոներ կրկես չունենք: Հիշում եմ, տաս տարի առաջ գրվեց, որ կառավարությունը Երեւանի կրկեսի շենքի վրա 107.9 միլիոն դրամ է ներդրել, հետո պայթեցրել է գմբեթը՝ տեղում նոր, ավելի հարմարավետ եւ ժամանակակից շենք կառուցելու նպատակով: Այսօր ունենք կրկեսի վերականգնված շենք, սակայն հազվադեպ կրկեսային ներկայացումները տեղի են ունենում շապիտոյում…
– Ես չեմ ուզում խոսել, թե երբ կբացվի մեր կրկեսի շենքը, որովհետեւ դա անիմաստ հույս է մոտակա տարիների համար, միայն Աստված գիտի՝ ե՛րբ այդ հրաշքը տեղի կունենա: Ես գիտեմ մի բան, որ կրկեսը եւ կառավարման քաղաքականությունը քույր ու եղբայր են: Ես շա՜տ եմ ցավում, որ մեր Հայաստանի կառավարությունը չորս տարբեր բնագավառ համախմբել է մեկ նախարարության մեջ. հասկանալի է, որ խնայողության նպատակով է արված, բայց ուտողները դրանով չեն չքացել, ընդհակառակը, դարձել են քաջ նազարներ: Այս ցավը միայն իմը չէ, այլ հազարավոր մեր հայրենասերներինը. մի՛ կարծեք, թե Հայաստանում տիրող մթնոլորտը դրսում ապրողին չի վերաբերում: Մենք մի օրգանիզմ ենք, Հայաստան կատարվող ներդրումների 60 տոկոսը դրսից է, եւ երազում ենք այն ժամանակը, երբ աշխարհը կգովի Հայաստանի արտադրանքները, «թողարկված է Հայաստանում»-ը կվերաբերի տարբեր բնագավառներին ու, ինչո՞ւ ոչ, նաեւ կրկեսին: Ամբողջ աշխարհով մեկ մենք ունենք կրկեսի տարբեր ժանրերի շատ տաղանդավոր հայ դերասաններ, բայց չհայտնվեց մեկը, որը կարողանար կազմակերպել հայկական կրկեսային կոլեկտիվ… Շատ պետություններ հիմա մեծ գումարներ են ներդնում կրկեսի ծրագրերում, չէ՞ որ սա էլ պետության գանձերից է: Գիտեի՞ք, որ սովետական ժամանակ վալյուտայով ամենաեկամտաբեր արվեստը եղել են բալետն ու կրկեսը, դա փաստ է: Մեր հայկական կրկեսային կոլեկտիվը համարվում էր լավագույններից մեկը, որտեղ աշխատում էին լեգենդար արտիստներ՝ Ստեփան Իսահակյան, Լեոնիդ Ենգիբարյան, Նազի Շիրայ, Վաղարշակ Արզումանյան, ծաղրածուներ Հարությունյան ու Միներեւյան, ձեռնածու Հակոբյան ամուսիններ եւ հարգարժան ուրիշ դեմքեր: Չեմ կարող չնշել նաև իմ տաղանդավոր գործընկերներին՝ Վիլեն Մելիքջանյան, Անտոն Փիլոսյան, Էդուարդ Հակոբյան, Մարտիրոս Քեշչյան, որոնք նույնպես բարձր են պահել ու պահում կրկեսի հայ արտիստի պատիվը: Պայծառ ու բարի հիշողությո՛ւն նրանց, ովքեր այս աշխարհում չեն, իսկ ապրողներին թող Աստված առողջություն եւ ուժ տա…
–Հետեւո՞ւմ եք Հայաստանի կրկեսային կյանքին: Եվ ե՞րբ երեւանցի հանդիսատեսը ձեզ կարող է տեսնել կրկեսի արենայում:
-Իհա՛րկե, հետեւում եմ մեր Հայաստանի կրկեսի զարգացմանը, շատ եմ ուրախանում՝ տեսնելով Նաիրա Պետրոսյանի սաներին տարբեր բեմերում: Վարդանյան եղբայրներն ինձ առաջարկեցին աշխատել իրենց ծրագրում, որը ներկայացրել են ձեր հիշած «Հրազդան» ստադիոնի մոտ գտնվող շրջիկ կրկեսում: Ցավոք, ես պայմանագրեր ունեմ մինչեւ եկող հունվարի վերջը, այդ պատճառով չկարողացա գալ Հայաստան:
Մեր հայ ժողովրդին սրտանց ցանկանում եմ խաղաղություն, իմաստություն եւ ամենակարեւորը՝ որ նրա համար առաջնայինը լինի բանականությունը, ոչ թե էմոցիոնալ պոռթկումները: «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», եւ բոլորս պետք է կարողանանք սերը տեսնել Տիրոջ եւ մեր մեջ: Այսքանը, հուսով եմ՝ ժամանակը կգա, բարին էլ՝ հետը: Շնորհակա՛լ եմ ձեզ, Արծվի՛ ջան, լավ հարցերի ու ձեր հետաքրքրության համար: Առողջությո՛ւն եւ ամենայն բարի՛ն…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ