Նկարիչ Միքայել Հարությունյան, 25 տարեկան, բայց ոչ նոր անուն հայ կերպարվեստում: Միքայել Հարությունյանը նկարել սկսել է վաղ մանկությունից, ինչպես բոլոր երեխաները, սակայն չի դադարել, ինչպես նրանցից շատերը. միայն մի պահ, երբ զբաղվում էր երաժշտությամբ, թվում էր՝ դա է արվեստի իր ճանապարհը: «Ցանկությունները շրջադարձային եղան մեզ համար, եւ նկարչությամբ զբաղվող եղբայրս վերջնականապես սկսեց զբաղվել երաժշտությամբ, իսկ ես հրաժարվեցի երաժշտարվեստից եւ սկսեցի իմ ուղին նկարչության ոլորտում»,-մեզ հետ զրույցում նշում է Միքայել Հարությունյանն ու համեստորեն հավելում՝ անհատական չորս ցուցահանդես է ունեցել, առաջինը` երբ ընդամենը 12 տարեկան էր:
Ժամանակն էր զարգացնել բնատուր տաղանդը. Միքայելը երկու տարի դասեր է առել նկարիչ Էդվարդ Սասունի մոտ, իսկ 2016թ-ին ընդունվել Գեղարվեստի ակադեմիա, ուսանել Արամ Իսաբեկյանի եւ Արթուր Հովհաննիսյանի արվեստանոցում. «Դա գիտելիքների եւ փորձի ձեռքբերման ժամանակաշրջան էր ինձ համար»,- հավելում է Միքայելը:
Նկարչի տաղանդի արդյունքը նրան մշտապես ուղեկցող շռնդալից հաջողություններն են ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս: Ընդամենը վերջերս՝ 2021-ին, ԱՄՆ-ում «Catholic Art Institute»-ի կազմակերպած «Sacred Art Prize – 2021» միջազգային մրցույթում արժանացավ 1-ին մրցանակի, իսկ հեղինակավոր «Figurativas-2021» -ում նրա աշխատանքը ճանաչվել է լավագույններից մեկը եւ 4 ամիս ցուցադրվել Բարսելոնայի Ժամանակակից արվեստի եվրոպական թանգարանում: 2016 թվականին, երբ Միքայելը դեռ 1-ին կուրսի ուսանող էր, արժանացավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության՝ «Վահան Թեքեյան» մրցանակի՝ դառնալով «Կերպարվեստ» անվանակարգի ամենաերիտասարդ մրցանակակիրը: Պարգեւները, հաղթանակները, միջազգային բազմաթիվ մրցույթների մրցանակները Միքայելի համար յուրատեսակ հաճելի գնահատական են, սակայն նկարչի ստեղծագործական կյանքի ամենասպասված իրադարձությունը ստեղծագործական դադարի առիթ հանդիսացավ. նրա «Կատարվեց» կտավը, որ պատկերում է Հիսուս Քրիստոսի խաչելությունը, վերջերս օծվեց Երուսաղեմում եւ իր մշտական տեղը գտավ Սուրբ Հարության տաճարում՝ Քրիստոսի գերեզմանի մոտ: Մեզ հետ զրույցում Միքայել Հարությունյանը խոստովանում է՝ իրադարձությունն իսկապես արտառոց էր իր կյանքում, որից հետո որոշ ժամանակ ձեռքը վրձին չէր վերցնում. եղածը կարծես հոգեւոր մեծ պարգեւ լիներ:
Ի դեպ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի պատվերով Միքայել Հարությունյանին է վստահվել հայոց կաթողիկոսների դիմանկարների շարքը. դրանք իրենց տեղն են գտել Մայր Աթոռի վեհարանում:
Թեեւ արվեստասեր հանրությանը հայտնի են Միքայել Հարությունյանի՝ հոգեւոր թեմաներով աշխատանքները, սակայն նա ստեղծագործում է տարբեր թեմատիկաներով. կտավներում ողջ ներկապնակն է՝ հեղինակային մոտեցումներով եւ յուրատեսակ ներշնչանքով:
Նկարիչն իր տուն-արվեստանոցում ամեն օր «հանդիպում է» տարբեր տարիների իր ստեղծագործություններին: Հեղինակի խոսքով՝ դա յուրատեսակ նկարաշար է իր պատմության մասին, թե որտեղից է եկել, որտեղ է հիմա եւ ուր կարող է հասնել. «Իմ սկիզբն անընդհատ իմ աչքի առջեւ է»:
Անցյալի եւ թերությունների մասին խոսելիս Միքայելը խոստովանում է՝ ավելի վաղ շրջանում եղել են պահեր, որ ցանկություն է ունեցել նոր շերտերով շտկել աշխատանքները, սակայն մտափոխվել է՝ պատմությունն ուղղելու կարիք եւ անհրաժեշտություն չունի, դրանից միայն դասեր պետք է քաղել:
Միքայելը մեզ հետ զրույցում վստահեցնում է՝ իր առաջին քննադատը հենց ինքն է, ապա ծնողները, որոնք մեծ դեր են ունեցել նկարչի կյանքում՝ ստեղծագործական ճանապարհին ամուր կանգնելու համար: Ավագ արվեստակիցների հետ եւս մշտապես կապի մեջ է. նրանցից խորհուրդներ է լսում, հաշվի նստում:
Նկարչի մոտ այսօր էլ ստեղծագործական բուռն շրջան է. ստանում է պատվերներ աշխարհի տարբեր անկյուններից: Նա հպարտությամբ է հիշում 17 երկրում՝ եկեղեցիներում, թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում պահվող աշխատանքները, բայց առանձնացնում է մեկը. հայազգի հանրահայտ ջազ-դաշնակահար, գործարար Ավո Ուվեզյանն իր դիմանկարը հենց Միքայել Հարությունյանին էր վստահել, երբ նա դեռ 16 տարեկան էր: Ավելի ուշ այդ դիմանկարը տպվել էր ամերիկյան «La Cohoba» ամսագրի շապիկին:
«Գույնն ինձ համար ասելիք փոխանցելու միջոց է, ոչ թե կարեւորություն: Մինչ այս ստեղծագործել եմ շատ ժանրերում, աշխատել տարբեր նյութերով»,-նշում է Միքայել Հարությունյանն ու հավելում՝ արվեստը խենթություն է, անկանխատեսելիություններ եւս հնարավոր են:
Իսկ մինչ այդ խենթություններն իրականություն կդառնան, Միքայելը հաջորդ տարի կմեկնի արտասահման՝ կատարելագործելու ի վերուստ տրված այն շնորհը, որ երիտասարդ հեղինակի համար կնախանշի նոր ուղի՝ ծնունդ տալով իր զգայուն ներաշխարհի գեղարվեստական արտահայտություններին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ