Այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 10-11-ը, Բունդեսթագի նիստերի դահլիճում հիշատակի հատուկ արարողությամբ, հեռուստակայանների ուղիղ հեռարձակմամբ, կոգեկոչեն նացիոնալ սոցիալիզմի զոհերին։ Այս տարի առանձնահատուկ անդրադարձ կարվի այն զոհերին, որ նացիների թիրախ դարձան իրենց սեռական կողմնորոշման պատճառով։ 1996 թվականից ի վեր ԳԴՀ- ում հիշատակվում է այս օրը, որ նշանավորում է Աուշվից-Բիրքենաուի (Օսվենցիմի) ճամբարից ռազմագերիների ազատագրումը՝ 1945-ին Կարմիր բանակի զինվորների ջանքով։ Բունդեսթագի ամենամյա այս հուշահանդեսին միշտ ձայն է տրվում հալածյալներին, Հոլոքոսթը վերապրողներին։ Այս եւ հետագա տարիներին պետությունների՝ հիշողությունը կարեւորող այս վերաբերմունքն առավել պահանջված է լինելու, քանզի պատմությունը վերաշարադրելու ախտը վարակիչ է։ Գերմանիայում հրատարակվող հրեական «Յուդիշե ալգեմայնեն» հունվարի 25-ին ծանուցել էր Նիդեռլանդներում 18-40 տարեկանների շրջանում անցկացված հարցման արդյունքը՝ մասնակից ամեն 4-րդ չափահասը կասկածել է Հոլոքոսթի վավերականությանը։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա