Ռուսագիր բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Արծվի Շահբազյանը ծնվել է 1992 թվականին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 2000 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան՝ Սամարա: Դեռահաս տարիքում զբաղվել է սպորտով, դարձել երիտասարդների բռնցքամարտի համառուսաստանյան իններորդ բաց մրցաշարի հաղթող: 2008 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որից հետո հրատարակել է հարյուր հիսուն ստեղծագործություն: Արծվին պատանի հասակում մասնակցել է գրական մրցույթների եւ բազմիցս արժանացել պատվավոր տեղերի: Ավարտել է Սամարայի Նայանովայի անվան պետական մարզային ակադեմիայի փիլիսոփայության բաժինը: Նա մի շարք լրագրողական եւ փիլիսոփայական հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ «Չարի հակադրումը Գ. Վ. Լայբնիցի աշխարհներից լավագույնին», որը ներառվել է ակադեմիայի տարեկան հրատարակության մեջ: 2020 թվականին լույս տեսավ Արծվի Շահբազյանի առաջին վեպը՝ «Ճակատագրի ապոթեոզը»: Արծվին ապրում է Սամարայում, դասավանդում է պատմություն դպրոցում, աշխատում է ժամանակակից արձակի ժանրի երրորդ գրքի վրա:
-Արծվի՛, մեր զրույցը սկսենք պատմավեպի՝ Ումբերտո Էկոյի բնորոշումից, ըստ որի կա այս ժանրի երեք տարատեսակ: Ըստ իս, «Ճակատագրի ապոթեոզը» վերաբերում է Էկոյի երրորդ բնորոշմանը, այն վեպերին, որտեղ պարտադիր չէ ծանոթ պատմական դեմքեր հանդես բերել: Քո վեպի գործողությունները տեղի են ունենում ոչ թե Ռուսաստանում, Հայաստանում կամ քեզ սրտամոտ այլ երկրներում, այլ Գերմանիայում, եւ նույնիսկ 16-րդ դարում, երբ «Ոմն Լյութեր մեծ աղմուկ է բարձրացրել»: Բայց կարելի է ենթադրել, որ պատմությունը քեզ համար ընդամենը ֆոն է, այստեղ կարեւորը մարդու մեջ հավատի զարգացման, մարդու հոգեւոր ինքնագիտակցության հարցերն են:
-Պատասխանելով առաջին հարցին՝ չեմ կարող հարգանքի տուրք չտալ Ումբերտո Էկոյին, որից սովորել եմ ամենադժվարը՝ պատմավեպի բարդ համատեքստում միասնական ոճ պահպանելը: Եթե վերլուծությանը լուրջ վերաբերվենք, «Ճակատագրի ապոթեոզը» վեպում կարող ենք տեսնել պրոֆեսոր Էկոյի երկրորդ բնորոշումը, որտեղ հորինված ինտրիգ է զարգանում կեղծ պատմական մանրամասների ֆոնին, եւ հերոսները գործում են «ըստ համամարդկային դրդապատճառների», ինչպես նաեւ երրորդ բնորոշումը, որտեղ հերոսների գործողությունները կարող էին կատարվել միայն նկարագրված պատմական ժամանակաշրջանում:
Եթե ասեմ, որ դարաշրջանը տվյալ դեպքում կապ չունի, եւ ամենակարեւորը ներքին տարերքն է, որի դեմ պետք է պայքարեն գլխավոր հերոսները, ապա սխալված կլինեմ: Պատմավեպն իր բնույթով իսկ ունի բարդ կառուցվածք, որի մեջ անհրաժեշտ է դիտարկել գրքի հիմնական գաղափար-թեման իր ողջ քաղաքական, սոցիալ-մշակութային եւ կրոնական ամբողջականությամբ: Այնուամենայնիվ, մարդիկ միշտ էլ նույնն են եղել. պայքարել են իրենց թուլությունների, վախերի հետ եւ համառորեն ձգտել են դեպի լույսը:
-Աստվածաշունչը գլխավոր ներշնչանքն է քո առաջնեկ վեպի (որն, ի դեպ, ես կարդացի մի շնչով): Հետագայում, դիմելով ընթերցողին, գրել ես, որ Աստվածաշունչը «բոլոր գրքերից մեծագույնն է, որն իր մեջ տեղավորում է ողջ տիեզերքը» եւ ապա. «Նրա մեջ Ձեզ կհայտնվի Մեկը, որին Աստված են կոչում»: Որպես քրիստոնյա, փիլիսոփա եւ գրող, ի՞նչ անհրաժեշտություն տեսար մեր անհանգիստ ժամանակներում դիմել աստվածաշնչյան իրողություններին:
-Աստվածաշունչը երբեք չի կորցնի իր արդիականությունը, քանի որ աշխարհը մարդկանց համար դեռեւս չի ստեղծել այնպիսի խնդիրներ, որոնց պատասխանը չկա Սուրբ Գրքում: Ցանկացած գիրք, իմ կարծիքով, պետք է օգտակար լինի այն բանի հետ մեկտեղ, ինչն անվանում ենք գեղագիտական հաճույք: Մեր օրերում մարդիկ ավելի ու ավելի են տարվում զվարճանքներով, եւ տարեցտարի ամեն հին բան դադարում է զարմացնել, բայց հավերժական ճշմարտությունները դրանք ծաղրողներից ավելի կապրեն: Անհանգիստ ժամանակները չեն վախեցնում, երբ գիտես, որ Աստված ինքը քո կողքին է:
-Ինչպես ասում է վեպիդ հերոսը. «Երբեմն թվում է, թե մենք՝ քրիստոնյաներս, ավելի շատ տառապում ենք, քան ապրում»: Սա հատկապես ճշմարիտ է մեզ՝ Արեւելքի քրիստոնյաներիս համար, որ այժմ կանգնած ենք նոր մարտահրավերների եւ փորձությունների առաջ: Բայց ես կարծում եմ, որ 21-րդ դարում քրիստոնեությունը պետք է վերագնահատվի ամբողջ աշխարհում: Չի կարելի չհամաձայնել ձեր հերոս Ֆաբիանի խոսքերին. «Մենք կորցրել ենք իսկական հավատը… Մենք տապալեցինք Նրան… Մենք սպանեցինք Նրան, եւ այժմ խաչը կրում ենք մեր վզին՝ մեղքի բեռի տակ ծանրացած»:
-Տառապանքը մեր կյանքի անբաժանելի մասն է, եւ դա չի կարելի հերքել: Նույնիսկ երեխան ծննդի պահին արդեն տառապում է՝ գալով աշխարհ: Հետո, մեծանալով, ճակատի քրտինքով իր մի կտոր հացն է վաստակում: Մի՞թե դա տառապանք չէ: Իսկ հիվանդություննե՞րը: Պատերազմնե՞րը: Միակ տարբերությունն այն է, որ հավատացյալը գիտի, թե ինչու է տառապում: Քրիստոնեությունը պետք է վերագնահատվի, ճիշտ է: Մենք կարող ենք գերժամանակակից մեքենաներ վարել, նորաձեւ հագնվել կամ տեղափոխվել Մարսի վրա ապրելու, բայց պիտի հաշվի առնել, որ հոգին մեզ հետ նույնպես տեղափոխվելու է այնտեղ: Այն նույն կերպ կհուզի եւ կխանգարի սրտերը, ինչպես եղել է նախնական հանրության, միջնադարյան, նոր եւ արդի ժամանակներում: Մարդկությունը չափազանց դժվար ճակատագիր ունի, սակայն շարժում կա միայն երկու ուղղությամբ՝ խավարից լույս կամ հակառակը: Եվ բոլորն ունեն ընտրության հնարավորություն:
-Նկատե՞լ ես, որ այն, ինչ կատարվում է քո հերոսների՝ քրիստոնյա քարոզիչ Էդվին Նեյմանի եւ դաժան հեթանոս Մելվին Գելլերի միջեւ, շատ է հիշեցնում Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատ թագավորի պատմությունը:
-Հայաստանն ունի հին պատմություն: Մեր հոգեւոր նախահայրերը, որպես քրիստոնյա ռահվիրաներ, տանջվել եւ սպանվել են հանուն Քրիստոսի: Հեթանոսական ժամանակների հայության նահատակությունը նման է ծաղկած այգու. այն թե՛ սուրբ Սանդուխտն է, թե՛ Սուքիասը, թե՛ սուրբ կույս Հռիփսիմեն: 301 թվականին Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունումը մեծ նշանակություն ունեցավ, շատ ավելի կարեւոր, քան այն, ինչը նկարագրված է իմ գրքում: Վեպիս հերոսները՝ Էդվին Նոյմանը, Ֆաբիան Սարտոն եւ Մելվին Գելլերը հորինված են, բայց օգնում են տեսնել ապաշխարության երեք տարբեր ճանապարհներ: Այո՛, անկասկա՛ծ, շատ նմանություններ կան Հայաստանում քրիստոնեության ընդունման պատմության եւ հեթանոսական Ֆինսթերվալդե քաղաքի դարձի միջեւ, միայն մասշտաբներն են տարբեր:
-Իսկ ահա Էդվինի եւ Ֆաբիանի զրույցներն ինձ որոշ չափով հիշեցրին Պոնտացի Պիղատոսի եւ Եշուայի զրույցները Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» վեպից: Եվ ընդհանրապես, Աստվածաշնչից բացի ուրիշ ի՞նչն է քեզ ոգեշնչում:
-«Վարպետը եւ Մարգարիտան» վեպը հիացնում է իր բարձրակարգ պատմությամբ: Կարծում եմ, որ Էդվինի եւ Ֆաբիանի խոսակցությունները չունեն սադրելու այն աստիճանը, որ ունի Բուլգակովի վեպը, եւ կարող են անցավ կերպով սերմանվել նույնիսկ ամենապահպանողական քրիստոնյաների մեջ:
Ինձ ոգեշնչում են բազմաթիվ մարդիկ, երեւույթներ, կենսական առարկաներ ու պահեր: Մեկ բանով ոգեշնչվելիս՝ ընտրությանդ պաշարը սուղ է լինում: Աշխարհը հսկայական է, եւ շրջապատող մարդիկ այնքան տարբեր են, որ երբեմն հետաքրքրությունից խենթանում եմ: Մտածելու բան միշտ էլ կա, եւ գրելու բան էլ միշտ կա:
Նախքան գրել սկսելը ես լսում եմ իմաստալից դասական երաժշտություն, միաժամանակ կարդում եմ մի քանի գիրք՝ կլանելով եղած ողջ լավագույնը, խմում եմ թունդ սուրճ, որը գրելու ժամանակ իմ ամենավաղեմի դաշնակիցն է:
-Քո բլոգում գրել էիր, թե վեպիդ մեջ թաքնված են բազմաթիվ ակնարկներ եւ խորհրդանիշներ, որոնք պարզ չեն մակերեսային ընթերցմամբ: Արժե՞ ընդհանրապես վերլուծել խորհրդանիշները: Ասում են, որ նման վերլուծությամբ «սպանվում» է խորհրդանիշը:
-Կուզեի հստակեցնել. իմ ընթերցողներին խորհուրդ չեմ տալիս զինվել նշանագիտական բառարաններով կամ խորանալ բացատրությունների մեջ: Իմ հիմնական նպատակը միայն ակնարկելն էր, որ ես պատասխանատու կերպով եմ մոտենում տեքստեր գրելուն, եւ այն, ինչ առաջին հայացքից սովորական է թվում, կարող է իրական բացահայտում թաքցնել:
-Գրողները պատմական տերմինները չեն բացատրում: Ինչո՞ւ հարկ համարեցիր տողատակերում բացատրել, թե ինչ է, ասենք, կամզոլը, մարկիզը կամ դրակկարը:
-Առաջինը, որ ուզում եմ ասել, այն է, որ ընդհանրապես պարտադիր չէ պահպանել ընդհանուր կանոնները, այլապես կկորչես ամբոխի մեջ: Մենք՝ գրողներս նույնպես, նախ եւ առաջ փորձառու ընթերցողներ ենք եւ գիտենք, թե ինչը կարող է խանգարել հարմարավետ ընթերցանությանը: Պատմական վեպեր կարդում են ոչ միայն բարդ տերմինաբանությանը քաջատեղյակ պատմության գիտակները, այլեւ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Համաձայնե՛ք, ճարտարագետը, երաժիշտը կամ, ասենք, հրուշակագործը, որն ընդմիջումներին սուրճ է խմում եւ կարդում է գովված մի պատմավեպ, ժամանակ չի վատնի՝ բառարանում անհասկանալի բառերի իմաստը փնտրելու համար: Ուրեմն ինչո՞ւ չհեշտացնել ընթերցողի կյանքը: Ծանոթագրությունը բարեհաճ ուղեցույց է, որը մեզ ուղեկցում է գրքի էջերում:
-Քո վեպի հերոսն ասում է. «Մանկությունն անսահման հնարավորություններ է տալիս, եւ նրա ընթացքը պայմանավորում է այն, թե ապագայում ինչպես կհամակերպվես ճակատագրիդ հետ»: Իսկ ինչպիսի՞ն է եղել քո մանկությունը:
-Մինչեւ 2000 թվականը ապրել եմ Հայաստանում՝ Կիրովականում: Այնտեղ մենք ունենք մեծ պապենական տուն՝ բաժանված երեք մասի, որտեղ երեք ընտանիք էր ապրում: Գերդաստանի մեծերը երեք եղբայրներ էին՝ Համլետը, Ժորան եւ Հրայրը՝ հայրս: Տունը կառուցվել է քարքարոտ լանջին, իսկ շինարարությունը սկսել է պապս: Ես այդ տանն ապրել եմ մինչեւ յոթ տարեկանս: Մենք ունեինք մեծ բակ, որտեղ ես, իմ ավագ եղբայրներն ու ընկերները շատ ժամանակ էինք անցկացնում: Բակի խորքից դեպի բալի այգին մի թեք սանդուղք կար, իսկ դրա կողքին հաստաբուն ծիրանենի էր բարձրանում ժայռի միջից: Պտուղները կախված էին ուղիղ բակի վրա, տաղավարի կողքին, եւ հեշտությամբ կարողանում էինք քաղել դրանք: Իմ հայաստանյան մանկությունը հիշում եմ որպես դրախտ, հավանաբար այն պատճառով, որ մեծահասակների խնդիրներն ինձ դեռ լրիվ անհայտ էին: Հիմա գիտեմ, որ դրանք հետպատերազմյան սոված տարիներն էին: Դրանից միայն մի մանրամասն եմ հիշում՝ ինձ թույլ չէին տալիս հացը ձեռքիս դուրս գալ փողոց, որպեսզի վրաս չսեւեռեմ հարեւան վտիտ երեխաների հայացքները:
Հետո մենք տեղափոխվեցինք Ռուսաստան, որտեղ ես գնացի առաջին դասարան: Մի քանի ամիս անց ընտելացա ռուսական մտածելակերպին, ձեռք բերեցի ընկերներ ու մանկությունս նույնքան հետաքրքիր անցկացրեցի նոր միջավայրում:
-Երբեւէ ցանկացե՞լ ես վեպ գրել Հայաստանի մասին: Կարծում եմ, հայ լինելու մասին փիլիսոփայական ընդհանրացումներն ու մեկնաբանությունները, սկսած Մովսես Խորենացուց, միշտ արդիական են:
-Ես կգրեմ մի մեծ, լավ գիրք Հայաստանի մասին: Ամենայն հավանականությամբ, դա կլինի իմ ծերության ժամանակ, երբ, թերեւս, կկարողանամ թափանցել, զգալ իմ ծագման բնույթը, անձամբ հասկանալ եւ գոնե մի փոքր հատիկ փոխանցել այն արժեքից ու գեղեցկությունից, որ կրում է հայի հոգին: Հիմա ես դեռ շատ երիտասարդ եմ եւ ոչ բավականաչափ տեղյակ, որ գրական ճանապարհիս սկզբում նման պատասխանատվություն ստանձնեմ:
-Վեպիդ վերջաբանում գրքերը դու անվանում ես «զարմանալի մարդիկ»: Իսկ հերոսիդ մասին գրել ես. «Դեռ վաղուցվանից նրան ոչինչ այնքան չէր գոհացնում, որքան այն զրուցակիցը, որից սովորելու եւ օգտվելու շատ բան կա»: Քո գիրքն ինձ համար եղավ այնպիսի զրուցակից, որին իսկապես կարելի է լավագույն մարդ անվանել: Մաղթում եմ, որ հնարավորինս շատ զարմանալի մարդկային գրքեր բացահայտես քո եւ ընթերցողների համար:
-Լավ գրքերը դառնում են մեր իսկական ընկերները, մենք կարող ենք խորհուրդների համար դիմել նրանց, կարող ենք հույս դնել նրանց վրա՝ կյանքի դժվարին պահերին: Նրանք չեն կարող փոխարինել մարդկանց, բայց գրքերի օգնությամբ կարող ենք վստահ լինել, որ մարդկային գիտելիքների, փորձի ու իմաստության հարուստ ժառանգությունը կփոխանցվի հաջորդ սերունդներին: Այսպիսով, մենք կարող ենք պահպանել այն հավատը, որ մեր երեխաները կշրջանցեն գայթակղության ուղիները եւ անտրտունջ կքայլեն դժվարին, փշոտ, բայց վստահ ճանապարհով:
Շնորհակալությո՛ւն այս հետաքրքրական հարցերի համար: Դրանցից շատերն ինձ հաճելիորեն զարմացրին: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ շուտով լույս կտեսնի նոր գիրքս, որի իրադարձությունները ծավալվում են ժամանակակից Իտալիայում: Լիահույս եմ, որ այս վեպը կգրավի շատ ընթերցողների սրտեր: Բոլորին ամուր գրկում եմ եւ թրթռուն սիրով ջերմ ողջույններս եմ փոխանցում իմ արեւոտ Հայաստանին…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ