Ռուսական զորքերը փետրվարի 24-ին. Մոսկվայի ժամանակով 06-ին Ուկրաինան զինաթափելու եւ նոր նացիստներից մաքրելու Վլադիմիր Պուտինի առաջադրանքով ներխուժեցին ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության տարածք, ոտնահարելով նրա անկախությունը: ՌԴ նախագահը միաժամանակ կոչ էր արել ուկրաինական բանակին տապալելու նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ հայտարարել էր, որ 72 ժամում, այսինքն 3 օրում կգրավեն ամբողջ Ուկրաինան, ներառյալ Կիեւը:
Մինչ Պուտինը նման հայտարություն էր անում, ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրներն էլ անվտանգության նկատառումներով Լեհաստան ապաստանելու, դիմադրությունն այնտեղից ղեկավարելու առաջարկով դիմում էին Ուկրաինայի նախագահին: Բայց Զելենսկին մնաց Կիեւում, ինչ վերաբերում է Ռուսաստանի 200 հազարանոց բանակին, ապա նա ոչ միայն չկարողացավ կատարել Պուտինի սահմանած «3 օրվա» առաջաղրանքը, այլեւ մարտի 30-ին, պատերազմի 28-րդ օրը, ստիպված հեռացավ Իրպենից, Չերնիլից նաեւ Բուչայի պես Կիեւի մյուս արվարձաններից, թողնելով հետեւում տասնյակ զրահամեքենաներ, տանկեր եւ սպանված հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
Ռուսական բանակի հեռացումը, միջազգային բազմաթիվ դիտորդներ պայմանավուրում էին զորքերը համալրելու եւ ուժերը վերադասավորելու Մոսկվայի նկատառումներով: Հիմա արդեն դիտորդները խոսում են, որ Կրեմլն արժանապատիվ նահանջի ուղիներ է որոնում եւ մտածում բոլոր ուժերը Դոնբասում կետրոնացնելու մասին: Ինչպես երեւում է Ուկրաինայի համառ դիմադրությունն անակնկալի է բերել նախագահ Պուտինին, հավանաբար դա անսպասելի էր նաեւ ՆԱՏՕ-ի երկրների համար, որ նրանք Զելենսկուն Կիեւից հեռանալու եւ դիմադրությունը Լեհաստանից ղեկավարելու առաջարկ էին արել: Կիեւի մատույցներում ռուսական բանակի անհաջողությունը, ըստ երեւույթին ոգեւորել է եվրոպական երկրներին, որ Չեխիան գնացքով Ուկրաինա է ուղարկել մեծ թվով տանկեր եւ զրահամեքենաներ, ուղարկելու պատրաստակամություն են հայտնել Իսպանիան եւ Կանադան:
Այս ամենը հավանաբար ավելի կհիասթափեցնի Պուտինին: Որքան էլ տարօրինակ թվա, հետզհետե հիասթափվում է նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը: Մինչդեռ նա, ելնելով ռուսական եւ ուկրաինական կողմերի հետ ունեցած երկխոսության համգամանքից, հանդես է եկել միջնորդական առաքելությամբ, օրումեջ հեռաձայնում է Պուտինին ու Զելենսկուն, որպեսզի Ստամբուլում կազմակերպի նրանց հանդիպումը: Նա հույս ունի, որ շնորհիվ այդ հանդիպման կբարելավի Թուրքիայի վարկանիշը Եվրոպական Միությունում ու ԱՄՆ-ում, դա վերջիններիս կիրառած պատժամիջոցները մեղմելու հնարավորություն կտա, այս ամենի հետ մեկտեղ ռուս օլիգարխներին ներգրավելու միջոցով կհամալրի օտարերկրյա ներդնողների խիստ նոսրացած շարքերը երկրում:
Հարկ է սակայն նշել, որ Պուտին- Զելենսկի հանդիպումը կազմակերպելու համար պետք է որոշակի արդյունք ապավովեին երկու երկների պատվիրակությունների Անթալիայում եւ Ստամբուլում ծավալված բանակցությունները, առավել եւս Թուրքիան ընդգրկված լիներ որոշումների կայացման մեխանիզմում:
Համենայն դեպս, «Haber Turk»-ի թղթակցուհի Սենա Ալքանը ապրիլի 5-ին հարցազրույց է վերցրել Զելենսկուց: Հարցերը հետաքրքրական են, իսկ պատասխանները՝ հաշվենկատ, ուստի հարցազրույցը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Ռուսաստանին դուրս ենք շպրտել Կիեւից»
-Նախ շնորհակալ են ձեզ, որովհետեւ Կիեւ այցելողները իսկական հերոսներ են: Մեր բանակը դրսեւորեց իր իսկական կարողությունները: Ռուսական ուժերին հետ շպրտեցինք Կիեւի շրջանից: Ռուսները փորձեցին գրավել ողջ Ուկրաինան: Սակայն, չկարողացան նույնիսկ Կիեւ մտնել: Քաղաքը ենթարկվեց ռմբակոծությունների, բայց մենք նրանց թույլ չտվեցինք մուտք գործել մայրաքաղաք: Կիեւի շրջանը մաքրվել է ռուսական ուժերից: Մեր բանակը վերին աստիճանի հզոր է: Բայց ռուսները, թերեւս, շարունակելու են պայքարը Դոնբասի համար:
«Թուրքիան կարեւոր դեր է խաղում»
-Մենք ձգտում ենք օգտագործել բոլոր առիթները: Մեր նպատակը երկխոսություն հաստատելն է: Առանց դրա անհնար է կասեցնել պատերազմը: Աշխարհում կան բազմաթիվ առաջնորդներ, որոնք միջնորդելու պատրաստակամություն են հայտնում: Թուրքիան եւ նրա նախագահը նրանցից մեկն է: Տեսնում ենք, որ Թուրքիան օգնում է մեզ: Ներկա պահին աշխատում ենք վիրավորներին Մարիոպոլից դուրս բերել: Թուրքիան այստեղ կարեւոր դերակատարում ունի, թուրքական նավերն օգտագործվում են այդ նպատակով: Անհրաժեշտ է, որ շարունակենք բանակցությունները, փրկելու համար մեր քաղաքացիների կյանքը:
«Վստահում ենք Թուրքիայի ղեկավարությանը»
-Պետք է ասեմ, որ տարբեր երկներ Ուկրաինային առաջարկել են լինել անվտագության երաշխավորը: Նրանց հետ դեռեւս հանդիպում չենք կազմակերպել: Այդ երկրներից են ԱՄՆ-ը, Անգլիան. Թուրքիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Իսրայելը: Նրանք պատրաստ են ստանձնել երաշխավորի դերը: Հանդիպումներում քննարկելու ենք դրա մանրամասները, ապա անցնելու ենք բանակցությունների Ռուսաստանի հետ: Մենք վստահում ենք Թուրքիայի լիարժեք աջակցությանը:
«Ռուսաստանի հետ նստելու ենք բանակցությունների սեղանին»
-Եթե Թուրքիան նույն վիճակում լիներ, ինչ Ուկրաինան, ապա մենք էլ նրան կօգնեինք: Բայց մենք ժամանակ չունենք, այդ հանդիպումները շուտափույթ պետք է սկսել: Պատերազմի մեջ ենք եւ մեր մարդիկ մեռնում են: Հարցի լուծումը իրականում պարզ է, գոյություն ունի Բուխարեստի հռչակագիրը: Եթե այնտեղ պատիժ սահմանվեր այլ երկրի անվտանգությունը խախտող պետության նկատմամբ, որն ոտնահարում նաեւ վերջինի տարածքային ամբողջականությունը, ապա տվյալ պետությունը զերծ կմնար ագրեսիայից:
«Մտադիր չենք զիջել Ղրիմը»
-Մենք երկխոսության կարիքն ունենք, այդ թվում Ղրիմի հարցով: 2014-ին, երբ ռուսական զորքերը գրավեցին Ղրիմը, նրանք ասացին, որ այդ հարցը բանակցությունների առարկա չէ, այդ թվում միջազգային պլատֆորմերում: Մենք հարցն ուզում ենք երխոսության միջոցով լուծել եւ հետքայլ կատարելու մտադրություն չունենք: Ղրիմն ուկրաինական տարածք է միջազգայնորեն ճանաչված»:
Վերջում «Haber Turk»-ի թղթակցուհի Սենա Ալքանը նշում է, որ Զելենսկին չափազանց հոգնած տեսք ուներ եւ ինքը նրան ծերացած է տեսել:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ