Նոյեմբերի 27 -ին Փարիզի սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցու «Նուրհան Ֆրենկյան» սրահում տեղի ունեցավ շնորհալի նկարչուհի Ամալի Գալստյանի ԱՐՑԱԽ խորագիրը կրող ցուցահանդեսը:
Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը ողջունելով այս նախաձեռնությունը, այն համարեց շատ կարեւոր իրադարձություն:
Իր խոսքում, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Սարո Մարտիրյանը կարեւոր համարեց, որ այս նկարները ֆրանսիացիները տեսնեն, եւ պետք է ջանք թափել, որպեսզի ցուցադրվեն Փարիզի Լյուքսենբուրգյան այգում եւ այլ տեսարժան վայրերում:
Ամալի Գալստյանն ասաց, որ «ԱՐՑԱԽ» նկարների շարքով նպատակ ունի պատկերավոր կերպով ներկայացնել այս չափազանց հարուստ ժառանգության մի մասը եւ այդ յուրահատուկ ճարտարապետությունը ճանաչելի դարձնել ուրիշներին:
Թուրք-ադրբեջանական ագրեսիվ գործողությունները հայ ժողովրդի դեմ՝ Ամալի Գալստյանին մղեցին աշխարհի ուշադրությանը ներկայացնել մի ամբողջ ժողովրդի փաստացի գոյությանը եւ մշակութային ժառանգության ոչնչացման վտանգը:
Տարիներ ի վեր, հայկական կոթողների ոչնչացումը եղել է թուրք – ադրբեջանական հայատյաց քաղաքականություն: 44-օրյա Արցախի պատերազմը, որն ավարտվեց Շուշիի, Հադրութի, Մարտունու շրջանի մի շարք գյուղերի բռնազավթումով, առաջնահերթ ծրագիրը Արցախի տարածքում հայկական հետքերը վերացնելն է:
Միջազգային հանրությունն անտարբեր է հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենօրյա բարբարոսություններին, որը համահունչ է Նախիջեւանում տեղի ունեցած շարունակական մշակութային ցեղասպանությանը, Ջուղայի գերեզմանատան ամբողջական ավերմանը:
Այս սարսափելի արարքները յուրաքանչյուր հայի համար դառը հիշողություն է:
Որպես հայ արվեստագետ` Ամալիի նպատակն է այս ցուցահանդեսով աշխարհի ուշադրությունը հրավիրել այն սպառնալիքի վրա, որին հայ ժողովուրդը բախվում է ամեն օր:
Ամալի Գալստյանի ԱՐՑԱԽ խորագիրը կրող ԱՇԽԱՐՀԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒՌ ՄՆԱԼ, ԿԱՆԳՆԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ կարգախոսը ուղերձ է, որպեսզի ծրագրված` հայկական մշակութային կոթողների ոչնչացմանը, Արցախում հայկական հետքը վերացնելու Ադրբեջանի քաղաքականությանը՝ վե՛րջ տրվի՛:
ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ