Երեւանից եգիպտական Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա ծովափնյա քաղաքներ օրական երեք չվերթ կա՝ հայկական եւ եգիպտական ավիաընկերությունների թռիչքներ: Եւ օդանավերը միշտ լեփ-լեցուն են: Հայաստանցիներն ու արցախցիներն ընտանիքներով մեկնում են մի քիչ հանգստանալու՝ հինգ օրով, մեկ շաբաթով, տաս օրով… (Հետո էլ ախուվախ ենք անում մեր ժողովրդի սոցիալական վիճակի համար…):
Միայն ես էի, որ առանձնացա երեւանյան թռիչքի ուղեւորներից ու Շարմ էլ Շեյխից ճանապարհս շարունակեցի Կահիրե՝ տեղի հայության (Հայկական Ընթերցասրահի) հրավերով մասնակցելու մշակութային մի ձեռնարկի…
16 տարի անց
Եգիպտոսում եղել էի 16 տարի առաջ (այդ թվականի եգիպտական ուղեգրությունս տես՝ «Ազգ», 2006, ապրիլի 15): Անցած տարիների ընթացքում շատ ջրեր են հոսել երկրում՝ կառավարությունների փոփոխություններ եւ ռազմական հեղաշրջում, նոր սահմանադրություն, դրա կասեցում ու հիմա էլ մեկ ուրիշի ընդունում, նոր մայրաքաղաք կառուցելու նախագծեր եւ այլն, եւ այլն… Բայց ինչպիսին էլ լինի քաղաքական իրավիճակը՝ Եգիպտոսը շարունակում է մնալ զբոսաշրջության համաշխարհային կենտրոններից մեկը՝ տարեկան միլիարդավոր դոլարների եկամուտ ապահովելով երկրին:
Այս անգամ Կահիրեն ինձ թվաց նվազ իսլամական, ավելի համաշխարհայնացված, որտեղ շատացել են լատինատառ ազդագրերը, սուշիտորիաները, իտալական պաղպաղակի կետերը, իսկ ճաշարաններում ավելի շատ հնչում է արեւմտյան երաժշտություն… Մյուս կողմից, սակայն, նույնն են մնացել փողոցային անկանոն, վտանգաշատ երթեւեկն ու փողոցների անբարեկարգությունը (մեղմ ասած)…
«Բեյրութ» հյուրանոցը, որտեղ մնացի, Հելիոպոլիսում է՝ քաղաքի երբեմնի հայաշատ արվարձանում, հայկական կենտրոններին շատ մոտ: Հյուրընկալ բարեկամներս՝ «Ջահակիր» շաբաթաթերթի խմբագիր-տնօրեն Մարտիրոս Պալայանը եւ դաշնակահար, երաժշտագետ, բանասեր, հրապարակախոս Հայկ Ավագյանը, ջանք չեն խնայում, որ Կահիրեում իմ կեցության յուրաքանչյուր վայրկյանն անցնի հագեցած, հետաքրքրական, արդյունավետ՝ նախապես ծրագրելով մի շարք հանդիպումներ եւ այցելություններ…
Արխիվային հոգսեր
Հսկայական է Կահիրեն, եւ մեկ օրվա մեջ երկուսից ավելի տեղ հնարավոր չէ գնալ…
Ժամանումիս հաջորդ օրն իսկ այցելում ենք Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաքելական եկեղեցին եւ Առաջնորդարանը, որտեղ 2006-ին հանդես էի եկել բանախոսությամբ: Հաճելի է տարիներ անց կրկին լինել այստեղ՝ այս անգամ բացահայտելով այլ վայրեր, առաջին հերթին՝ Առաջնորդարանի գրադարանը: Այստեղ մեզ սիրալիր դիմավորում է գրադարանի պատասխանատուն՝ ծնունդով երեւանցի, իր գործի խանդավառ Շաքե Մարգարյան Արթինյանը: Զրուցում ենք վաղեմի ծանոթների պես: Հետաքրքրվում եմ մասնավորապես գրադարանի հնատիպերի հավաքածուով: Բոլորս համաձայն ենք, որ անհրաժեշտ է հայ հնատիպ գրքի մի լավ մասնագետի ներգրավումը գրադարանի մշակման գործին. չի բացառվում, որ հայ գրքի պատմությանն անծանոթ որևէ նմուշ պահպանվում է միմիայն ա՛յդ գրադարանում…
Մեզ թույլատրում են աչքի անցկացնել նաեւ Առաջնորդարանի արխիվը: Գետնահարկում, հսկայական տարածության վրա մեծ քանակությամբ տպագիր նյութեր են, այդ թվում՝ հայ մամուլի եզակի նմուշներ, որոնց օրինակներ չկան անգամ Հայաստանի Ազգային գրադարանում: Հրամայական է դրանց թվայնացման խնդիրը: Եվ հրաշալի է, որ Հայաստանի Ազգային արխիվի երկու աշխատակից անցած տարիներին գործուղվել եւ որոշ չափով կարգի են բերել Առաջնորդարանի արխիվը: Սակայն տակավին անելիք շատ կա, նախ եւ առաջ՝ հասկը որոմից զտելու աշխատանք: Քիչ թե շատ գրոց-բրոց անձանց ժառանգները տանը եղած հայալեզու գրականությունը, նաեւ՝ մամուլ եւ նկարներ, մեծ մասամբ բերում-հանձնում են Առաջնորդարանին՝ առ ի չգոյություն հայերեն ընթերցողների…
Բալետային Եգիպտոս
Նույն օրը Կահիրեի օպերայի եւ բալետի թատրոնում վերջապես հանդիպեցինք Դիմագրքից վաղուց ինձ ծանոթ պարուհի Մարիամ Կարապետյանին: Ծնունդով գյումրեցի Մարիամն այսօր Կահիրեի բալետի խմբի առաջին մենապարուհին է: Դե իհա՛րկե, ամեն ինչում առաջինը պիտի լինենք, եւ այսօր Կլեոպատրայի երկրում Եգիպտոսի լեգենդար թագուհու մասին բալետում նրան մարմնավորողը պիտի լինի հայ պարուհին… Կահիրեի պայծառ երկնքի տակ ծավալվող մեր զրույցում տողանցում են հայ պարարվեստի մեր ընդհանուր ծանոթների անունները: Մարիամն ինձ տանում է իրենց թատրոն, դիտում ենք մշտական ցուցադրությունը՝ պատմական բեմական զգեստներ եւ լուսանկարներ: Մարիամը չի թաքցնում ուրախությունը, որ իր աշխատավայրում խոսում, պատմում է մայրենի լեզվով: Ներկա ենք լինում բալետի խմբի փորձին, վարողն ուկրաինացի մի պարուհի է, որն աշխատել է, ոչ ավել, ոչ պակաս, Մայա Պլիսեցկայայի հետ եւ Մոսկվայում աշխատել Մաքսիմ Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Խմբում կան ճապոնացիներ, լատինամերիկացիներ, սերբեր, ինչպես նաեւ տեղացիներ՝ քրիստոնյա թե մահմեդական: Նրանցից շատերը տիրապետում են ռուսերենին՝ ուսանած եւ աշխատած լինելով ռուսախոս պարուսույցների հետ: «Ինձ էլ երկար ժամանակ ռուսի տեղ էին դնում»,- ծիծաղելով ասում է Մարիամը:
Այս մթնոլորտում մոռանում եմ, որ արաբական աշխարհում եմ, Եգիպտոսում, վերջիվերջո՝ Աֆրիկայում…
Հերթագայող քաղաքակրթություններ
Երրորդ օրն է. անհնար է կրկին չմեկնել Գիզա՝ այցելելու հավերժական բուրգերին: Մեկուկես ժամ է տեւում, մինչեւ մեր հմուտ վարորդը՝ Վրեժ Չիլինկիրյանը, խճողումների միջով մեզ բարեհաջող հասցնում է այդ խորհրդավոր կառույցներին: Ուղտերի, ձիերի եւ ավանակների խմբերը ծուլորեն սպասում են իրենց հեծնող եւ լուսանկարվող զբոսաշրջիկների: Այս անգամ այդ կենդանիների տերերը նվազ «կպռշկվող» են: Կամ գուցե ես այս անգամ բավականաչափ զբոսաշրջիկի պես չեմ հագնված… Հիանալի է տեսնել եգիպտացի համազգեստավոր դպրոցականների, որոնք մեծ խմբերով գալիս են երկրագնդի այս զարմանահրաշ վայրը…
Կպարզվի՞ մի օր բուրգերի ու սֆինքսի առեղծվածը: Ի վերջո, ինչպե՞ս են կառուցվել եւ ի՞նչ նպատակով: Թե՞ ավելի լավ է այդպես էլ մնան՝ չբացահայտված, անիմանալի, ինչ-որ իմաստով՝ ահարկու…
Եգիպտական հողը տակավին շատ գաղտնիքներ է պարունակում: Բացվում են նորանոր թանգարաններ, բայց հնագիտական նյութն անսպառ է՝ այդ բոլորն ի ցույց դնելու համար… Այցելեցինք Եգիպտոսի քաղաքակրթությունների նորաբաց թանգարանը, հսկայական մի կառույց, որտեղ ներկայացված են Եգիպտոսում հերթագայած տարբեր քաղաքակրթությունները՝ փարավոնական, ղպտիական, արաբական, օսմանյան… Գետնահարկում ցուցադրվում են փարավոն-փարավոնուհիների՝ ամենից լավ պահպանված մի շարք մումիաները: Միշտ մտածել եմ, թե որքանո՞վ է ճիշտ ցուցափեղկի տակ աշխարհին ներկայացնել մնացորդացը մի ժամանակ շնչած, քայլած, սիրած, ծիծաղած մարդ արարածի (թեկուզ նա լինի ամենազոր փարավոն)….
Կահիրե այցելողի համար պարտադիր ծրագիր է Նեղոսի վրա գիշերային նավի զբոսանքը, ինչն անցյալ անգամ ինձ չէր վիճակվել վայելել: Իսկ դա արժեր, որքան էլ որ ամեն ինչ չափազանց զբոսաշրջային էր, չափազանց «սնդուսափայլ»: Որքան էլ դա քո ոճը չէ՝ ամեն դեպքում հաճելի է հոգեկից բարեկամներիդ հետ սահել լայնահուն Նեղոսի ջրերի ցոլցլանքի մեջ, վայելել համեղ ընթրիք, դիտել արեւելյան պարուհիների ու պտտվող դերվիշի պարերը… ու փորձել առժամանակ վերանալ մեր դժվարին ժամանակի տագնապներից…
Հին եւ նոր ծանոթներ
Դիմագրքային կապից հետո առաջին անգամ հանդիպեցի եգիպտացի երիտասարդ արձակագիր Ահմեդ Մագդի Համմամին (նրա հետ իմ հարցազրույցը տես «Ազգ», 2021, դեկտեմբերի 10), Հայոց ցեղասպանությանը եւ եգիպտահայությանը վերաբերող «Կազմակերպված մահ» վեպի հեղինակին: Վերջերս այս գիրքն արժանացել է գրական մրցանակի. մաղթենք, որ 39-ամյա գրողի հայապատում վեպը թարգմանվի տարբեր լեզուներով ու նաեւ մուտք գործի կինոաշխարհ…
Շատ կարճ եղավ հանդիպումս Վարդ Ալեքսանյանի՝ 2006-ի իմ այցելության նախաձեռնողի եւ հովանավորի հետ: 92 տարին բոլորած այս խոշոր գործարարը, շնորհիվ առողջ ապրելակերպի, արտաքնապես գրեթե չէր փոխվել եւ ավելի էր նմանվել հին եգիպտական քրմի: Հաճույքով վերհիշեց 2005-ի վենետիկյան հայագիտական դասընթացը, որտեղ 75-ամյա պարոն Վարդը, հանձին ինձ, ուներ 34-ամյա դասախոս: «Ես ուսուցիչներուն աւելի կը յարգեմ, քան նոյնիսկ բժիշկներուն»,- ասաց նա եւ հուզվեց…
Նմանապես Վենետիկից գիտեմ մայր եւ դուստր Արաքսի եւ Արփի Խաչերյաններին, որոնց տանը հյուրընկալվելու ուրախությունն ունեցա՝ վերհիշելով իրենց արդեն տասնամյա վաղեմության դասընթացի ուսուցիչներին եւ ուսանողներին: Հաճելի էր ծանոթությունն Արփիի շատ համակրելի ղպտի ամուսնու՝ Ջորջ Հաբաշի հետ: Նրանց երկու մանկահասակ որդիները՝ Մայքլը եւ Արմենը, արդեն խոսում են երեք լեզվով՝ հայերեն, արաբերեն եւ անգլերեն: Մայքլը տեղեկացրեց, որ սովորում է Մերճանյան մանկապարտեզում եւ որ իրենց խմբի հայերեն չիմացող մի երեխայի սովորեցնում է խոսել մայրենի լեզվով: Այո՛, եգիպտահայ նոսրացած գաղութում նույնպես հայախոսությունը ետընթաց է ապրում. պարզվեց, որ մանկապարտեզի սաների մեծ մասն արդեն խառնամուսնությունների ծնունդ է: Բնական է, ա՛յս է Սփյուռքը…
Երեկոյին ներկա են Արփիի եւ Ջորջի ընկերները՝ տեղացիներ եւ դրսեցիներ: Եգիպտացի երիտասարդները ոգեւորվում են՝ իմանալով, որ հաջորդ օրը հանդիպելու եմ եգիպտական երգարվեստի, կինոյի ու հեռատեսիլի առաջնակարգ աստղերից Անուշքայի հետ: Հինգշաբթի օրը «Հիլթոն» հյուրանոցում հարցազրույց եմ վարում Վարդանուշ Չատըրճյանի, նույն ինքը՝ Անուշքայի հետ: Նրա լայն ժողովրդականության վկայությունն են անցնող-դարձողների հայացքները՝ ուղղված իր տարիքից անհամեմատ երիտասարդ երեւացող գեղեցկուհուն: Եգիպտական շոու-բիզնեսում հաջողությունների հասած Անուշքան հիշում է իր հայ ուսուցիչներին, իր այցելությունները Հայաստան եւ հույս հայտնում նորից հանդես գալ հայկական երգերի կատարումներով…
Կահիրեում հաճելի հանդիպում էր սպասվում վաղեմի ծանոթիս՝ ամերիկյան թատրոնի եւ կինոյի դերասան, անգլիագիր եւ ֆրանսագիր գրող ու նկարիչ Էդվին Ժերար Համամճյանի հետ (նրա հետ իմ հարցազրույցը տե՛ս «Ազգ», 2018, սեպտեմբերի 21), որին հանդիպել էի Հայաստանում: Թոշակի անցնելուց հետո Էդվինը հաստատվել է ծնողների ծննդավայր Կահիրեում՝ վարելով խաղաղ ստեղծագործական կյանք: Հայկ Ավագյանը հրատարակել է նրա կյանքը եւ ստեղծագործությունը ներկայացնող երկու գրքույկ՝ հայերեն եւ անգլերեն, մի գրքույկ էլ՝ նրա տատիկի՝ եգիպտաբնակ երգչուհի-դերասանուհի Վալենտինա Ամիրայանի մասին: Ծանոթանում եմ Էդվինի որդու՝ ավստրիաբնակ Սեւան Ժերարի հետ, հաղթանդամ, խիստ համակրելի մի երիտասարդ տղամարդ: Գերմանուհի մորից ծնված եւ Փարիզում ու Կալիֆոռնիայում մեծացած, ամենեւին հայի չնմանվող Սեւանը հաճելի զարմանք պատճառեց՝ ասելով «Ես քիչ մը կը խօսիմ հայերէն»՝ հաճախած լինելով հայկական մանկապարտեզ: Իսկ տունդարձիցս հետո Հայաստանում երբեւէ չեղած Սեւանը գրեց ինձ. «Ես ամեն օր մտածում եմ Հայաստանի խաղաղության մասին եւ հուսով եմ, որ մենք դուրս կգանք այս դժվարին ժամանակներից եւ լարվածությունից»: Ամե՛ն…
Այդ օրերին Կահիրեի միջազգային կինոփառատոնն էր, որի ընթացքում, ծննդյան 80-ամյակի առթիվ կինոյում ունեցած նվաճումների համար մեծարվեց ու պարգեւատրվեց եգիպտական կինոյի աստղ Լեբլեբան (Նինոչկա Քյուբելյան), որը կինոէկրանին է 70 տարուց ավելի:
Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ընդգրկված է նաեւ երիտասարդ եգիպտահայ կինոբեմադրիչ Դեսիլ (Տեսիլ) Մխտիկյանի առաջին ֆիլմը: Եգիպտական կինոն, սկսած 1930-ականներից, ունեցել է բազմաթիվ հայազգի գործիչներ, սակայն առաջին անգամ ենք ունենում կինոբեմադրիչ: Դիտում ենք Մխտիկյանի ֆիլմը՝ «Սատանայի գործից» վերնագրով, հերոսները եգիպտահայեր են, հնչում է արեւմտահայերենը: Հերոսուհին (որի դերակատարը բեմադրիչն ինքն է) ծրագրում է կազմակերպել Եգիպտոսի առաջին հայ լուսանկարիչների ցուցահանդեսը… Սփյուռքահայ սերունդների բախման, նոր սերնդի ինքնության հարցերը նրբորեն շոշափող մի անհավակնոտ կինոաշխատանք, որն անուղղակիորեն հիշեցնում է նաև 1915 թվականի եւ Եգիպտոսի լուսանկարչության պատմության մեջ հայերի դերի մասին…
Բուն միջոցառումը
Նոյեմբերի 19-ին Գալուստյան-Նուպարյան վարժարանի Պըլըգտանյան սրահում տեղի ունեցավ մշակութային երեկույթ, որին հրավիրված էի որպես պատվո հյուր: Հայկ Ավագյանը ներկայացրեց ինձ եւ «Ջահակրի» մատենաշարի այս տարվա հատորները: Վերջին՝ 51-րդ հատորն իմ եւ Հայկի աշխատասիրությամբ իրականացված «Վահագնի ծնունդը աշխարհի 50 լեզուներով» բազմալեզու ժողովածուն է, որը ներկայացրի ես: Եվ քանի որ 2021-2022 թվականներին «Ջահակիր» պարբերականի հիմնած մատենաշարով լույս են տեսել եգիպտական կինոյի դերասաններին եւ պարուհիներին ներկայացնող հատորներ (մեկը՝ արաբերեն), իմ երկրորդ ելույթը վերաբերում էր եգիպտահայ համայնքում կինոգործի սկզբնավորման թեմային: Մասնավորապես անդրադարձա 1912-ին Վահան Զարդարյանի եւ 1930-ականներին Խաչիկ Սանտալճյանի հայկական շարժանկարներ ստեղծելու փորձերին: Միջոցառման վերջում ներկայացվեց Հայկ Ավագյանի մոնտաժած «Եգիպտոսի սինեմայի հայ դերասանները» տեսագրությունը, որտեղ ժամանակագրական կարգով ներկայացված են հատվածներ եգիպտական մի շարք ֆիլմերից, որոնցում երեւում են տասնյակ հայ դերասան-դերասանուհիներ եւ պարուհիներ…
Դահլիճում կազմակերպված էր Էդվին Ժերարի՝ եգիպտական բնանկարներ պատկերող գեղանկարների ցուցահանդես-վաճառքը. ցավոք, չգնվեց ոչ մի աշխատանք: Է՜ր երբեմն, երբ եգիպտահայերն ունեւոր էին եւ խիստ գեղարվեստասեր…
Կազմակերպիչները հույս չունեին, թե մեծ թվով հանդիսականներ ներկա կլինեն երեկոյին, սակայն 50-ից ավելի մարդ էր հավաքվել, ինչը լավ է 2000-անոց համայնքի համար… Ուրախալի էր տեսնել Եգիպտոսում ՀՀ դեսպանի կնոջը՝ Զարա Բալայանին եւ դեսպանատան երկու աշխատողների: Վերստին հանդիպում եմ հին ծանոթների՝ այժմ կահիրեաբնակ բանաստեղծուհի Մարուշին, բժիշկ եւ մատենագետ Սուրեն Պայրամյանին ու նրա տիկնոջը՝ Կահիրեի հայկական ռադիոժամի պատասխանատու վարիչ Սոնիա Պայրամյանին, ազգային կյանքի եւ կինոյի գործիչ Արմեն Մազլումյանին, ունենում նոր հաճելի ծանոթություններ՝ դեսպանատան աշխատող Ռաֆայել Մովսեսյանը, Հայաստանից ժամանած խմբավար Միհրան Ղազելյանը եւ իր երգչուհի տիկինը, ալեքսանդրիաբնակ կինոգործիչ Դանիել Դանիելյանը, որը մտադիր է հայկական շարժանկարների ցուցադրություն կազմակերպել Ալեքսանդրիայի կինոփառատոնում…
Հյուրընկալ բարեկամներս
Նրանք՝ Մարտիրոս (Մարտիկ) Պալայանը եւ Հայկ Ավագյանը, համայնքի ներհուն, բայց եւ գործուն անդամներից են, որոնց հանդիպել էի ինչպես նախորդ այցիս ժամանակ, այնպես էլ մի քանի անգամ՝ Երեւանում: 1948 թվականից լույս տեսնող «Ջահակիր» գրական, հասարակական շաբաթաթերթն այսօր գոյություն ունի այս երկու գործիչների շնորհիվ:
Համեստ, սակավախոս Մարտիկ Պալայանը հայ ավանդական այր մարդու նկարագիր ունեցող ջերմ եւ հյուրընկալ տանտեր է, որը եռանդ չխնայեց՝ անմոռանալի դարձնելու համար եգիպտական օրերս, եւ որն անգամ ֆիզիկական աշխատանքով էր մասնակցում ազգային ձեռնարկի կազմակերպման գործին…
Իսկ հայ երաժշտագիտության մեջ իր հրատարակություններով որոշակի ավանդ ունեցող Հայկ Ավագյանն ամեն շաբաթ մենակ լցնում է «Ջահակիրը» ոչ միայն համայնքի ներկան արձանագրելով, այլեւ ընթերցողին է հանձնում իր «Խոհերը»՝ հաճախ հանդես գալով որպես հանրության սուր հարցերն արծարծող կրքոտ հրապարակագիր: 2016-ից լույս տեսնող «Ջահակիր» պարբերականի մատենաշարի 51 հատորները կյանքի են կոչվել նրա բեղմնավոր գործունեության եւ անդուլ աշխատասիրության շնորհիվ՝ ձեռագրերի ու մամուլի փակ ու անհայտ աշխարհներից նոր կյանքի կոչելով մեկը մյուսից հետաքրքրաշարժ նյութեր, կենսագրություններ, ստեղծագործություններ… Նա ինքը եգիպտահայության պատմության հանրագիտարան է, որը, սակայն, չի սահմանափակվում մեկ համայնքով: Ողջ կյանքում Հայկն աննախադեպ եռանդով հավաքում է զանազան փաստացի նյութեր հայաշխարհի ամենատարբեր երեսակների վերաբերյալ, պեղում է աշխարհի արխիվային ու գրադարանային շտեմարանները, հնօրյա հայ եւ օտարալեզու մամուլը՝ հայտնագործելով գրական գործեր, մոռացված գործիչներ, նաեւ թվայնացնում է հայ երգիչների հին ու նոր ձայնագրությունները եւ այլն: Հայկի բնակարանն ու համակարգիչը ներկայացնում են հայ մշակույթի մի մեծածավալ արխիվ՝ նյութական թե վիրտուալ, որից կաթիլ-կաթիլ ծնվում են նրա ինքնատիպ, արժեքավոր հատորները… Այստեղ շտապեմ կանգ առնել, քանի որ գիտեմ, արդեն իսկ գրածս շատ պիտի թվա համեստ բարեկամիս, որի հետ զրույցների թեմաներն անսպառ են, անչափ ուսանելի ու հետաքրքրական…
Նեղոսի ջուրը նորից խմելու հույսով
Ասում են՝ Նեղոսի ջուրը խմողը յոթ անգամ նորից հայտնվում է այնտեղ:
Ուրեմն ի՞նչ, կհայտնվեմ այնտեղ ե՞ւս հինգ անգամ:
Երանի՛: Եղիցի՛:
Քանզի Եգիպտոսն անսպառ է, իսկ նրա հայկական անցյալն ու ներկան բացահայտումների անվերջանալի աղբյուր են հայագետի համար…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ