2022թվականի հունիսի 7-ին «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպա-նություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Երեւանում տեղի ունեցավ «Սեւանա լճի ավազանում առաջնահերթ նյութերի եւ որոշ այլ աղտոտիչների պարբերական մոնիթորինգի բարելավման կարիքների գնահատում» աշխատաժողովը:
Սեւանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո: Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ: Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում: Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր կետը՝ 83 մ (Փոքր Սեւան): Ջրի ծավալը 32,92 մլրդ խորանարդ մետր է: Սեւանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սեւանի (37.7 մ միջին խորություն) եւ Փոքր Սեւանի (50.9 մ):
ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից Սեւանա լճի ավազանում 2016-2018թթ. իրականացված թունաքիմիկատների եւ այլ վտանգավոր նյութերի ուսումնասիրությունների արդյունքները, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի սարքավորումների հնարավորությունները եւ խնդիրները, Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման համար առկա խնդիրները եւ անհրաժեշտ միջոցառումները ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը եւ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:
Նշվեց,որ Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ է Սեւանա լճի մակարդակը բարձրացնել մինչեւ 1903,5մ նիշը: Սակայն այն բավարար չէ լճի էկոհամակարգի կայունացման համար: Լճի մակարդակը պետք է բարձրացվի մինչեւ 1909մ նիշը, որպեսզի լճի էկոհամակարգը կայունանա:
Լճի էկոհամակարգի հիմնավորված, իրատեսական կառավարում չի իրականացվում: Որոշումներն ընդունվում են՝ հաշվի չառնելով մոնիթորինգային տվյալներն ու գնահատումները, փաստացի՝ առանց գիտականորեն հիմնավորված մոդելների ու կանխատեսումային սցենարների»,- նշեց Ս. Մինասյանը: Պետք է արդիականացվի լճի մոնիթորինգի եւ գնահատման գործընթացը:
ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից 2016-2018թթ. ընթացքում Սեւանա լճի ավազանում իրականացված ուսում-նասիրությունների արդյունքում, ինչպես լճում, այնպես էլ դրանում թափվող գետերի նստվածքներում հայտնաբերվել են Հայաստանում կիրառության համար արգելված պեստիցիդներ կամ դրանց մնացորդներ: Նա նշեց, որ պեստիցիդների տարածման աղբյուր կարող են լինել նաեւ Վարդենիկ գյուղում, Վարդենիս քաղաքում եւ Լիճք գյուղում գտնվող թունաքիմիկատների նախկին պահեստները: Ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված պեստիցիդներից դեռեւս ոչ մեկը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի արժեքը: Նշվեց, որ իրենց ուսումնասիրությունները ձկների օրգանիզմում պեստիցիդներ չեն հայտնաբերել:
«Սեւանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD2) ծրագրի շրջանակներում ներկայում իրականացվում են Սեւանա լճի մոդելավորման աշխատանքներ:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր