2023 թ. հունիս ամսին Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում եւ մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցան բարեգործական երկու համերգներ, որ կազմակերպել էր Բրիտանահայ Միությունը՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Զույգ երաժշտական միջոցառումների նպատակն էր աջակցել Կապանի Արվեստի կենտրոնի համար ռոյալ դաշնամուր գնելու եւ այն Վիեննայից մինչեւ Սյունիք տեղափոխելու համար նախատեսված ծախսերին, որը երաժիշտ Սեւակ Ավանեսյանի նախաձեռնությունն էր: Հայաստանի այս սահմանամերձ շրջանը ռազմավարական առումով խիստ կարեւոր է պետության անվտանգության եւ անկախության պահպանման համար:
Այս բացառիկ համերգների հատուկ հյուրն էր ինքը՝ բելգիաբնակ անվանի թավջութակահար Սեւակ Ավանեսյանը: Արդեն մի քանի ամիս է, ինչ Սեւակը դրամահավաք է իրականացնում՝ Կապանի համերգասրահի համար մեծ դաշնամուր գնելու նպատակով: Կենտրոնը տասնամյակների պատմություն ունի, այնտեղ 1970-80-ականներին ելույթներ են ունեցել այնպիսի լեգենդար երաժիշտներ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը եւ Վալերի Գերգիեւը:
Անգլիայի բարեգործական համեգներին Սեւակ Ավանեսյանին էին միացել նաեւ շնորհալի այլ երաժիշտներ, որոնք համերգային ճոխ ծրագրով հանդիսատեսին ներկայացրին եվրոպական եւ հայ մեծ կոմպոզիտորների գլուխգործոցները՝ Մոցարտից մինչեւ Բաբաջանյան:
Մանչեսթրի համերգը տեղի ունեցավ հունիսի 24-ին, Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում, որը կառուցվել է 1870-ին եւ ամենահին հայկական եկեղեցին է Մեծ Բրիտանիայում: Մինչ համերգի սկսելը եկեղեցին իր հյուրընկալ դռները բացեց բարեգործական համերգի մասնակիցների, կազմակերպիչների եւ հյուրերի առջեւ փոքրիկ հյուրասիրությամբ:
Համերգը բացեց 24-ամյա հոբոյահար, Բիրմինգհեմի Արքայական կոնսերվատորիայի շրջանավարտ Ջեք Մուրադյանը, որը կատարեց Թելեմանի թիվ 2 լիրիկական ֆանտազիան: Երեկոյի երկրորդ կատարողը 21-ամյա՝ արդեն իսկ հոյակապ ջութակահար Պոլինա Շարաֆյանն էր, որը հանդիսատեսին ներկայացրեց երկու ստեղծագործություններ՝ Կոմիտասի «Ծիրանի ծառը» եւ Բախի հայտնի Չակոնան: Պոլինան Լոնդոնի Արքայական երաժշտական ակադեմիայից լիարժեք կրթաթոշակ է ստացել՝ սովորելով մաեստրո Լեւոն Չիլինգիրյանի դասարանում: Ի հիացումն հանդիսատեսի՝ Պոլինան Սեւակ Ավանեսյանի հետ համատեղ մեծ վարպետությամբ ներկայացրեցին Հենդել-Հալվերսոնի հանրահայտ Պասակալիան՝ գրված ջութակի եւ թավջութակի համար:
Չորրորդ երաժիշտը նույնպես ներկայացնում էր նոր սերունդը. կոմպոզիտոր եւ դաշնակահար Վրեժ Խաչատրյանը վարպետորեն նվագեց Արամ Խաչատրյանի հայտնի Տոկատան դաշնամուրի համար: Վրեժը հանրահայտ Հյուսիսային Արքայական երաժշտական քոլեջի շրջանավարտ է՝ մագիստրոսի աստիճանով:
Համերգը եզրափակեց Սեւակ Ավանեսյանը՝ կատարելով Բախի թավջութակի թիվ 5 սյուիտը եւ Կոմիտասի հանրահայտ «Կռունկը»:
«Կարծում եմ՝ բոլորս էլ լավ ենք հիշում, թե ինչպես Սեւակը 2020 թ. հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական ռմբակոծությունից հետո, նվագեց «Կռունկը» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարում. այդ տեսագրությունը շրջեց ողջ աշխարհով մեկ: Երախտապարտ ենք նրան, որ այսօր, այս գեղեցիկ երաժշտական հանդիպմանը, Մանչեսթրի հայոց եկեղեցու կամարների ներքո, դարձյալ հնչեց այս խորհրդանշական ստեղծագործությունը»,- նշեց Բրիտանահայ Միության ատենապետուհի Հասմիկ Սեյմուրը:
Երկու օր անց, հունիսի 26-ին, Լոնդոնի Արքայական Քենզինգթոն եւ Չելսի շքեղ թաղամասում գտնվող «Մեր Հաղթանակների Տիրամայր» կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ երկրորդ բարեգործական համերգը: Եկեղեցու 300-տեղանոց սրահը լեցուն էր ինչպես հայ, այնպես էլ այլազգի երաժշտասերներով: Հատուկ շնորհակալություն եկեղեցու հովիվ Մոնսինյոր Ջեյմս Քարիին՝ սրահը այս բացառիկ համերգի առիթով Բրիտանահայ Միությանը անվճար տրամադրելու համար: Բարձրաստիճան հյուրերի թվում էին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Արքայական Քենզինգթոն եւ Չելսի շրջանի նորընտիր քաղաքապետ տիկին Փրիթի Հադը, Իլինգի շրջանի քաղաքապետարանի խորհրդական տիկին Չարան Շարման, պատգամավորներ, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Բրիտանահայ համայնքի Ազգային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրահամյանը, Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, այլազգի հյուրեր:
Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր բացման խոսքում հատուկ շեշտեց Սյունիքում մշակութային կյանքի աշխուժացման կարեւորությունը, որը կնպաստի բնակիչներին ավելի ամուր կապվելու իրենց ծննդավայրին, քանի որ Սյունիքը ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունի տարածաշրջանում՝ Հայաստանը կապելով Իրանին եւ Արեւելքին:
Առաջինը բեմ բարձրացան Սեւակ Ավանեսյանը եւ Պոլինա Շարաֆյանը: Մանչեսթրյան համերգի հաջողությունից հետո այս երաժշտական զույգը եւս մեկ անգամ կատարեց Հենդել-Հալվերսոնի Պասակալիան՝ կամերային երաժշտության ամենասիրված եւ բարդ դուետներից մեկը: Բրիտանահայ ճանաչված ջութակահար Անի Բատիկյանը հանդիսատեսին հիացրեց երկու ստեղծագործությունների կատարումով՝ Էդուարդ Էլգարի «Էլեգիան»՝ գրված ջութակի եւ դաշնամուրի համար եւ «Ադաջո եւ Բաքանալը»՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից:
Ներկաների համար շատ հաճելի անակնկալ էր սոպրանո Նարինե Մալխասյանի նրբաճաշակ ելույթը: Երգչուհին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի տիկինն է, որը կատարեց Շուբերտի «Ավե Մարիան» եւ «Voi che sapete» արիան` Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից:
Ապա Սեւակ Ավանեսյանի եւ դաշնակահարուհի Մարիաննա Աբրահամյանի փայլուն կատարմամբ հնչեց Ալեքսանդր Հարությունյանի «Էքպրոմպտը»՝ դաշնամուրի եւ թավջութակի համար:
Երիտասարդ շնորհալի սոպրանո Հասմիկ Հարությունյանը ունկնդիրներին հիացրեց իր ինքնատիպ, հուզական կատարումներով՝ ներկայացնելով Կոմիտասի «Օրորը» եւ Միմիի արիան Պուչինիի «Բոհեմ» օպերայից: Երգչուհին իր երրորդ համարը ներկայացրեց Սեւակ Ավանեսյանի եւ Մարիանա Աբրահամյանի հետ եռյակով՝ կատարելով Մասնեի «Էլեգիան»:
Համերգի վերջում հնչեց Բաբաջանյանի «Տրիոն»՝ գրված դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար, որն իրավամբ երեկոյի ամենափառահեղ համարն էր: Երեք կատարողներն էլ՝ Անի Բատիկյանը, Մարիաննա Աբրահամյանը եւ Սեւակ Ավանեսյանը, պարզապես փայլեցին իրենց վարպետությամբ:
Երեկոն ամփոփեց Բրիտանահայ Միության ատենապետուհի Հասմիկ Սեյմուրը՝ ներկաներին ծանոթացնելով միության աշխատանքներին եւ ծրագրերին, եւ թե ինչպես իրականացան այս երկու բարեսիրական համերգները: «Համերգների ծրագիրը վեց երաժիշտները որոշեցին շատ կարճատեւ հեռախոսակապի ընթացքում: Երանի՜ թե քաղաքական գործիչները օրինակ վերցնեին արվեստագետներից ու կարողանային իրար հետ համագործակցել գործին նման նվիրումով եւ արագությամբ»,- կատակեց Հասմիկ Սեյմուրը՝ շնորհավորելով երաժիշտներին հրաշալի ելույթների համար:
Բրիտանահայ Միությունը ինքնաբուխ ձեւավորվել է 2020 թվականի ադրբեջանական արյունալի ագրեսիայի օրերին՝ առանց քաղաքական, մասնավոր կամ կրոնական որեւէ հովանավորությամբ: Անդամները տարբեր մասնագիտությունների տեր բրիտանահայեր են: Արդեն երկուսուկես տարի Միությունը նախաձեռնել է հասարակական ակցիաներ՝ հայ ռազմագերիների, Արցախի հայության շրջափակման եւ էթնիկ զտման, ինչպես նաեւ հայության մարդու իրավունքների պաշտպանության համար: Միության նպատակներից են մարդասիրական, մշակութային ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանի եւ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման:
Հուլիսի 4-14-ին Կապանում տեղի ունեցավ տարածաշրջանում Առաջին միջազգային երաժշտական փառատոնը, որը նույնպես Սեւակ Ավանեսյանի նախաձեռնությունն էր՝ Սյունիքի մարզի եւ ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Ելույթ ունեցան աշխարհի բազմաթիվ երկրներից հրավիրված շուրջ 150 տարբեր ժանրերի երաժիշտներ, նաեւ եղան վարպետության դասեր մարզի պատանի երաժիշտների համար:
Ըստ Սեւակ Ավանեսյանի՝ ավստրիական շքեղ ռոյալն արդեն Երեւանում է եւ ճանապարհ է ընկել դեպի Կապան: Մաղթում ենք նրան տարիների խաղաղ եւ ակտիվ գործունեություն՝ ի նպաստ Սյունիքի զարգացման եւ ամրապնդման: Հպարտ ենք՝ լինելով Սեւակ Ավանեսյանի այս հայանպաստ ծրագրին օժանդակող մի փոքրիկ օղակը՝ հեռավոր ու մոտիկ Անգլիայից:
Լոնդոն, 29 հունիսի 2023 թ.
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ
Լոնդոն
Խմբ. կողմից.– Թղթակցության հեղինակը «Ազգ»ի նախկին աշխատակիցն է: ԵՊՀ-ում սովորելու տարիներին եւ այնուհետեւ մինչեւ Անգլիա մեկնելը, լրագրության առաջին քայլերն է արել մեր թերթում: