«Ես էս տարիքիս՝ դեռ ապշում եմ, թե ինչ սիրուն բան է թատրոնը, այ մարդ, շշմելու սիրուն է: Էս տարիքիս՝ ամեն օր սիրահարվում եմ էդ սիրունին»,- մեր վերջին հարցազրույցի ժամանակ ասաց Վարպետը:
Չգիտեինք, կամ չէինք ուզում գիտենալ, ընդունել, համակերպվել, որ նա վերջին օրերն է ապրում երկրային կյանքում:
Դժվարանում էր նստել, թիկն էր տվել իր թախտին, ծանր էր շնչում՝ հևոցով: Ասաց՝ քանի եկել ես, աչքերիցդ էլ երեւում է, որ անհարմար ես զգում ինձ շատ խոսեցնել, ես ասեմ, դու լսի:
Ու խոսեց…10 րոպե, 20, կես ժամ, 40 րոպե: Ընթացքում հեւքը սաստկանում էր, օպերատորին աչքունքով հասկացնում էի, որ տեսախցիկն անջատի, չէի ուզում Վարպետին այդ վիճակում նկարել: Իսկ նա ուժերը հավաքում էր, ջրից մի կում անում ու պատմում…
«Գալիս են է՜, ամեն գիշեր երազիս գալիս են Խորիկը, Ֆրունզը, մյուսները: Ասում եմ՝ տղերք, էդ ինչի էդքան շուտ գնացիք, ինձ մենակ թողեցիք: Ես ամաչում եմ. ես կամ, դուք՝ չէ: Ինձ էլ հետներդ տանեիք էլի, դժվար է՞ր:
Ախր նրանք գնացին, ես ինչի՞ մնացի: Մնացի, որ էս սիրուն, սուրբ հողի վրա տեսնեմ՝ ոնց են իրար ուտո՞ւմ: Ու ինչի՞ համար… աթոռի, պաշտոնի: Սրանք Հայրենիքին ծառայելու համար չեն իրար փոր թափում, Հայրենիքն իրենց ծառայեցնելու համար են մրցում, թե ով առաջինը կնստի էդ անտեր աթոռին»,- դառնացած ասաց, ու ձայնն ավելի նվաղեց:
Երկիրն ընտրությունների էր պատրաստվում, թե ընտրությունները նոր էին ավարտվել. լավ չեմ հիշում, բայց Սոս Սարգսյանն անչափ դառնացած էր:
Նրա ստեղծած Համազգային պետական թատրոնը նրա մահվանից հետո՝ ամեն տարի, հոկտեմբերի 24-ին, նրա ծննդայն օրը, բեմ է հանում «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացումը: Որովհետեւ այն Վարպետն է բեմադրել ու թողել իր թատրոնին:
«4 տարի բեմադրեց: Երկա՜ր բեմադրեց: Այն ժամանակ զարմանում էինք՝ ինչո՞ւ այդքան երկար: Հերոսը տիկնիկագործ է: Նա տիկնիկներ է սարքում ու բաժանում բոլորին: Տիկնիկները պատրաստում է բծախնդրորեն, որպեսզի ամեն տիկնիկ իր կերպարով նման լինի նրան, ում նվիրելու է ինքը: Հիմա եմ հասկանում, թե Վարպետն ինչու այդքան երկար բեմադրեց այս ներկայացումը: Որովհետեւ ինքն էլ իր տիկնիկագործի նման էր՝ բծախնդրորեն աշխատում «իր տիկնիկի»՝ այս ներկայացման վրա, որպեսզի անթերի լինի, կատարյալ լինի ու այդպես անթերի-կատարյալ՝ այն նվիրի-թողնի մեզ»,- պատմեց Համազգային պետական թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, որին դեռ ուսանող ժամանակներից է Սոս Սարգսյանը նկատել, «աճեցրել» ու բերել իր թատրոն:
Արմանին ասացի՝ գիտե՞ս Վարպետն ինչ էր ասում քո մասին: Ծիծաղեց՝ իմ մասին բան է ասե՞լ: Պատմեցի. ասում էր՝ Արմանս լավն է, ափսոս, որ շուտ չի ծնվել, որ իմ ժամանակներում լիներ, ռեժիսորները նրան ձեռձեռից կխլեին: Նահապետական, պինդ հայի ի՜նչ կերպարներ կխաղար կինոյում:
Արմանը, Նարինեն, Տաթեւը, Վարշամը, Գագիկը, Մխիթարը… բոլորին ասում էր՝ էրեխեքս: Նրանք էլ թոռան պես էին վերաբերվում Վարպետին: Թոռներով հարուստ մի մեծ կուռ ընտանիք թողեց իրենից հետո Սոս Սարգսյանը՝ տաղանդավոր, համուհոտով, միասնական, աշխատասեր ու միշտ իրենց Պապին հիշող, մեծարող, նվիրված:
20-25 տարի առաջ, երբ Վարպետը Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորն էր, նաեւ ընդունելության քննություններ էր ընդունում հանձնաժողովի կազմում:
Այն ժամանակ ընդամենը մի քանի հեռուստաընկերություն կար: Զանգահարեցի ինստիտուտ՝ կարելի՞ է դերասանական կամ ռեժիոսորական բաժնի ընդունելության քննությունները նկարահանել ռեպորտաժի համար:
Թույլ տվեցին:
Օպերատորի հետ գնացի:
Դիմորդները հերթով մտնում էին: Մեկը՝ համարձակ, մյուսը՝ վախվորած: Ամառվա շոգ օր էր:
Հենց դիմորդը ներս էր մտնում, Վարպետը հարցնում էր՝ աչիկ ջան, կամ տղա ջան, որտեղացի՞ ես:
Հենց այս կամ այն գյուղի կամ մարզային քաղաքի անուն էին տալիս, կոնֆետ տեսած երեխայի պես Վարպետն ուրախանում էր:
Էտյուդը ինչքան էլ վատ անեին, ասում էր՝ լավ երեխա ա, բարձր դրեք, թող ընդունվի:
Հանձնաժաղովի անդամները հակառակվում էին՝ ախր Սոս Արտաշեսովիչ, ոչ մի նորմալ բան չարեց, ո՞նց բարձր նշանակենք:
-Այտա, Լոռուց է, բարբառով էլ խոոսում էր, մեր բեմին բարբառներ են պետք: Բարբառը հարստություն է: Բարբառ իմացողին, սարուդաշտում ման եկածին բա կկտրե՞ն: Ես իմ փայ «5»-ը նշանակում եմ:
Հաջորդ դիմորդն էր մտնում, նախ պատասխանում էր՝ որտեղից է, հետո էտյուդն անում, քիչումիչ հարցերին պատասխանում:
-Ինչ լավ երեխա էր, տեսա՞ք: Շիրակից էր: Թշերը կարմիր: Ով գիտի՝ տնեցիք հողագործ են, նախրապան, էրեխեն իրենց օգնի՞, թե էտյուդ պարապի: Էս շոգ-կրակին եկել, Երեւան է հասել: Բարձր դրեք, թող գնա, տնեցոնցն ուրախացնի: …Ես իմ փայ «4»-ը նշանակեցի արդեն:
Վաղուց ընդունելության քննություններին «4», «5» չէին դնում. կարգը փոխվել էր՝ մինչեւ 20-ը միավոներ էին նշանակում, իսկ Սոս Սարգսյանը, միեւնույն է, «4», «5» էր նշանակում:
Երբ ձիգ կեցվածքով, հայկական դիմագծերով, սեւ աչքունքով, բարեկիրթ շարժուձեւով տղաներ էին մտնում քննասենյակ, երկու ոտքը մի կոշիկ էր դնում, թե՝ անպայման ընդունեք:
-Այտա, ազնվական ցեղ է, չեք տեսնո՞ւմ: Էս տեսակներին պիտի պաշտպանես, փայփայես, ազնվականությունը մեռնում է ախր: Ազնվական արյունը հազարի մեջ էլ ջոկվում է: Պիտի էս տեսակին բեմ հանես, որ մարդիկ տեսնեն, իմանան՝ որն է իսկական ազնվացեղ հայը, իսկական տղամարդը: Որ տեսնեն ու ուզեն նրա նման լինել: Ջահել աղջիկն ուզենա էդ տեսակ ազնվական հայ տղամարդուց երեխա ունենալ: …Էս ինչ լավ երեխեք էն, այ մարդ, շշմելու է, է՜, շշմելու…
ՆԱԻՐ ՅԱՆ