«Ամերիկյան կոնսերվատիվ» ( The American Conservative ) պահպանողական հանդեսում օգոստոսի 12-ին հրապարակված, ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակը կրթություն է ստացել Լատվիայի համալսարանում եւ Մադրիդի (Իսպանիա) դիվանագիտական դպրոցում: Աշխատել է Լատվիայի արտգործնախարարությունում եւ որպես դիվանագետ՝ Վաշինգտոնում ու Մադրիդում Լատվիայի դեսպանություններում: 2007 կամ 2009 թվականից մինչեւ 2022-ը Մամեդովն աշխատել է Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում որպես սոցիալ-դեմոկրատների քաղաքական խորհրդական ու ղեկավարել է Իրանի, Իրաքի եւ Արաբական թերակղզու հետ միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով ԵԽ պատվիրակությունները:
Հոդվածագիրը գիտության ու միջազգային հարաբերությունների հարցերով Պագուոշյան միջազգային շարժման անդամ է եւ ամերիկյան «Քուինսիի պատասխանատու պետական կառավարման ինստիտուտ» վերլուծական կենտրոնի արտահաստիքային գիտաշխատող:
Նախքան օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ողջունելը պետք է հարցնել՝ ինչո՞ւ են ամերիկացիներն ընդհանրապես մասնակցում դարավոր հակամարտության լուծմանը ԱՄՆ-ից վեց հազար մղոն հեռու մի վայրում, որը Միացյալ Նահանգների համար առանձին ռազմավարական արժեք չի ներկայացնում: Սպիտակ տան հանդիպումը հռչակվեց պատմական առաջընթաց, բայց ընդունված «համատեղ հայտարարությունը» քիչ բան է տալիս՝ բացի ամերիկյան արտաքին քաղաքականության համար հնարավոր նոր խնդիրներ ստեղծելուց:
Հայտարարության յոթ կետերը պարունակում են միայն չորս էական դրույթ, որոնցից ոչ մեկը չի նպաստում խաղաղության հաստատմանը:
Նախ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է միայն արտաքին գործերի նախարարների կողմից եւ չի ստորագրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Պատմականորեն շատ փաստաթղթեր ձախողվել են այս փուլում եւ մնացել են չստորագրված: Հետաձգումը երկու կողմերին, ինչպես նաեւ Թրամփին, թույլ է տալիս հայտարարել առաջընթացի մասին՝ ընդսմին խուսափելով որեւէ իրական պարտավորությունից:
ՀՀ Սահմանադրությունից Լեռնային Ղարաբաղի հիշատակումը հեռացնելու Ադրբեջանի պահանջը, որը Երեւանը համարում է ինքնիշխանության խախտում, ցուցադրաբար դուրս է թողնվել հռչակագրից: Այդուհանդերձ Բաքուն չի հրաժարվել այդ պահանջից: ՀՀ Սահմանադրության փոփոխությունը կպահանջեր հանրաքվե, որը Փաշինյանի ավելի ու ավելի ավտորիտար կառավարության համար դժվար կլինի անցկացնել այն բանի նկատմամբ մեծ դիմադրության պայմաններում, ինչը շատ հայեր համարում են նվաստացուցիչ կապիտուլյացիա:
Բացի այդ, անտեսվում են սահմանային հարցերը: Հռչակագիրն անորոշ կերպով հաստատում է «տարածքային ամբողջականությունը», բայց չի անդրադառնում Ադրբեջանի կողմից հայկական տարածքի առնվազն 83 քառակուսի մղոնի բռնազավթմանը: Առանց զորքերի դուրսբերման պարտավորության՝ դա ավելի շատ զավթման վավերացում է, քան խաղաղության համաձայնագիր:
Կողմերը պահանջել են լուծարել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որին 1992 թվականից հանձնարարված էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորումը: Դա ամենահեշտ լուծելիքն էր. այդ խումբը, որի համանախագահներն են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, արդեն տարիներ չի գործում: Դրա պաշտոնական լուծարման համար պահանջվում է քվեարկություն ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների դեկտեմբերին կայանալիք հանդիպման ժամանակ, ինչն այս դրույթը շատ բանով խորհրդանշական է դարձնում:
Ամենավիճահարույց տարրը ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) կոչված անորոշ ենթակառուցվածքային նախագիծն է, որը փաստորեն Ադրբեջանին տրամադրում է երկար սպասված ցամաքային ճանապարհը Հայաստանով դեպի Նախիջեւանի էքսկլավ եւ Թուրքիա, ավելի հայտնի որպես «Զանգեզուրի միջանցք»:
Թեեւ հռչակագրում խուսափում են «միջանցք» տերմինից, այն Ադրբեջանի համար հստակորեն երաշխավորում է «անարգել» տարանցման իրավունք, ինչը Ալիեւի հիմնական պահանջն է, մինչդեռ Հայաստանի փոխադարձ իրավունքները մնում են ընդամենը անորոշ կերպով սահմանված: TRIPP-ը ներկայացվում է իբրեւ տնտեսական փրկարար օղակ, սակայն դրա մանրամասները ակնհայտորեն պարզաբանում են պահանջում: Եթե այն կոչված է լինել ԵՄ-ի կողմից աջակցվող, Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող եվրասիական առեւտրի «Միջին միջանցքի» մաս, ինչո՞ւ պետք է Ամերիկան խառնվի: Եվրոպան շատ ավելի մեծ շահագրգռվածություն ունի եվրասիական առեւտրի հարցում եւ պետք է կրի ծախսերը:
Իսկ որ ավելի վատ է, չնահած TRIPP-ը պետք է կառավարվի մասնավոր կոնսորցիումի կողմից եւ գործի Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, ընդամենը ժամանակի հարց կարող է լինել երթուղու հնարավոր անվտանգության ԱՄՆ-ի երաշխիքների օրակարգ դրվելը. աղետալի գաղափար: ԱՄՆ զորքերի տեղակայումը Արաքս գետի երկայնքով, անմիջաբար Իրանի հետ սահմանին, անտեղի կգրգռի Թեհրանին՝ առանց որեւէ ռազմավարական օգուտի: Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին արդեն նախազգուշացրել է ԱՄՆ-ի ցանկացած ռազմական ներկայության դեմ, ու թեեւ նրա սպառնալիքները կարող են դատարկ խոսքեր լինել, ինչո՞ւ դրանք փորձարկել գործնականում:
Այս հռչակագրից զատ, երկու լրացուցիչ խնդիր պետք է անհանգստացնի ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ զսպվածության կողմնակիցներին: Առաջին,1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի կասեցումը: Այս օրենքը սահմանափակում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, սակայն 2002 թվականից ԱՄՆ նախագահները, սկսած Ջորջ Բուշ կրտսերից, պարբերաբար չեղարկել են այն՝ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության պատրվակով: Որպես արդյունք, 2002-ից 2020 թվականներին ԱՄՆ պետդեպարտամենտը եւ պաշտպանության նախարարությունը հայտնել են, որ Ադրբեջանին տրամադրել են մոտ 164 միլիոն դոլար՝ որպես անվտանգության ոլորտում աջակցություն:
2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո, որի արդյունքով բռնի տեղահանվեցին 100,000 հայեր, Բայդենի վարչակազմը, ի պատիվ իրեն, կասեցրեց այդ արտոնությունը: Ներկայիս պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատում պնդեց անել ավելին՝ ամբողջությամբ չեղյալ հայտարարել արտոնությունը «Հայերի պաշտպանության մասին» օրենքի միջոցով: Այժմ ԱՄՆ-ն քննարկում է այն վերականգնելու հնարավորությունը՝ փաստորեն խրախուսելով Բաքվի քաղաքականությունը: Ադրբեջանն արդեն Իսրայելի եւ Թուրքիայի մտերիմ գործընկերն է. այն ամերիկյան զենքի կարիքը չունի: Առիթի դեպքում Կոնգրեսը պետք է ամբողջությամբ չեղյալ հայտարարի այդ որոշումը:
Երկրորդ, Ադրբեջանի հետ ապագա «ռազմավարական գործընկերության» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Ենթադրվում է ստեղծել երկկողմ աշխատանքային խումբ՝ այս համագործակցությունն ամրագրող «խարտիան» պատրաստելու համար: Սակայն սա խնդրահարույց լուծում է: Բաքուն Վաշինգտոնին ռազմավարական արժեք ներկայացնող ոչինչ չի առաջարկում, բացի երբեմնակի հակաիրանական հայտարարություններից, որոնք դժվար թե կարող են բարոյապես փոխհատուցել մի բռնապետության ընդունումը, որը հենց նոր քրիստոնյա բնակչության զտում է իրականացրել:
Ավելի վատն այն է, որ դա կարող է դառնալ ամերիկյան անվտանգային նոր պարտավորությունների սայթաքուն ուղի: Իսրայելամետ լոբբիստները, նոր-պահպանողականները եւ ավետարանական խմբերը երկար ժամանակ չափազանցել են Ադրբեջանի կարեւորությունը Միացյալ Նահանգների համար: Մի բան, որ ամենից քիչ է պետք ԱՄՆ-ին, եւս մի անվսատահելի դաշնակից ունենալն է, որը նրան կներքաշի տարածաշրջանային վեճերի մեջ:
Եթե նպատակը ռազմական գործողությունների վերսկսումը կանխելը լիներ, վաշինգտոնյան հայտարարությունը կարող էր կարճաժամկետ հեռանկարում հաջող լինել: Սակայն այն չի օգնում հակամարտության արմատական պատճառները վերացնելուն: Ավելին, այն խրախուսում է ագրեսիան, Իրանի հետ անհարկի առճակատման վտանգ է ստեղծում եւ հիմք՝ տարածաշրջանում ամերիկյան ապագա պարտավորությունների համար, ինչն ավելի լավ է թողնել տարածաշրջանային իշխանություններին: Իրական խաղաղությունը պահանջում է իրագործելի երաշխիքներ, փոխադարձ զիջումներ եւ հստակ պայմաններ, որպիսիք այս դեպքում չեն նկատվում:
Կովկասը ( ՞- Գ.Մ.) այն տարածաշրջանն է, որտեղ ԱՄՆ-ի շահերը նվազագույն են, իսկ ներգրավվածության ռիսկերը՝ մեծ: Ի տարբերություն Ուկրաինայի, հայ-ադրբեջանական հակամարտությունն ուղղակի կապ չունի ամերիկյան անվտանգության հետ: Ամերիկայի դիվանագիտական կապիտալն ավելի լավ է ուղղել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը հետապնդելուն: Այն միակ հակամարտության, որը կարող է իսկապես վերածվել համաշխարհային պատերազմի եւ, որպես դրա հետեւանք, մոտեցնել քաղաքակրթության վախճանը:
ԷԼԴԱՐ ՄԱՄԵԴՈՎ
Բրյուսել
Թարգմանությունը՝ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ