Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամառային համերգաշրջանի ավարտը՝ «Տաղարան»ով

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հնչեց նաեւ Սթենլի Գրիլլի «Մենք չենք մոռանա» ստեղծագործությունը

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի՝ 2022 թ. ամառային համերգաշրջանի եզրափակիչ համերգին հայկական պարեղանակների, հորովելների, բլուլականչերի եւ սիրերգերի  շարքում առաջին անգամ հնչեց ամերիկացի կոմպոզիտոր Սթենլի Գրիլլի «Մենք չենք մոռանա» ստեղծագործությունը՝ գրված դուդուկի եւ լարային նվագարանների համար: Մինչ նվագը սկսելը՝ «Տաղարանի» գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանը խոսքը տվեց մենակատարին՝ Արտակ Ասատրյանին, որը պատմեց ստեղծագործության գաղափարի ծագման եւ կոմպոզիտորի մասին, որի հետ անձնական զրույցներն ու հայոց պատմության ողբերգական էջերի մասին իր հաղորդած տեղեկատվությունը հիմք են հանդիսացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին գրված այս ստեղծագործության ստեղծման համար:

Ինքը՝ Սթենլի Գրիլլը, խոստովանում է, որ այս երկի ստեղծումը երկար պատմություն ունի. «Երկար տարիներ լսել եմ հայկական երաժշտություն. այն յուրահատուկ է, հատկապես՝ դուդուկի ձայնը, որ այնքա՜ն անսովոր եւ կրքոտ է,- ասում է կոմպոզիտորը:- Այդ նվագարանի համար երաժշտություն գրելու գաղափարը վաղուց է ծագել իմ մտքում: Սակայն վերջերս թե՛ անձնական ապրումներս եւ թե՛ համաշխարհային իրադարձությունները առիթ տվեցին, որ նորից անդրադարձա դրան:

Դուդուկի հնչյունները լցնում էին երեւակայությունս, տխուր  զգացմունքներ եւ մտքեր արթնացնում Հոլոքոստի եւ ավելի վաղ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Երաժշտության նպատակն է (գոնե ինձ համար) հնչյուններ բերել աշխարհ՝ բուժելու, մխիթարելու եւ ուղղակիորեն հակադրվելու անմեղների սպանությանը:

Երբ ես գրում էի երաժշտությունը,- շարունակում է կոմպոզիտորը,- այն դարձավ հիշողության մի կտոր: Մենք երբեք չենք կարող մոռանալ բոլոր այն հոգիներին, ովքեր սպանվել են: Մենք երբեք չենք կարող թույլ տալ, որ այդ կորուստն ապարդյուն լինի, եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա չկրկնվի»:

Մի քանի խոսք՝ Սթենլի Գրիլլի մասին: Երաժշտությամբ տարվել է վաղ տարիքից. հիշում է՝ առաջին անմոռաց տպավորությունը «Լա Մեր» երգի կատարումից էր, որ վեց տարեկանում ունկնդրել էր՝ իր մոր ուղեկցությամբ Քարնեգի հոլ առաջին այցին: Սկսել է դաշնակահարությամբ, ապա երաժշտության տեսություն ուսումնասիրել Մանհեթենի երաժշտական դպրոցում: Ի վերջո հանգել է սեփական հարմոնիաների որոնմանը: Այս ճանապարհին ուսանել է անվանի երաժիշտների, որոնց թվում՝ Ռոբերտ Հելեսին, Լեոն Քուշներին, Ուրսուլա Մամլոկին եւ Ջոզեֆ Պրոստակոֆին: Միջնադարյան եւ Վերածննդի երաժշտությամբ լուրջ տարվածությունը մեծապես ազդել է կոմպոզիտոր Սթենլի Գրիլլի ստեղծագործական ոճի եւ գրելաձի ձեւավորման վրա. նրա մեղեդիները, իր իսկ բնորոշմամբ, «մոդալ ներդաշնակությունների եւ հակապատկերային, ընդարձակ, միահյուսվող տողերի վրա հիմնված չհնացող տեխնիկայի ժամանակակից արտահայտություններ են»: Գրիլլի բազում ստեղծագործություններում ներհյուսվում են երկու հիմնական թեմաներ. երաժշտությամբ ֆիզիկական աշխարհի էությունը «թարգմանելու» փորձ եւ համաշխարհային խաղաղությանն ու ներդաշնակությանը ոգեշնչելու եւ նպաստելու արվեստագետի ջանք:

Ս. Գրիլլի երաժշտությունը հանրահայտ նվագախմբերի կողմից հնչել է աշխարհի բոլոր ծայրերում՝ Էկվադորից սկսած մինչեւ Լեհաստան, Թուլուզից՝ Տոկիո, Բրուքլինից՝ Վիեննա: «Որքան էլ ձգտում ենք պատճառ եւ նպատակ գտնելու այս զարմանահրաշ, խորհրդավոր եւ ակնածելի տիեզերքում ծնվելու մեջ, այդ փորձը հիմնականում ապարդյուն է,- ասում է Ս. Գրիլլը:- Այդուհանդերձ, մարդկային լավագույն բնույթն է, որ պարտավորեցնում է մեզ փորձելու եւ հուսալու, որ կհանգենք մեզ շրջապատող աշխարհի եւ, որ առավել կարեւոր է, ինքներս մեզ  որոշակի չափով ըմբռնելուն: Դրան հասնելու համար մենք յուրաքանչյուրս խնդրին մոտենում ենք յուրովի` առանձնահատուկ ձեւավորված մեր մշակութային ծագմամբ, բնատուր տաղանդներով եւ կարողություններով, կրթությամբ եւ այլն: Ոմանց համար գիտությունն է այն պատուհանը, որով իրենք լավագույնս ընկալում եւ մեկնաբանում են աշխարհը, մյուսների համար՝ կրոնը: Նրանց համար, ովքեր աշխարհն ընկալում են առավել պարզ եւ գեղեցիկ ձայնի միջոցով, երաժշտությունն արտահայտվելու ամենաարդյունավետ ձեւն է: Իմ լավագույն երաժշտությունը ծագել է անհասկանալի կերպով՝ իբրեւ աշխարհն ու անձս հասկանալու սեփական ջանադրության արդյունք: Դա, ասես, թարգմանություն է: Աշխարհը մի բան է ասում, ես փորձում եմ հասկանալ, հետո՝ թարգմանել երաժշտության լեզվով: Երաժշտական առանձնահատուկ լեզուն, որով խոսում եմ, իհարկե, իմ՝ կոսերվատորիական կրթության եւ երաժշտական անհատական ճաշակի արդյունքն է, եւ հուսով եմ, որ այն, որքան էլ անկատար «թարգմանություն» լինի, այլոց փոխանցում է իր նախնական նպատակը»:

 Շուրջ 12 րոպե տեւող «Մենք չենք մոռանա» ոչ ծավալուն երկը խտացումն էր մտածումի եւ խոկման, որ ապրում է մարդը՝ բախվելով անարդարության ու մահվան, որ շարունակում է ընթանալ հուսո շավիղներով, որքան էլ իրականությունը դառն է, որքան էլ բախվում է ժամանակների՝ մեկմեկու գերազանցող դաժանությանը: Ա. Ասատրյանի դուդուկի մենանվագն անհատի, ու թերեւս՝ նաեւ հինավուրց ժողովրդի մենախոսություն-ոգորումն էր՝ նվագախմբային դրամատիկ հնչման «համայնապատկերին»: Դա հայկական երաժշտություն չէր՝ նրանում բուն հայկականությունը փնտրողների համար, դա օտարազգի կոմպոզիտորին հատուկ ձեռագրում ներմուծված նվագարանի հնչողության հարազատությունն էր, մեղեդային հստակ կառույցը՝ զերծ պաճուճանքից, ուրիշի ցավը սեփական նյարդով ընկալող արվեստագետի անկեղծությունը, փոքրածավալ գործին նշանակալիություն հաղորդող ցավը:

Իսկ այս գործից առաջ եւ հետո կատարվեցին Սեդրակ Երկանյանի մշակած եւ գործիքավորած «Քոչարիների շարքը», Ջավախքի եւ Կարնո քոչարիները, ազգային երաժշտական արվեստի գանձարանից պեղված հորովելներից երկուսը՝ «Տարոն-Տուրուբերանի հորովելը»՝ Արսեն Ստեփանյանի գեղեցկահունչ տենորով եւ «Վայոց Ձորի հորովելները»՝ Հովսեփ Նշանյանի հուզառատ-համոզիչ, քաղցրաբարբառ բարիտոնով: Ապա եւ արեւելյան հունչ արձակող «Հիջազը»՝ ուդահար Լուսին Դավոյանի եւ դուդուկահար Արտակ Ասատրյանի մատուցմամբ, հետո՝ ժողովրդական «Շահնազը»՝ սանթուրահար Քրիստինե Մնացականյանի մենանվագով, հայկական երգերի շարանի՝ բլուլի համար փոխադրումները՝ Հասմիկ Հարությունյանի կատարմամբ, «Հա, յարը» Գայանե Ղամբարյանի երգեցողությամբ:

Թե՛ քոչարիները եւ թե՛ հորովելները կյանքի հաստատման, արիության, ստեղծարար աշխատանքի եւ արարչության, բնության եւ մարդու ներդաշնակման երաժշտական խտացված արտահայտություններն էին: Մեղեդային ներդաշն կառույցները գեղարվեստի բարձր արտահայտություններ են դարձել մաեստրո Ս. Երկանյանի նրբահյուս մշակումների եւ գեղահունչ, բառացիորեն գունարձակող գործիքավորումների շնորհիվ:

Սեդրակ Երկանյանի հեղինակած հոգեւոր նվագների, «Հարսանեկան» երկու շարքերի, բազում այլ մշակումների ու գործիքավորումների շարանում առանձնակի տեղ ունեն հորովելներն ու պարեղանակները՝ քոչարիները: Հայոց պարեղանակների, հորովելների մի հսկայական պաշար  ունենք, որոնցից մի քանի տասնյակը բեմից հնչում են Ս. Երկանյանի «պեղումների» արդյունքում, եւ որոնք կրում են իր հեղինակային ձեռագիրը՝ կոմպոզիտորական յուրահատուկ մտահղացումների իրացման շնորհիվ:

Հայոց աշխարհի տարբեր անկյունների ծնունդ հորովելների երկանյանական մշակումներում վարպետորեն ներկայացված են ժողովրդի, աշխատավոր մարդու հոգոցն ու հիացումը. հոգոցն անգամ այստեղ խորություն ու արձագանք ունի, հառաչը՝ աշխատանքի հոգնության եւ հույսի կնիքը, դրանք հողի մշակների զգացմունքի ու հեւքի նրբագեղ արձանագրումներ են:

Այս մշակումնելով Ս. Երկանյանն անդրադարձել է մի ոլորտի, որը բաց է մնացել մեր երաժշտական – կատարողական դաշտում: Նա խնդիր է դրել ստեղծել  հորովելների եւ քոչարիների քարտեզ` ըստ Պատմական Հայաստանի քարտեզի:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շումերական հայտնի «Երկրագործական հրահանգներ» արձանագրությունն Արմեն Դավթյանն ընթերցել է հայերենի հիման վրա. շումերերենը վաղնջահայերենն է

Հաջորդ գրառումը

Հայ աստվածաբանի հունարեն աշխատությունը

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Հայ աստվածաբանի հունարեն աշխատությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի...

ԿարդալDetails

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025

Արցախում հուշարձանների ոչնչացումը պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է. հայտարարություն

11/05/2025

Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական