44-օրյա պատերազմի եւ ընդհանրապես Ադրբեջանի մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականությանը անդրադառնալիս առաջին հերթին եւ բնականաբար տալիս ենք Թուրքիայի անունը, երկրորդ՝ հիշում ենք Պակիստանին եւ, հուսկ ապա, Իսրայելին, այն էլ՝ խիստ անորոշ ձեւակերպումով, վկայակոչելով Իրան-Իսրայել հակամարտությունը:
Սակայն օրերս հրեական ամենակարեւոր թերթերից «Հաարեցի» հրապարակած հետաքննական հոդվածը, որը անգլերենից թարգմանաբար ամբողջությամբ հանձնում ենք ընթերցողների ուշադրությանը (տես՝ ներկա համարի 8-րդ եւ 9-րդ էջերում), նոր լույս է սփռում Բաքու-Թել Ավիվ ռազմաքաղաքական համագործակցության տարողության ու խորության վրա եւ փաստերով ապացուցում այդ համագործակցության դաշնակցային, մեր նկատմամբ թշնամական բնույթը:
Հոդվածագիրներ Ավի Շարֆը եւ Օդեդ Յարոնը հաստատում են.
ա) Մինչեւ օրս շարունակվում են Բաքվից Իսրայելի Օվդա ռազմաօդային բազա վայրէջք կատարող եւ այնտեղից սպառազինություններով բեռնավորված Բաքու վերադարձող ինքնաթիռների թռիչքները:
բ) Ադրբեջանական բանակը Իսրայելի ռազմարդյունաբերական գերարդիական արտադրության գլխավոր հաճախորդն է՝ գնումների 70 տոկոսով:
գ) Իսրայելից Ադրբեջանի ռազմարդյունաբերական ապրանքների գնումները սկիզբ են առել 2005 թ.-ից, Lynx բազմակի օգտագործման հրթիռային համակարգերի մատակարարմամբ:
դ) Բազմամիլիարդանոց գնումների դիմաց Բաքուն վճարում է ե՛ւ կարծր դրամով, ե՛ւ «Նավթ՝ զենքի դիմաց» գործարքներով, նկատի առած հանգամանքը, որ Իսրայելի նավթային ներկրումների շուրջ 50 տոկոսը ադրբեջանական է: Նաեւ, ընդգծում են հոդվածագիրները, Իրանին հասանելիությամբ, ինչը ենթադրում է Հարավային մեր հարեւանի լրտեսահետախուզումը եւ, ի հարկին, օդային հենակետերի տեղակայումը նրա դեմ:
Հոդվածագիրների մատնանշած որոշ փաստեր առանձին դրվագներով մեզ ծանոթ էին արդեն: Սակայն դրանց համադրված մատուցումը, պետք է խոստովանել, մեզ համար վախազդեցիկ է իսկապես, մանավանդ ներկա պայմաններում, երբ Հայաստանի գործող իշխանության համարժեք հակաքայլերի բացակայությունը զգում ենք գրեթե բոլոր ասպարեզներում՝ թե՛ բանակաշինության, թե՛ պաշտպանական համակարգերի, թե՛ հետախուզության եւ հակահետախուզության, թե՛ դիվանագիտության, թե՛ ներազգային հարցերում, թե՛…
Ապշեցնող է այն փաստը, որ արդեն շուրջ երկու տասնամյակ Ադրբեջանը կարողանում է մեծաքանակ զենք ու զինամթերք ստանալ Իսրայելից եւ դրանք Թուրքիայի եւ Վրաստանի վրայով անարգել հասցնել իր ռազմաբազաներ: Ինքնըստինքյան հարց է առաջանում. ոչ միայն ներկա, այլեւ նախորդ իշխանությունները երբեւէ բողոք ներկայացրե՞լ են Թբիլիսիի հաջորդական իշխանություններին, թե նրանց թույլատու այդ ընթացքը միջազգային չափանիշներով թշնամական արարք է դարավոր հարեւանի՝ Հայաստանի դեմ:
Ես չեմ հիշում նաեւ, որ մեր արտգործնախարարության որեւէ պաշտոնյա որեւէ բողոք ներկայացրած լինի Իսրայելի կառավարությանը մեր թշնամի երկրին զինամատակարարման գծով, բացի նորագույն զինատեսակներից՝ նաեւ մասնագետներ ու մարզիչներ տրամադրելու իմաստով: Բացառությամբ մեկ դեպքի, երբ իսրայելացի մի պաշտոնյա, որի անունը չեմ հիշում, մեզ ակնհայտ կեղծ առաջարկ արեց հաճախորդ դառնալ իրենց, ինչպես տարիներ առաջ՝ Բոլթոնն էր արել… Մինչ բոլորը, կամ արեւմտյան գրեթե բոլոր երկրները, ձայնակցելով Իլհամ Ալիեւին՝ գոռում-գոչում էին ու մեզ հանդիմանում ռուսական զենքի մատակարարման առթիվ, քաջ գիտենալով հանդերձ, որ մեր ստացածը ընդամենը պաշտպանական զինատեսակներ էին, իսկ Բաքվինը՝ հարձակողական գերժամանակակից համակարգեր, որոնք Իսրայելը մատակարարում էր՝ օգտվելով թաթարական բռնատիրական այդ երկրին զինապես չնպաստելու արեւմտյան երկրների ներքին որոշումից, որի մասին նույնպես դիտել են տալիս «Հաարեցի» աշխատակիցները:
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, որ իբրեւ դաշնակից գլխավոր ու թերեւս մեր միակ մատակարարն էր զենք-զինամթերքի, եւ հաճախ զեղչված գներով ու երբեմն էլ անվճար, շուրջ 2,5 տասնամյակ զինել է մեր բանակը, սակայն երբեմն թերացել է պարկեշտ դաշնակցի իր պարտականություններում, սակայն Իրանի հետ մնում է մեր բնական դաշնակիցը:
Այս պայմաններում պետք է հստակ որոշենք: Ովքե՞ր են մեր բարեկամները, ներառյալ նրանք, որոնք «շրթունքի ծառայությունից» բացի ոչնչով չեն կարող կամ չեն ուզում օգնել մեզ, եւ ովքե՞ր են մեր թշնամիները, ներառյալ նրանք, որոնք փողի, նավթի կամ այլ շահագրգռությունների պատճառով, ինչպես Իսրայելը, ծանրածանր հարվածներ են հասցնում մեզ:
Ժամանակակից աշխարհում մենք ստիպված ենք հարաբերվել բոլորի հետ, ըստ մեր շահերի եւ ըստ նրանց մեր նկատմամբ ունեցած քաղաքականության, առանց խաբկանքների, առանց թերագնահատման, առանց գերագնահատման, առանց «ճարպիկ տղա» խաղալու, առանց սեթեւեթելու:
Հրեական թերթի տվյալներով ու մեր ունեցած փաստերով Իսրայելը մեր ակամա թշնամին է, իսկ ակամա թշնամին նույնպես թշնամի է, ըստ նույնինքն հրեական օրենքի:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ