ԵՐԵՎԱՆ-ՌԻԳԱ – Ալեքսանդր Բեկնազարովը («Բեկ») Ռիգայում բնակվող հեղինակ-կատարող է (բարդ), երաժիշտ եւ երգահան: Մասնագիտությամբ բժիշկ է: Ծնվել է 1952 թ., Կիրովաբադում (Գանձակ): Չորս տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կարագանդա` Ղազախստան: 1988-ից բնակվում է Լատվիայում, որտեղ հանդես է եկել բարդ Էդուարդ Վարդանովի եւ կիթառահար Հրանտ Սերեբրյակովի հետ: Հյուրախաղեր է ունեցել եւ մասնակցել է հեղինակային երգի փառատոների Էստոնիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում: «Բարդերի աշխարհ» փառատոնի (Սամարա) ժյուրիի անդամ է: Հեղինակային երգի Մոսկովյան փառատոնի (2008, 2009), 2009 թ. Գրուշինյան փառատոնի եւ Սանկտ-Պետերբուրգի «Պետակորդա» փառատոնի (2010 թ.) դափնեկիր է:
–Պարոն Բեկնազարով, կպատմե՞ք ձեր արմատների մասին: Մեծանուն ռեժիսոր եւ դերասան Համո Բեկնազարյանը ձեր ազգակա՞նն է:
-Պապս ոսկերիչ է եղել: Հայրս՝ Սուրեն Իվանովիչը, գիտնական-ֆիզիոլոգ էր, մասնակցել էր Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին եւ Երկրորդ համաշխարհայինին: Մորս հետ ծանոթացել է ռազմաճակատում: Համո Բեկնազարյանը հորս հորեղբորորդին է եղել: Ես նրան չեմ տեսել, նրա մասին ինձ մայրս է պատմել: Պատերազմից հետո ծնողներս բնակվել են Կիրովաբադում, հետո մեկ տարի՝ Երեւանում, ապա՝ Օմսկում: Հայրս մահացավ 1957 թ., Կարագանդայում, որտեղ աշխատում էր բժշկական ինստիտուտում՝ որպես ամբիոնի վարիչ: Նա նոր էր պաշտպանել դոկտորական թեզը ու մենք պատրաստվում էինք տեղափոխվել Լենինգրադ, բայց նրա մահից հետո մեր ընտանիքը երկար ժամանակով հաստատվեց Կարագանդայում: Քանի որ ես ընդամենը չորս տարեկան էի, հորս չեմ հիշում…
–Կիթառով դուք վաղ եք հետաքրքրվել: Ի՞նչը նպաստեց նման ընտրությանը:
-Սերը կիթառի հանդեպ հանկարծակի ծագեց. չորրորդ դասարանում լսեցի, թե ինչպես են նվագում տղաները, եւ տարվեցի: Մենք ընկերներով եւս որոշեցինք սեփական խումբ ստեղծել: Զուգահեռաբար ես բասկետբոլով էի զբաղվում, բժշկական ինստիտուտ ընդունվելուց հետո նույնիսկ մասնակցեցի ԽՍՀՄ առաջնությանը:
–Դուք ութ ձայնասկավառակ եք ձայնագրել: Բոլո՞ր երգերն են ռուսերեն: Ո՞վ է տեքստերի հեղինակը:
-Այո՛, բոլորը ռուսերեն են: Երգեր եմ գրել Իգոր Սեւերյանինի, Բորիս Ռիժիի, Վադիմ Նովոժիլովի, Ալեքսեյ Շմելյովի, Ալլա Գորբաչի եւ Ալեքսանդր Գաբրիելի բանաստեղծությունների հիման վրա:
–Ձեր երգերը հմայիչ են ու ներդաշնակ, դրանք գեղեցիկի մասին են, զերծ բացասական ու ագրեսիվ տարրերից: Հեղինակային երգերը կարծես շարունակում են ձեր բժշկական մասնագիտությունը՝ բժշկելով մարդկային հոգիները: Ի՞նչն է ձեզ օգնում մեր դժվարին ժամանակներում պահպանել հոգեւոր հավասարակշռությունը, ներշնչանքի աղբյուրներ գտնել:
-Դժվարանում եմ ասել, թե որտեղից է հայտնվում ներշնչանքը: Ինքն իրեն է ասես ամեն բան ստացվում:
–Ֆրանսահայ բանաստեղծ Գեղամ Աթմաճյանի (Սեմա) խոսքերով գրված «Հայաստանի վերադարձը» անվամբ հրաշալի երգ ունեք: Գիտեմ, որ երգեր եք գրել նաեւ Շառլ Ազնավուրի բառերով, որոնք սիրվել են Լատվիայում եւ նրա սահմաններից դուրս: Եղե՞լ եք արդյոք Հայաստանում, վիճակվե՞լ է երբեւէ հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ:
-Հայաստանում եղել եմ վաղ մանկությանս օրերին ու եւս մեկ անգամ՝ երեք տարի առաջ՝ մասնավոր այցով, բայց, ցավոք, ելույթ չեմ ունեցել: 2018 թ. Թբիլիսիում ծանոթացա հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանի հետ, որն ինձ հրավիրեց մասնակցել Սեւանա լճի ափին կայանալիք փառատոնին: Հուսով եմ, որ մոտ ապագայում ելույթ կունենամ այնտեղ:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ Ռիտա Սոլովյովայի