Երբ արեւը պակասում է, ջերմ հոգին հառնում է վեր,
Տարիքին քո հակասում էր մահ տեսնել՝ լինելով սեր…
Փետրվարի 11-ին կլրանար Ալեն Մարգարյանի 23-րդ տարեդարձը: Այդ առթիվ հարազատ կրթօջախում՝ ՀՊՄՀ-ում բացվեց նրա կիսանդրին:
-Այս օրը ծնվեց մի մանուկ, որը բարություն ու լույս պիտի քարոզեր, մի նոր նշաձող սահմաներ: Նա դարձավ չափանիշ, դարձավ տեսակ, իսկ անսահման անձնազոհությունն էլ պատճառ դարձավ, որ անմահանա. նա արժեւորեց հայրենիքը: Ալենը եղավ կրթության, գիտության, արվեստի ջատագովը՝ որոշելով կերտել իր ապագան:
Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, որդու մասին մեծ հպարտությամբ ու անչափելի կարոտով է խոսում:Նա վստահ է, որ որդու երազանքը, նպատակը, շոշափելի է, չլերդացած, օդի մեջ է ու փառահեղ ուղով կարծես շարունակում է իր առաքելությունը:
Եվ իսկապես, մենք բոլորս պետք է ապրենք,օդում պտտվող նրանց երազանքը որսալու,իրականություն դարձնելու պատասխանատվությամբ:
«Ալենը իր իսկ օրինակով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի նոր ժամանակների երիտասարդը: Դասախոսների խոսքով էլ՝ նա եզակի էր, առաջնորդող մանկավարժ էր»,-իր խոսքում նշում է տիկին Նազելին:
Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գեւորգ Թադեւոսյանը հիշում է Ալենի ուսումնառության տարիները, նաեւ այն, որ արտասահմանում ուսումը շարունակելու փոխարեն նա նախընտրեց ծառայության մեկնել հայկական բանակ:
«Պատերազմում մենք կորցրինք հազարավոր հայորդիների: Հայրենիքի համար զոհվելուց առաջ նրանք իրենց ծնողների զավակներն էին, որ հետո դարձան բոլորինս»,-նշեց Գեւորգ Թադեւոսյանն ու հավելեց՝ նրանք ընկան, որ հայրենիքը կանգուն մնա:
Ըստ քանդակագործ Մկրտիչ Արզումանյանի, քանդակում մեկտեղել են Ալենի ըմբոստ հոգին ու հաղթանակի գաղափարը:
«Ալենը հավերժացավ այստեղ, նա եկել է իր տուն, մշակութային օջախ»,- նշեց Արզումանյանը:
Ռեկտորի պաշտոնակատար՝ Սրբուհի Գեւորգյանը առանձնակի կարեւորեց Ալենի՝ «լավ կրթություն բոլոր երեխաների համար» գաղափարի առաջամարտիկ լինելու հանգամանքը.
«Գնալ երազանքի հետեւից, սիրել եւ հանդուրժել մարդկանց իրենց բազմազանությամբ, եւ աշխարհը նվաճել այն կատարելության բազմազանությամբ, որ վաղը ավելի լավն է լինելու»- մեջբերելով Ալենին՝ նշեց նա:
ՀՊՄՀ-ի վարժարանի 10-րդ դասարանի սան Արման Վարդանյանը ներկայացրեց իր հեղինակած «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գիրքը, որը, ըստ հեղինակի, թեեւ նվիրված է պատերազմում զոհված հերոսի հիշատակին, սակայն ո՛չ պատերազմի մասին է, ո՛չ մահվան:
«Մարդ-մոլորակներն ապրում են մարդ-երկնաքարերի կողքին, որտեղ թագավորում է անէությունը:Մարդ-մոլորակների առաքելություններից մեկը նաեւ մարդ-երկնաքարերին փոփոխելն ու հնարավորինս լայնացնելն է… գիրքը ներքին բոլոր պատերազմները հաղթահարելու եւ որակյալ աշխարհաքաղաքացի լինելու մասին է: Գրքի էջերն անվերջ են, ինչպես Ալենի երազանքներն ու սերը»,-ասում է Արմանը:
Արմանի տողերը թռչում են երկինք, որտեղ, ինչպես նա է նշում, շնչում է մի ուրիշ երկինք,որի սիրտն անսիրտ աշխարհին մնաց: