Ավելի տաք, ավելի հարմարավետ
Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները, փողոցում ութ ամիս պայքարելուց, բայց այդպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրաժարականին չհասնելուց հետո այս շաբաթ մեկնարկած քառօրյա նիստերին խորհրդարան են վերադարձել: Թեեւ նսիտերին մեկումեջ (խռոված երեխայի նման) են մասնակցում ընդդիմադիրները, բայց առավոտյան շտապում են գրանցվել, որ նիստերից բացակայության թիվը նոր ռեկորդներ չսահմանի: Իշախանական թեւի պատգամավորները թեեւ առանց ծափերի, բայց գաղտագողի քմծիծաղով են դիմավորել խորհրդարան վերադարձած ընդդիմադիրներին:
Ինչպես գնացին, այնպես էլ խելոք-խելոք եկան. ասում են իշխանավորներն ընդդիմադիր գործընկերներին ու հորդորում կառուցողական քննադատության դաշտ վերադառնալ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ այս շաբաթ մեկնարկած քառօրյա նիստերի ժամանակ է պատգամավորական երդում տվել, ասում է՝ ընդդիմադիր գործունեությունը սոսկ խորհդարանով չէ պայմանավորված: «Ես ակտիվ ընդդիմադիր գործիչ եմ՝ մինչեւ այս պահն առանց մանդատի, այժմ՝ մանդատով, ու ինձ համար ոչինչ չի փոխվել: Ես թե՛ այստեղ՝ խորհրդարանում եմ պայքարել, թե՛ փողոցում եմ պայքարելու, ինձ համար պայքարը երբեք չի դադարել ու ինձանից կախված ամեն բան անելու եմ՝ բարձրաձայնելու երկրի առջեւ ծառացած անվտանգային ու առանջնահերթ այլ հարցերը,- «Ազգ»-ի հետ զրուցյում նշում է նա ու ավելացնում,- Ես, գիտեք, տավուշեցի եմ, իմ հարազատ մարզում էլ բազմաթիվ հարցեր կան՝ անվտանգային, սոցիալական եւ այլ բնույթի, ու այդ հարցերն ԱԺ ամբիոնից չբարձրաձայնելը, դրանց համար չպայքարելը, անկարելի է: Ինչ վերաբերում է փողոցի ու Ազգային ժողովի պայքարին, ապա դրանք պետք է փոխլրացնեն իրար: Փողոցի պայքարը չենք դադարեցրել ու չենք դադարեցնելու: Այն զուգահեռ է ընթանալու ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանից դուրս: Այդ պայքարն էլ ինքնանպատակ չէ, մենք ծրագրեր ու նպատակներ ունենք, որ առաջիկայում ներկայացնելու ենք՝ նոր ռազմավարությամբ»:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ասում է, որ իրենք երբեք չեն էլ հայտարարել, թե հեռանում են խորհրդարանից, որ այժմ էլ հակառակը հայտարարեն: Նրա համոզմամբ՝ այս պահին երկրի թիվ մեկ քաղաքական հարթակում պետության համար անվտանգային նշանակության հարցեր չեն քննարկվում, ինչը դեմ է «Պատիվ ունեմ» խմբակցության որդեգրած սկզբունքներին: Հետեւաբար՝ ոչ իրական օրակարգերով չեն առաջնորդվում: Ճիշտ է, նիստերի դահլիճում ընթացող քնարկումներին չեն մասնակցում, բայց, վստահեցնում է, օրենսդրի իրենց գործունեությունը խորհրդարանական մյուս հարթակներում են շարունակում:
Հարցին, թե իշխանության ներկայացուցիչ իրենց գործընկերներին պատրաստվո՞ւմ են կոնկրետ հարցեր տալ կամ քննադատել նրանց, պատասխանում է. «Անկեղծ ասած՝ որեւէ հույս չկա, թե մեր հարցերին կամ քննադատությանն իշխանությունն ադեկվատ պատասխան է տալու, դրա համար այս իրավիճակում ու պարագայում մենք մեր դիրքորոշումներն արտահայտում ենք քվեարկությունների միջոցով: Կարեւորում ենք նաեւ արտաքին ճակատում՝ միջազգային կազմակերպությունների ու գործընկերների հետ աշխատանքը, ինչն արել ենք անգամ ամառվա՝ փողոցում ընթացող պայքարին զուգահեռ»:
Իշխանությունն ընդիմադիրների՝ խորհրդարան վերադարձին սպասում էր: «Դիմադրություն» շարժման վերջին հանրահավաքից հետո հատկապես, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «չստացված հանրահավաք» է անվանում, Փաշինյանի թիմակիցների համար պարզ էր՝ մի քանի հարյուր մարդկանց հավաքը պսակվելու է ընդդիմադիրների խորհրդարան վերադառնալով: «Եղանակներն էլ ցրտել են, Ազգային ժողովում, բնականաբար, ավելի տաք է, դե նրանք էլ որոշել են վերադառնալ: Բացի այդ, մարդիկ էլ շատ էին հարց բարձրացնում, թե ինչո՞ւ են ընդդիամդիր պատգամավորներն աշխատանքի չգնալու համար աշխատավարձ ստանում: Այդ պահանջից, գուցե նաեւ կամ հանրության պահանջից ճնշվելով՝ ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են խորհրդարան»,- նշում է նա:
Իշխանությունը պատրաստ է լսել ընդդիմադիրների քննադատությունը, նրանց հետ բանավիճել, ավելին՝ ընդդիմադիրներին համագործալկցելու առաջարկ միշտ են հնչեցրել՝ ի շահ մեր երկրի ապագայի: «Բայց ժամանակին նրա՛նք են լքել իրենց «պոստերը», հիմա էլ որոշել են վերադառնալ: Խնդրեմ, թող գան, տեսնենք՝ ամեն մեկս մեր մասով երկրի համար ի՛նչ կարող ենք անել: Փողոցում փորձեցին ինչ-որ պայքար սկսել, ինչը չստացվեց, հիմա էլ խորհրդարանում են փորձում ինտրիգներ անել, բայց դա անել խորհորդ չեմ տա: Ավելի լավ է՝ աշխատանքային դաշտ վերադառնալ»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է ՔՊ-ական պատգամավորն ու կրկնում՝ ցուրտ է, ու մարդիկ անգամ տաք եղանակին չէին ընդդիմադիրների շուրջը հավաքվում, էլ ուր մնաց՝ այժմ հավաքվեն:
Սարուխանյանը «Դիմադրություն» շարժման կողմից հաջողություն գրանցելու ու իշխանափոխություն իրականացնելը բացառում է: Ըստ նրա ՝ իշխանափոխություն Հայաստանում կլինի այն ժամանակ, երբ ժողովուրդը նման բան ցանկանա: Իսկ ժողովուրդը, վստահ է ՔՊ-ականը, նման բան այժմ չի ցանկանում, իշխանությունն էլ այժմ աշխատում է իր որդեգրած օրակարգով:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ