«Ազգ» շաբաթաթերթի գրադարանը անցնող մեկ շաբաթվա ընթացքում ստացավ մեկ տասնյակից ավել գրքեր՝ նորընծա կամ վերջին ամիսներին լույս տեսած:
Շնորհակալություն հայտնելով հեղինակներին եւ նվիրատուներին՝ ստորեւ առանձնացնում ենք առայժմ 3 նորընծա գրքեր, խոստանալով թերթի առաջիկա համարներում անդրադառնալ նաեւ մյուսներին:
Ա) «Արեւելքի արհավիրքներ», Կարել Հանսա:

Չեխ ճանապարհորդի վկայություններն ամփոփող այս կարեւոր հատորը չեխերենից թարգմանել է մեր գործընկեր, Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի խմբագիր Աննա Կարապետյանը, որին պատկանում են նաեւ գրքի մանրամասնյալ ծանոթագրությունները:
361+ էջանոց գրքի մեկենասն է Marlenka International LTD. ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը:
Նորընծա հատորը առաջնեկն է «Օրեր» համաեվրոպական ամսագրի մատենաշարի:
Բ) «Սուրիահայ դպրոցի պատմութիւն», Յակոբ Չոլաքեան, Ա եւ Բ հատորներ:

Անխոնջ բանասեր, ազգագրագետ, թուրքագետ եւ կրթական գործիչ Հ. Չոլաքյանի երկհատոր այս աշխատությունը (646+607 էջ) հեղինակի առավել կարեւոր գրքերից է, որտեղ ի մի են բերված Սիրիայի ամբողջ տարածքում հիմնված, այժմ գործող կամ չգործող, նույնիսկ մոռացված դպրոցների հիմնադրմանը եւ գործունեությանը վերաբերող փաստեր, նյութեր, վկայություններ, հովանավորողների, ուսուցչական կազմերի եւ այժմյան ճակատագրի վերաբերյալ տվյալներ, արդյունք՝ բազում տարիների հավաքչական աշխատանքի ու պրպտումների:
Խմբագիրն է՝ բանասեր, պատմաբան, հրապարակախոս Գեւորգ Յազըճյանը, մեկենասը՝ Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամը:
Առաջին հատորը լույս է տեսել 2021-ին, երկրորդը՝ 2022-ին, Էդիթ Պրինտ տպագրատանը:
Գ) «Ընթացք», Վիլհելմ Մաթեւոսյան:

Հայտնի արվեստաբանի, գրաքննադատի եւ մշակութաբանի մամուլում տպագրված հոդվածների այս ժողովածուն, որը կազմել, խմբագրել եւ որի առաջաբանը գրել է մեր հեղինակներից՝ արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանը, տպագրվել է «Մեկնարկ» տպագրատանը, օրերս, Արտաշես Մարգարյանի եւ Լեսինգ Աղաքարյանի մեկենասությամբ, կոշտ կազմով, 431 էջ ծավալով: