–Պարոն Իշխանյան, հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանին անվանել է էներգիա մատակարարող վստահելի գործընկեր: Այս պայմաններում իրատեսակա՞ն է, որ Եվրոպական հանձնաժողովը դատապարտի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը եւ պատժամիջոցներ կիրառի այդ պետության դեմ:
– Միանգամից ասեմ՝ բացառվում է: Նախ, ինչպես նշեցիք, Ադրբեջանը Եվրոպայի Միության (ԵՄ) համար կարեւոր գործընկեր է, հիմնականում՝ էներգակիրների ոլորտում, որն է՛լ ավելի կարեւոր դարձավ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով: Երկրորդ, Ադրբեջանի մերձավոր դաշնակիցը Թուրքիան է, եւ ԵՄ-ն անհնար է, որ Թուրքիայի դաշնակցի դեմ քայլեր անի: Երրորդ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ նշանակում է նրան մերձեցնել Ռուսաստանին, որն ամենակարեւոր հարցն է ԵՄ-ի համար: Եվ վերջապես չորրորդը՝ իսկ արդյոք Հայաստանը ճանաչե՞լ է Արցախի հայաթափումը որպես ցեղասպանություն եւ պահանջե՞լ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
Հայաստանը պաշտոնապես ոչ միայն չի ճանաչել Արցախի եւ մեր բոլորի ողբերգությունը որպես ցեղասպանություն, այլեւ շարունակում է Ադրբեջանից ծնկաչոք խաղաղություն աղերսել, այն դեպքում, երբ Ադրբեջանը պաշտոնապես բոյկոտում է եւ՛ նախագահ-վարչապետ ձեւաչափով հանդիպումը Բրյուսելում, ե՛ւ արտգործնախարարներինը՝ Վաշինգտոնում: Այնպես որ, եթե Հայաստանը Արցախի հարցում նման անարժանապատիվ դիրքորոշում ունի, ի՞նչ հույսեր, ավելի ճիշտ՝ իրավունք ունենք ԵՄ-ից կամ այլ կառույցներից այլ բան ակնկալելու:
–Պարոն Իշխանյան, արդյո՞ք տեսնում եք այն լծակները, որոնց միջոցով կարելի է անվտանգության միջազգային իրական երաշխիքներ ստեղծվեն Արցախի բնիկ հայության համար եւ արցախահայությունը կարողանա օգտվել սեփական հայրենիք վերադառնալու իր անօտարելի իրավունքից:
-Ներեցեք, այս հարցում ես շատ հոռետես եմ: Այն ինչ կատարվեց Արցախի հետ՝ ունի թիվ մեկ մեղավոր եւ պատասխանատու. դա Հայաստանի վարչապետ կոչեցյալն է իր բարձր վարձատրվող հավատարիմ պաշտոնյաներով: Բայց նաեւ մեղավոր ենք բոլորս՝ ընդդիմություն, հասարակություն, Հայաստանի ողջ ժողովուրդը, որ չկարողացանք հեռացնել ազգադավ իշխանությանը եւ սատար կանգնել Արցախին: Արցախի անվտանգության միակ երաշխավորը, մինչեւ 2020, ավելի ճիշտ՝ 2018թ., Հայաստանն էր: Այլ երկիր կամ միջազգային կառույց չէր կարող, առավել եւս՝ այսօր չի կարող Արցախին անվտանգության երաշխիքներ տալ: Այդ հարցում, ելնելով իր աշխարաքաղաքական շահերից, ամենաշահագրգռվածը Ռուսաստանն էր, բայց… տեսանք՝ ինչ եղավ: Եվ ինչպես վերը նշեցի, եթե Հայաստանը պաշտոնապես չի պահանջում արցախցիների վերադարձ դեպի հազարամյակների հայրենիք, ապա ի՞նչ կարող ենք պահանջել միջազգային կառույցներից: Արցախցիների վերադարձ սեփական հայրենիք, հնարավոր է միայն զենքի ուժով:
–Դուք տեսնո՞ւմ եք Արցախին այս իրավունքի հիմքում ընկած կարգավիճակ հատկացնելու մոտակա հնարավորություն:
-Մի պահ ընդունենք, որ Արցախի անկմանը Հայաստանի իշխանությունը մասնակից չի եղել: Այդ դեպքում, փախստական արցախցիներին կընդունեին հոգատար վերաբերմունքով, նրանց տեղավորելով ազատ բնակարանային ֆոնդերում, հյուրանոցներում եւ հանգստյան տներում: Մի խոսքով, կցուցաբերվեր այնպիսի վերաբերմունք, որ արցախցիների մտքով չանցներ լքել Հայաստանը: Իսկ այսօր արդեն, ավելի քան 11 000 արցախցիներ հեռացել են Հայաստանից, քանի որ շատերի բնակության վայրերը զուրկ են տարրական կենցաղային պայմաններից: Իմ տպավորությամբ, հակառակը՝ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր արցախցիները հեռանան: Այստեղ, վարչապետ կոչեցյալը երկու խնդիր է լուծում: Առաջին, գլուխն ազատում է իր համոզմամբ ավելորդ հոգսերից ու ծախսերից եւ երկրորդ՝ նա ատում է Արցախն ու արցախցիներին: Ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք գնալ, երբ ստիպում են, որ լուծարվեն Արցախի պետական կառույցները, իբր որպես վտանգ Հայաստանի անվտանգությանը:Վարչապետ կոչեցյալի այս դավաճանական թեզը, թութակի պես կրկնում են բոլոր պաշտոնյաները՝ ԱԺ խոսնակ, հատուկ հանձնարարություններով դեսպան եւ այլք: Հետաքրքրական է, որ Ադրբեջանը պաշտոնապես Հայաստանը համարում է «արեւմտյան Ադրբեջան» եւ կազմավորել է համապատասխան համայնք ու ղեկավարություն, իսկ մե՞նք, կրկնեմ՝ ծնկաչոք խաղաղություն ենք աղերսում: Արցախի կարգավիճակի պահպանմանը կողմ է Հայ Առաքելական Եկեղեցին, չլուծարելով Արցախի թեմը, որը ողջունելի է:
Այնպես որ, քանի Հայաստանում այս անարժապատիվ, Արցախն ուրացած, վարչապետ կոչեցյալն է իշխանության, Արցախի հարցը ոչ թե սառեցվում, այլ վերանում է:
–Պարոն Իշխանյան, ինչպե՞ս եք գնահատում այս պահի Եվրոխորհրդարանի, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի կողմից Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ ռազմագերիների անհապաղ եւ անվերապահ կերպով ազատ արձակման վերաբերյալ դիրքորոշմանը:
-Այն նույն համատեքստում, ինչպես այդ բոլոր կառույցները վերաբերվում են Հայաստանին եւ Ադրբեջանին:Հիշեցնեմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հրադարարի փաստաթղթով պետք է ազատ արձակվեին բոլոր ռազմագերիները: Առաջին իսկ օրվանից Ադրբեջանը խախտեց համաձայնագիրը: Այս պարագայում, Հայաստանը պաշտոնապես պետք է հրաժարվեր հետագա բանակցություններից, քանի դեռ ազատ չէին արձակվել բոլոր ռազմագերիները: Բայց, փաստորեն Հայաստանի իշխանությունը, վարչապետ կոչեցյալի դեմքով, այո՛, դավաճանեց մեր տղաներին, որոնք մինչ օրս տառապում են Բաքվի բանտերում: 2021թ. նախընտրական քարոզչության ժամանակ նա ցինիկաբար ասաց, որ ոչինչ, գերիները մի քանի ամիս էլ կսպասեն: Սա ցույց է տալիս, որ այդ մարդը զուրկ է տարրական մարդասիրությունից, գթասրտությունից: Այս տարի սեպտեմբերին գերեվարվեցին Արցախի նախկին ղեկավարները: Եվ նորից, պաշտոնական Հայաստանի անտարբերությունը եւ պատրաստակամությունը՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ, կատարել նրա բոլոր պահանջները: Նորից կրկնեմ՝ եթե Հայաստանի իշխանությունն անտարբեր է մեր գերիների տառապանքներին, ի՞նչ ենք պահանջում միջազգային կառույցներից: Այնպես որ, ինքս մեծ սպասելիքներ չունեմ այդ բոլոր կառույցներից: Լավագույն դեպքում՝ դատարկ պահանջներ, հայտարարություններ, որոնք որեւէ ազդեցություն չեն ունենա:Եթե Ադրբեջանի նախագահը վստահ է, որ իր եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվելու, ապա ինչո՞ւ պետք է կատարի այդ պահանջները: Ի վերջո, Եվրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների Դատարանը (ՄԻԵԴ) կարող էր իր որոշումներով պարտադրել Ադրբեջանին՝ ազատելու բոլոր գերիներին: Բայց ՄԻԵԴ-ը հապաղում է: Հապաղո՞ւմ է արդյոք… Եվ վերջապես, եթե Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի դատարանի որոշումը, ապա ի՞նչ կարծիքի եք, կկատարի՞ արդյոք այդ տարբեր կառույցների հերթապահ հայտարարությունների պահանջները: Իհարկե՝ ոչ:
–Պարոն Իշխանյան, արդյո՞ք միջազգային վերոհիշյալ կառույցների կողմից դուք տեսնում եք կամք՝ Ադրբեջանի վրա արդյունավետ ճնշում գործադրելու ուղղությամբ, որպեսզի բացառվի որեւէ ագրեսիա կամ ագրեսիվ գործողություն Հայաստանի Հանրապետության դեմ:
-Կարծում եմ, որ այսօր որեւէ միջազգային կառույց, պետություն, բացի Թուրքիայից, չէր ցանկանա Ադրբեջանի հերթական ագրեսիա ընդդեմ Հայաստանի: Հայաստանը հնազանդորեն կատարում է այդ միջազգային կառույցների բոլոր պահանջները, այն է՝ քայլ առ քայլ հեռանալով Ռուսաստանից, բոյկոտելով ՀԱՊԿ-ը: Նրանք էլ աչք են փակում Հայաստանում կատարվող անօրինականությունների, տասնյակ քաղբանտարկյալների առկայության վրա:Սակայն մի բան է չուզենալը, այլ բան՝ թույլ չտալը: Եթե այնուամենայնիվ, Ադրբեջանը հերթական անգամ հարձակում գործի Հայաստանի դեմ, ինչպիսի՞ն կլինի այդ բոլոր կառույցների ու երկրների արձագանքը՝ ափսոսանք, զայրացած հայտարարություններ, պահանջներ եւ… վերջ: Իհարկե, ամենախիստ հայտարարություններն ու խորը ափսոսանք կհայտնեն Ֆրանսիայի նախագահն ու ֆրանսիացի այլ պաշտոնյաները: Թե՞ կարծում եք, որ ԵՄ դիտորդները թույլ չեն տա: Այսօր, Ադրբեջանին զսպող հիմնական գործոնը՝ Իրանի, նաեւ Ռուսաստանի դիրքորոշումներն են: Իրանի տարբեր պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են, որ թույլ չեն տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն: Բնականաբար, Իրանը գործում է իր շահերից ելնելով, որը համընկնում է Հայաստանի շահերի հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա համար անչափ կարեւոր է չհեռանալ մեր տարածաշրջանից: Եթե, դիցուք Ադրբեջանը հարձակվում եւ գրավում է Սյունիքը, ապա Ռուսաստանի վարկը վերջնականապես ընկնում է եւ նա այլեւս անելիք չի ունենա տարածաշրջանում: Սակայն, այս ամենը բոլորովին չի նշանակում, որ մենք ապահովված ենք Ադրբեջանի հերթական ագրեսիայից:
Ադրբեջանը սպասում է հարմար առիթի հերթական հարձակման համար:
Այդ հարձակմանը դիմակայելու համար, ոչ թե պետք է հույսներս դնենք այդ միջազգային կառույցների կամ երկրների վրա, այլ միայն մեր ինքնապաշտպանության՝ բանակի վրա: Բայց, այդ ուղղությամբ, այսինքն զինված ուժերը կարգի բերելու, մարտական ոգին բարձրացնելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ պարբերաբար զորավարժություններ է անում, իսկ մե՞նք: Իսկ մենք հրաժարվում ենք Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններից, բոյկոտում ՀԱՊԿ բոլոր զորավարժությունները եւ ինչ-որ տասնյակ զինվորների մասնակցությամբ ԱՄՆ-ի հետ ձեւական զորավարժություններ ենք անցկացնում, որին հետեւում է Ադրբեջանի ագրեսիան Արցախում:
Ամփոփելով խոսքս ասեմ, որ Հայաստանի անվտանգությունն ու Արցախի հնարավոր ապագան կախված է միայն ու միայն մեկ բանից՝ կկատարվի՞ արդյոք Հայաստանում շուտափույթ իշխանափոխություն: Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Իշխանության պետք է գան նվիրյալներ, ինչպիսին եղել են Արամ Մանուկյանն ու Գարեգին Նժդեհը: Միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել Հայաստանի անվտանգությունը եւ հուսալ , որ մոտ ապագայում հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիում նորից կծածանվի հայոց եռագույնը:
Հարցազրույցը վարեց ՄԱՐԻԱՄ ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆԸ