Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի (UCLA) «Խոստում հայկական ինստիտուտի» կազմում ընդգրկված «Հայոց ցեղասպանության Ուսումնասիրության Ծրագիրը» (AGRP, ղեկավար դոկտ. Թաներ Աքչամ) հրապարակել է զեկույց կատարված գործունեության եւ հետագա նախաձեռնությունների մասին: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկության, 2021 թվին նախագահ Բայդենի եւ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության որպես պատմական փաստի ճանաչումից հետո Ծրագիրը նախատեսել է իրականացնել` աշխարհաքաղաքական ներկա բարդ խոչընդոտների առկայության պայմաններում, արդարության վերականգնման եւ կորստի փոխհատուցման գերնպատակները, որոնց առաջնահերթ բաղկացուցիչ մասն է կազմել «What s Next» (Ո՞րն է հաջորդ քայլը) վավերագրական ֆիլմի թողարկումը (ռեժիսոր եւ պրոդյուսեր` Կառլա Կարապետյան) Հայ փաստաբանների ընկերակցության համագործակցությամբ եւ «Թալանված արժեքավոր իրերի փոխհատուցման խնդիրը» խորագրով դասախոսությունների շարքի կազմակերպումը:
Ֆիլմը, որն արդեն պատրաստ է, հիմնականում նվիրված է UCLA-ում 2023-ին կայացած գիտաժողովի նյութերին: Իսկ դասախոսություններից մեկը կայացել է այս տարվա սեպտեմբերի 5-ին: Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանում «Նացիստների կողմից թալանված իրերի փոխհատուցումը որպես մոդել» խորագրի ներքո ելույթ են ունեցել դոկտ. Թաներ Աքչամն ու Հոլոքոսթի փոխհատուցման մասնագետ պրոֆ. Մայքլ Բազիլերը:
Այս միջոցառումներից բացի, ամռան ընթացքում առցանց «արխիվում» տեղադրվել է հայկական թալանված ունեցվածքի (Էմուալ-ի-Մետրուքա) աճուրդների վերաբերյալ տեղեկատվություն` հիմնվելով 1920-30-ական թվականների անգլերեն եւ թուրքերեն լեզուներով թերթերում տպագրված աճուրդի հարյուրավոր հայտարարությունների վրա, ինչը պատմական նշանակության փաստական իրողություն է:
Հաջորդիվ «Արարատ Էսքիջյան թանգարանի» համագործակցությամբ նախատեսվում է անգլերեն թարգմանությամբ հրատարակել Արամ Անտոնյանի «Մեծ Ոճիր» աշխատությունը, որն առաջին անգամ լույս է տեսել 1921-ին: Անգլերեն տարբերակի առաջաբանում դոկտ. Աքչամը արխիվային նոր հայտնագործություններ, կոնտեքստային բացատրություններ եւ իր «Սպանության հրամաններ» գրքից վերլուծական հատվածներ է ավելացրել:
Վավերագրական ֆիլմի, դասախոսությունների եւ հրատարակվելիք գրքի մասին հավելյալ տեղեկություններ ցանկացողներին խորհուրդ է տրվում կապ հաստատել կենտրոնի ծրագրերի համակարգող Նանոր Հարթունյանի հետ հետեւյալ հասցեով. «nhartounian@international.ucla.edu.»:
«Armenian Mirror-Spectator»-ից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
 
			 
     
			





