Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ (HUJ) կամավորական աշխատանքների ծառայության ճամբարներում այս ամառ եւս միասին աշխատում, միմյանցից սովորում եւ մշակութային բովանդակ ու ճանաչողական ժամանակ էին անցկացնում հայը, չեխը, սերբը, մեքսիկացին, ֆրանսիացին, իսպանացին, էստոնացին, գերմանացին, անգամ չինացին: Ճամբարականների հետ ծանոթացանք հենց տեղում. նրանք փակագծեր բացեցին եւ անկեղծացան իրենց առօրյայի ու տպավորությունների մասին:
ՄԵՔՍԻԿԱՑԻՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՎ՝ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կամավորական աշխատանքները, ինչպես անցած տարի, այս տարի նույնպես համակարգում էր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԻՄՈՆՅԱՆՑԸ՝ որպես ճամբարի ղեկավար: Չորս հայ եւ Մեքսիկայից, Չեխիայից, Իսպանիայից, Սերբիայից, Էստոնիայից, Հոնկոնգից ժամանած կամավորները պատմամշակութային տարածքը մաքրել էին մոլախոտերից, ցուցանակները թարգմանել իրենց լեզուներով, թարգմանություններ արել թանգարանի համար: Ինչպես Լյուդմիլան է նշում, այս տարի աշխատանքը շատ նման էր անցած տարի իրականացված աշխատանքներին, պարզապես, կամավորներն էին ուրիշ:
«Ունեցել ենք երգ ու պարի, տոլմայի պատրաստման դասընթացներ, որոնց մեծ հաճույքով մասնակցեցին կամավորները, անգամ Հայոց լեզվի դասընթացներ ենք անցկացրել եւ օտարերկրացիներին սովորեցրել հայերեն այն հիմնական բառերը, որոնք օգտագործում ենք առօրյայում, իրենք էլ մեզ էին սովորեցնում իրենց մայրենի լեզվով բառեր», – պատմեց Լյուդմիլան:
Ի դեպ, «Զվարթնոց»-ի կամավորներն անգամ էքսկուրսիաների ժամանակ աշխատել են, ինչի մասին ճամբարի ղեկավարն ասաց հետեւյալը. «Գնացել ենք Գեղարդ եւ այնտեղ էլ ենք տարածքի մաքրման աշխատանքներ իրականացրել: Եղել ենք նաեւ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում, Սուրբ Գայանե եկեղեցում, ապա Սեւանավանքում: Իսկ Երեւանում այցելել ենք Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Փարաջանովի տուն-թանգարան, Մաշտոցի պողոտայում գտնվող Vino & Vino խանութում էլ մասնակցել ենք գինու եւ կոնյակի դեգուստացիայի»:
«Զվարթնոց»-ում ճամբարն իր աշխատանքներն ամփոփել է հիշարժան միջոցառմամբ: Լյուդմիլան ընդգծեց, որ պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրենության հետ համատեղ կազմակերպել են ցերեկույթ՝ նվիրված հայ գիտնական, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան ու հնագետ Թորոս Թորամանյանի 160-ամյակին, որը կրում էր «Քարացած երաժշտությունը կենդանի երգի վերածողը» խորագիրը:
Օտարերկրացի կամավորները մեզ հետ զրույցում փաստեցին, որ գոհ են ճամբարից ու տպավորված՝ հայկական մշակույթով, սնունդով, տեսարժան վայրերով: Նրանցից որոշները նույնիսկ մտադիր են ավելի երկար մնալ Հայաստանում եւ առավել մոտիկից ծանոթանալ մեր երկրին, այցելել այն վայրերը, որտեղ դեռ չեն եղել: Մասնավորապես Մեքսիկայից ժամանած 26-ամյա ՎԻԿՏՈՐ ՄԱՆՈՒԵԼ ԷՍՊԵՈ ՎԻԼԼԱՆ ընդգծեց, որ շատ է հավանել «Զվարթնոց»-ի ճամբարը. «Արդեն երկրորդ անգամ եմ Հայաստանում, նախորդ տարի եւս եկել էի ճամբար ու հե՛նց «Զվարթնոց»-ի ճամբարը: Այնքան տպավորված էի, որ վերադարձա: Այստեղ ոչ միայն շատ բան եմ սովորում, այլեւ կարեւոր է այն զգացողությունը, որ արժեքավոր աշխատանք ենք կատարում՝ պատմամշակութային տարածքի մաքրությունն ապահովելով»:
Մեքսիկացի փորձառու կամավորն ասում է, որ ճամբարում ամենաառանձնահատուկը առաջին եւ վերջին օրերն են. «Առաջին օրը նոր ծանոթանում ես մարդկանց հետ եւ առաջին տպավորությունները ստանում նրանցից, իսկ հետո ժամանակի ընթացքում նրանց հետ ընկերանում ես, իսկ արդեն վերջին օրը մենք որպես մտերիմ ընկերներ ենք հանդես գալիս»:
Հարցին, թե՝ երրորդ անգամ սպասե՞նք նրան Հայաստանում, Վիկտորը վստահեցրեց. «Հայաստան հաստատ էլի կայցելեմ: Անպայման սպասեք ինձ: Բայց այս անգամ գուցե «Զվարթնոց»-ի փոխարեն՝ լինեմ այլ ճամբարում»:
Արդեն երկրորդ տարին նույն ճամբարում է նաեւ Ամերիկյան համալսարանի ուսանող ԱՐՏՅՈՄ ՌԻԶԵՐԸ. «Անցած տարվա պես շատ հետաքրքրական եւ օգտակար աշխատանք ենք իրականացրել: Բացի այդ, նոր ընկերներ եմ ձեռք բերել, շատ հաճելի ժամանակ ենք անցկացրել»: Ըստ Արտյոմի, իրականացվող աշխատանքներից զատ՝ հայ կամավորների առաքելությունն է նաեւ ինչքան հնարավոր է օտարերկրացիներին Հայաստանի մշակույթի հետ ծանոթացնելը. «Ինձ թվում է ՝ մենք այդ առաքելությունը կատարել ենք: Հուսով եմ՝ կապը կպահպանվի մեր օտարերկրացի ընկերների հետ դեռ շատ երկար ժամանակ: Ուզում եմ նաեւ ինքս այցելել իրենց երկրներ եւ ծանոթանալ իրենց մշակույթի հետ»:
Իսկ Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտ ԷԴԳԱՐ ԱԹԱՋԱՆՅԱՆԸ HUJ-ում նորեկ է: Նա նշեց, որ այս տարի առաջին անգամ գրանցվել է HUJ-ում՝ որպես կամավոր, իսկ «Զվարթնոց»-ն իր առաջին ճամբարն է. «Տպավորված եմ, սա ինձ համար նոր փորձություն էր՝ ձեռք բերել այսքան օտարերկրացի ընկերներ, նրանց հետ միասին աշխատել, սովորել, տարբեր էքսկուրսիաների գնալ: Մի խոսքով՝ ամեն ինչ հոյակապ էր: Մենք դարձել էինք մեկ ընդհանուր թիմ, որտեղ ամեն մեկը հարմարվում է մյուսին»:
Արդյոք եղե՞լ են ինչ-որ դժվարություններ, խոչընդոտներ ճամբարային օրերի ընթացքում, Էդգարն անկեղծացավ. «Ճամբարի հիանալի ղեկավար ունեինք, ինչպե՞ս կարող էինք խոչընդոտի առջեւ կանգնել: Դժվարություններ ընդհանրապես չեն եղել»:
Էդգարը նույնպես վստահեցրեց, որ հաջորդ ճամբարներում հնարավոր է իրեն կրկին տեսնենք, իսկ վերջում էլ հիշեց կամավորների հետ անցկացրած առանձնահատուկ օրը Սեւանում. «Յուրահատուկ օր ենք ունեցել: Սեւանը, կարծես, այդ օրը հենց մեր համար էր՝ կապույտ, մաքուր, պարզ: Շատ լավ ժամանակ ենք անցկացրել»:
«ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՍ ԼՑՎՈՒՄ, ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՐԿՆԱԿԻ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՆԵԼ»
Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար թիվ 14 հատուկ կրթահամալիրում ճամբարն այս տարի արդեն 9-րդ անգամ վերաբացվեց: Կրթահամալիրում գոհ են HUJ-ի կամավորներից, ասում են՝ բարձր նշաձող են դրել, թե ինչպիսին պետք է լինեն ճամբարները:
Կրթահամալիր այցելեցինք այն պահին, երբ կամավորները ներկում էին իրենց իսկ ձեռքով վերանորոգվող դասասենյակների պատերը: Կրթահամալիրի ճամբարի ղեկավար ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ պատմեց, որ իրենց վստահվել էր երկու դասասենյակի վերանորոգում, բայց կամավորներին այնքան է դուր եկել կրթահամալիրը եւ հատկապես գիտակցելով, թե ինչպիսի երեխաների համար են այս ամենն անում ու հետո ինչպիսի արձագանք է լինելու նրանց կողմից, որոշում են հավելյալ երկու դասասենյակ վերանորոգել: Այս տարի կրթահամալիրում կամավորագրվել են ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Իտալիայից, Չեխիայից, որոնց հայերը զարմացրել են ժենգյալով հացի վարպետության դասով:
«Մենք ունեցել ենք տարբեր խոհանոցների օրեր, ծանոթացել մեկս մյուսիս մշակույթներին: Եվ մենք որոշեցինք, որ պետք է սկսենք հենց Արցախի խոհանոցից: Էլինան անցկացրեց այդ դասը, եւ ամեն մեկն իր համար սարքեց ժենգյալով հաց՝ ինչքան ուզում էր: Բոլորն ուղղակի երջանիկ էին: Իհարկե, հետո ունեցանք նաեւ տոլմայի պատրաստման ու նաեւ ազգային պարի դաս, հայկական «Տղամարդիկ» ֆիլմի դիտում», – պատմեց Մարիաննան: Նա եւս ընդգծեց, որ ինչքան հնարավոր է փորձում են օտարերկրացիներին ծանոթացնել Հայաստանի պատմությանը: Հայկական մշակույթին ծանոթացնելու նպատակով էլ բացի էքսկուրսիաներից, նրանք մասնակցել են «Տարազֆեստին»՝ ներկայացնելով օտարերկրացի կամավորներին հայկական տարազը:
Մարիաննան, թեպետ HUJ-ի ճամբարներում նորեկ չէ եւ արդեն տարիներ է, ինչ զբաղվում է կամավորական աշխատանքով, բայց խոստանում է, որ իրեն կամավորական աշխատանքներում կտեսնենք նորից. «Հատկապես, երբ գիտես ինչու ես այդ ամենն անում եւ հետո տեսնում երեխաների, կրթահամալիրի անձնակազմի շնորհակալական հայացքները ու թե ինչպես են իրենք մեզ վերաբերվում, հպարտությամբ ես լցվում, ուզում ես կրկնակի ավելի շատ անել»:
Քանի որ խոսեցինք ժենգյալով հացի վարպետության դասի մասին, զրուցեցինք նաեւ այս հարցով վարպետի՝ արցախցի կամավոր ԷԼԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
«Այս տարի արտասահմանյան ճամբարի էլ եմ մասնակցել, բայց որոշեցի, որ հայկականն ավելի կարեւոր է եւ անպայման պետք է մասնակցել: Այնպես որ, սա իմ առաջին հայկական ճամբարն է: Այս ճամբարի մասին իմացա իմ դասընկերոջից՝ Հայկ Միքայելյանից (հիմա էլ նույն համալսարանում ենք սովորում), որն արդեն երկրորդ տարին է մասնակցում: Հենց նա ինձ խորհուրդ տվեց ընտրել թիվ 14 հատուկ կրթահամալիրը: Այդպես որոշեցի կամավորագրվել»,- ասաց Էլինան: Նա կարեւորեց հատկապես այն, որ ինքն ու Հայկը հնարավորություն են ունեցել օտարերկրացիներին պատմել Արցախի մասին. «Շատերի համար նորություն էր, նրանք լսել էին Լեռնային Ղարաբաղի մասին, բայց ո՛չ… Արցախի: Ուրախ եմ, որ պատկերացում կազմեցին իրականության մասին: Իրենք արդեն գիտեն Արցախի գոյության մասին, որ կա ու հուսամ՝ կլինի»:
Անդրադառնալով ճամբարին՝ Էլինան պատմեց եւս մի հետաքրքրական դասի մասին, որն ունեցել են. «Օտարերկրացի կամավորներին սովորեցրել ենք հայկական ասույթներ: Նրանք թարգմանում էին իրենց լեզուներով, ինչը շատ զավեշտալի էր: Իսկ հիմա արդեն այդ ասույթներն օգտագործում են իրենց խոսույթում հայերենով: Վարժ ասում են՝ «ցավդ տանեմ», իսկ «շնորհակալություն» բառն արտասանելն ամենադժվարն է նրանց համար»:
Հատկանշական է, որ կամավորների շարքերում կան այնպիսիք, որոնք ոչ թե մեկ-երկու շաբաթով, այլ երկարաժամկետ կամավորական աշխատանքի են եկել Հայաստան: Նրանցից է ԱՄԵԼԻԱ ԷՊԻՖԱՆԻՆ: Նա ոչ միայն կրթահամալիրում, այլեւ տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի պատմության թանգարանում է կամավոր:
«Մինչեւ կամավորությունն՝ արդեն հասցրել էի 4 անգամ այցելել Հայաստան: Շատ սիրեցի այս երկիրը եւ մտածեցի, որ հետաքրքրական կլինի Հայաստանում երկարաժամկետ կամավորության փորձ ունենալ, սովորել գեղեցիկ հայոց լեզուն եւ նոր մշակույթի հետ ծանոթանալ»,- պատմեց Ամելիան:
Ֆրանսիայից ժամանած ՆԵԼԼԻ ԳՐՉԱՂԵԿՅԱՆԸ եւս Հայաստանում է՝ երկարաժամկետ կամավորության. «20 տարի է Ֆրանսիայում եմ ապրում. որոշեցի գալ Հայաստան ու մեկ տարով կամավորական աշխատանք իրականացնել: Արդեն տարվա կեսն անցել է, վեց ամիս է մնացել, որ վերադառնամ: Հունվար ամսից երեխաների հետ եմ աշխատում: Իհարկե, կրթահամալիրում ճամբարն էլ իր հետաքրքրությունն ունի: Խմբով ենք, ինչի շնորհիվ ավելի հետաքրքրական է անցնում ժամանակը»:
Ե՛վ Ամելիան, ե՛ւ Նելլին ճամբարում անցկացրած օրերից առանձնացրեցին Սեւանի էքսկուրսիան. «Կարծես մի ընտանիք լինեինք՝ խորոված ենք արել եւ սովորել, թե ինչպես են անում, շփվել միմյանց հետ, զվարճացել: Բոլորն ինձ հարցնում են, թե ի՞նչ տպավորություններ ունեմ Հայրենիքից: Ինձ համար ամեն ինչ շատ լավ է, որովհետեւ երկրորդ անգամ եմ գալիս: Վեց տարեկան էի, երբ մեկնել ենք Հայաստանից եւ առաջին անգամ վերադարձել եմ Հայաստան՝ երեք տարի առաջ: Հիմա, ասես, կարոտս եմ առնում, իրականում ե՛ւ մեր երկիրն է լավը, ե՛ւ հայերը: Արդեն մտածում եմ հետագայում վերադառնալ Հայրենիք՝ նորից կամավորության»:
21-ամյա ԷՎԱՆ ԹԵՇԵՐՆ էլ է արդեն տեւական ժամանակ Հայաստանում: Ֆրանսիական ո՞ր կղզուց մեկ տարով եկել է Հայաստան եւ Երեւանի Բուսաբանական այգում կամավորություն է անում, որոշել է մասնակցել նաեւ 14 հատուկ կրթահամալիրի ճամբարի աշխատանքներին:
«Մի ընտանիքի պես ենք դարձել, աշխատում ենք իրար հետ, միասին ուրախանում եւ ընդհանրապես հետաքրքրական է անցնում ժամանակը: Հայաստանը շատ սիրուն երկիր է, մի ամիս է, ինչ այստեղ եմ, բայց արդեն հասցրել եմ Հայաստանի հարավում շատ տեղեր այցելել՝ հասել եմ մինչեւ Մեղրի: Տպավորիչ են սարերը, բնությունը: Մարդիկ շատ բարի են իմ հանդեպ, միշտ պատրաստ են օգնելու»,- գոհունակությամբ արձանագրում է Էվան:
Ի վերջո, ի՞նչն է մղել երիտասարդ ֆրանսիացուն ծովափերը թողած՝ ամառային այս տապին կամավորությամբ զբաղվել, նա շեշտեց. «Հետաքրքրական չէ այդպես հասարակ արձակուրդներ անցկացնել: Ինձ համար ավելի նշանակալից է այդ ընթացքում նոր փորձ ձեռք բերելը: Բացի այդ, ես սիրում եմ շատ հեռու գնալ, որպեսզի ծանոթանամ այլ ազգերի մշակույթի հետ, նաեւ իմ մշակույթը ներկայացնեմ նրանց»:
Չեխիայից ժամանած ՄԱՐԿԵՏԱ ՆՈՎՈՏԱՆ եւս եկել է Հայաստան կամավորության, որովհետեւ ուզում էր նոր մշակույթ բացահայտել, որը Եվրոպայից դուրս է: Բայց նախեւառաջ կամավորական աշխատանքներում կարեւորում է մարդկանց օգնելու եւ արված աշխատանքի արդյունքը տեսնելու գաղափարը:
«Իրականում ես կցանկանայի հիմա լողափում հանգստանայի, բայց ես եկել եմ այստեղ, որպեսզի իմ կյանքը լեցուն լինի նոր էմոցիաներով, հարստացած՝ նոր մշակույթով, նոր մարդկանց հետ ընկերությամբ: Վերջիվերջո, տեսնելու, թե ի՛նչ է կատարվում Եվրոպայից դուրս»,- ասաց չեխ կամավորը, որը հայկական թխվածքներից տպավորված է գաթայի համով. «Անպայման ուզում եմ սովորել, թե ինչպես են պատրաստում այն»:
Չեխիայից էր ժամանել նաեւ ՇՏԵՊԱՆԿԱ ԲԱԴԿՈՎԱՆ: Նա նշեց, որ երբ ուսումնական քննություններն ավարտել է, սկսել է մտածել, թե ինչպես փոխի իր կյանքն, ու այն դարձնի առավել հետաքրքրական. «Դրա համար բացեցի կամավորության ցանկը եւ տեսա այն երկրները, որտեղ կարող էի մեկնել: Առաջինը հենց Հայաստանն աչքովս ընկավ: Մտածեցի՝ ինչու ոչ, ես երբեք այնտեղ չեմ եղել: Բացի այդ, Չեխիայից շատերը, ովքեր եղել էին Հայաստանում, պատմում էին, որ հիանալի ու գեղեցիկ երկիր է»:
Անդրադառնալով կրթահամալիրում կատարած աշխատանքներին՝ Շտեպանկան շեշտեց. «Շատ ուրախ եմ, որ երեխաների համար ենք աշխատում, մանավանդ այնպիսի երեխաների, որոնք ունեն տեսողության խնդիրներ»:
Թե ինչ կարեւոր հիշողություն է իր հետ տանելու Չեխիա, Շտեպանկան առանձնացրեց հայերի հյուրընկալությունը եւ հայկական գաթան. «Ինձ համար ամենատարօրինակն, ինչը կհիշեմ, այն է, որ դուք լավաշն ուտում եք բացարձակապես ամեն ինչի հետ: Ընդհանրապես , շատ մեծ է հայերի ու չեխերի տարբերությունը: Ինչքան ազգն ավելի փոքր է, ըստ իս, այնքան ավելի շատ ջանք պետք է ներդնի, որպեսզի ցույց տա աշխարհին, որ ինքը գոյություն ունի»:
Հայերիս հյուրընկալության մասին փաստեց նաեւ 19-ամյա կամավոր ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որը թվով երրորդ ճամբարին է մասնակցում, բայց առաջին անգամ՝ Հայաստանում. «Նախորդ ճամաբարներս եղել են Գերմանիայում եւ Իտալիայում. անցած ամառ եւ այս ամառ՝ հայաստանյան ճամբարից առաջ: Հայերս, իրոք, շատ հյուրընկալ ենք եւ ընդհանրապես համեմատելու չէ, թե ինչպես են մեզ դիմավորում Եվրոպայում եւ ինչպես ենք մենք դիմավորում եվրոպացիներին Հայաստանում: Օրինակ, մենք օդանավակայանում դիմավորում ենք, բերում ենք մեր ճամբար, իսկ Եվրոպայում ուղղակի ասում են՝ այսինչ ժամին եղեք այսինչ տեղում ու վերջ. թե ինչպես կհասնես, իրենց խնդիրը չէ»:
Սուրենը կարեւորեց նաեւ ճամբարի ղեկավարի իրականացրած ահռելի մեծ աշխատանքը՝ կազմակերպչական հարցերում: Կրկին համեմատելով իտալական ճամբարի հետ՝ ընդգծեց. «Այնտեղ փոքր ինչ անկազմակերպ էր, մինչդեռ Հայաստանում այդպես չէ»:
Քանի որ Սուրենը չափազանց անկեղծ էր, որոշեցինք հենց նրանից էլ պարզել, թե ճամբարում կամավորական աշխատանքներ իրականացնելիս ո՞ր երկրի ներկայացուցիչներն են «գլուխ պահում» եւ որո՞նք են իրենց վրա վերցնում գործի «առյուծի բաժինը»:
«Չեմ թաքցնի, հայ կամավորներն այս հարցում էլ փորձում են ցույց տալ իրենց բնույթով հյուրընկալ լինելը եւ ամեն ինչ անում են, որպեսզի բոլորը գոհ լինեն: Բայց Եվրոպայից եկած մեր կամավորները եւս շատ լավ ու մոտիվացված աշխատում են: Չէի ասի, թե ինչ-որ մեկը «գլուխ է պահում», մյուսը ավելի շատ է աշխատում: Բոլորս հավասար ենք՝ մի ընտանիքի պես», – եզրափակեց Սուրենը:
«ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՒԵԼՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿ Է»
«Հանրապետական Մանկական վերականգնողական կենտրոն»-ի ճամբարում մեզ օտարերկրացի կամավորները դիմավորեցին հայերեն «բարեւով» ու «ապրես»-ով: Ճամբարի ղեկավար ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ նշեց, որ կենտրոնում կան կամավորներ Գերմանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից: Այստեղ կամավորների առօրյան բաժանված է երեք մասի. «Առավոտյան աշխատում ենք դրսում՝ տարածքի մաքրություն ենք իրականացնում, ինչպես նաեւ խաղաղահրապարակներն ենք բարեկարգում, իսկ արդեն ժամը 17:00-ից սկսած՝ աշխատում ենք հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Մեր կամավորները շատ են սիրում խաղալ երեխաների հետ, շատերը հենց դրա համար էլ ընտրել են այս ճամբարը: Նրանց համար երեխաներին ուրախություն պարգեւելն առաջնային նպատակ է»:
Ռուբենը դեռ մանկուց ծանոթ է կամավորական աշխատանքներին եւ ճամբարային կյանքին, իսկ թե ինչպես հայտնվեց HUJ-ում, մանրամասնեց. «Երբ 18-ս լրացավ, գնացի բանակ, երկու տարի ծառայելուց հետո վերադառնալով՝ համալսարանական էլ.փոստիս նամակ եկավ HUJ-ի կողմից, որ կամավորական աշխատանքներ կան Եվրոպայում: Ես 14-15 տարեկանում էլի էի ունեցել նման մի հնարավորություն, բայց քանի որ անչափահաս էի ու ֆինանսական առումով էլ չէի կարող, ուղղակի՝ դա մնացել էր երազանք ինձ համար: Իսկ հիմա, երբ արդեն 20 տարեկան եմ եւ ունեմ ֆինանսական հնարավորություններ՝ որոշեցի, այնուամենայնիվ, զանգահարել HUJ, եւ պայմանավորվեցինք հանդիպել: Անգլերենիս մակարդակն, ըստ իս, բավարար չէր, քանի որ բանակում երկու տարի անգլերեն չէի խոսել: Նախօրոք խնդրեցի խիստ չդատել: Եվ երբ Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբում ստուգեցին իմ անգլերենի գիտելիքները, ասացին, որ բավականին լավ արդյունք ունեմ: Եվ այդպես HUJ-ի կողմից առաջին անգամ գնացի Ֆրանսիայում ճամբար, որը բավականին հետաքրքրական էր, չնայած՝ ֆրանսիացիները կազմակերպչական առումով շտկումների կարիք ունեն: Նկատի ունեմ՝ սնունդի, էքսկուրսիաների, ապրելու պայմանների հետ կապված»:
Ինչ վերաբերում է հայաստանյան ճամբարին, Ռուբենն ասաց, որ սկզբում չէր պատկերացնում, թե ինչպիսին կլինի, չէր էլ ցանկանում մասնակցել. «Մտածում էի՝ դե Հայաստանում ճամբարն ինչ պետք է լինի, չէ՞ որ ես այստեղ արդեն ապրում եմ: Բայց արդեն երկրորդ տարին է, ինչ այս կենտրոնում մասնակցում եմ ճամբարի, եւ այս զգացողություններն ու ձեռք բերած փորձը լավագույնն են: HUJ-ի ճամբարները քառակի անգամ գերազանցում են ֆրանսիական եւ գերմանական ճամբարների պայմաններին ՝ չհաշված տուրիստական մնացած գայթակղությունները»:
Իսպանական Վալենսիա քաղաքից ժամանած ՍԻԼՎՅԱ ՕՐՍ ԴԻԵԳՈՒԵԶՆ էլ ասաց, որ անչափ տպավորված է, թե ինչպես են կենտրոնի երեխաները վերաբերում կամավորներին, հատկապես հիշեց նրանցից մեկի հետ հուզիչ հրաժեշտը. «Մենք նկարչությամբ էինք զբաղված իրար հետ, ջերմորեն ողջագուրվեցինք եւ հրաժեշտ տվեցինք միմյանց, իսկ երբ մեկ րոպեով դուրս եկա սենյակից, ապա վերադարձա, նա արդեն չկար: Գնացի նրա հետեւից ու տեսա, թե ինչպես է մայրիկի հետ մեքենայի մեջ իրերը դասավարում, կրկին ողջագուրվեցինք, նաեւ՝ նրա մայրիկի հետ: Մենք հեռախոսահամարները փոխանակեցինք՝ մեր կապը պահպանելու համար»:
Սիլվյան, որը այլ երկրներում եւս տարբեր ճամբարներում է եղել, կարեւորեց, որ հայաստանյան ճամբարում օրվա գրաֆիկը ճիշտ է բաշխված՝ աշխատանք, ազատ ժամանակ, հանգիստ. «Շատ ժամանակ ճամբարներում հնարավոր չի լինում ճիշտ կազմակերպել այդ ազատ ժամանակը, աշխատանքը, հանգիստը: Իսկ այս ճամբարում ամեն ինչ իդեալական է»:
Հոնկոնգից ժամանած ՉԵՈՒՆԳ ԿԱ ՊԱԿԸ նույնպես որոշ ժամանակ կամավորական աշխատանք է անցկացրել իր հայրենիքում, բայց սա իր կամավորության առաջին փորձն է իր երկրից դուրս. «Այստեղ ինձ դուր եկավ, որ տարբեր երկրներից կամավորներ միասին են ապրում: Ինձ հատկապես դուր է գալիս, երբ մենք բոլորս հավաքվում եւ սկսում ենք խաղալ երեխաների հետ: Իհարկե, կա լեզվական խոչընդոտ, եւ դա դժվարացնում է հաղորդակցությունը փոքրիկների հետ: Փոխարենը մենք իրար հասկանում ենք ժեստերի լեզվով»:
Կա Պակն ընդգծեց, որ յուրաքանչյուր աշխատանք կենտրոնում իր խորհուրդն ունի՝ սկսած աթոռներ ներկելուց: Նա հատկապես կարեւորեց, որ յուրաքանչյուր առաջադրանք հավասարապես է բաժանված բոլոր կամավորներին:
Գերմանացի կամավոր ԼՈՒԻԶԱ ԲԵԻՆԵՐՏՆ էլ ասաց, որ ինքը գերմաներեն է խոսում կենտրոնի երեխաների հետ, նրանք էլ իրեն պատասխանում են հայերեն, բայց ամենազավեշտալին այն է, որ հասկանում են իրար. «Ինձ հետ Գերմանիա կտանեմ հայերի սրտաբաց լինելու մասին հիշողությունը: Չնայած դժվարություններին՝ ես սովորեցի այստեղ վայելել կյանքի ամեն րոպեն եւ առկա խնդիրներից դրամա չսարքել: Ի դեպ, շատ հայերեն բառեր ենք սովորել, անգամ՝ հայկական պարել: Թեպետ դժվար է պարերը յուրացնելը, բայց խոսել հայերեն, կարծես, ստացվում է»:
ՄԱՐԿՈՍ ԵԶՊԵԼԵՏԱ ՖՈՐՆԸ, որ իսպանացի է, Հայաստան ժամանել էր Գերմանիայից, որտեղ եւս գնացել էր կամավորական աշխատանքի. «Ես սիրում եմ բացահայտել նոր վայրեր, մշակույթներ եւ ծանոթանալ նոր մարդկանց: Ինքս էլ ապագա լրագրող եմ եւ ինձ համար հատկապես կարեւոր է մշակութային փոխանակումը: Խոհանոցային մշակույթում պետք է առանձնացնեմ հայկական գաթան ու լավաշը. աներեւակայելի համեղ էր, եւ հատկապես հետաքրքրական էր, թե ինչպես են լավաշը պատրաստում»:
Ճամբարում օտարերկրացիներին զվարճացրել է հայերեն «փող չկա» արտահայտությունը. թե ինչպես այն արտասանել, յուրացրել են բոլորը. «Շրջայցի ժամանակ, երբ առեւտրականները մեզ ապրանքն էին առաջարկում, մենք օգտագործում էինք այս բառը, ինչը շատ ծիծաղ առաջացրեց»:
Մարկոսը խոստացավ անպայման վերադառնալ Հայաստան, քանի որ նախապես չէր պատկերացնում, թե որքան գեղեցիկ է այն. «Բնությունն այստեղ զարմանալի է, իսկ ժողովուրդն ու մշակույթը՝ շատ հետաքրքրական ու յուրահատուկ: Ես բացահայտեցի ինձ համար Հայաստանը: Կարծում եմ, որ եվրոպացիները քիչ բան գիտեն այս երկրի մասին, հատկապես Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունների մասին: Շատ կարեւոր է, որ այս մասին հայտնի լինի ամենքին եւ հիշվի ընդմիշտ»:
Չինաստանից ժամանած ՉԵՅՈՒՆԳ ՅՈՒԻ ՀԵՅԸ մեզ հետ զրույցում պատմեց, որ մինչ Հայաստան գալը եղել է Վրաստանում, բայց այստեղ՝ Հայաստանում, իրեն հատկապես տպավորել է տեղի բնակիչների բարությունը. «Հայաստանը զարմացնում է նաեւ իր հարուստ մշակույթով եւ հետաքրքրաշարժ պատմությամբ: Արդեն մի քանի անգամ եղել եմ տարբեր ճամբարներում, բայց այստեղ ինձ դուր է գալիս, որ ամեն ինչ շատ գրագետ է կազմակերպված՝ աշխատանքն ու հանգիստը հավասարապես է բաշխված, երկուսի համար էլ ժամանակ կա»:
Յուի Հեյը կարծում է, որ Հայաստանում ապրող մարդիկ շատ երջանիկ են:
Ի դեպ, ավանդույթի համաձայն, Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի վարչության նախագահ ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ ամփոփելով ճամբարականների կատարած աշխատանքը՝ կամավորներին պարգեւատրել է պատվոգրերով, իսկ բուժվող երեխաներին հանձնել ՖԻՖԱ-ի լոգոյով շապիկներ:
Հայտնենք, որ Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբը հիմնադրվել է 1965 թ. եւ հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կամավորական ծառայության համակարգող կոմիտեի ու Եվրոպայի կամավորական ծառայությունների Ալյանսի անդամ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ