Հոկտեմբերի 9-ին գերմանական «Բունթե» հանդեսն իրազեկեց, որ նոյեմբերին Բաքվում գումարվելիք կլիմայական գագաթնաժողովին չի մասնակցելու Բրիտանիայի արքա 75 ամյա Չարլզ Երրորդը, որ հայտնի է բնապահպանական ակտիվ գործունեությամբ եւ նախորդ՝ Դուբայում անցկացված COP28-ին բանախոսների թվում էր: Հղում տալով «Սքայ նյուզին», գերմանական լրատուն գրում է, որ հոկտեմբերի 18-ին Ավստրալիա եւ Սամոա 11 օրյա ուղեւորության պատճառով քաղցկեղով հիվանդ արքան ընդհատելու է նաեւ իր բուժումը, իսկ նոյեմբերի 11-ին Բաքու մեկնելն արդեն չեղարկել է:
«Ֆայնենշըլ թայմզ»-ի հաղորդման համաձայն, Bank of America-ի, աշխարհում խոշորագույն ամերիկյան միջազգային ներդրումային ընկերության՝ BlackRock-ի, Standard Chartered-ի, Deutsche Bank-ի ղեկավարներն այս տարի չեն մեկնելու Բաքու, նրանք չեն մասնակցելու COP 29 կլիմայական գագաթնաժողովին: Թերթն այլ լրատվամիջոցների նման պարզաբանում է, որ Ադրբեջանն այս օրերին քննադատությունների թիրախում է՝ մարդու իրավունքների ոտնահարման, հանածո բնական պաշարների գերօգտագործման պատճառով: Թերթը հիշատակում է, թե գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Ադրբեջանի թեկնածությունը հաստատվեց արեւելաեվրոպական երկրների սատարման շնորհիվ:
Գերմանական «Շթեռնը» հոկտեմբերի 8-ին ծանուցում է, որ Ադրբեջանը կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ էլ բացառություն չի անում, ձերբակալում է նրանց, որ համարձակվում են այլ կարծիք արտահայտել: Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները՝ Human Rights Watch-ը, Freedom Now-ն միացյալ զեկույց են հրապարակել՝ հաղորդելով, որ Ադրբեջանի կառավարությունը ջանում է, որ անկախ խմբավորումներ, քննադատական մեդիա չլինի: « Ըստ տեղեկությունների՝ Կասպից ծովի նավթով ու գազով հարուստ երկրում շինծու եւ քաղաքական դրդապատճառներով տասնյակ մարդիկ են ձերբակալվել: HRW-ն եւ Freedom Now-ն փաստագրել են 33 դեպք, որոնցում Ադրբեջանի իշխանություններին քննադատողները ենթարկվել են քրեական հետապնդման եւ բանտարկության:
Ձերբակալվածների թվում է իրավապաշտպան Անար Մամեդլին: Մինչ կալանավորումը նա նախաձեռնել եւ համահիմնել է կլիմայի վերաբերյալ արդարության հասարակական մի կառույց, որ Ադրբեջանում քաղաքացիական իրավունքների եւ կլիմայական արդարադատության համար քարոզչություն պիտի իրականացներ ՄԱԿ-ի կլիմայի համաժողովից առաջ: Նրա ձերբակալության պատճառ է նշվում կեղծ փողերի մաքսանենգությունը:
Սակայն հիշյալ հրապարակումները չեն անդրադառնում Արցախի հարցին, որ կարեւորել է «Թեյբլ» վերլուծականի հոդվածագիր Մաքսիմիլիան Արնհոլդը՝ հոկտեմբերի 1-ի իր անդրադարձում: Նա Ադրբեջան-Հայաստան հակամարտության մեջ կարեւոր է նկատում կլիմայական, էներգետիկ, բնական պաշարների ազդեցությունը: Վերլուծաբանը հիշատակում է մեկ տարի առաջ Ադրբեջանի՝ Լեռային Ղարաբաղի վրա հարձակումն ու գրավումը, դրա մեջ ընդգծում ԵՄ անուղղակի ներգրավվածությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կնքած գազային պայմանագրի միջոցով: Հաջորդ տեսանելի կետը Հայաստանի՝ ռուսական գազից եւ նավթից կախյալության թոթափումն է: Հայաստանից հիդրոէներգիա եւ հողմային էներգիա դեպի Եվրոպա արտահանելու նոր հնարավորություն կտա Սեւ ծովով նոր ստորջրյամալուխի կառուցումը: Հայաստանի մասնակցությունը մալուխային նախագծին թույլ կտա երկրին օգտվել կանաչ էներգիայից,Վրաստանի միջոցով այն արտահանել եվրոպական շուկաներ, հետեւաբար խթանել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ», քաղտնտեսագետ Արմեն Սահակյանի տեսակետն է մեջբերում «Թեյբլի» վերլուծաբանը: Կլիմայական փոփոխությունները նկատելի են Հայաստանում, գրում է հոդվածագիրը՝ հիշատակելով մայիսին Հայաստանի հյուսիսում 4 զոհ, 270 տնավեր գրանցած ջրհեղեղը, որի տուժածներին առաջին անգամ ԵՄ-ն 100 000 եվրո օգնություն տրամադրեց:
Գերմանական «Թեյբլ» մեդիայի վերոհիշյալ վերլուծականի հաջորդ կարեւոր կետը ջուրն է: «Ջրի խնդիրները խորացնում են ճգնաժամը, գրում է հեղինակը: Մինչ 2020-ը Ադրբեջանը Հայաստանին ճնշում էր ԼՂ ջրի պաշարների օգտագործման հայտ ներկայացնելով: ԼՂ-ն վերահսկելով, Ադրբեջանի ձեռքում են Հայաստանի ամենամեծ ջրային ավազանը սնուցող աղբյուրներն ու վտակները: Ջրի խնդիրը հանգուցալուծելը ենթադրում է նաեւ համագործակցության հնարավորություն, որն էլ իր հերթին՝ երկրների մասնագետների միջեւ ջրային կառավարման ծրագիր: Կլիմայական գագաթնաժողովը կարող է այդ հարցի քննարկման սկիզբ դառնալ:
Հաջորդը, որ չի վրիպում գերմանացի վերլուծաբանի հայացքից, ԼՂ-ում բնապահպանական առաջատար նախագծերի կենտրոնացումն է: Ադրբեջանը հենց վերանվաճված ԼՂ-ում է էկո մոդելային բնակավայրեր կառուցում՝ այդու «պատերազմի կարմիրը կանաչ ներկելով»: Կովսականում (Զանգիլան) խելացի (smart) գյուղ է կառուցվում, որն աշխատում է վերականգնվող էներգիայով՝ փոքր հիդրոկայանից: 2021-ից ի վեր Ալիեւը ԼՂ հայտարարեց կանաչ էներգիայի գոտի եւ ներդրումներն ուղղված են հիմնականում հիդրոէներգետիկայի, քամու, արեգակի էներգիան շահագործելուն:
«Թեյբլի» վերլուծաբանը նկատել է տալիս, որ Ադրբեջանը չի թաքցնում, որ իր ձեռքում է հումքով հարուստ Լեռնային Ղարաբաղը: Այդ տարածքն ապահովում է իր ապագան՝ նավթի եւ գազի ավարտից հետո: Սա ցույց է տալիս «Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների վերաբերյալ» կառավարության զեկույցը, ըստ որի այնտեղ հայտնաբերվել են կրիտիկական հումքի 350 հանքավայր՝ պղինձ, կոբալտ եւ լիթիում: Այս հանքանյութերի հրատապ կարիք ունի նաեւ Եվրոպան: ԼՂ-ի նվաճումից ընդամենը մեկ ամիս անց Ադրբեջանի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաեւը հրավիրեց «GeoMining Baku»-ն ՝ Ադրբեջանում հանքարդյունաբերության առաջին տոնավաճառը: «Նոր շրջանները հարուստ են բնական հանքային պաշարներով, որ կարեւոր դեր կխաղան վերակառուցման գործում», նոյեմբերին Բաքվում կլիմայական գագաթնաժողովը նախագահող Բաբաեւի խոսքն է հիշատակում «Թեյբլը»:
Խաղաղություն կլինի՞…գագաթնաժողովից առաջ: Վերլուծաբան Մաքսիմիլիան Արնհոլդը նկատել է տալիս, որ հակվածություն կա գագաթնաժողովը գնահատել՝ որպես ժամանակավոր անվտանգություն Հայաստանի համար: Սակայն բարձրաստիճան դիվանագետները մտավախություն ունեն, որ COP29-ից հետո կարող է հերթական հարձակումը լինել: «Հայաստանի վարչապետ Փաշինյանը շարունակում է զիջումներ անել Ադրբեջանին՝ Ալիեւին հանգստացնելու հույսով», քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի քննադատությունից հատված է ներկայացնում գերմանացի վերլուծաբանը: Ալիեւին Հայաստանում պետք է արտաքին թշնամի՝ սեփական իշխանությունը պահպանելու համար. Ադրբեջանը պահանջում է նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխություն: Բայց մինչեւ 2027 թվականը չի սպասվում, որ փոփոխությունները ավարտին կհասցնեն, ինչը կարող է հետաձգել խաղաղության գործընթացը: Առայժմ բանակցություններ են վարվել միայն շրջանակային համաձայնագրի շուրջ: Կլիմայի գագաթնաժողովի բացումից առաջ կամ դրա ընթացքում կարելի էր պատկերացնել խաղաղության համաձայնագրի կնքումը, բայց Ադրբեջանի համար սա «PR հաղթանակ է», վերլուծաբան Գրիգորյանի կարծիքն է ներկայացնում «Թեյբլը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ