Ատոմային գիտնականների տեղեկագրի (Bulletin of the Atomic Scientists) վկայությամբ, պատճառներից գլխավորը Ուկրաինայում շարունակվող պատերազմի հնարավոր միջուկային էսկալացիան է։ Ատոմային գիտնականների սույն կազմակերպությունը, որ հիմնադրել է Ալբերտ Այնշթայնը 1945-ին Չիկագոյի համալսարանում, ստեղծել են այսպես կոչված աշխարհի կործանման խորհրդանշական ժամացույցը, որի նպատակն է մարդկության ուշադրությունը վտանգների վրա սեւեռելը։ Սառը պատերազմի ավարտից հետո ժամացույցի սլաքները ցույց են տվել 23.43, իսկ Ուկրաինայի դեմ ռուսական հարձակման ժամանակ ցույց է տալիս մերձեցող վտանգը՝ կեսգիշերվա 12-ին 90 վայրկյան է մնում… Խորհրդանշական ժամացույցը հուշում է, թե մեծ է հավանականությունը, որ հակամարտությունը կարող է վերահսկողությունից դուրս գալ, մանավանդ կլիմայական ճգնաժամի, շարունակական սպառնալիքների, գլոբալ նորմերի, ինստիտուտների փլուզման պայմաններում, որ անհրաժեշտ են տեխնոլոգիական զարգացումների կամ համաճարակների սպառնալիքների դեմ պայքարում, ինչպիսին Covid-19-ինն էր։ Հունվարի 24-ին առցանց «Ցայթը» զետեղել էր վերոբերյալ լրատվությունը՝ զգոնության կոչ անելով։ «Ապրում ենք անօրինակ վտանգավոր ժամանակներում, ժամացույցն արտացոլում է իրականությունը», կարծիք է հայտնում տեղեկագրի հրատարակիչ Ռաքել Բրոնսոնը։
«Եթե հիմա Գերմանիան որոշում չկայացնի, Ուկրաինային չհատկացնի Լեոպարդ-2 հրասայլերը, Ուկրաինան չի կարողանա շարունակել պատերազմը»։ Անցյալ շաբաթ՝ հունվարի 20-ին Ռամշթայնում ՊՆ հավաքից հետո, երբ գերմանացիների ձեւակերպմամբ «ԱՄՆ սաստիկ զայրացել էր, իսկ կանցլեր Շոլցը լռություն պահպանելով հապաղում էր, այս բովանդակությամբ բողոք-աղաղակը, առանց չափազանցության ամեն ժամագլխի լսվում էր գերմանական ռադիո- հեռուստատեսության եթերից։ Նաեւ լրագրողներն էին երբեմն համարձակվում ճշգրտող հարց տալ՝ բա ասվում էր, թե Ռուսաստանը պարտվում է… իսկ նրանց մի մասն իրավամբ արձանագրում է, թե Բրյուսելում եւ Բեռլինում խաղաղություն, փափուկ ուժ՝ soft power բառերը մոռացել են, եւ «ուկրաինացիների հաղթանակ» ասելով պիտի պարզ բացատրվի, թե սա արդյոք նշանակո՞ւմ է մինչեւ Մոսկվա հասնել։ Ուկրաինայի մայրաքաղաքից «Դոյչլանդֆունկի» լրագրողը փոխանցում է, թե Կիեւում մարդիկ հույս չեն տեսնում, որ ռազմական 11 ամիս ձգվող գործողություններն ավարտին մոտ են։ Որոշ բան առավել հստակ է ուրվագծվում։ «Պատերազմ ոչ ոք չի ուզում» ձեւակերպմամբ երկրի ղեկավարներն այն չեն կանգնեցնում, հարստանալու ճանապարհ է նաեւ, իսկ ժողովուրդը…սոցիալական արդարության եւ հայրենիքի ազատագրության միջեւ լոզունգների լաբիրինթոսում հաճախ կորցնում է բանականությունը։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ չի խոսվում այն մասին, թե Դոնբասն ու Ղրիմն ում են պատկանում, ինչ ստրատեգիա ունի Զելենսկին, գերմանացի գործընկերներից շատերը նկատել տվեցին, թե նա մի ժամանակ ասում էր, որ հաղթում է, իսկ հիմա աղաղակում է, թե առանց Լեոպարդ-2-ի պարտվում է։ Այժմ արեւմտյան դաշինքի հրամայականը հետեւյալն է՝ Արեւմուտքի սատարմամբ կարողանալ ռազմաճակատում ապահովել մի այնպիսի իրավիճակ, որ Ուկրաինան կարողանա բանակցել։
Հունվարի 24-ին հրապարակվեց այն տեղեկությունը, որ Ուկրաինայում բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ զինվորականներ են ազատվել՝ կոռուպցիոն գործարքներ իրականացնելու կասկածանքով։ Զելենսկին միլիարդներ ստացել է, ստանում է։ 2023-ին Բրյուսելից Ուկրաինային պիտի հատկացվի եւս 15 միլիարդ եվրո։ Մինչ պատերազմը փորձագետները բազմիցս են գնահատել, որ Ուկրաինան Եվրոպայում ամենակոռումպացված երկրներից է, իսկ Զելենսկու առջեւ պայման են դրել՝ միայն բարեփոխումների պարագայում գումարը կհատկացնեն։ Հիմա գերմանացի, եվրոպացի հարկատուները բնական հարց են տալիս՝ ստացվում է, որ մեր գումարներով նպաստում ենք ուկրաինացի պաշտոնյաների ագահության աճի՞ն։
Այն, որ գերմանական ծանր ռազմատեխնիկան ուղեւորվելու է ռուսական զինուժին դիմակայության, շատերն առճակատում են տեսնում, նաեւ հոգեբանական, բարոյական պատնեշի փլուզում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատմական շրջադարձային այս փուլում Բունդեսթագում չորեքշաբթի՝ հունվարի 25-ին կանցլեր Շոլցը հայտարարեց, որ ԱՄՆ-ի, դաշինքի հետ համաձայնեցված, Ուկրաինային հատկացնում է Լեոպարդ-2-ը, ինչպես նաեւ արտոնում այլ երկրների նույն հրասայլերի առաքումը։ Սոցիալ-դեմոկրատ Շոլցն նախընտրեց իր որոշումը փաթեթավորել «Սա իմպերիալիստական պատերազմ է» ձեւակերպմամբ, որ լրացրեց մոտավորապես հետյալ կերպ՝ Պուտինը մի տեղ տեսել է, թե իր երկրի սահմաններն ինչպես են գծված եղել, ուզում է վերականգնել…
Իսկ Պուտինը չորեքշաբթի օրը Մոսկվայի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասել էր, թե Գերմանիան ինքնիշխան երկիր չէ, ամերիկյան զորամիավորումներ կան մինչ օրս դաշնային հանրապետությունում, եւ ԱՄՆ-ն է որոշումներ կայացնում։ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը նկատել էր տվել, որ ամերիկյան «Աբրահամ» հրասայլերը Ուկրաինա հասնելուն պես կոչնչանան ռուսական զինուժի հարվածից։ Առաջին Լեոպարդ -2 հրասայլերը Ուկրաինա կհասնեն երեք ամիս հետո։ Մինչ այդ շատ բան կարող է փոխվել այդ ճակատում, նաեւ՝ մեր երկրում, որի մասին ոչ Բունդեսթագում, ոչ էլ ԳԴՀ արտգործնախարարությունում չեն արտահայտվում, ճիշտ է, բայց ԱԳՆ նախարար Բերբոքն այս ընթացքում խախտեց լռությունը՝ թեթեւ ակնարկելով, թե թույլատրելի չէ Լաչինի միջանցքի արգելափակումը։
Հայաստանի արդի մարտահրավերների, Արցախի շրջափակման մասին գերմանական մամուլն իհարկե գրում է։ Բայց այն չի «յուրացվում», երբ ամեն րոպե խոսվում է ռուս-ուկրաինական հակամարտության մասին։
«Լեռնային Ղարաբաղում սովում են մարդիկ, իսկ աշխարհն ուրիշ տեղ է նայում»։ Հունվարի 20-ին vice-ում հրատարակված իր ծավալուն հարցազրույցը ՀԲԸՄ Գերմանիայի մասնաճյուղի ղեկավար Գեորգի Համբարձումյանի հետ այսպես է վերնագրել հեղինակ Ռոբերտ Հոֆմանը։ «Մի մեծ ավտորիտար պետություն հարձակվում է հարեւան երկրի վրա. ծանո՞թ է, չէ՞, հարցնում է, ու ինքն էլ պատասխանում՝ Ռուսաստանի Ուկրաինայի վրա հարձակման մասին անընդհատ է լուսաբանվում, իսկ այն, որ մի քանի հարյուր կմ դեպի հարավ մեկ այլ բռնապետություն պաշարում է մեկ այլ ժողովրդավարություն, պատերազմներ, մարդկանց բռնի տեղահանություն, կանանց բռնաբարություններ, քաղաքացիական բնակչության սպանդ, հազվադեպ է խոսվում։ Հարցազրույցն իսկապես հարուստ տեղեկատվական բովանդակություն ունի, բայց շատ ծավալուն է, այդ պատճառով մեր տպագիր տարածքում զերծ կմնանք այն ներկայացնել։
«2023-ի փետրվարի վերջին Հարավային Կովկաս ուղարկվող ԵՄ դիտորդական առաքելության» մասին իրազեկեց գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի «Օրվա համայնապատկեր» (Tagesschau) լրատվականը։ Թեպետ վերնագիրը ընդլայնում է առաքելության տեղակայման աշխարհագրությունը, սակայն նույն տեքստում Բրյուսելում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների որոշմամբ, տարածաշրջանում կայունություն հաստատելու նպատակով 100 դիտորդները երկու տարով Հայաստանի սահմաններին են տեղակայվելու, ինչպես առաքելության անունն է փաստում՝ EUMA (European Union Mission in Armenia)։ (Հայկական լրատվամիջոցներում շրջանառվում է դիտորդների կրկնակի քանակ՝ 200, որ գերմանագիր լրատվահոսքում չի հանդիպել- Ան.Հ.)։ Ստորեւ ներկայացվող taz-ի հոդվածում չի խոսվում փետրվարի վերջին ակնկալվող ԵՄ նոր առաքելության մասին, փոխարենը որոշ մանրամասներ է հաղորդվում նրանց ավարտված աշխատանքի վերաբերյալ։
Հունվարի 24-ին Աննա Թերեզա Բախմաննը taz-ում ծավալուն հոդված էր հրապարակել Ջերմուկի մասին, որ Ադրբեջանի 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո փոխվել է՝ ադրբեջանցիները 4 կիլոմետրից հսկում են առողջարանային հանգստավայրը, բնականաբար՝ զբոսաշրջիկների թիվն էական նվազել է, դպրոցում աշակերտների ռազմագիտության պարապմունքները՝ բազմապատկվել։ Միջազգային հանրության աչքից այդուհանդերձ չվրիպեց սեպտեմբերյան հարձակումը, նկատել է տալիս taz-ի հոդվածագիրը՝ մեջբերելով Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերակցության աշխատակից Շտեֆան Մայսթերի տեսակետը՝ «ԱՄՆ-ից զանգերը Բաքու եւ Անկարա զինադադար հաստատեցին։ Սակայն Վաշինգտոնը շահ չունի ավելի խառնվելու, ավելի լավ է ԵՄ-ին առաքել տարածաշրջան»։ Ջերմուկում 2022-ի դեկտեմբերին Բրյուսելը մերձակա դարձավ ի հեճուկս նրա, որ Բրյուսելից 4000 կմ հեռավորությամբ է։ ԵՄ 40 քաղաքացիական դիտորդ սեպտեմբերյան հարձակումից հետո այստեղ էր։ Նրանք սահմանին տիրող իրավիճակի մասին պիտի պատկերացում կազմեն։ Դիտորդներին թույլ չեն տվել մտնել մյուս՝ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի բառապաշարով՝ «վստահելի գործընկերոջ» կողմը, գրում է taz-ի հոդվածագիրը։ «Երկու ամիս հետո 175 պարեկային ծառայություն կատարած առաքելությունը հայտարարվեց ավարտված։ Հրաժեշտին համազգեստավորները հայկական փայտե փոքրիկ խաչեր են տալիս՝ «նայեք ու մտածեք մեր մասին» ասելով։ Դիտորդներին չեն արտոնում մամուլի հետ խոսել։ Թե ինչ ապրեցին սահմանին, հավանաբար գաղտնի կմնա։ Նրանց զեկույցները նախատեսված են միայն Բրյուսելի կենտրոնակայանի համար, գրավոր բացատրում է ԵՄ խոսնակներից մեկը։ Եվրոպացի դիտորդների ներկայությամբ ջերմուկցիներն իրենց մի փոքր ավելի պաշտպանված էին զգում»։ Գերմանացի լրագրողի հայացքով՝ դիտորդների հեռանալու պահին Ղարաբաղ տանող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը ադրբեջանցիները արգելափակել են։ Ռուս խաղաղապահները այն պիտի պաշտպանեն 2020-ի հրադադարից հետո։ Մոտ 6000 բնակիչ ունեցող Ջերմուկ վերադարձել է տեղաբնակների մեծ մասը, խոշոր ավերածությունները նորոգել են, բայց զբոսաշրջիկ չկա, գրում է հոդվածագիրը։
«Ագրեսիայից հետո Ադրբեջանը սկսեց ընդլայնել իր դիրքերը մեր ինքնիշխան տարածքում»,- taz-ին փոխանցել է Ջերմուկի քաղաքապետի տեղակալ Վարդան Սարգսյանը։ Նոր դիրքեր, ճանապարհներ, զորքեր. նրանք քաղաքի կենտրոնից ընդամենը 4- 5 կիլոմետր հեռավորության վրա են։ Այս պահին քաղաքում հիմնականում հանգիստ է։ Սակայն Սարգսյանը համոզված է, որ «Ադրբեջանն ապագայի համար բոլորովին այլ ծրագրեր ունի»։ Գերմանացի հոդվածագիրը մանրամասնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի ցանկացել մեկնաբանել. taz-ի հարցումը մնացել է անպատասխան։ «Ջերմուկում միջազգային հանրության ուշադրության բացակայությունը շատերն են զգում, միայնակ են, ինչպես 2020 թվականի աշնանը։ Ղարաբաղի 120,000 բնակիչները հիմնականում կտրված են մնացյալ աշխարհից, ներառյալ այն սննդամթերքն ու դեղամիջոցները, որոնք սովորաբար ստանում են Հայաստանից։ Մարդասիրական աղետը մոտ է, սպառնում է, գրում է taz-ը։ Երկուսուկես ժամ հեռավորության վրա Ջերմուկի բնակիչները մտահոգված են, որ շրջափակումը կարող է ընդլայնվել եւ սահմաններում իրավիճակը կրկին սրվել»։ Հոդվածագիրը նկատել է տալիս, որ Ջերմուկի անտառներում, լեռնադահուկային լանջերի, լեռների երկայնքով հրթիռների մասեր կան, քաղաքի կենտրոնում գտնվող Մաքսիմ Գորկի դպրոցի աշակերտները գիտեն, նրանց Կարմիր խաչի աշխատակիցները բացատրել են, որ անտառում վտանգավոր է։ Մոտ 200 աշակերտ ունեցող դպրոցի 30 աշակերտ սեպտեմբերի հարձակումից հետո էլ դպրոց չի գալիս, քաղաքից հեռացել են, ինչպես քիմիայի միակ ուսուցիչը, որին առայժմ փոխարինող չկա, քիմիայի պարապմունքները լրացվում են առցանց։ taz-ը գրում է, որ դպրոցականներից շատերը վախեցած են։ Ադրբեջանի հետ հակամարտության մասին վաղուց գիտեն, իսկ դասարան մտնելիս ճեմասրահում ամեն օր աչքի առաջ են 2020-ին զոհված 9 երիտասարդների շրջանակված լուսանկարները։
Ի՞նչ անել հիմա՝ Բերձորի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի շրջափակման, հումանիտար աղետը կանխելու համար հարցին ո՛չ լրատվամիջոցներն են պատասխանում, ո՛չ էլ այդ թեմայով հունվարի 18-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի, ապա՝ 24-ին Կոնրադ Ադենաուր հիմնադրամի հրավիրած zoom հարթակների քննարկումները։ Հայաստանում, Արցախում սպասում են, մեր ժամացույցի մեծ սլաքը որտե՞ղ է կանգնել, բանավեճի նյութ է, բայց 12-ից հեռու է այնքան, որքան… Արցախում դիմակայում են։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա