“Մազդա” հրատարակչությունը լույս է ընծայել “Պարսկաստանի/Իրանի հայկական համայնքներ. պատմությունը, առեւտուրը, մշակույթը” (670 էջ) հատորը: Սա “Պատմական հայկական քաղաքներ եւ գավառներ” մատենաշարի տասնհինգերորդ եւ վերջին հատորն է, որը խմբագրել է Կալիֆորնիայի համալսարանի հայոց պատմության նախկին պրոֆեսոր Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը: Հատորի կորիզը կազմում են 2003-2004 թվականներին Լոս Անջելեսի համալսարանում նրա կազմակերպած Նոր Ջուղային ու Իրանի հայությանը նվիրված գիտաժողովները, որոնց վրա գումարվել են այլ հետազոտողների աշխատությունները:
Հատորն ընդգրկում է ուսումնասիրություններ Իրանում հայկական ներկայության վերաբերյալՙ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը, ներառում է հայ-պարսկական հարաբերությունները նախաքրիստոնեական դարաշրջանից մինչեւ միջնադար, Մակուի եւ Թավրիզի շրջանները, Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս եւ Ծործորի վանքերը, պարսկական Ատրպատական-Ադրբեջանի կարեւորությունը հայ եւ պարսկական հեղափոխական շարժումներում, Ուրմիայի, Սալմաստի եւ Խոյի շրջանների քրիստոնյա բնակիչների տեղահանություններն ու կոտորածները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական հարձակումների ընթացքում եւ այլն: Գնահատվում է Նոր Ջուղայի համահայկական նշանակությունըՙ իր նկարիչներով ու արհեստավորներով, եզակի եկեղեցիներով եւ վանական համալիրով (Վանք), իր վաճառականներով, որոնք աչքի են ընկել միջազգային առեւտրային ցանցերում: Հատորը եզրափակվում է նորջուղայեցի նշանավոր նկարիչ Սմբատի (Սմբատ Տեր-Կյուրեղյան) գեղանկարներով, որոնք ներկայացնում են տեսարաններ Նոր Ջուղայից եւ շրջակայքից: Մյուս գլուխներում գնահատվում են Հայաստանի ղեկավարության փոխազդեցություններն Իրանի իշխանությունների հետ եւ Հարավային Կալիֆորնիայում իրանահայերի սոցիալ-տնտեսական ինտեգրումը: Հատորում առկա են բազմաթիվ գունավոր նկարազարդումներ եւ քարտեզներ:
Հատորի հեղինակներն են Ռիչարդ Հովհաննիսյանը, Նինա Գարսոյանը, Մաքսիմ Եվադյանը, Էնն Ռեդգեյթը, Փիթեր Քաուին, Հովան Սիմոնյանը, Թոմ Սինքլերը, Կորյուն արքեպիսկոպոս Պապյանը (հանգուցյալ), Արծվի Բախչինյանը, Էդմունդ Հերցիգը, Սառա Լապորտ Էֆթեխարիանը, Անի Բաբայանը, Էմի Լանդաուն, Վազգեն Ղուկասյանը, Լեոնարդո Ալիշանը (հանգուցյալ), Վարդան Մատթեոսյանը, Անի Շահինյանը, Ռուբինա Փիրումյանը, Գոհար Ավագյանը, Մագդալինա Գոլնազարյանը, Ռոզմարի Հարթունյան Քոհենը, Դավիթ Յաղուբյանը, Նիկիդ Միրզայանցը, Քլոդիա Տեր-Մարտիրոսյանը:
Այս տասնհինգերորդ հատորը մատենաշարի միակն է, որը կենտրոնանում է Օսմանյան կայսրությունից դուրս գտնվող հայկական համայնքների վրա եւ նվիրված է Ռիչարդ Հովհաննիսյանի կնոջՙ նորոգ հանգուցյալ բժիշկ Վարդիթեր Կոճոլոզյան Հովհաննիսյանի (1931-2021) հիշատակին, որը եղել է ամուսնու պրոֆեսիոնալ անբաժան գործակիցը իր պատմագիտական գործունեության սկզբից եւ այս մատենաշարի իրականացման ընթացքում:
Ա. Բ.