ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Փարիզ
Ֆրանսիայի Վալանս քաղաքում հայերը հաստատվել են 1923-1925թթ. որոնք տեղափոխվել են Խարբերդից, Մալաթիայից ու Բուրսայից: Բնակվելով Վալանս քաղաքումՙ կառուցել են եկեղեցիներ, հիմնել հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ ու տարբեր առիթներով ֆրանսիացիներին ներկայացրել մեր դարավոր պատմությունը, մշակույթը ու հայի բազմաշնորհ տաղանդը: Որպես առաջին քրիստոնյա ազգ, հայերը միանգամից ընդունվեցին բոլորի կողմից ու տարիների ընթացքում իրենց աշխատասիրությամբ ու ստեղծագործ գաղափարներով կարողացան բարձր պաշտոններ ու դիրքեր զբաղեցնել:
Վալանսի տեղական մարմինների հետ շփումներումՙ օրակարգային թեման եղել են Հայոց ցեղասպանության եւ Արցախի անկախության ճանաչումը:
2017թ. նոյեմբերի 17-ին, Վալանսի հայ մշակույթի տան տնօրեն Նազօ Ճինպաշեանի հրավերովՙ Հայոց ցեղասպանության եւ Արցախի հիմնախնդրի մասին ֆրանսերեն հրատարակված “ Ճշմարտության պարտադրանքով” գրքիս (Par obligation de ve՛rite՛) շնորհանդեսն էր, ուր ներկա էր Բուրգ լե Վալանսի քաղաքապետ տիկին Մարլեն Մուրիեն: Գիրքս նվիրել էի իրեն եւ շնորհակալություն հայտնել 2014թ. Վալանս քաղաքի ու Շուշիի միջեւ բարեկամության հռչակագիր հասատատելու համար: Կարդալուց հետո նամակով պատասխանել եւ շնորհակալություն հայտնելով նշել էր, որ օտար ընթերցողի համար գիրքն արժեքավոր է նրանով, որ Արցախի հիմնահարցը անմիջական կապ ունի Հայոց ցեղասպանության հետ ու շեշտել, որ այո, դուք իրավացի եք, Հայոց ցեղասպանությունը շարունակվում է Արցախում :
44-օրյա պատերազմի օրերին, երբ ֆրանսահայ համայնքը տարբեր քաղաքներում բողոքի հանրահավաքներ էր կազմակերպում, 2020թ. սեպտեմբերի 29-ին Վալանս քաղաքը նույնպես ի պաշտպանություն Արցախի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ցույց էր կազմակերպել, ուր ներկա էր տիկին Մարլեն Մուրիեն: Քաղաքապետն իր բովանդակալից ելույթը, ուր բազմիցս շեշտել է հայ-ֆրանսիական բարեկամությունը, եզրափակել է հետեւյալ խոսքերով. “Ես լիարժեք աջակցություն եմ հայտնում հայ ժողովրդին եւ, ինչպես ամեն անգամ, նրանց կողքին եմ, որովհետեւ այս պայքարը ճշմարիտ է, որի արմատները արցախյան հողում “ Մենք ենք, մեր սարերը” հուշարձանի նման խորն են: Նրանց համար, ովքեր կասկածում են, ընդմիշտ պետք է իմանանՙ այս հողը հայկական է, հայկական էլ կմնա”:
Մարլեն Մուրիեի ելույթը կրկին հիստերիա էր առաջացրել ադրբեջանցիների մոտ: Ելույթիցՙ օրեր առաջ էր, որ Բուրգ լե Վալանս քաղաքում ծածանվող Արցախի դրոշի պատճառով, մի խումբ ադրբեջանցիներ ներխուժել էին քաղաքապետարան եւ սպառնալիքներ հնչեցրել քաղաքապետի հասցեին, պահաջելովՙ հանել դրոշը:
Մարլեն Մուրիեն հրապարակավ ադրբեջանցիներին հիշեցրել է, որ սա Ադրբեջանը չէ, այստեղ գործում են ֆրանսիական օրենքները:
2021թ. նոյեմբերի 26. Ֆրանսիայի Վալանս քաղաքի մշակույթի տան տնօրեն Սուսան Փահլեւանյանի հրավերովՙ կրկին Փարիզ-Վալանս գնացքում եմ, նախօրոք հայտարարված էր, որ այս անգամ պետք է ներկայացնեմ “ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ Ա” գիրքս:
Գրքերով գերբեռնված ճամպրուկիս մեջ տարբեր լեզուներով թարգմանված գրքերս են, մի կերպ եմ բարձրացրել ու տեղավորել ներքին հարկաբաժնում: Երեկոյան գրքիս շնորհանդեսն է ու ես գիրքը թերթելով նշումներ եմ անում, գրիչս ընկավ, դիմացս նստած միջին տարիքի տիկինը, որ ինչպես նկատել էի, համակ ուշադրությամբ իմ շարժումներին էր հետեւում, անմիջապես կռացավ ու գրիչս վերցրեց դրեց դիմացս բացված սեղանիկին ու ես նկատեցի, որ իմ թղթերով ամբողջովին գրավել էի իրեն պատկանող տարածքը: Շնորհակալություն հայտնելով անմիջապես թղթերս իմ կողմը հավաքեցի: Սիրալիր հայացքով ասացՙ բան չկա, հանգիստ աշխատեք:
Բավական ժամանակ անց, երբ գնացքն ազդանշան տվեց, որ հաջորդ կանգառին մի քանի րոպե է մնացել, գրքիս մեջ դասավորեցի գրառումներս, տիկինը սիրալիր հայցքով ասաց, որ ինքը չէր ուզում ինձ խանգարել եւ կուզենար իմանալ, թե գիրքն ի՞նչ լեզվով է, ինչի՞ մասին է, որ այդքան խորասուզվել էի. ենթադրել էր, որ տխուր պատմություններ են գրված:
Ասացիՙ դուք իրավացի եք, գիրքը հայերեն լեզվով է, ես եմ հեղինակը, նոր պատերազմի միջով անցած երկրի մասին է:
Ասաց տեղյակ է, որ Թուրքիան կրկին ուզում է բնաջնջել հայերին եւ շատ ափսոսաց, որ արդեն պետք է իջնեմ, շատ կուզենար որոշ մանրանասներ իմանալ հայերի ծագման ու հայկական հարցի մասին: Ասաց, որ ուսուցիչ է, դասավանդում է Թուլուզ քաղաքի դպրոցներից մեկում, որտեղ հայ երեխաներ շատ կան, որոնք փայլուն առաջադիմություն ունեն :
Արագորեն ճամպրուկիս միջից հանեցի ֆրանսերեն լեզվով հրատարակված “Ճշմարտության պարտադրանքով” գիրքս եւ այցեքարտիս հետ նվիրեցի իրեն: Այդ պահին գնացքը կանգնեց, տիկինն ինձ օգնեց, միասին իջեցրինք ծանր ճամպրուկը, ասաց, որ շատ ուրախ է մեր ծանոթության համար, իր անունն Օժենի է, խոստացավ զանգահարել եւ արագորեն մտավ գնացք:
Տիկին Փահլեւանյանին նախօրոք տեղյակ էի պահել, որ ճամպրուկս ծանր է. նկատեցի, որ արդեն երկու հոգով մոտենում են:
Սուսան Փահլեւանյանն ինձ դիմավորելու էր եկել ընկեր Սեդրակի հետ: Սեդրակն անմիջապես վերցրեց ճամպրուկս եւ առաջին հարցը, սա էրՙ Արցախից ի՞նչ լուր կա, գիշերները քուն չունիմ, ինչո՞ւ այսպես եղավ: Արյան գնով հաղթանակ էինք տարել, հպարտ ման կուգայինք, հիմա այլեւս ի՞նչ սրտով ապրենք: Մինչ հասնենք մշակույթի տուն, Սեդրակը, պատմեց, որ քանիցս եղել է Արցախում, չի ուզում համակերպվել Շուշիի հանձնման փաստի հետ: Ասացՙ ինչպե՞ս են Հայաստանում պաշտպանում մի մարդու, որը թուրքի գործակալ է, երկիրը քանդում է: Դյուրաբորբոք ու արցունքախառը վարելով մեքենանՙ մի պահ շեղվեց ճանապարհից, փորձեցի հուսադրող խոսքեր ասել, ասացՙ պետք է իրատես լինենք, շատ ենք ուշացել:
Քանի որ արդեն ճաշի ժամ էր, Սուսան Փահլեւանյանը, որ նախօրոք մեր հեռախոսազրույցների ընթացքում պատմել էր Մշակույթի տան ճաշարանի խոհարարների պատրաստած համեղ խորտիկների մասին, ասաց, որ հիմա պիտի գնանք ու վայելենք, մեզ սպասում են. գիտեին, որ արցախցի եմ եւ անահամբեր սպասում էին:
Ամուսիններՙ Սամվելը եւ Արփինեն, որոնք արդեն քանի տարի բնակվում էին Արցախումՙ իրենց ռեստորանն ունեին, թողել ու եկել են Վալանս:
Սամվելը պատմեց, որ միշտ մտածել է Արցախում տուն գնելու ու բնակվելու մասին, քանի որ համոզված էր, որ ազատագրած հայրենիքը պետք է պահել իր բնակիչներով: Երկար փնտրտունքներից հետո, 2016 թվականին վերջապես գտել են այն գյուղը եւ այն տունը, որն իրեցն էր լինելու: Դա Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղն էր: Տունն ավերակ էր, 2016թ. վերակառուցեցին, պահպանելով հին ու ավանդական տեսքը: Տունը կրկնակի հարազատ էր, քանի որ գտնվում էր Նիկոլ Դումանի եւ Խանասորի Վարդանի գյուղում: Գյուղում ջերմ, ընտանեկան կապեր էին ստեղծել, դառնալով երեք եղբայրների կնքահայրը: Ուրիշ ծրագրեր էլ ունեինՙ հյուրատուն, ավանդական հացատուն, բայց 44-օրյա չարաբաստիկ պատերազմը ժամանակավոր կանգնեցրել է ծրագրերի իրագործումը:
Սամվելը ժամանակավոր բառն արտաբերեց համոզված տոնայնությամբ:
Ասաց, վստահ է, որ մեր երկիրն այս ցավն էլ կհաղթահարի եւ իրենք վերադառնալուն պես կսկսեն վերակառուցման իրենց ծրագրերը եւ բոլոր խնդիրները կհաղաթահարեն հենց հայրենիքում ապրելով…
Ճաշարանի պատերին Արցախի դրոշն էր ու Արցախի տեսարժան վայրերով լուսանկարներ: Սամվելը Արցախից լավ հիշողություններ ուներ:
Ասում էՙ այդ երկրի քարն ու թուփն ինձ հարազատ են, այդ հող ու ջրի մարդիկ շատ ջերմ են, ոչ մի տեղ այդ ջերմությունն ու հյուրընկալությունը չկա:
Միանագամից ասեմ, որ Սուսան Փահլեւանյանի հյուրընկալությունն էլ ոչ մի տեղ չկա, սա էլ մի յուրօրինակ կոլորիտ է, համեղ ճաշատեսակներից բացի երեք օր ճաշակեցի գյումրեցուն վայել ավանդական ընդունելիությունն ու հումորը:
Սուսան Փահլեւանյանը Վալանսում բնակություն է հաստատել 2007 թվականից: Ցավոք, մի քանի ամիս անց ամուսինը մահանում է: Աղջիկըՙ գեղեցկուհի Էդիտան, ամուսնանալով ու ապրելով հարազատներից հեռու, սկզբում հրավիրում է եղբորը, այնուհետեւ ծնողներին: Տեղին համարեցի նշել, որ Էդիտան Վալանսում ու շրջակա քաղաքներում համարվում է հարսի շորերի նրբաճաշակ ձեւավորողը եւ ունի իր սրահը. բազմիցս մրցանակներ է շահել: Եղբայրըՙ Միշան, աշխատում է ֆրանսիական սառնարանային կազմակերպությունում, որպես հայ, իր բազմակողմանի իմացությամբ ու համեստությամբ, վայելում է աշխատակազմի վստահությունը:
Օտար երկրում Սուսան Փահլեւանյանին օգնեց Գյումրիում դպրոցի փոխտնօրենի աշխատանքային փորձը:
Զինաիդա (Սուսան) Փահլեւանյանը Ֆրանսիայի Վալանս քաղաքում հաստատվելուց ի վեր հայանպաստ գործունեություն է ծավալումՙ Վալանսի հայ մշակույթի տուն, հայկական ռադիո, Դավիթյան դպրոց: Արդեն քանի տարի, այս երեք ուղղությամբ աշխատելովՙ Սուսան Փահլեւանյանն իր զավակների հետ վայելում է համայնքի անմնացորդ սերն ու հարգանքը: Եվ պատահական չէ, որ Մշակույթի տան տնօրենի թափուր տեղը խորհրդի կազմի միաձայն որոշմամբ վստահվեց իրեն:
Հայրենիքը բարձր է գնահատել նվիրյալ հայուհու աշխատանքը: Մասնակցելով ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի “ Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար” համահայկական ամենամյա մրցանակաբաշխությանը, 2015 թվականին “Մայրենիի պաշտպան” անվանակարգում Սուսան Փահլեւանյանն արժանացել է երկրորդ կարգի մրցանակի, պարգեւատրվելով մեդալով ու պատվոգրով:
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման եւ Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար 2016թ. պարգեւատրվել է պատվոգրով:
Հայապահպանության, Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաեւ Վալանսի “Ռադիո Ա”-ի 35-ամյակի առթիվ, 2017թ. արժանացել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհակալագրին:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի կողմից, հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար 2017թ. արժանացել է շնորհակալագրի:
Սուսան Փահլեւանյանի առօրյան հագեցած է, նրան ջերմություն, սեր ու ժպիտ են պարգեւում ոչ միայն զավակները, նաեւ վեց հրաշալի թոռները, նրանցից յուրաքանչյուրն իր դրոշմն է դնում տատիկի հոգում:
Շնորհակալությամբ ասեմ, որ “Արցախապատում” գրքիս շնորհանդեսն անցավ ջերմ մթնոլորտում, Արցախի թեման համախմբել էր Վալանսի հայրենասեր մարդկանց:
Երեկոյին իր օրհնությունն էր բերել Վալանսի սուրբ Սահակ եկեղեցու հոգեւոր հովիվ Անդրանիկ քահանա Մալճեանը:
Հաջորդ օրը, նոյեմբերի 27-ին, ներկա էի ՀՅԴ հիմնադրման 131-րդ ամյակին նվիրված երեկոյին: Հարգելով Արցախի պատերազմում զոհված հերոս տղաների հիշատակը, հայրենասիրական երգերով փառաբանեցին մեր անցած ու գալիք հաղթանակները:
Վերադարձիսՙ ինձ ճանապարհեցին “Ռադիո Ա”-ի տնօրեն Սիմոն Համամջյանն ու Սուսան Փահլեւանյանը: Ժամանակի սղության պատճառով չէի հասցրել ռադիոյում հարցազրույց ունենալ. մեր մտքերը փոխանակեցինք կայարան գնալու ընթացքին:
Զրույցի թեման կրկին Հայաստանի վտանգված սահմաններն ու Արցախի ճակատագիրն էր:
Պայմանավորվեցինք, որ հունվար ամսից, “Արցախապատում” հաղորդաշարս ներկայացնեմ Վալանսի ռադիոունկնդիրներին:
Ի դեպ, օրեր առաջ տիկին Օժենին զանգահարեց. գիրքը կարդացել էր եւ ցանկություն հայտնեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապրիլ ամսին, ինձ հարմար որեւէ օր, հանդիպում կազմակերպել ու գիրքը ներկայացնել ուսուցչական անձնակազմին ու աշակերտներին: Ես սիրով ու շնորհակալությամբ ընդունեցի նրա հրավերը:
17.01.2022