ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Հայկական լրատվամիջոցներում արծարծվող գերիշխող թեման նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն է: Հարցը, որ բարձրացվում է, այն է, թե արդյոք պատե՞հ ժամանակն էր այժմ առաջացնելու մի նոր ճգնաժամ: Չէ՞ որ Հայաստանը արդեն երկար ժամանակ է, ինչ անհանգիստ ու մտահոգ ժամանակաշրջան է ապրում 2020-ի պատերազմից ի վեր եւ դիմագրավում է ամենածանր մարտահրավերները համառ թշնամու հետ իր հարաբերություններում:
Ավելին, Հայաստանը մեկ այլ, իր համար գուցե տհաճ, մարտահրավեր է դիմագրավում Թուրքիայի հետ դարավոր հարցերի շուրջ բանակցելու հեռանկարի առնչությամբ:
Նախագահ Սարգսյանը վստահաբար հաշվի առել է վերոնշյալ խնդիրները, բայց դրանք ետ չեն պահել նրան հրաժարական տալու իր մտադրությունից: Նախագահն իր որոշման համար նշել է մի քանի պատճառներ, որոնք կարող են չբացահայտել ողջ ճշմարտությունը: Ավելորդ կլինի հիշատակել այդ պատճառներն այստեղ, քանի որ արդեն ամբողջապես լուսաբանվել են լրատվամիջոցներում:
Գլխավոր պատճառաբանություններից մեկը նախագահական գրասենյակի սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումներն էին, որոնք նախագահին միայն արարողակարգային որոշակի դերակատարություն էին արտոնում կատարել: Այն էլ ոչ միշտ: Երբեմն այդ գործողությունները կատարում էր ինքըՙ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես, օրինակ, 2018-ին Շառլ Ազնավուրի թաղման ժամանակ, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողքին նա հանդես եկավ ներբողական ճառով:
Սարգսյանը դժգոհ էր պետության մեջ նշանակալի դեր կատարելու գործիքակազմի բացակայությունից: Երբ ես նախագահին հանդիպեցի անցյալ տարվա հունիսին, նա մատնանշեց իր բոլոր առարկությունները գործող սահմանադրության վերաբերյալ եւ բողոքները, որոնք գրեթե բառացիորեն կրկնվել են այս շաբաթ թերթերում հրատարակված նյութերում, բայց նա ոչ մի նշում չկատարեց պաշտոնը թողնելու մտադրության մասին: Իրականում, նա վստահեցրեց ինձ, որ վարչապետ Փաշինյանի հետ համաձայնության է եկել 2021-ի հոկտեմբերին վերանայելու սահմանադրության դրույթները:
Թվում է, թե նախագահի համբերությունը սպառվել է հասկանալով, որ Փաշինյանը սահմանադրությունը բարեփոխելու մտադրություն չունի: Եվ իրոք, նախագահի հրաժարականին հետեւած վարչապետի ընդարձակ մամլո ասուլիսում, որ տարաբնույթ հարցեր էր շոշափում, որոնց թվում նաեւ սահմանադրության բարեփոխումները, Փաշինյանը նշեց, որ չնայած հանձնախումբ էր կազմել ուսումնասիրելու համար այդ բարեփոխումները, ինքն այդուհանդերձ, ներկա իրավիճակում որեւէ փոփոխության կարիքը չի տեսնում:
Գործող խորհրդարանական սահմանադրությունը կազմվել էր նախորդ նախագահիՙ Սերժ Սարգսյանի կողմից եւ հարմարեցվել էր իր նպատակներին: Այն նախատեսում է գերագույն լիազորություններ պարգեւել վարչապետին, մի իրավիճակ, որ Փաշինյանը ժառանգեց ու ջանադրաբար պահպանում է 2018-ին Սարգսյանին տապալելուց ի վեր:
Նախագահ Սարգսյանի հրաժարականը ուրախությամբ ընդունվեց կառավարամետ մամուլի կողմից: Հարցաքննվող կառավարության անդամներից շատերը միաբան էին նախագահի գործունեությունը քննադատելու հարցում: Նույնիսկ Փաշինյանը, վերոնշյալ մամլո ասուլիսի ժամանակ որոշակի հանգստություն է զգում եւ նշեց, որ իր կուսակցությունը անպայման փոխարինող կընտրի խորհրդարանական եթե ոչ առաջին, ապա երկրորդ քվեարկության ժամանակ: Մթնոլորտը բարենպաստ է, քանի որ իշխող “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցությունը խորհրդարանում ունի 79 պատգամավոր, իսկ առաջին փուլում նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է հավաքել 81 կողմ ձայն:
Փաշինյանը չնշեց իր թեկնածուի անունը, բայց վստահեցրեց, որ նա կլինի իշխող կուսակցության շարքերից: Արդարացնելու համար իր ընտրությունը նա ավելացրեց, որ նախագահը պետք է ներդաշնակորեն համագործակցի իր կառավարության հետ: Փաշինյանը այս գաղափարն է միշտ առաջ քաշելՙ ձեռնհասությունից ավելի կարեւորելով հնազանդությունը: Մինչդեռ նախագահը կարիք էր տեսնում ժողովրդավարական երկրում ստեղծելու հակակշիռների եւ զսպումների մի համակարգ:
Հայրենի հասարակությունը չափազանց բեւեռացված է, եւ կացությունը ազդում է ամբողջ քաղաքական սպեկտրի վրա: Բայց կարծես թե նախագահի հրաժարականի շուրջ գոյություն ունի տեսակետների համամտություն: Լրատվամիջոցների կողմից հարցաքննված ընդդիմադիր առաջնորդներից շատերը քննադատել էին նախագահի գործունեությունը, անշուշտ տարբեր պատճառներով:
Պետք է նշել, որ լրատվամիջոցները նույնպես չափազանց կողմնապահ են եւ բեւեռացված: Սփյուռքը կարող է Հայաստանի լրագրողներին սովորեցնել անաչառ եւ փաստացի լուսաբանություններ եւ անկախ մեկնաբանություններ կատարել: Շատ հաճախ կարելի է նկատել, որ Հայաստանում հոդվածները զուրկ են կոնկրետ փաստերից եւ փոխարենը լի են ասեկոսեներով, քիչ են անաչառ, անկողմնակալ վերլուծաբաններն ու փորձագետ-մեկնաբանները եւ հուսալքված հասարակության մեջ քչերն են նրանց վստահում: Յուրաքանչյուր ճամբար իր կողմնակիցների ասածով է առաջնորդվում, եւ այս կացությամբ էլ բնութագրվում է երկրի ամբողջ քաղաքական մշակույթը: Դժբախտաբար, նման մթնոլորտում կառավարությունը օգտվում է ընձեռված հնարավորությունից եւ փորձում լռեցնել անկախ լրատվամիջոցները:
Քապիլ Կոմիրետտի անունով անկախ մի լրագրող “Spectator world” պարբերականում հետեւյալ համեմատությունն է կատարում նախագահի եւ վարչապետի պաշտոնների վերաբերյալ. “Փաշինյանը բացառիկ դեմք է համաշխարհային քաղաքականության մեջ այն բանի համար, որին հասել է իր տարածաշրջանում: Նա սրտաբաց է եւ իդեալիստ, բայց կարող է լինել անհավատալիորեն հաստատակամ եւ համառ: Սարգսյանը տարբեր խմբի է պատկանում: Նա գիտնական է, նաեւ կապիտալիստ է, բայց իր մասնաբաժինը չի ունեցել այդ երկրում: Նա հարստություն է կուտակել ջանասիրաբար աշխատելով արեւմուտքում: Նրան կարելի է համարել խորհրդային շրջանի թատչերանման (Soviet Thatcherite) մի անձնավորություն, որ ցանկանում է Հայաստանը դարձնել Կովկասի Իսրայելը: Որպես դիվանագետ նա իրոք ամուր հարաբերություններ կարողացավ մշակել, ի հակադրություն (Ռեջեփ Թայիփ) Էրդողանի, եւ (Իլհամ) Ալիեւի եւ գուցե Իմրան Խանի, նա հեշտությամբ կարող է տեսակցել աշխարհի ղեկավարներից որեւէ մեկի հետ: Փոքրիկ մի երկրի համար սա հսկայական արժանիք է: Պատերազմի ժամանակ նրան չօգտագործեցին: Նա փորձեց անել իր կարելին, դիմեց բոլորին, բայց նրան մեկուսացրեցին եւ պարփակեցին Հայաստանում: Փոխարենը վարչապետը վարեց ամբողջ շոուն եւ, ներողություն արտահայտության համար, այն սկզբից մինչեւ վերջ աղետալի էր”:
Դժբախտաբար, Հայաստանի քաղաքացիներից շատ քչերն են համամիտ այս տեսակետին: Սարգսյանի (նախագահ) նշանակման առաջին իսկ օրից նրան բնութագրեցին որպես “բրիտանացի լրտես” կամ “Ռուսաստանի գործակալ” ըստ ճաշակի եւ քաղաքական կողմնորոշման:
Զարմանալիորեն, նախագահը 2020 թվականի պատերազմի մասին տեղեկացել էր լրատվամիջոցների հաղորդումներից: Կառավարության մեջ անջատվածությունն այդքան խորն էր: Նախագահը, օգտագործելով մտերմական կապերի իր լայն հնարավորություններըՙ նշանակալի ներդրումներ կարողացավ բերել Հայաստան, բայց կարծես ոչ ոք չգնահատեց այդ օգնությունը: Մի բան պարզ էր սկզբից եւեթ. նա անցյալ, հին վարչակազմից էր: Փաշինյանի խմբակցությունը երբեք էլ չի գնահատել փորձառությունը: Նրան լոկ հնազանդությունն է պետք:
Բացի դրանից, գավառականությունը համատարած է երկրի քաղաքական մշակույթում: Դրա վառ ապացույցներն են խորհրդարանում տեղի ունեցող կոպիտ քննարկումները: Համարձակվում եմ նույն կացությունը դիտարկել նաեւ երաժշտական կյանքում: Տարիների ընթացքում Հայաստանից զզվանքով հեռացել են համաշխարհային ճանաչման արժանացած երաժիշտներ ու խմբավարներ, որոնց թվում կարելի է նշել Վալերի Գերգիեւի, Օհան Դուրյանի, Արամ Ղարաբեկյանի, Լորիս Ճգնավորյանի եւ Կոնստանտին Օրբելյանի նման աստղերին:
Գավառականությունը դարձել է ընդունված կարգ կամ չափանիշ, եւ հասարակությունը չի կարողանում հանդուրժել արտակարգը, այդ չափանիշից տարբերվողին: Եվ այս մոտեցումը ներթափանցել է երկրի քաղաքական կյանքի մեջ: Սա գուցե հատուկ ախտանշական երեւույթ է փոքր երկրների համար, որոնք չեն հանդուրժում համաշխարհային մեծությունների ներկայությունը:
Նախագահի դժգոհություններից մեկն այն էր, որ Սահմանադրության անկատարության պատճառով սփյուռքահայ ճանաչված տաղանդներ չէին կարողանում ներգրավվել Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման մեջ: Նա, օրինակ համար, նշեց Նուբար Աֆեյանի անունը, որ Covid 19-ի դեմ “Մոդեռնա” պատվաստանյութի ստեղծողն է:
Թավշյա հեղափոխության ժամանակ նախագահ Սարգսյանը զուսպ միջնորդի դեր էր կատարել: Չնայած Սերժ Սարգսյանն էր նրան նախագահի պաշտոնին նշանակել, նա համարձակությունն էր ունեցել հորդորելու նրան, որ հրաժարական տա: “Դա խելացի քայլ էր”, ըստ Սարգսյանի, բայց մյուս կողմից նախագահ Արմեն Սարգսյանը ճակատագրական սխալ էր գործել պահանջելով, որ Փաշինյանը հրաժարվի վարչապետի իր պաշտոնից 2020 թվականի պատերազամի հետեւանքում երկրում առաջացած հուզումների ժամանակ: Տեղին չէր միանալ վարչապետի հրաժարականը պահանջող ամբոխի կոչերին: Տեղին չէր նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նույն վարքագիծը: Պահը պահանջում էր, որ այս երկու առաջնորդները վճռական դեր կատարեին միասնականության իրենց կոչերով: Նախագահ Սարգսյանի այդ սխալը չմարսեցին Փաշինյանի թիմակիցները եւ այդ պատճառով էլ նրանք այսօր չեն ցավում նրա համար:
Սահմանադրության համաձայն, նոր նախագահը պետք է ընտրվի փետրվարին: Փաշինյանը նման առիթի էր սպասում, որպեսզի իր թիմակիցներից մեկին նշանակի այդ պաշտոնում, է՛լ ավելի ամրապնդելու համար իր դիրքերը կառավարությունում այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանից դուրս մղեց այդ դատարանի նախկին նախագահին եւ իր կողմնակիցներին տեղավորեց արտաքին գերատեսչության եւ պաշտպանության նախարարության վերին օղակներում:
Սահմանադրությունը չփոխելու Փաշինյանի որոշումը միտված է ժամանակավորապես հետաձգելու “պատմական Հայաստան” կամ “Արեւմտյան Հայաստան” հասկացությունները շրջանառությունից հանելու թուրքական պահանջներին ընդառաջ գնալը, չնայած նա խուսափեց Ցեղասպանության ճանաչման պատասխանատվությունը ստանձնելուց: Նա վերջերս հայտարարեց, որ “Հայ դատը” երբեք էլ չի ներառվել կառավարության օրակարգում: “Հայ դատի” շարժիչ մեքենան եղել է Սփյուռքը, ավելացրեց նա, մի հայտարարություն, որ անվերապահորեն չպետք է ընդունենք: Իրականում այն բանից հետո, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ցեղասպանության ճանաչումը դարձրեց Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի հարց, մի շարք երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, դրանցից առայժմ վերջինը դարձավ Մ. Նահանգները:
Այժմ Հայաստանը պետք է պատրաստվի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ճակատագրական բանակցություններ անցկացնելու: Ձախողելու դեպքում, նախագահը գուցե հավիտյան ափսոսա, որ նման որոշում է կայացրել Հայաստանի պատմության չափազանց վճռորոշ պահին:
Անգլ. թարգմանեց
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)