ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն
Հայաստանի Թեքեյան մշակութային միության “Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխությանը մրցանակներ հանձնվեցին նաեւ “Լրագրություն” անվանակարգում:
Հաղթող ճանաչվեց երկու մասնակիցՙ Դիանա Մարկոսյանըՙ “Հաջողության բանաձեւ” հաղորդաշարի եւ Հակոբ Ասատրյանըՙ “Օրեր” ամսագրում Կենտրոնական Եվրոպայի հայկական համայնքներին նվիրված հոդվածաշարի համար:
Դիանա Մարկոսյանը “Հաջողության բանաձեւ”-ի խմբագիրն ու պրոդյուսերն է: Այն եթեր է հեռարձակվում 2016 թվականիցՙ սկզբում Արմնյուզ, իսկ 2019-ից մինչ օրսՙ ԱՏՎ հեռուստաընկերությամբ: Ի դեպ, հայկական հեռուստաեթերում այն առաջին հաղորդումն էր, որ համավարակով պայմանավորվածՙ անցավ առցանց հեռարձակմանՙ հայկական TV-ների համար դառնալով հաջողված օրինակ:
Դիանա Մարկոսյանը նոր անուն չէ լրագրության մասնագիտական դաշտում. նրան ճանաչում եւ բարձր են գնահատում նաեւ հասարակական, քաղաքական շրջանակներն ու հեռուստադիտողները: Լրագրությամբ զբաղվել է ուսումնառության առաջին տարվանիցՙ 1993 թվականից: Թերթ, ռադիո, ապա` հեռուսատատեսություն, որն էլ դարձավ Դիանա Մարկոսյանի տարերքը. “Հեռուստատեսություն մտել եմ Հայաստանի անկախացման առաջին տարիներին, երբ նոր-նոր էր ձեւավորվում անկախ լրագրությունը, երբ կար մեկ պետական հեռուստաընկերություն, եւ մի ձեռքի մատների վրա հաշվելի մասնավոր, կամ անկախ մի քանի հեռուստաընկերություն: Ահա հենց դրանցից մեկումՙ Ա1+-ում, սկսեց ձեւավորվել հեռուստաաշխարհի իմ ընկալումը: Ավելի քան 15 տարի Ա1+-ումՙ լրագրողից մինչեւ հաղորդման հեղինակ, մեկնաբան, խմբագիր”,-մեզ հետ զրույցում նշում է մրցանակակիր Դիանա Մարկոսյանը, որը 2015թ-ից նաեւ Հանրային հեռուստաընկերության “Եռանկյունի” հաղորդաշարի գլխավոր խմբագիրն էր:
Դիանա Մարկոսյանը վստահ էՙ հեռուստատեսությունը մի աշխարհ է, որտեղ մտնողն այլեւս երբեք դուրս չի գալիս, եթե անգամ դադարում է աշխատել այս կամ այն հեռուստաընկերությունում: 1997 թվականից նա այդ մեծ ու համերաշխ հեռուստաընտանիքի անդամ է: Նա ուրախությամբ է նկատումՙ այսօր այդ ընտանիքի անդամ են նաեւ “Հաջողության բանաձեւի” ոչ միայն պրոֆեսիոնալ թիմի անդամները, այլեւ իր ուսանողները, որոնք առաջին քայլերն են անում հեռուստատեսությունում. սա որոշակիորեն խորհրդանշում է եթերում առողջ սերնդափոխությունը, երբ նույն հաղորդման շրջանակներում աշխատում են դասախոսն ու ուսանողը:
“Հաջողության բանաձեւ” հաղորդաշարի խմբագիր-պրոդյուսերի խոսքովՙ հաղորդման անվան մեջ է ամփոփված հիմնական նպատակը. հաջողության կարելի է հասնել հիմնականում այն ժամանակ, երբ կատարում ես մասնագիտական ճիշտ ընտրություն եւ աշխատանքի շտապում ոչ թե պարտադրված, այլ րոպե առաջ գործի անցնելու ձգտումով:
“Այսօր երիտասարդները հիմնականում մասնագիտական ընտրությունն կատարում են չգիտակցվածՙ ականջալուր ընկերների կամ հարազատների խորհուրդներին, կամ տուրք տալով ծնողների ճնշումներին: Արդյունքումՙ սովորում են դժվար, չեն սիրում մասնագիտությունը, ու եթե անգամ աշխատում են մասնագիտությամբ, ապա շատ դեպքերումՙ ստիպված, ինչը երբեք չի տալիս այն արդյունքը, որ կարելի էր ակնկալել գործը սիրող մասնագետի աշխատանքից: Մեր հաղորդման նպատակն է հնարավորինս մատչելի եւ գունեղ ներկայացնել այն մասնագիտությունները, որ մեզանումՙ Մանկավարժական համալսարանում դասավանդվում են”,-նշում է Դիանա Մարկոսյանն ու իր երախտագիտությունը հայտնում բուհի ղեկավարությանըՙ ի դեմս պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի, որը վստահեց ու հավատաց “Հաջողության բանաձեւի” հաջողությանը:
Նա առանձնակի կարեւորեց նաեւ հաղորդման գաղափարի հեղինակիՙ ռեժիսոր Արտյոմ Աղասարյանի դերակատարումը, առանց որի հաղորդումը կյանքի չէր կոչվի:
Հատկանշական է, որ նախագիծը հեռուստուստատեսության պատմության մեջ հազվադեպ հանդիպող երեւույթ է. 13 եթերաշրջանՙ առանց մեկ օր բացթողնման եւ որեւէ խոտանի: Բացի այդ, կրթադաստիարակչական հաղորդումների պակասն այսօր շատ է զգացվում եթերում. “Հեռուստաընկերությունները շեշտը դնում են հիմնականում կոմերցիոն կոնտենտի վրա, եւ մեր հաղորդումը հաճելի բացառություն է: “Հաջողության բանաձեւ”-ն օգնում է ճանաչել մասնագիտությունները, եւ բուհ ընդունվելուց առաջ կատարել գիտակցված ընտրություն”:
Դիանա Մարկոսյանը բազմիցս արժանացել է մասնագիտական մրցանակների, պատվոգրերի ու շնորհակալագրերի, որոնք նրան առաջընթացի, նորը ստեղծելու թեւեր են տվել: Ի հեճուկս դրա, նա երբեք չի ընդունել լրագրության ոլորտում մասնագիտական կոչումները: Նրա կարծիքով, օրինակ, վաստակավոր լրագրող կոչումը պետք է տա ոչ թե օրվա իշխանությունը, այլ հասարակությունըՙ ընդունելով, ճանաչելով եւ սիրելով լրագրողին, վստահելով նրա գրչին:
“Ես մշտապես վայելել եմ հեռուստադիտողի համակրանքը, առանց ավելորդ համեստությանՙ նաեւ հասարակական, քաղաքական շրջանակների հարգանքը: Սակայն, իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ուսանողներիս, շրջանավարտներիս հաջողությունները, նրանց ստացած մրցանակները: Այ դա իսկապես իմ ձեռքբերումն է”,-նշում է Դիանա Մարկոսյանը:
Նա խոստովանեցՙ “Վահան Թեքեյան” մրցանակը հատուկ նշանակություն ունի իր համար. մրցանակաբաշխությանը ծանոթ է դեռ 90-ականներից, երբ լուսաբանում էր այնպիսի երեւելի մրցանակակիրների, ինչպիսիք էին Սիլվա Կապուտիկյանը, Կոնստանտին Օրբելյանը, Տիգրան Մանսուրյանն ու մշակույթի, գիտության եւ արվեստի այլ նշանավոր գործիչներ:
“Չափազանց պարտավորեցնող է ինչպես մրցանակը, այնպես էլ այս հիանալի ընտանիքին անդամակցությունը, ինչի պատիվն ունեմ, որպես Թեքեյան մրցանակակիր”,-նշեց Դիանա Մարկոսյանը:
vvv
“Լրագրություն” անվանակարգում մյուս մրցանակակիրը “Օրեր” եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն է:
Վերջինս նախ ուսանել է ԵՊՀ բանասիրական, ապա Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
1991 թվականից աշխատանքի է անցել նոր հիմնադրվող “Ազգ” օրաթերթում, 1998-իցՙ իբրեւ քաղաքական թեմաներով գրող ավագ լրագրողՙ միաժամանակ թղթակցելով արտասահմանյան “AIM” (ԱՄՆ), “Nouvelles d՛Arme՛nie” (Ֆրանսիա) ամսագրերին, “Ազատություն” ռադիոկայանի ռուսական ծառայությանը:
1997 թվականի վերջին Հակոբ Ասատրյանը տեղափոխվում է Չեխիա, քանի որ կինըՙ լրագրող Աննա Կարապետյանն, աշխատում էր Պրահայի “Ազատություն” ռադիոկայանի հայկական ծառայությունում:
“1999 թվականին կնոջս հետ հիմնեցինք “Օրեր” եվրոպական անկախ ամսագիրը: Այդ ժամանակ եվրոպական սփյուռքում արեւելահայերենով որեւէ լուրջ պարբերական չէր հրատարակվում:
Չկար արբանյակային հեռուստատեսություն, համացանցն էլ զարգացած չէր: Մեր նպատակն էր վերջին տասնամյակներում Հայաստանից Եվրոպա գաղթած մեր հայրենակիցներին ապահովել ոչ միայն Հայաստանի մասին տեղեկատվությամբ, այլեւ սփյուռքահայ գաղթօջախների մասին լուրերով ու հոդվածներով”,- մեզ հետ զրույցում նշում է Հակոբ Ասատրյանը, որը մինչ օրս ամսագրի գլխավոր խմբագիրն է:
Ամսագրի հրատարակման ողջ ընթացքումՙ երկու տասնամյակից ավելի, Հակոբ Ասատրյանը մասնակցում է եվրոպական գրեթե բոլոր կարեւոր հայկական կառույցների աշխատանքին, լուսաբանում դրանց գործունեությունըՙ այն տարածելով եվրոպական համայնքներում:
Ի դեպ, լրատվության տարածումն ամենօրյա ռեժիմով իրականացվում է նաեւ www. orer.eu կայքի միջոցով: Հակոբ Ասատրյանի կարծիքով, լրատվության տարածումը նպաստում է եվրոպահայության տարբեր համայնքների միջեւ կապերի հաստատմանը:
““Վահան Թեքեյան” մրցանակաբաշխությանը ներկայացվել էր “Օրեր”-ի 2019-2020 թվականների համարները: Դրանց էջերում հետազոտական շարքերով անդրադարձել ենք եվրոպահայ համայնքների պատմությանը, ներկային ու ապագային: Արդեն տպագրել եմ մոտ 24 երկրի մասին ծավալուն հոդվածներ, իսկ վերջին երկու տարումՙ հատկապես Բալկանյան երկրների հայ համայնքների, նաեւ Բուլղարիայի եւ Շվեյցարիայի հայության մասին”,-նշում է Հակոբ Ասատրյանը:
Ի դեպ, այդ շարքում կան երկրներ, որոնց հայությանՙ նրանց պատմության եւ ներկայի մասին առաջինն անդրադարձել է Հակոբ Ասատրյանը: Այդ երկրների թվին են պատկանում Սլովենիան, Խորվաթիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Լյուքսեմբուրգն ու Մալթան:
Հակոբ Ասատրյանն առաջին մասնագիտական մրցանակն ստացել է 1995 թվականին, երբ աշխատում էր “Ազգ” օրաթերթում եւ արժանացավ Հայաստանի Թեքեյան մշակութային միությանՙ “Վարդգես եւ Ռիտա Պալյան” մամուլի մրցանակին: Արժանացել է նաեւ ԱԻՄՙ “Տարվա հրապարակախոս” մրցանակի, ապա երկու անգամՙ Հայաստանի ժուռնալիստների միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ սփյուռքի նախարարության համատեղ մրցույթի մրցանակներին: 2018-ին “Օրեր”-ն արժանացավ հայկական PR ասոցիացիայիՙ “Լավագույն սփյուռքահայ մամուլ” մրցանակին:
Բազմաթիվ մեդալների ու պարգեւների կողքին Հակոբ Ասատրյանը մեծ պատիվ է համարում Հայաստանի Թեքեյան մշակութային միության “Վահան Թեքեյան” մրցանակը, որին ժամանակին արժանացել են հայ մշակույթի եւ գիտության երեւելի դեմքերը: “Հաճելի է, որ մասնագիտական ոլորտում ինձ տրված երկու կարեւոր մրցանակներ կրում են Վահան Թեքեյանի անունը”,-հավելեց Հակոբ Ասատրյանը:
Լրագրողն այսօր էլ մասնագիտական բուռն գործունեության ընթացքի մեջ է. զբաղված է ամսագրի համանուն կայքիՙ www.orer.eu-ի ձեւավորման հարցերովՙ ձգտելով այն դարձնել եվրոպահայության շփման իրական հարթակ: Տարին մեկ կամ երկու անգամ ամսագրի հատուկ համարներ են պատրաստումՙ նվիրված տարբեր թեմաների: Վերջին նման համարը նվիրված էր 44-օրյա պատերազմին եւ այդ թեմային նվիրված հայ գրականությանը, որ տպագրվել է մեկ տարվա ընթացքում: Բացի այդ, ամսագրի գլխավոր խմբագիրը շարունակում է աշխատել եվրոպահայ համայնքների շարքի ուղղությամբ եւ առաջիկայում նախատեսում է եւս տասը երկրի մասին գրել:
“Մենք պետք է հայության մեջ արթնացնենք հայկականը գնահատելու եւ պահպանելու պարտքի զգացումը, այլապես մեկ տասնամյակ անց շատ ուշ կլինի”,-նշում է Հակոբ Ասատրյանն ու վստահեցնումՙ իր աշխատանքի շրջանակներում կանի հնարավոր ամեն բան:
Նշենք, որ Հայաստանի եւ ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող “Վահան Թեքեյան” մրցանակաբաշխությունն իրականացվում է “Շաքե Ղազարյան” հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս տարիներին մրցանակների եւ դրամական պարգեւների են արժանացրել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ։