“Ակն ընդ ական” կազմակերպությունը կինովավերագրող Հովհաննես Իշխանյանի նախաձեռնությամբ 2021-ի տարեվերջին հայտարարել էր “Նախնիներս” թեմայով մրցույթՙ գիր, ֆիլմ եւ երգ անվանակարգերում:
Մասնակիցները ներկայացրել են իրենց նախնիների մասին պատմող փաստագրական-գեղարվեստական պատմություններ: Մրցույթին մասնակցել է երկու ֆիլմ, իսկ երգ անվանակարգը մնացել է թափուր:
Հունվարի 23-ին ամփոփելով “Նախնիներս” մրցույթի արդյունքներըՙ “Ակն ընդ ականը” կազմակերպել էր մրցանակաբաշխության արարողություն, որի ընթացքում ոչ մի մասնակցի աշխատանք չանտեսվեց: Նրբորեն շրջանցվել էր հաղթող-չհաղթող կարգավիճակը: Եվ քանի որ ըստ հայտարարությանՙ հաղթղ մասնակիցներին տրվելու էր դրամական մրցանակ, միայն 3 ծրարները հուշեցին, որ այնուամենայնիվ, հաղթողները երեքն են:
Հայկ Սիրունյանի “Ես, մենք, էրգիրը: Վերջակետ”, Նաիրա Փայտյանի “Փայտյաններ. ես Փետունց ժառանգն եմ”, Նարինե Չուխուրյանի “Մուսալեռան Սուքին, պապիս թաքուն երգելը, տատիս սիրո մեղեդին. մենք Չուխուրյան ենք” պատմությունները ճանաչվել են մրցույթի հաղթող ստեղծագործություններ:
Հատկանշական է, որ մասնակիցների մեծ մասը երիտասարդ աղջիկներ են, որոնք ուսումնասիրել են իրենց տոհմի պատմությունը, արմատները, անցած ճանապարհը, բացահայտել սրտառուչ պատմություններ, նրանք նաեւ հայթայթել են հին լուսանկարներ ու պատառիկ-պատմություններով ստեղծել իրենց տոհմի նկարագիրը:
“Նախնիներս” հայագիտական-աղբյուրագիտական մրցույթը հնարավորություն եւ առիթ է ընձեռելՙ հանրայնացնելու հայկական տոհմերի, ազգանունների պատմությունները, փաստավավերագրությամբ ապացուցելու, որ բոլորն էլ զտարյուն, բնիկ հայկական գերդաստաններ են, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկել դեգերելու, մաքառելով, սպանվելով, բնաջնջվելով գոյատեւելու, հայրենի հողին, հայ ինքնությանը, արմատներին կառչած մնալու ճատագիրը:
Հատկապես մեր օրերում, երբ մեզ մեր արմատից կտրելու, եկվորի պիտակ կպցնելու ծրագրված քաղաքականություն է բանեցվում, “Նախնիներս” նախաձեռնությունը մարտահրավեր է բոլոր հակահայերին, ապազգայիններին ու անհայրենիքներին, նաեւ այն մեկին, որը հայտարարել է, թե ինքը նզովում է իր նախնիներին:
Գ. Ա.