1989 թվականն էր, Երկրորդ Հանրապետությունը՝ Խորհրդային Հայատանն ապրում էր իր պատմության վերջին ամիսները: Այդ ժամանակ ղեկավարում էի Հայկոմկուսի Կենտկոմի մամուլի բյուրոն, եւ իմ պարտականությունների մեջ էր Կենտկոմում անցկացվող տարբեր նիստերի, հանդիպումների, խորհրդակցությունների, բազմաթիվ այլ միջոցառումների լուսաբանումը: Նյութը կազմելուց ու ղեկավարության հետ համաձայնեցնելուց հետո անհրաժեշտ էր այն հասցնել Արմենպրեսս պետական լրատվական գործակալություն՝ թողարկելու ու տարածելու համար: Նիստերը երկար էին տեւում, հաղորդագրություններն ուշ էին պատրաստ լինում, եւ գործն արագացնելու նպատակով տեքստը տանում էինք անմիջապես տպարան՝ շարելու (համակարգչային շարվածք դեռ չկար, այն լինելու էր միայն մի քանի տարի հետո, երբ Հակոբ Ավետիքյանը հիմնադրեց «Ազգը») եւ թերթում էջադրելու համար: Մեր հանրապետության թերթերի ու ամսագրերի գերակշռող մեծամասնությունը, ինչպես նաեւ միութենական (դրանց ավանում էին կենտրոնական) թերթերը հարյուր հազարավոր տպաքանակներով տպագրվում էին ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տպարանում (1960-ականներից սկսած տպարանը գտնվում էր Իսահակյան 28 շենքի կիսանկուղային հարկում, իսկ 1980 թ. տեղափոխվեց պետական կրկեսի դիմաց հատուկ կառուցված համալիր):
Սակայն վերադառնանք 1989 թվական: Այստեղ խնդիր էր ծագում. «Ղարաբաղ» կոմիտեի ազդեցության տակ գտնվող լինոտիպիստներն ու տպարանի որոշ այլ աշխատակիցներ հրաժարվում էին ընդունել մեր նյութերը (ինչի համար, ի դեպ, հետագայում զղջում էին): Ճարահատյալ, մեկ-երկու անգամ հաղորդագրությունները մնացին եւ տպագրվեցին հաջորդ օրը…
Ի՞նչ անել: Կենտկոմի քարտուղար Ստեփան Պողոսյանը հավաքեց մի քանի աշխատակիցների ու մեզ հարց տվեց.
-Տղերք, մտածե՛ք, ինչպե՞ս լուծում տալ խնդրին:
Տպարանի աշխատակիցներին որեւէ կերպ մեզ չէր հաջողվում համոզել: Անզոր էր Կենտկոմը, անզոր էր ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տնօրենը: Պարզեցինք, որ միակ մարդը, որ անվերապահ հեղինակություն էր վայելում կոլեկտիվում եւ կարող էր մեզ օգնել՝ մատակարարման բաժնի պետ Վրեժ Մարկոսյանն էր: Հենց այդ օրերին էր, որ ծանոթացա նրա հետ: Զգացվում էր, որ իր գործին քաջատեղյակ բարձր պրոֆեսիոնալ է, բացի դա, կյանք տեսած մարդ էր: Այդ ամենով մեկտեղ, աչքի էր ընկնում ծայրաստիճան համեստությամբ:
Ստեփան Պողոսյանի մոտ հերթական խորհրդակցության ժամանակ Կետկոմի քարտուղարին առաջարկեցինք, հրատարակչության տնօրենի պաշտոնից զատ, սահմանել հրատարակչության տպարանի տնօրենի հաստիք: Այդ պաշտոնին նշանակվեց Վրեժ Մարկոսյանը:
Տարիներ անց պարզ կդառնա, որ այդ որոշումը կանխորոշեց մեր երկրում պոլիգրաֆիայի, գրատպության աննախադեպ վերելք, տեխնոլոգիական սրընթաց զարգացում, նպաստեց Հայաստանում գրքի մշակույթի առաջընթացին: Քիչ անց Վրեժ Մարկոսյանը գլխավորեց հրատարակչությունը, որն ապապետականացումից հետո ստացավ ներկայիս «Տիգրան Մեծ» անվանումը: Նա ոչ միայն հմտորեն պահպանեց հրատարակչության անձնակազմի կորիզը, որի մեծ մասը արհեստավարժ գրահրատարակչական կրթություն էր ստացել Մոսկվայում, այլեւ աճեցրեց, դաստիարակեց նոր, երիտասարդ կադրեր:
Երբ եկան ցուրտ ու մութ տարիները, Վրեժ Մարկոսյանի գլխավորած ձեռնարկությունը ոչ մի պահ չընդհատեց իր գործունեությունը: Հիշում եմ, երբ փակվեց Աբխազիայի երկաթուղային հատվածը, օր էր լինում, երբ մի քանի ժամվա թուղթ էր մնում թերթ տպագրելու համար: Եվ ահա, Վրեժ Մարկոսյանը գործի էր դնում իր ջերմ, բարեկամական կապերը Ռուսաստանի գործընկերների հետ, ում հետ նա շփվել էր խորհրդային տարիներին, երբ «Տիգրան Մեծը» ԽՄԿԿ Կենտկոմի գործերի կառավարչության կուսակցական հրատարակչությունների արտադրական բաժնի գերհզոր համակարգի մաս էր կազմում (այդ համակարգը ներառում էր ոչ միայն թղթի, ստվարաթղթի ու տպագրական ներկերի, այլեւ տպագրող սարքավորումների արտադրությունն ու նորոգումը), եւ, կարծես, կախարդական փայտիկի շարժումով բեռնատար ծանր օդանավերով Երեւան էր բերվում տպագրական թուղթը: Հիշեցնեմ. դա այն ժամանակն էր, երբ համացանց դեռ չկար, եւ թերթերը, հեռուստատեսությունն ու ռադիոն լրատվության հիմնական աղբյուրն էին…
Տարիների ընթացքում հրատարակչությունը համալրվեց նորագույն տպագրական տեխնիկայով: Հիշում եմ, թե հանրահայտ գերմանական «Հայդելբերգ» մասնագիտացված ընկերության մասնագետները, որ եկել էին կարգավորելու այդ սարքավորումները, անթաքույց հիացմունքով ու զարմանքով էին խոսում Վրեժ Մարկոսյանի արհեստավարժության, հմտության ու գիտելիքների մասին:
Վրեժ Մարկոսյանի կատարած հսկայական աշխատանքի արդյունքների մասին են վկայում այն բազմաթիվ մրցանակները, որոնց նրա հրատարակած ալբոմներն ու այլ գրքերն արժանացել են հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներում: «Տիգրան Մեծի» միջազգային չափանիշներով բարձր որակի մասին է վկայում նաեւ այն, որ շատ պատվիրատուներ արտերկրից իրենց գրքերը տպագրում էին Վրեժի մոտ, իսկ հետո պատրաստի տպաքանակը տանում արտասահման:
Նա աշխատեց մինչեւ իր կյանքի վերջին օրերը: Ի հեճուկս անողոք հիվանդության, գալիս էր աշխատանքի, ուշադիր հետեւում արտադրական պրոցեսին:
Վրեժ Մարկոսյանը բարի մարդ էր, միշտ պատրաստ կարիքավորներին օգնության, նաեւ բոլոր նրանց, ովքեր նեղության մեջ էին: Ինքս ականատես եմ եղել, թե իր հայրենի Ապարանում ինչքան մարդ էր դիմում նրան, եւ ինչպիսի պատրաստակամությամբ էր նա օգնում բոլորին:
Վրեժ Մարկոսյանը մեր եկեղեցու նվիրյալ զավակ էր, նա իր մեծազնիվ տիկնոջ՝ տիկին Անահիտի հետ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու կառուցման բարերարներից են:
Ինձ համար Վրեժ Մարկոյանի անժամանակ մահը նաեւ իմ անձնական ծանր կորուստն է. ես կորցրի մեծ ու հավատարիմ բարեկամի, որն իմ մկրտության կնքահայրն էր…..
Վրեժ Մարկոսյանը հրաժեշտ տվեց կյանքին, սակայն մեր հիշողության մեջ ընդմիշտ կմնան նրա բարի գործերն ու լուսավոր կերպարը: Գնաս բարով, Մեծ մարդ, իմ սիրելի բարեկամ եւ անզուգական ընկեր…
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ