Նոյեմբերի 23-ին Երեւանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը: Այդ նպատակով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Հայաստան էր ժամանել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Մեր երկրի մայրաքաղաք էին ժամանել նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների մյուս ղեկավարները՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։
ՀԱՊԿ նիստի աշխատանքների լուսաբանմանը, ի թիվս հայաստանյան եւ մայրաքաղաք Երեւան ժամանած բազմաթիվ լրագրողների, մասնակցումէր նաեւ ՌԴ-ում «Ազգ»ի հատուկ թղթակիցը։
Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Ապա վարչապետն իր ելութը սկսեց հերթական անգամ քննադատելով ռազմական այս կառույցի գործունեությունը։
Ընդգծելով, որ ՀԱՊԿ-ը չաջակցեց Հայաստանին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ մինչդեռ Հայաստանը մեկ գիշերում աջակցեց Ղազախստանին, որը թույլ տվեց Աստանային խուսափել միջպետական քաոսից։
«Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Տարին թեեւ հոբելյանական էր, բայց Հայաստանի համար ամենեւին էլ հոբելյանական չէր։ Երկու տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն երեք անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից եւ փաստացի մինչեւ հիմա մենք ՀԱՊԿ-ից որեւէ արձագանք չենք ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի իմիջին»,- ասաց Հայաստանի վարչապետը՝ սա համարելով ՀԱՊԿ-ի ամենամեծ անհաջողությունը։
Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին արյունալի մարտերի կապակցությամբ պաշտոնական Երեւանը օգնության համար դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան, օգնության հարցը դեռեւս քննարկվում է: Երեւանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի քննարկման առանցքում երկու փաստաթուղթ է եղել: Դրանցից մեկը Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ երկրների ղեկավարների որոշումն է:
Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Այն ընդհանուր առմամբ պատրաստ է, համաձայնեցված, որոշված է Ադրբեջանի հետ սահմանին լարվածության հետ կապված ոչ դյուրին իրավիճակում Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների շրջանակը, սակայն մի շարք առումներով փաստաթուղթը լրամշակելու կարիք կա, որից հետո այն կներկայացվի երկրների ղեկավարների ստորագրմանը»,- նշել է Զասը։
Քննարկված երկրորդ փաստաթուղթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրն է, որը նույնպես համաձայնեցվել է, սակայն քննարկման արդյունքում որոշվել է մի քանի խմբագրում անել:
Այնուհետեւ ՀԱՊԿ երկրների առաջնորդները հանդես են եկել ելույթներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հիմնական ելույթում մասնավորապես նշել է.
«Մեր նախագահությունը տեւեց գրեթե 14 ամիս։ Այս շրջանը համընկավ լուրջ ցնցումների հետ` ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային առումով: Ցավոք, ամբողջ աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում ոչ միայն հակամարտությունների ռիսկի նվազում չկա, այլեւ արձանագրվում է լարվածության շարունակական աճ՝ էլ ավելի մեծ ու ընդգրկուն խնդիրների կուտակման ակնհայտ միտումներով։
Ադրբեջանական հերթական ագրեսիան, եւ մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարեւոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։
Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը։ 2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր եւ օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Դա տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին եւ 2022 թ. սեպտեմբերի 13-ին:
Այսպիսով, ՄԱԿ-ի 1974 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 3314 բանաձեւի համաձայն՝ Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները համարվում են ագրեսիա։
Հենց այդ պատճառով Հայաստանն առաջարկում է նաեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական եւ դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ եւ անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։
2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ընդունվեց Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որին հաջորդեցին բազմաթիվ փաստաթղթեր, հայտարարություններ, մեկնաբանություններ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։
Սա ակնհայտորեն նշանակում է, որ եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են պահպանվում, բայց այդպես էլ չի ասվում, թե ով եւ որ կողմը չի կատարում այդ կետերն ու պայմանավորվածությունները՚։
Այնուհետեւ ընդլայնված կազմով նիստում պաշտոնապես ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բելառուսին: Այդ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է Բելառուսի առաջնահերթությունները առաջիկա նախագահության շրջանում, որից հետո ստորագրման են ներկայացվել համաձայնեցված փաստաթղթերը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն իսկ ասել է իր ելույթում, փաստաթղթերից երկուսը չի ստորագրվել: Դրանք նախատեսվում է բերել վերջնական տեսքի եւ նոր միայն ներկայացնել ստորագրման:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ մեր մայրաքաղաքում: Այսօր մենք անցկացրեցինք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, իհարկե ոչ բոլոր հարցերի շուրջ հաջողվեց հասնել կոնսենսուսի, 17 որոշումներից 15-ն ընդունվեցին: Իհարկե, մենք այսօր արդեն քննարկել ենք եւ կքննարկենք տարածաշրջանային բնույթի հարցեր, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Կան բազմաթիվ հարցեր, ՀԱԽ նիստում ես խոսեցի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին, որոնք մենք Ձեր օգնությամբ եւ միջնորդությամբ ընդունել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Դրանք շատ կարեւոր հարցեր են, որոնք իհարկե պետք է քննարկենք, ինչպես նաեւ քննարկենք օրակարգը, որը հույս ունենք կբերի մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության»:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է.
«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի համար, շնորհավոր ՀԱՊԿ-ում հաջող նախագահության ավարտի կապակցությամբ: Իսկապես Հայաստանն այդ աշխատանքն իրականացրեց շատ բարձր մակարդակով, ակտիվորեն: Իհարկե, հազվադեպ է հաջողվում համաձայնության հասնել բոլոր հարցերի շուրջ, բայց ընդհանուր առմամբ, աշխատանքը շատ ինտենսիվ տարվեց եւ օգտակար: Դուք ընդգծեցիք նաեւ մեր երկկողմ հարաբերությունները, որոնք, անկասկած, համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ, հաճախ նաեւ անհրաժեշտություն չկա մտնել պատմության մեջ, մեզ համար առանց այդ էլ պարզ է ինչ է դա, ինչպիսի նշանակություն այն ունի մեր երկկողմ հարաբերությունների համար:
Երբ հանդիպեցինք, ավտոմեքենայով գալիս էինք, քննարկեցինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում կարգավորմանը վերաբերող հարցեր, խոսեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Շատ ուրախ եմ, որ այսօրվա միջոցառումների շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կա: Շնորհակալ եմ հրավերի համար»:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ–ում «Ազգ»-ի հատուկ թղթակից