Մինչ բուռն փոխհարաբերություններ են տեղի ունենում մի կողմից Հայաստանի եւ Թուրքիայի, եւ մյուս կողմից` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քաղաքական որեւէ տարաձայնություն Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կարող է ծայրահեղորեն վտանգավոր լինել եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, մանավանդ Ուկրաինայի պատճառով Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ներկայիս ծավալված հակամարտության կոնտեքստում: Հայաստանի հետ սահմանները բացելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հորդորները կարող են գուցե նպաստել նոր էջ բացելու Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում, սակայն մյուս կողմից Վաշինգտոնի ճնշումներն ընդդեմ Ռուսաստանի կարող են, իրենց հերթին, անբարենպաստ ազդեցություն թողնել Հայաստանի վրա, քանի որ Ուկրաինայի սահմանին մեծամասշտաբ զորահվաքի եւ Վաշինգտոնի հետ ակնկալվող դիմակայության պայմաններում Մոսկվան հավանական է, որ ստիպված կլինի հրաժարվել իր հայաստանյան դաշնակցի հետ երանգավորված քաղաքականությունից, ժամանակ կամ տրամադրություն չունենալով զբաղվելու մանրամասներով:
Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է պնդել Զանգեզուրի միջով միջանցք բացելու իր պահանջը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վստահեցրել է Երեւանին, որ երկաթուղային եւ այլ հաղորդակցության գծերի բացումը լինելու է համապատասխան ինքնիշխան պետության վերահսկողության ներքո: Վստահության այս կոչը հնչել էր նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության կողմից: Սակայն մի լրագրողի հետ հարցազրույցում Օվերչուկը վերջերս չարագուշակ լռություն պահպանեց այդ հարցի առնչությամբ: Մյուս կողմից, Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այս ամիս բացահայտեց, որ փաթեթային համաձայնությունը այդ հարցի շուրջ գտնվում էր ավարտական փուլում: «Այս մեխանիզմի շրջանակներում, նախապատրաստական կարեւոր աշխատանքներ են կատարվել վերականգնելու տարածաշրջանի ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհները: Ներկայիս մեկ ընդհանուր փաթեթ է ձեւավորվում, նման մոտեցումը կարեւորելու է որոշումների հարատեւությունը», ավելացրեց նա, դարձյալ ոչ մի խոսք չասելով ճանապարհների վերահսկողության մասին, ինչը կասկածի տակ է դնում Ռուսաստանի մտադրությունները:
Միջազգային զարգացումների այս ընթացքում տարաձայնություններ առաջացան Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների միջեւ: Ղարաբաղի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը երբեք էլ կայուն չի եղել: Մի անգամ նա հայտարարեց, որ լիազորված չէ բանակցելու Ղարաբաղի անունից, քանի որ այդ անկլավի ժողովուրդը երբեք էլ չի քվեարկել իր օգտին, իսկ մեկ ուրիշ անգամ նա պնդեց, որ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ», զայրացնելով ադրբեջանցիներին եւ պատերազմելու առիթ տալով նրանց:
2021-ի դեկտեմբերի 24-ին առցանց անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ նա ընդհանրապես իր ձեռքերը լվաց վիճահարույց խնդրից եւ հայտարարեց, որ Ղարաբաղի ճակատագիրը կանխորոշված է ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից եւ իր ուժերից վեր է փոխել որեւէ բան: Միաժամանակ նա առիթը բաց չթողեց մեղադրելու նախորդ իշխանություններին բանակցությունների ընթացքում սխալ վարվելու համար:
Պատմական ճշմարտությունն այն է, որ ինչքան էլ կոռումպացված լինեին նախորդ իշխանությունները, նրանք, համենայնդեպս, կարողացել էին կամ բավականին բախտավոր էին, որ խուսափել էին 2020 թվականին տեղի ունեցած աղետալի պատերազմի նման մի ողբերգությունից:
Փաշինյանը նշեց, որ 2016-ին առաջարկների երեք փաթեթ էր դրված բանակցությունների սեղանին, որոնցում բացակայում էր Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի մասին որեւէ ակնարկ: Փաստաթուղթն «այդ հարցի պարամետրերը տեղափոխում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ», որն էլ պետք է որոշեր միջանկյալ կարգավիճակի «իրավական եւ պրակտիկ» կիրառման հարցը:
Այդ հիման վրա Փաշինյանը նշեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կանխատեսելի լուծում հավանաբար կգտնի այդ հարցի շուրջ, քանի որ «Լեռնային Ղարաբաղը որպես
Ադրբեջանի բաղկացուցիչ մաս նշված է 1993 թվին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած երկու բանաձեւերում»:
Փաշինյանը եզրափակեց ասելիքն այդ խնդրի վերաբերյալ նշելով, որ ինքն աղետալի է համարում կատարվածը, քանի որ ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն իր որոշումներն ընդունելու է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր իսկ ընդունած բանաձեւերի տրամաբանության հիման վրա, որոնցում Լեռնային Ղարաբաղը ճանաչված է որպես Ադրբեջանի մաս:
Նման դիրքորոշումը կարող է գուցե մխիթարել Հայաստանի բնակչության մի որոշ հատվածին, որ կողմնակից է «եկեք ձերբազատվենք Ղարաբաղից եւ հանգիստ կյանք վայելենք Հայաստանում» գաղափարախոսությանը, սակայն այն աղետալի հետեւանքներ է ունենալու Հայաստանի ապագայի համար: Այդ դիրքորոշումը պաշտպանում են նաեւ որոշ մեկնաբաններ եւ նույնիսկ իշխող վարչակարգի կողմնակիցներ, որոնք չեն հասկանում, որ դա դոմինո ազդեցություն է ունենալու, ինչպես պարզ է դառնում նախագահ Ալիեւի առայժմ Սյունիքի միջանցքի, իսկ մոտ ապագայում նաեւ ամբողջ Հայաստանի տարածքի պահանջներից:
Կանխատեսելի էր, որ զայրույթի ալիք բարձրացավ ոչ միայն ընդդիմության շարքերում, այլեւ հատկապես Ղարաբաղում: Ղարաբաղի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց` դատապարտելով Փաշինյանի դիրքորոշումը եւ հստակեցնելով իր դիրքորոշումը ութ տարբեր կետերով: «Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիիրավ ճանաչումը որեւէ վերապահման ու վիճարկման ենթակա չէ: Այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից», նշեց նա:
Չպետք է մոռանանք, որ ի տարբերություն 2020 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հրադադարի, 1994-ի հրադադարը ստորագրված էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի կողմից, ինչը օրինականություն է պարգեւում Արցախի իշխանություններին: Կիսաճանաչված միավորի այս ներառումը, որոշ առումներով, նմանվում է այն պայմանագրերին, որ
Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը ժամանակին ստորագրել է բնիկ ամերիկացի տարբեր ցեղախմբերի հետ, որոնք միջազգային ճանաչման չեն արժանացել: Այդուհանդերձ Մ. Նահանգների կառավարությունը առ այսօր ճանաչում է այդ պայմանագրերի օրինականությունը:
Երբ Արցախը դարձավ հրադադարի ստորագրող պետություններից մեկը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճանաչեց այդ փաստը, նշելով, որ Ղարաբաղի (եւ ոչ թե Հայաստանի հանրապետության) հայկական ուժերը պետք է հեռանան ադրբեջանական տարածքներից, Բաքուն հասկացավ, որ գործ է ունենալու, ի վերջո, իրավական մի միավորի հետ: Այդ պատճառով է, որ նա տարբեր մեքենայություններ բանեցնելով փորձեց կացությունը նենգափոխել եւ դուրս թողնել Ղարաբաղին որպես բանակցային կողմ:
Ղարաբաղից ժամանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավատացած էր, որ կկարողանա բանակցություններին ներկայացնել անկլավը, Հայաստանի հանրապետության հետ միասին: Սակայն դա եղավ իր ճակատագրական սխալը:
Փաշինյանի ձեւակերպմամբ, նա ցանկանում էր կիրառել Կիպրոսի հարցի նման մի լուծում, որտեղ էթնիկապես տարբեր համայնքներ ապրելու էին միջազգայնորեն ճանաչված մեկ ընդհանուր տարածքում: Նման մոտեցումը հարցին կտրականապես մերժվում էր միջազգային հասարակության կողմից: Այն չէր գործել Կիպրոսի հարցի լուծման համար եւ չէր գործելու նաեւ Ղարաբաղի համար:
Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ առաջացած տարակարծությունը որոշ ձեւերով նման է պաղեստինյան կացությանը, որտեղ պաղեստինյան իշխանությունների եւ Գազայի հատվածում Համասի վարչակարգի միջեւ առաջացած ճեղքը որոշ հանգստություն է պարգեւում նվաճող կողմին, հատկապես քանի դեռ պաղեստինյան իշխանություններին նախագահ Մահմուդ Աբբասը հանդես է գալիս որպես անվտանգության երաշխիք` բացառելով որեւէ կանխատեսելի ՙինտիֆադա՚:
Ուստի, վերոնշյալ կացության լույսի ներքո, բոլորովին զարմանալի չէ, որ Փաշինյանի դիրքորոշումը ավելի շատ պաշտպանություն է գտել Ադրբեջանում, քան Հայաստանում: Դրա մասին է վկայում հետեւյալ հաստատումը: Ադրբեջանցի մեկնաբան Օրհան Ամաշովը «Ազերի նյուզում» գրում է. «Հայ համայնքը դեռեւս վերանայում ու կշռադատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած որոշ արտահայտություններ: …Հայաստանում տեղի ունեցող աղմկահարույց հուզումները հասկանալի են, քանի որ առաջին անգամն է, որ հայաստանյան մի ղեկավար, կտրուկ հակադրվելով իր նախորդներին, ընդունում է Երեւանի դիրքորոշման անհուսալիությունը ձգձգված բանակցությունների շրջանակում: Հայաստանի վարչապետի խոստովանական հայտարարությունները համահունչ են Բաքվի դիրքորոշման հետ»:
Ղարաբաղի կարգավիճակի եւ ապագայի նկատմամբ Հայաստանի պատասխանատվությունից Փաշինյանի հրաժարումը կրկնապատկելու է Ալիեւի հույսերն այն մասին, որ Հայաստանի իշխանությունների հետ իր հետագա բանակցությունները հեշտ են ընթանալու:
Չնայած այս զարգացումները մռայլ տրամադրություն ստեղծեցին Հայաստանի քաղաքական մթնոլորտում, որոշ մեկնաբաններ, ինչպես օրինակ` Ստեփան Գրիգորյանը, դրական է գնահատում կատարվածը հավատալով, որ չկա չարիք առանց բարիքի: Ըստ այդ մեկնաբանների իրավիճակը հնարավորություն է տալու Ղարաբաղի իշխանություններին լսելի դարձնելու իրենց սեփական ձայնը եւ ձեւավորելու իրենց ուրույն քաղաքականությունը` դառնալով միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ (պետություն): Սա կարող է անհավանական թվալ, բայց մի բան հստակ է. Ղարաբաղի բնակչությունը իր ճակատագրի տերն է: Նա կարող է դառնալ Կովկասի Ռոհինգյան, որի ճակատագրի մասին կոչեր են հնչում ամեն կողմից, բայց ոչ մի օգնություն որեւէ կողմից:
Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)