Խոսքը Վանաձորից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող «Գէորգ եւ Սիրվարդ Գարամանուկ» տարեցների տան մասին է, որի գործունեությունը մեզանում ծերերի հանդեպ հոգածության ու պատշաճ վերաբերմունքի նոր մակարդակ է նշանավորում եւ օրինակելի նշաձող հաստատում:
Մի քիչ պատմություն
Հիշյալ ծերատունը ստեղծվել է 1993թ. «Ազնավուրըՙ Հայաստանին» կազմակերպության կողմից: Սկզբում այն գործել է Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում, ապա տեղափոխվել ներկա եռահարկ շինություն, որը գտնվում է Լոռվա չքնաղ բնության գողտրիկ մի անկյունումՙ անտառի մեջ ու գետակի ափին: Պատահական չէ, որ ժամանակին այդտեղ տեղակայված է եղել «Առվակ» պանսիոնատը, որտեղ իրենց հանգիստն են ացկացրել հազարավոր աշխատավոր մարդիկՙ ընդ որում, ոչ միայն Հայաստանից:
2002-ին, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդին (ՀՕՖ) փոխանցվելուց հետո, սույն կառույցը ենթարկվել է ամբողջական հիմնանորոգման եւ տեխնիկական վերազինման. փոխվել է տանիքը, անցկացվել նոր ջրագիծ, բարեկարգվել են ճանապարհն ու շրջակա տարածքը, նոր տեսք են ստացել բոլոր սենյակները, խոհանոցը, ճաշարանն ու գրադարանը: Արդյունքում կենվորների թիվը գրեթե եռապատկվել էՙ նախկին 2 տասնյակից հասնելով 55-ի:
Պայմաններն ու առօրյան
Տարբեր առիթներով մի քանի անգամ Տարեցների տանը լինելուց հետո դժվար չէր հասկանալ, որ խնամառուներն այդտեղ իրենց զգում են ինչպես իրենց սեփական տանը: Յուրաքանչյուրն իր սիրած գործով է զբաղված. մեկն ընթերցում է, երկրորդըՙ հեռուստացույց դիտում, մյուսները նարդի կամ շախմատ են խաղում կամ էլ հանգստանում իրենց սենյակներում: Վերջիններս հաշվարկված են հիմնականում 2 հոգու համար եւ կոչված են ապահովելու շահառուների խաղաղ կեցությունը, որը շուրջօրյա հսկում են արհեստավարժ աշխատակիցներըՙ մատուցելով թե՛ բժշկասանիտարական, թե՛ հոգեբանական եւ թե՛ այլ ծառայություններ:
Այդտեղ հանգրվանածները 65-ից բարձր տարիքի են եւ, որպես կանոն, չունեն ծանր հիվանդություններ կամ չեն տառապում հոգեկան առողջության խնդիրներով: Ավելինՙ գործունակ լինելով շատերը կամովին զբաղվում են հանրօգուտ աշխատանքով. կա՛մ խնամում են պարտեզի ծաղիկներն ու օժանդակ տնտեսության մեղուներին, կա՛մ աշխատակիցներին օգնում խոհանոցային գործում:
Ծերատունը այցելուների պակաս չունի, ուստի հնարավոր չէ ձանձրանալ: Այցելուների մեջ են երգիչ-երգչուհիներ, նաեւ երգչախմբեր Վանաձորից, մենակատարներ տեղի «Հորովել» երգի-պարի համույթից, նույնիսկ նկարիչներՙ տատիկ-պապիկներին դիմանկարելու նպատակով: Տարվա ընթացքում ՀՕՖ-ի «Մաթեւոսյան» եւ կրթական այլ ծրագրերի շահառուները եւս այցելում են այստեղՙ խնամելով ծառ ու թուփ, կատարելով մաքրման աշխատանքներ, իսկ հրաժեշտ տալուց առաջ իրենց երգուպարով լցնում ծերերի սրտերըՙ նրանց փոխանցելով իրենց երիտասարդական ավյունն ու էներգիան:
«Գէորգ եւ Սիրվարդ Գարամանուկ» տարեցների տան կոկիկ հագնված խնամառուներին հաճախ կարելի է տեսնել Վանաձորի եւ ոչ միայն Վանաձորի մշակութային հաստատություններումՙ տեղի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում, Ստ. Զորյանի տուն-թանգարանում, Երեւանի Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, այլուր: Տնօրենության նախաձեռնությամբ նրանք պարբերաբար մասնակիցն են դառնում դեպի Սեւանա լիճ կամ Հաղպատ-Սանահին կազմակերպվող էքսկուրսիաներին եւ ուխտագնացություններին:
Իհարկե, այս ամենը դժվար թե իրականություն դառնար, եթե չլինեին ծերախնամ այս հաստատության արվեստագետ հովանավորները:
Գարամանուկ գերդաստան եւ Շահան Արծրունի
ՀՕՖ-ի այս կարեւոր ծրագրի հովանավորներն են պոլսահայ Գեւորգ ու Սիրվարդ Գարամանուկները եւ նրանց գործը հաջողությամբ շարունակող հանրաճանաչ դաշնակահար Շահան Արծրունին :
Գարամանուկ ամոլի բարեգործության հասցեները թե՛ Պոլսում են, թե՛ Հայաստանում եւ թե՛ այլուր: Նրանք մեծ ներդրում ունեն պոլսահայ համայնքի ազգապահպանման եւ ազգային ինքնագիտակցության արթնացման գործում: Դրանում նշանակալի է հատկապես շնորհաշատ կոմպոզիտոր ու դաշնակահար Սիրվարդ Գարամանուկի ստեղծագործությունը եւ դրա մաս կազմող նրա երգերն ու խմբերգերըՙ գրված արեւմտահայ ու արեւելահայ բանաստեղծության ընտրանիիՙ Դուրյան, Մեծարենց, Վարուժան, Թեքեյան, Չարենց, Թումանյան, Իսահակյան, Սահյան, Կապուտիկյան, քերթվածների հիման վրա: Առանձնացնենք հատկապես «Ախթամար» վոկալ-գործիքային վիպերգըՙ Հովհ. Թումանյանի համանուն պոեմի մոտիվներով, որը մեծ ճանաչում բերեց արվեստագիտուհուն թե՛ ծննդավայրում, թե՛ դրա սահմաններից դուրս:
Սիրվարդ Գարամանուկը հեղինակային համերգներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Հայաստանում: Ամեն անգամ գալով Մայր հայրենիքՙ նա շտապում էր իր հովանավորյալ Վանաձորի Տարեցների տունՙ հանդիպելու վերջինիս ծերունազարդ կենվորներին, զրուցելու նրանց հետ եւ մտորելու աջակցության նոր ձեւերի շուրջ:
Գերդաստանի երաժշտական ու բարեգործական ավանդույթները լավագույնս շարունակեց սփյուռքահայ անվանի դաշնակահար եւ հասարակական գործիչ Շահան Արծրունին: Նա ոչ միայն սիրելի մորաքրոջ գործիքային ստեղծագործությունների առաջին կատարողն էր, այլեւ տարիներ անց նրա բարեգործ ոգու արժանի ժառանգորդը: Արվեստագետ հայորդին հաճախ է լինում աշխարհի հայաշատ վայրերումՙ մեղմելով հայկական մեղեդիների կարոտն օտար ափերում ապրող մեր հայրենակիցների շրջանում:
Չմոռանանք, որ 90-ականների մութ ու ցուրտ տարիներին Շահան Արծրունու ջանքերով հիմքը դրվեց «Երաժշտական հիմնադրամի», որի նպատակն էր օգնել հայաստանաբնակ կոմպոզիտորներին ու երաժշտագետներին: Այժմ էլ, ամեն անգամ ժամանելով Հայաստանՙ նա դարձյալ առաջինը քայլերն ուղղում է Վանաձորի Տարեցների տունՙ ծանոթանալու առկա խնդիրներին եւ լուծում տալու դրանց:
Սերՙ միայնության դիմաց
Մեծ մարդասեր Մայր Թերեզայի իմաստուն մտքերից այս առիթով հետեւյալը հիշեցի. «Միակ դեղամիջոցը միայնության դեմ Սերն է»: Հենց այս բանաձեւն է իր գործունեության հիմքում դրել «Գէորգ եւ Սիրվարդ Գարամանուկ» ծերատան ողջ անձնակազմըՙ գլխավորությամբ տնօրեն Մանուշակ Օհանյանի :
2022թ. կլրանա այստեղ աշխատելու նրա 20 տարին: Ըստ նրա, դժվար թե այդքան կարողանար աշխատել, եթե իր կողքին չունենար նվիրված անձնակազմ: Իսկապես, այլ տարբերակ չկա նման հաստատությունում երկարատեւ աշխատելու, եթե չսիրես գործդ կամ ավելի ճիշտՙ սեր չդնես գործիդ մեջ: Դյուրին չէ խնամել 5 տասնյակից ավելի հասակավորներիՙ տարբեր խառնվածքով, բնավորությամբ ու սովորույթներով: Հայտնի է, որ մարդ արարածը հասակ առնելով մի տեսակ մանկանում է, դառնում ավելի զգացական ու վիրավորվող: Ու եթե մանուկների հետ բոլորն են սիրում խաղալ, ծերերի դեպքում պարագան այլ է: Ծերատանը, սակայն, ոչ միայն սիրում են մեծերի հետ «խաղալ», այլեւ զբաղվել նրանցով ու զբաղեցնելՙ պարգեւելով երջանիկ պահեր:
Վանաձորի Տարեցների տանը սովորաբար չեն գործածում «ծերանոց» հասկացությունը: Ինչպես մեր զրույցում Մանուշակ Օհանյանը նշեց. «Մեր հաստատությունը ո՛չ խնամքի կենտրոն է, ո՛չ էլ ծերանոց: Այն տուն է, իսկական հայկական տունՙ իր նիստուկացով ու ապրելակերպով»: Այն, իրոք, կարելի է նաեւ մեծ ու ջերմ ընտանիք կոչել, որի անդամներն, ի դեպ, տնօրենուհուն «մայրիկ» են կոչումՙ չնայած նրա երիտասարդ տարիքին: Վերջինս էլ իր հերթին, կատակով իհարկե, պապիկ-տատիկներին համարում է իր «չարաճճի ու անկարգ երեխաները»:
Հետաքրքրական էր, անշուշտ, անվերջանալի պատմություններ լսել տարիների ընթացքում ծերատան երդիկի տակ հյուսված սիրո պատմությունների ու ամուսնություններիՙ Ռաֆիկ պապ ու Սոֆյա տատ, Վարդգես պապ ու Մարիամ տատ, մասին: Մինչ օրս տնօրենուհու հուշերի կծիկում տեղ ունեն Գեորգի ու Վախթանգ պապերի, Սիրանուշ ու Մարուսյա տատիկների, Աշոտի, Արսենի ու Նյուրայի անունները: Պարզվում էՙ նրանցից շատերն են ունեցել եւ այսօր էլ ունեն զավակներ ու հարազատներ, որոնք սակայն արտերկրում ենՙ ցրված աշխարհով մեկ:
Տարեցների տունը, ըստ Մանուշակ Օհանյանի, նվազ կորուստներով է դուրս եկել համավարակից, որի դեմ պայքարը շարունակվում է օրնիբուն: Փորձում են, այնուամենայնիվ, գունավորել ծերերի առօրյան նրանց տարեդարձները շուքով նշելով, ստեղծելով հիշարժան պահեր: Առջեւում Ամանորն է, որին ընդառաջ խնամառուներն արդեն զարդարել են տոնածառը: Նոր տարին նրանք պարտադիր դիմավորում են աշխատակիցների հետՙ նախեւառաջ խաղաղություն խնդրելով Բարձրյալից…
Բախտակիցներից երկուսը
Տարեցների տան տանիքի ներքո պատսպարվող խնամառուները միայն Վանաձորից կամ Լոռու մարզից չեն, այլ ՀՀ տարբեր մարզերիցՙ Շիրակ, Արմավիր, Վայոց ձոր եւ այլն: Քիչ չեն նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվածները, որոնց 44-օրյա պատերազմից հետո ավելացան եւս 2-ըՙ 85-ամյա Պրաֆոնյա Ասրյանը եւ 66-ամյա Սարգիս Աղաջանյանցը: Վերջինս ծնված լինելով Երեւանումՙ հանգամանքների բերումով է տարիներ անցՙ 1998-ից, հայտնվել Արցախ աշխարհում: Ավարտած լինելով Երեւանի մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետըՙ Քարվաճառի Զուարի գյուղում նախՙ դպրոց է բացել, ֆիզիկա դասավանդել, ապաՙ ստանձնել դպրոցի տնօրենի, հետո էլՙ համայնքապետի պաշտոնները: Շուշի տեղափոխվելուց հետո շարունակել է իր գործը մինչեւ չարաբաստիկ պատերազմի անսպասելի ելքը: Այդ մասին նա չուզեց, իսկ ավելի ճիշտՙ չկարողացավ խոսել. արցունքները թույլ չտվեցին…
Ինչ վերաբերում է Պրաֆոնյա Ասրյանին, նրա կյանքի պատմության մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել: Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում: Անուրախ մանկություն է ունեցել. 2-րդ աշխարհամարտին ծնողները զորակոչվել են ռազմաճակատ, որտեղից հայրը հաշմանդամ դարձած է վերադարձել: Այնուհետ կյանքի ընթացքը նրան Բաքու է տարել, որտեղ եւ ամուսնացել էՙ ունենալով զավակներ: Կրկին վերադառնալով հայրենի եզերքՙ բնակություն է հաստատել Հադրութի շրջանի Տումի գյուղում: Մինչ օրս չի հավատում եղածին եւ չի համակերպվում տեղի ունեցածի հետ: Առ այսօր հիշում է իրենց բակի շան հայացքը, երբ ստիպված եղան լքել շեն տունըՙ բռնելով Հայաստան բերող ճանապարհը: Այժմ թոռըՙ Արտակը, Արցախի պաշտպանական դիրքերում է եւ հավաստիացրել է տատին, որ կրկին վերադառնալու են Հադրութ: Այդ պատճառով ծերունազարդ մամիկը չի լսում արտասահմանում բնակվող զավակների հորդորը եւ ոչ մի կերպ չի ուզում մեկնել արտերկիր: Նա շարունակում է սպասելՙ այս տարեսկզբից հանգրվանելով Վանաձորի տարեցների տան տաքուկ երդիկի տակ եւ ապրելով իր հասակակից բախտակիցների հետ: Տարեմուտի այս օրերին էլ անհամբեր սպասում է Ձմեռ պապի հրաշքին…
Նկար 1. Վանաձորի Տարեցների տուն:
Նկար 2. Շահան Արծրունի:
Նկար 3. Սիրվարդ Գարամանուկ:
Նկար 4. Տնօրեն Մանուշ Օհանյան:
Նկար 5. Էտյուդային նկար:
Նկար 6. Պրաֆոնյա եւ Սարգիս:
ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ