Վերհիշել անցյալը չի նշանակում տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա:
Պ.Սեւակ
Բնաբանի սեւակյան այս տողերը արդիական են եղել բոլոր ժամանակների համար, ասել է թեՙ առանց անցյալի ճշմարիտ ճանաչման ու արժեւորմանՙ չկա արժանապատիվ ներկա, ուստիեւՙ ապագա: «Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից»,- ասում էր մեծն լոռեցին:
Ասվածի համատեքստում վերջերս հայ գիտական հանրության դատին հանձնվեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Գալստյանի «Արեւելահայ գեղարվեստական վավերագրության լեզուն» ծավալուն բանասիրական ուսումնասիրությունը (Ա եւ Բ գրքերով), որտեղ առաջին անգամ մեծ բարեխղճությամբ քննության առարկա է դարձել XIX դ. 60-ական թթ. մինչեւ մեր օրերն առկա գեղարվեստական վավերագրության ժանրատեսակներիՙ հիշատակարանների, հուշագրությունների, ուղեգրությունների, օրագրությունների, էսսեների լեզվական-կազմաբանական ամբողջական համակարգը:
Հայ գեղարվեստական վավերագրության, մասնավորապեսՙ հուշագրության ժանրի ծնունդն ազդարարվում է V դարի պատմիչ Եղիշեի պատմությամբ, երբ ականատեսի աչքերով շարադրվում է Վարդանանց պատերազմի տարեգրությունը: Իսկ արդեն վաղ միջնադարում առանձնանալով պատմագրությունիցՙ այն աստիճանաբար ձեւավորվեց իբրեւ ինքնուրույն ժանր (Հեթում պատմիչի «Պատմություն թաթարաց», XIII դ.): Ավելի ուշՙ XVII-XIX դարերում, մեծ ծավալում ստացան նոր ժանրատեսակներՙ օրագրությունը (Զաքարիա Ագուլեցի, Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան, Մինաս պատրիարք Ամադեցի), հիշատակարանը (Սիմեոն կաթողիկոս Երեւանցի, Գրիգոր պատրիարք Պասմաջյան, Գաբրիել Պատկանյան, Գեւորգ Չմշկյան, Խաչատուր Աբովյան եւն): Ժամանակի ոգին վառ կերպով արտացոլվեց նաեւ հետագայում հայ դասական գրողների եւ արվեստագետների հուշագրական երկերում եւ օրագրություններում (Մ.Թաղիադյան, Մ.Նալբանդյան, Պ.Պռոշյան, Ղ.Աղայան, Րաֆֆի, Շիրվանզադե, Հովհ.Թումանյան, Ավ.Իսահակյան, Ստ.Զորյան, Գ.Մահարի, Ռ.Զարյան, Հ.Ղանալանյան, Վ.Փափազյան, Պ.Սեւակ եւ այլք), ուղեգրություններում (Կ.Զարյան, Ս.Կապուտիկյան եւ այլք), էսսեներում, որոնցում ժանրի գեղագիտական սահմանները ընթերցողին ներկայացան առավել գունեղ եւ ընդգրկունՙ ժամանակի աշխարհընկալման ուրույն գեղագիտական շնչով:
Ա.Գալստյանն իր քննությունը կառուցել է երկու պլանովՙ գրականագիտական եւ լեզվաբանական: Գրականագիտական հիմքով հանգամանալի անդրադարձ է կատարվել գեղարվեստական վավերագրության ժանրին առնչվող հրապարակի վրա եղած տեսական ուսումնասիրություններին (Ա.Մադոյան, «Սիմեոն Լեհացու «Ուղեգրությունը»ե, Կ.Դանիելյան, «Հայ մեմուարային գրականության պատմությունից», Էդ.Ջրբաշյան, «Գրականության տեսություն», Վ.Գաբրիելյան, «Գրավոր խոսք» եւն): Լեզվաբանական առումով կատարվել է գեղարվեստական-վավերագրական ժանրատեսակների լեզվակառուցվածքային քննությունՙ հանգամանորեն վկայակոչելով ժանրի խոսքարվեստը քննող բոլոր նախորդ ուսումնասիրությունները (Գ.Ջահուկյան, «Բարբառային երեւույթներ հայկական հիշատակարաններում», Լ.Հովսեփյան, «ԺԳ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն», Լ.Հովհաննիսյան, «XVII դարի գրաբարը», Յու.Ավետիսյան, «Արեւմտահայ բանաստեղծության լեզուն» եւն): Այս համատեքստում հեղինակը դիտարկել է XIX դարի 60-ական թվականներից ձեւավորվող լեզվամշակութային այն մթնոլորտը, որը նախորոշեց արեւելահայ գեղարվեստական վավերագրության, մասնավորապեսՙ հուշագրության ժանրատեսակների զարգացման լեզվի որակական նոր աստիճանըՙ ի դեմս այդ շրջանում հիմնադրված մի շարք ուսումնական հաստատությունների (Ներսիսյան դպրոց, Լազարյան ճեմարան, Դորպատի համալսարան), հայ պարբերական մամուլի («Անահիտ», «Հասկեր» եւն), որտեղ տպագրվող հայ գրողների լեզուն նշանավորեց գրապայքարի ավարտըՙ աշխարհաբար լեզվիՙ որպես պատմական իրողության հաղթանակը (Խ.Աբովյան, Րաֆֆի, Պ.Պռոշյան, Մ.Նալբանդյան, Հովհ.Թումանյան եւն), որը գրական լեզվի կարգավիճակ ձեռք բերեց միայն XIX դարի վերջին:
Հեղինակը հանգամանալի անդրադարձ է կատարել գրական եւ գեղարվեստական լեզվի փոխհարաբերության, լեզվի անհատականացման խնդիրներինՙ վկայաբերելով այս հարցի շուրջ արծարծված նախորդ բոլոր դիրքորոշումները (Մ.Աբեղյան, Գ.Սեւակ, Գ.Ջահուկյան, Էդ.Աղայան, Վ.Առաքելյան, Պ.Պողոսյան, Հ.Հարությունյան, Ս.Մելքոնյան, Լ.Եզեկյան, Ֆ.Խլղաթյան, Վ.Համբարձումյան, Յու.Ավետիսյան եւ այլք), արդարացիորեն նկատելով, որ գեղարվեստական լեզվին պետք է նախորդի նորմավորված գրական լեզուն, որ այն կատարելագործվում եւ հարստանում է գրողների ու գիտնականների կողմից: Այնուհանդերձ գեղարվեստական վավերագրության լեզվի պարագայում առաջին պլան են մղվում մեմուարիստիՙ որպես լեզվական անհատի մտահղացումը, հեղինակի եւ ընթերցողի ներքին կապը, հերոսների կերտման հոգելեզվաբանական հիմքերի ճշգրիտ կառուցումը, խոսքի անհատականությունը (բառապաշար, հնչերանգ, լեզվաարտահայտչական միջոցներ եւն):
Սույն բանասիրական ուսումնասիրության մեջ մի ողջ գլուխ հեղինակը հատկացրել է գեղարվեստական վավերագրության լեզվաարտահայտչական կաղապարների քննությանը, մասնավորապեսՙ հոգեբանական հիմքերին, ձեւային-կառուցվածքային, ոճական կառույցները ձեւավորող բաղադրիչներին (պատմողական, նկարագրական ոճեր, դիմանկար, բնանկար, գնահատողական եւ դատողական խոսք), երկխոսությանը: Հեղինակը իրավամբ փաստում է, որ գեղարվեստական վավերագրության բնագրերը կառուցելիս հեղինակները, բնականաբար, իրացնում են հիշողության տարբեր ծավալներ, երբ կարեւորվում են ոչ միայն խոսքի ընկալման, այլեւ խոսքարտադրության մեխանիզմները: Այս դեպքում գործ ունենք հաղորդման եւ ընկալման հակադարձ փոխպայմանավորող գործընթացի հետ, որը, լայն առումով, հոգելեզվական մի ուրույն համակարգ է, որի բարձրագույն դրսեւորումը տեքստային-ժանրային պլանն է: Նշված իրողությունները քննելիս հեղինակը խորը անդրադարձ է կատարել ինչպես տարբեր հայրենական եւ օտար գեղարվեստական վավերագրողների (Վ.Ալազան, Ստ.Զորյան, Վ.Սարոյան, Ղ.Աղայան, Ստ.Ալաջաջյան, Ժ.Սարտր եւն), այնպես էլ գրականագետների (Վ.Բելինսկի, Վ.Նարոզնակ, Լ.Հախվերդյան, Վ.Վոլկենշտեյն, Լ.Գինզբուրգ, Ք.Նելսոն եւն), լեզվաբանների (Գ.Ջահուկյան) եւ հոգեբանների (Գ.Հովհաննիսյան, Ա.Նալչաջյան, Շ.Պէրպէրեան, Ժ. Պիաժե, Զ.Ֆրոյդ, Ջ.Վաքսլեր, Թ.Ղափրա) տեսակետներին, ինչպես նաեւ վավերագրական տեքստի հոգելեզվաբանական վերլուծության համատեքստում առաջադրել ուշագրավ հայերեն տերմիններ (շարադրույթ /нарратив, հուշաթերապիա):
Գեղարվեստական վավերագրության ժանրատեսակների ձեւային-կառուցվածքային քննությամբ հեղինակն առանձնացնում եւ կարեւորում է սկիզբ եւ ավարտ բաղադրիչները, այլ կերպՙ գրողն ինչպես է սկսում եւ ավարտում պատումը: Լավ սկզբի համար պատումի հեղինակը պիտի տրամադրիՙ նախապատրաստի ընթերցողին, իսկ ավարտի համարՙ պատումի հերոսին ներկայացնող ամփոփ նախադասություններ, գեղարվեստական գրականությունից մի հատվածՙ նվիրված հերոսին, կամ հերոսի հիվանդության, մահվան հետ կապված մանրամասներ: Նշված ձեւային-կառուցվածքային կաղապարները ուսումնասիրության հեղինակը համեմում է բնագրային հարուստ վկայումներով:
Անդրադառնալով գեղարվեստական վավերագրության ժանրատեսակներում ոճական կառույցների բաղադրահամակարգինՙ Ա.Գալստյանը ուշագրավ քննության է ենթարկում նշված ժանրում ստեղծագործող հեղինակների լեզվաոճական անհատական հատկանիշներըՙ միաժամանակ վեր հանելով դրանց ընդհանրական պատկերային համակարգը պատմողական, նկարագրական խոսքի ոճերում (Ավ.Իսահակյան, Ս.Կապուտիկյան, Գ.Գուրզադյան, Հ.Ղանալալյան, Վ.Պետրոսյան, Հր.Աճառյան, Վ.Վաղարշյան, Ն.Թումանյան եւ այլք): Դիպուկ եւ հյութեղ օրինակներով են համեմված գեղարվեստավավերագրական պատումի շղթային ձուլվող դիմանկարներն ամբողջացնող ոճական տարատեսակ բնութագրիչներըՙ հերոսի կեցվածք, շարժուձեւ, բնավորության գծեր, ներաշխարհի հոգեկան տարաբնույթ դրսեւորումներ եւ այլն (Ս.Կապուտիկյան, Գ.Էմին, Գ.Լեւոնյան, Ղ.Աղայան, Հ.Շիրազ, Վ.Թոթովենց եւ այլք), ինչպես նաեւ բնանկարները, հատկապեսՙ ուղեգրություններում (Վ.Հարությունյան, Վ.Փափազյան, Գ.Մահարի, Ս.Խանզադյան եւ այլք): Խորը անդրադարձ է կատարվել նաեւ գնահատող եւ դատողական խոսքի ոճական դրսեւորումներին, խոսքի կառուցվածքային բաղադրիչ երկխոսությանը:
Սույն բանասիրական ուսումնասիրության բարձր արժեւորմանը մի ուրույն գույն է հավելում գեղարվեստական վավերագրության բառային միավորների քննությանը նվիրված գլուխը, որտեղ հեղինակը գիտնականի բարեխղճությամբ եւ իրեն բնորոշ բծախնդրությամբ քննում է ոչ միայն ժանրի լեզվի համագործածական բառաշերտը, այլեւ գրաբարյան, բարբառային, ժողովրդախոսակցական, արեւմտահայերեն բառային միավորներըՙ դարձյալ համեմված բնագրային դիպուկ եւ հարուստ նմուշօրինակներով: Հեղինակի համար մանրակրկիտ քննության առարկա են դարձել նաեւ գեղարվեստավավերագրական բնագրերի բառապաշարի իմաստային-ոճական շերտերըՙ թեմատիկ խմբերը (կրոնաեկեղեցական, բժշկագիտական, աշխարհագրական, երաժշտական, ռազմագիտական եւն), բառակազմական կաղապարները, որոնց բնութագրման համար ներկայացվել են բառաձեւերի բազմազանությունը, առանձնացվել են բառային միավորների կաղապարները, վեր են հանվել հաճախադեպ կառույցները:
Ուսումնասիրությունը եզրափակվում է արեւելահայ վավերագրության բնագրերի քերականականՙ ձեւաբանական, շարահյուսական առանձնահատկությունների, ինչպես նաեւ պատկերավորման-արտահայտչական համակարգի քննությամբ, որտեղ հանգամանորեն ներկայացվում են հեղինակի կերպարակերտման լեզվաոճական դրսեւորումները, լեզվի պատկերավորման ու արտահայտչական միջոցները:
Ավարտելով մեր խոսքըՙ վերստին փաստենք, որ հրապարակ է եկել մի ուշագրավ երկասիրություն, որը, բացի իր գիտական արժեքից, գործնական ուղեցույց կարող է հանդիսանալ տեքստի ոճաբանության բազում ծալքերի ուսուցման բնագավառում:
ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ