«Ազգ»ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ
– 44-օրյա պատերազմից մեկ տարի անց հասարակությունն ամբողջությամբ դեռ չի հասկանում, ընկալում ու գիտակցում, թե ինչ տեսավ, ինչի միջով է անցնում, ինչ կորցրեց ու ինչ է կորցնում: Ասես խորը թմբիրի մեջ են մարդիկ, ու արթնանալ չեն էլ ուզում: Ինչպե՞ս կբացատրեք այս երեւույթը:
– Այն, ինչ տեսնում ենք մեր շուրջըՙ մարդկանց առօրյա վարքում, անպայման չէ, որ արտահայտի մարդու ներաշխարհում տեղի ունեցողը: Ցուցադրական ուրախությունը կարող է խորը ներքին ընկճվածության հետեւանք լինել: Բայց, անխոս, կան միմյանց հակասող երեւույթներ, որոնք համատեղելի չեն: Օրինակՙ պետության եւ հասարակության համար ողբերգական երեւույթների գիտակցմամբ շքեղ եւ ցուցադրական կյանքով ապրելը, հասարակության տնտեսական բեւեռացվածությունը է՛լ ավելի ընդգծելըՙ աղքատացող զանգվածի աչքի առաջ ճոխ ընտանեկան միջոցառումներ կազմակերպելը (մասամբՙ պարտք անելով կամ ապառիկով), եւ այլն: Չէի ասի, թե հասարակությունն անզգայունակության, կարծես «քնած լինելու» վիճակում է, ինչպես, միգուցե, կարող է թվալ: Նախորդ տարվա ողբերգական պատերազմից բոլորը քաղել են դասեր, սակայն վատն այն է, որ այդ դասերն ու եզրակացությունները տարբեր են, ավելինՙ միշտ չէ, որ հայանպաստ են: Օրինակՙ ոմանք արել են միայն մեկ եզրակացություն (դրա հիմքերը դեռ պատերազմից առաջ էլ կային)` հանրային գիտակցության մեջ արմատավորված խիստ հակահայկական եւ հակապետական բանաձեւերի տեսքով: Այն էՙ «Երկիրը երկիր չէ», ուստի եւ պետք է փախչել, գնալ, մեկնել, մոռանալ, կտրվել: Չի բացառվում, որ այդպես մտածողների մի մասն անձամբ ոչինչ չի արել «երկիրը երկիր դարձնելու» ուղղությամբ, ու անգամ կարծես թե ուրախ է, որ իրենց այդ վերաբերմունք-համոզումը վերահիմնավորվեց, հետեւաբարՙ հանգիստ խղճով կարելի է շարունակել նույն կենսակերպը վարել:
Մեկ այլ խումբ, որ մինչեւ պատերազմն էլ կյանքին ու իրականությանը նայում էր անձնական ու նեղ ընտանեկան (խմբային) շահերի, օգուտ քաղելու տեսակետից, այսօրվա` հետպատերազմական իրականությունից նույնպես փորձում է եւ կփորձի օգուտ քաղել, այդ թվումՙ թուրքերի, ադրբեջանցիների եւ այլոց հետ գործարքների մեջ մտնելով: Այդ մոտեցումներով առաջնորդվողները մեր հասարակության մեջ մշտապես առկա են եղել:
Ոմանք էլ պատերազմից հետո, ամեն ինչից անկախ, շարունակում եմ իրենց սովորական աշխատանքային, ուսումնական, ծառայողական առօրյան: Նախընտրում են քիչ խոսել, չքննարկել, չքաղաքականացնել ամեն բան, այլ պարզապես կառուցել, բուժել, ծառայել, օգնել, վերականգնել, պարապել, մրցել, ուժեղանալ եւ ուժեղացնել: Այդպիսի մարդկանց քանակի եւ որակների խթանումը պետք է լինի խելամիտ ու պետականամետ իշխանության նպատակը: Այդ դասն ու փորձը, ցավոք, ՀՀ իշխանությունները դեռ չեն յուրացրել:
– Իրար մեղադրելու, պախարակելու, միմյանց վրա ցեխ շպրտելու տենդագին մոլուցքը գնալով էլ ավելի է ահագնանում: Պատասխանատու յուրաքանչյուր ոքՙ թե՛ նախկին, թե՛ ներկա, պարզ էՙ իր վրայից մեղքը փորձում է ուրիշի վրա գցել: Նախՙ նման հայտարարություններն ինչպե՞ս են ազդում հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, եւ, հետո, նման հայտարարություններով արդյո՞ք պաշտոնյաները կարողանում են խմբագրել իրենց արած-չարածները:
– Ուժեղը փորձում է հաղթահարել, թույլըՙ մեղքն ու պատասխանատվությունն ուրիշի վրա գցել: Նախորդ տարվա պատերազմը, այլ արհավիրքներ եւ դժվարություններ եւս մեկ անգամ ցույց տվեցին մեր ազգային գոռոզամիտ ու ինքնահավան ընկալումների եւ իրականության միջեւ առկա ցայտուն տարբերությունը: Մի դերասանի ենք նման, որ բեմի վրա հերոս է խաղումՙ որպեսզի ծափահարեն, իսկ իրական կյանքում հարբեցող է, տանջվում է հիշողություններից, չի կարողանում համակերպվել թերությունների հետ: Շեքսպիրյան թեւավոր խոսքըՙ «Կյանքը թատրոն է, մարդիկՙ դերասան», ազգովին ուղիղ ու բառացի ենք ընկալել: Մինչդեռ ո՛չ կյանքն է թատրոն, ո՛չ էլ պատերազմըՙ բեմականացում, զոհված տղաները դերասաններ չէին: Հայը պիտի հասկանա, որ իր ամենօրյա յուրաքանչյուր խոսք եւ քայլ շատ կոնկրետ, իրական հետեւանքներ պետք է ունենա: Պետական բյուջեի հաշվին հաճույքներ ստանալը, ճոխ կյանքով ապրելը, ցուցադրաբար լկտիանալը, ծանոթ-բարեկամներին պաշտոնների նշանակելը, հանրային շահն առհամարհելը, մյուսներին սեփական շահերից ելնելով փչացնելը, սուտը եւ այլն պատժելի են, եթե ոչ օրենքի եւ սեփական պետության առաջ, ապաՙ թշնամու կողմից:
Եթե այսպիսի մոդելով ապրեր ամենահզոր պետության, օրինակՙ Չինաստանի բնակչության մի մասը եւ հատկապես վերնախավը, ապա որոշ ժամանակ անց Չինաստանն անկում կապրեր: Հայաստանի ղեկավարությունն այսօր չի վերահսկում անգամ սեփական պետության տարածքը, սակայն շարունակում է այստեղ-այնտեղ եւ, առաջին հերթին, սեփական բնակչության առջեւ ինքնասիրության, հպարտության մասին պաթոսով խոսել: Հայտնի մի խոսք կա, չէ՞, որ «Հացի փող չունի, բայց ֆայտոն կնստե»: Հիմա մենք նմանատիպ կենսակերպով ապրող հասարակություն ենք մնացել, եւ դրա դիմաց պետության գոյության գինն ենք վճարում:
– Մեր զրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ 30 տարում Եռաբլուրի թանգարանն անգամ չկարողացանք կառուցել, փոխարենը Եռաբլուրն ինքն իր թանգարանը, ցավոք, «հարստացրեց»: Այդ թանգարանի չկառուցումը, նկարագրական առումով, անմիջական կապ ունի՞ պետության կառավարման հետ:
– Այժմ Եռաբլուրի վերակառուցման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Իհարկե, դա նահատակված մեր հերոսներին ոչ մի կերպ չի օգնի, բայց այն իր տեսքով, կառուցվածքով, իմաստով եւ առաքելությամբ պետք է տեղեկատվություն փոխանցի պանթեոն այցելողներին, որ հերոս լինելը, պետությանը ծառայելը, ազգային շահերը պաշտպանելը շնորհակալ, ազգային հիշողության մեջ մնայուն, փառահեղ գործ է:
– Մարդկանց, քաղաքացիների մոտ երկրի անվտանգության, պաշտպանության, բանակի, հասարակական մթնոլորտի ու ընդվզումների մասին կարծիք, մեծամասամբ, ըստ քաղաքական ու պետական այրերի վարած երկխոսության է ձեւավորվում: Ինչո՞վ են մեզ այսօր սնում իշխանական ու ընդդիմադիր լիդերները: Դո՞ւք նույնպես տպավորություն ունեք, որ ձեռք-ձեռքի տվածՙ հասարակ մարդկանց միջանձնային հարաբերություններում գոյացած վիհն էլ ավելի են խորացնում երկուստեք:
– Դեռ «Թավշյա հեղափոխությունից» առաջ դադարել եմ լսել ՀՀ «վերնախավերին». ո՛չ ուսանելի էր, ո՛չ իրատեսական, ո՛չ հայանպաստ, ո՛չ էլՙ ազնիվ: Փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները, ներառյալ «հեղափոխականները», որեւէ պետական գաղափարախոսություն, ազգային կենսակերպ եւ վարվելակերպ, օրինակելի կեցվածք չեն ստեղծել, չեն ցուցադրել ու չեն սերմանել:
Պատմության առաջ մեղքեր գործել են հայտնի բոլոր գործիչները, եւ դրանք ներելի են, եթե այդ մեղքերը ծառայեցվել են պետության շահին եւ բարօրությանը: Սակայն մեր դեպքում, դատելով երրորդ հանրապետության պատմությունից, իշխանությունների մեծ եւ փոքր սրիկայությունները բերել են պետության անկմանը, ազգային «ես»-ն ու կարողությունները սեղմելուն եւ փոշիացնելուն:
– Զարմանալի՞, տարօրինա՞կ, թե՞ օրիանաչփ է, որ պատերազմից հետո մտավորականներն ու արվեստագետները չեն խոսում: Չէ՞ որ հասարակությանը ճշմարիտն ասելու, կրթելու, թմբիրից հանելու առաքելությունն, առաջին հերթին, նրանցն է:
– Հետաքրքրական զուգադիպություն է. պատերազմի օրերին Հայաստանում ռեստորանները բաց էին, համալսարաններըՙ փակ: Այդ իմաստով պատահական չէ, որ մինչ այսօր էլ պատերազմի մասին քննարկումները, եզրակացությունները, պատերազմի դասերը քննարկվում են ռեստորանային, ոչ թե գիտական լեզվով: Հիշենք Արցախյան առաջին պատերազմի տարիները, երբ նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության մոտեցումները մշակվում եւ քննարկվում էին համալսարաններում:
44-օրյա պատերազմի օրերին ինձ հատկապես զայրացնում էր, որ համավարակի պատրվակով փակելով գիտական հաստատություններ, որտեղ ավանդաբար կուտակվում, փոխանակվում եւ տարածվում է մասնագիտական խոսքն ու միտքը, հեռուստատեսային բոլոր ալիքներով ու համացանցով շարունակում էին գովազդել շահումով խաղերը: Գժվել կարելի էր: Պետությունը, որտեղ բուհերը գրեթե չեն աշխատում, բայց ռեստորաններում կյանքը եռում է, մարդիկ խաղատներում ծախսում ու կորցնում են, հաղթել չէր կարող: Գիտնականները, արվեստագետները, զինվորները, բժիշկները, սպորտսմենները եւ իրենց մասնագիտական ոլորտին նվիրված մարդիկ միշտ էլ աշխատել ենՙ ուշադրություն չդարձնելով հանրային լպիրշությանն ու չլսելով, թե աշխատող մարդու հասցեին ինչպիսի ծաղրանք քննադատություն է հնչում:
Յուրաքանչյուր հասարակություն ունի անգրագետ, անկիրթ, բռի զանգված, սակայն այդ հատվածն իր տեղն ունի: Ցավոք, մերօրյա Հայաստանում է, որ այդ զանգվածի ներկայացուցիչներին իրավունք է վերապահվել հավասարապես վիճաբանելու գիտակի, մասնագիտացածի, փորձառուի, հայրենասերի հետ: Բնական ռեսուրսներով ոչ հարուստ, սակայն մտավոր ներուժ ունեցող մեր ազգն անկախությունից ի վեր արհամարհել, թերագնահատել, թերսնուցել ու իշխանության լծակներից հեռու է պահել, փոշիացրել է գիտելիքը, միտքը: Գիտնականներին մշտապես հիշեցրել են իրենց բարոյական սահմանների մասին, մինչդեռ իրենց «էլիտա» անվանողները սահմաններ չեն ճանաչել: Որպես հետեւանքՙ փողոցներում առաքինի, համեստությունը, հարգանքն ու քաղաքավարությունը գնահատող, իսկ իշխանության ներսում փորձառու, կրթված, մասնագիտացած եւ սկզբունքային մարդկանց չես տեսնի:
– Պատերազմի օրերին ու դրանից հետո շատ էինք խոսում, վրդովվում, թե միջազգային հանրույթն անհաղորդ է Արցախում կատարվող ցեղասպանությանը:
– Կարծես թե չենք նկատում, որ «միջազգային հանրույթը» դատարկ հասկացություն է, բայց մենք շարունակում ենք կառչել գոյություն չունեցողից: Վաղուց ժամանակն է հրաժարվել Խորհրդային Միության փլուզումն ուղեկցած այն կեղծ գաղափարախոսությունից, թե աշխարհ կոչվածը բարի է, բարեկամական, եւ թե նորանկախ Հայաստանի համար բոլոր դռները բաց են: Իրականությունն այլ է: Եթե քեզ անկախ ես կոչել, ապա առավելապես խոցելի ես, եւ մշտապես պետք է աշխատես ինքնապաշտպանության, ինքնակազմակերպման եւ ինքնակայացման ուղղությամբ: Դրա փոխարեն մենք որդեգրել ենք Լիր Արքայի դերըՙ բոլորին հիշեցնելով, թե մենք ենք իրենց ծնողը, եւ թե իրենք պետք է մեզ հավերժ պարտական լինեն: Երբ մեզ գրկաբաց չեն ընդունել, նեղացել ենք ու ընկճվել: Այսօր էլ նույն երգն ենք երգումՙ նեղանալով եւ բողոքելով Եվրոպայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից, Բրիտանիայից, «միջազգային հանրույթից» եւ այլն: Մինչդեռ, անկախության եռեսունամյակն այն կարեւոր շեմերից է, երբ կա՛մ հասուն ես եւ ուժեղ, կա՛մ էլՙ բողոքավոր եւ ձախողված:
Ի՞նչ անել, մի քանի պարզ բանՙ պարապել, սովորել, աշխատել, ուժեղանալ եւ վերականգնվել: Միմյանց հետ համերաշխ լինել, բարձրանալ եւ բարձրացնել: Հիշել, որ հացը պետք է տանն ուտել, երեխաներին պետք է ինքնուրույն դաստիարակել, ոչ թե հանձնել փողոցին, դաստիարակին, ընկերներին կամ «քուչի հեղինակություններին»: Խոսելուց առաջ պետք է մտածել, քիչ խոսել, եւ շատ աշխատել: