Հոկտեմբերի 9-ին, Մարտակերտին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից զոհվել է քաղաքի 55-ամյա բնակիչը: Արցախից պաշտոնական տեղեկություններ տարածվեցին, որ զոհված անձը մարտակերտցի Արամ Տեփնանցն է, որն իր այգում աշխատելիս է եղել սեփական տրակտորով: Ադրբեջանցի դիպուկահարը նկատել է նրան, նշան բռնել ու կրակել:
Ադրբեջանն այս տեղեկությունից ժամեր անց հերքեց թե՛ Ղարաբաղում խաղաղ բնակչի սպանության, թե՛ Հայաստանում Երասխի ուղղությամբ հայ զինծառայողին հրազենային վերք հասցնելու մասին հայկական կողմի հայտարարությունները:
Սակայն Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը հայտնել է, որ կրակոցների ժամանակ Արամ Տեփնանցը միայնակ չի եղել, այնտեղ են գտնվել նաեւ ռուս խաղաղապահները:
«Տրակտորը վար անելիս կրակել են, Արամը տեղում մահացել է, դիակը հանել են, բերել հիվանդանոց: Խաղաղապահներն իր մոտ նստած են եղել` տրակտորի մեջ: Կասկածելի բան է եղել, գնացել են խաղաղապահները երեւի, որ օգնեն, այդպես է ստացվել», – պատմել է Միշա Գյուրջյանը:
Ավելի ուշ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարեց, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն: Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի եւ դիակի արտաքին զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հոկտեմբերի 11-ին wargonzo-ն հայտնեց, որ արցախցի խաղաղ բնակչին սպանած ադրբեջանցի դիպուկահարը ձերբակալվել է, ադրբեջանցի մի քանի բարձրաստիճան սպաներ հնարավոր է աշխատանքից ազատվեն:
Ռուսական զորախմբի հրամանատարությունը միջադեպը հետաքննում է երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Դեպքը որոշակի արձագանք է առաջացրել, որովհետեւ մարտակերտցի այգեգործի կողքին եղել են նաեւ ռուս խաղաղապահներ:
Իսկ եթե կրակոցից նրանք եւս տուժեի՞ն: Այս հանգամանքը Բաքվին վատ դրության մեջ է դրել: