Սպառողական ապրանքների գները աճել են 6,4, իսկ սննդամթերքը 9,3%-ովՙ ի տարբերություն միջին աշխատավարձի, որը ավելացել է 5,7%-ով:
Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվել, որն էլ վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Ընդ որում, թանկացել է ոչ միայն բանջարեղենը, կարագը, այլեւՙ ալյուրը, մսամթերքը, ձուն եւ այլն: Թանկացել է նաեւ առաջին անհրաժեշտություն համարվող հացը: Հացի շուկայում գնաճը կազմել է 0,3%:
Ստացվում է, որ անցած տարի մարդիկ իրենց ցածր աշխատավարձով ավելի շատ ապրանք էին կարողանում գնել քան հիմա, երբ միջին աշխատավարձը 5,7%-ով աճել է: Իրավիճակը ավելի մտահոգիչ է թոշակառու եւ նպաստառու ընտանիքներում, որտեղ եկամտի աղբյուրը ոչ մի փոփոխություն չի կրել:
«Ստանում եմ թոշակ 65 հազար դրամ, եթե տղաս չօգնիՙ ապա չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու: Իմ ստացած թոշակով կարողանում եմ առաջին անհրաժեշտության սննդամթերքը գնել, իսկ կոմունալ վճարները տղաս է անում»,- ասում է 72-ամյա թոշակառուն:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, տնտեսական աճից չի օգտվում հանրության մեծ մասը: Պետք է հիշենք, որ կառավարությունը խոստացել էր հինգ տարում վերացնել ծայրահեղ աղքատությունը, մինչդեռ ծայրահեղ աղքատների թիվը հետզհետե ավելանում է:
Այս օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների 15,1, իսկ այս տարվա հուլիս ամսվա համեմատՙ 0,6% գնաճ, որոնց նպաստել են մսի, ձկան եւ ծովամթերքի, բանջարաեղենի շուկաներում գրանցված 0,7-5,1% գնաճները:
«Եթե անցած տարի կարողանում էի իմ աշխատավարձով տան համար անհրաժեշտ առեւտուրն անել, իսկ ամուսնուս աշխատավարձով կոմունալ վճարումներ անել ու մի փոքր էլ գումար խնայել, ապա այս տարի խնայողությունների մասին մոռացել ենք աշխատավարձը ինչպես «մտնում է» տուն, այդպես էլ դուրս է գալիս»,- ասում է 34-ամյա Մարինեն:
Վերջին ամիսներին գնաճը գրանցվել է դրամի արժեւորմանը զուգահեռ ապրանքների գները նվազելու փոխարեն ավելի են բարձրացել, որն էլ փաստում է Կենտրոնական բանկի գնաճը կառավարել չկարողանալը, իսկ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի գների իջեցման մասին հրապարակած տվյալները իրականությանը չեն համապատասխանում:
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, բանջարեղենի շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 66,4%, իսկ մեկ ամսվա ընթացքումՙ 5,1% գնաճ: Ձկնամթերքի թանկացումը կազմել է 1,5%, իսկ մեկ տարվա ընթացքում այն թանկացել է 25,5%-ով: Կաթնամթերքի եւ ձվի շուկաներում գնաճը կազմել է 0,4%: Ձվի գինը մեկ տարվա ընթացքում աճել է 46,5%:
Բարձրացել են նաեւ սուրճի, թեյի եւ կակաոյի գները, իսկ շաքարավազի գնաճը մեկ տարվա ընթացքում կազմել է 36,2%:
Եթե այս ամենի ֆոնին հաշվի առնենք, որ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, իսկ միջին կենսաթոշակի չափը մոտ 43 հազար դրամ, ապա վստահ կարող ենք ասել, որ Հայաստանում կյանքը իսկապես թանկ է: